Հանրայինով Վեհափառի Ամանորի ուղերձը չի հեռարձակվի. Մայր Աթոռը պարզաբանում է տարածել

Հանրային հեռուստաընկերությունով Ամանորի կեսգիշերին մոտ չի հեռարձակվելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ելույթը:

Այս առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը  պարզաբանում է տարածել, որտեղ ասվում է.

«Ցավոք, Ամանորի այս երեկո ստիպված պիտի լինենք անդրադառնալ տհաճ մի միջադեպի։

Անկախության պատմության ողջ ընթացքում, դեռևս Վազգեն Ա Հայրապետի ժամանակաշրջանից, ավանդաբար Հանրային հեռուստաընկերության եթերով Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ուղերձից անմիջապես առաջ հեռարձակվում էր Ազգիս Վեհափառ Հայրապետի ուղերձը։

Այս տարի Հանրային հեռուստաընկերությունը, վերջին պահին, առանց որևէ պատճառաբանության տեղեկացրեց, որ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ, ինչպես և ավանդաբար ընդունված էր։ Փոխարենն առաջարկվեց Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ներկայացնել Լուրերի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռի կողմից պատշաճ չնկատվեց և մերժվեց։

Մնացած բոլոր մեղադրանքներն ու վերագրումները հերյուրանք են, իսկ նման որոշման պատճառների վերաբերյալ հարկ է դիմել Հանրային հեռուստաընկերությանը»:

Նշենք որ այս տեղեկությունը հրապարակելուց հետո իշխանամետ բլոգեր Ռոման Բաղդասարյանը գրել էր, թե իբր Վեհափառը ուլտիմատում է ներկայացրել՝ պահանջելով իր ամանորյա ուղերձը հրապարակել գիշերը 24:00-ին, ինչը, ըստ մեր տեղեկությունների, ոչ մի կապ չունի իրականության հետ։

Արցախի Հանրային խորհրդի հայտարարությունը

ԱՀ Հանրային խորհուրդը նպատակ ունի պահպանել Արցախի սուբյեկտայնությունը, հոգևոր-մշակութային արժեքները, բարբառները, միաժամանակ բարձրաձայնում է հանրային հնչեղություն ունեցող հրատապ հարցեր։
Ելնելով վերոնշյալից և ընդառաջ գնալով Արցախի ժողովրդի արդար պահանջին՝ հայտարարում ենք, որ ԱՀ Նախագահ Սամվել Շահրամանյանը նոր հրամանագրով պետք է չեղյալ հայտարարի 2023 թ. սեպտեմբերի 28-ին՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից բիրտ ուժի պարտադրանքով ստորագրված հակասահմանադրական հրամանագիրը։
Միաժամանակ նշում ենք, որ Արցախի Հանրապետությունը չի կարող լուծարվել մեկ անձի կողմից ստորագրված հրամանագրով։
ԱՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ

2023 թվականի վերջին, բայց ամենակարևոր օրը. Երկրի գենետիկ կոդը չի փոխվում

2024 թվականի հունվարի 1-ից պետք է ուժի մեջ մտնի Սամվել Շահրամանյանի հրամանագիրը Արցախի լուծարման մասին։ Դրա ստորագրումից 3 ամիս անց ոչ Արցախի, ոչ Հայաստանի իշխանությունները չեն խոսում այն ​​մասին, թե ինչ է լինելու հետո։

Որոշ քաղաքական ուժեր պահանջում են չեղարկել հրամանագիրը և շարունակել Արցախի պետական ​​կառույցների գործունեությունը վտարանդի կարգավիճակով (թեև, ինչ վտարանդի համայն հայության հայրենիքի մայրաքաղաքում)։ Սակայն, ինչպես գրել է Արայիկ Հարությունյանի «Ազատ Հայրենիք» կուսակցության պատգամավոր Արամայիս Աբգարյանը, հրամանագիրը չի չեղարկվում՝ Հայաստանը չվտանգելու համար։ Հայաստանի իշխանությունները նույն բանն են ասում, իսկ Բաքուն ու Մոսկվան սպառնալիքներ են հնչեցնում։

Մյուս կողմից, ասում են, որ հրամանագիրը վաղուց չեղարկվել է, սակայն այդ մասին կհայտարարվի, երբ անվտանգության երաշխիքներ լինեն։

Ոչ ոք չգիտի, թե անվտանգության ինչ երաշխիքներ կարող են լինել։ Մի աշխարհում, որտեղ Սուրբ Ծննդյան օրերին Ուկրաինան և Ռուսաստանը փոխանակում են դաժան հրթիռային հարվածներ, երբ Իսրայելը ոչնչացնում է Գազան, և երեք կրոնների սրտում՝ Երուսաղեմում փորձում են արմատախիլ անել հազարամյա հայկական ներկայությունը, իսկ աշխարհը չի կարող կամ չի ուզում կանգնեցնել այդ ամենը, երաշխիքներ չեն կարող լինել։

Չնայած Շահրամանյանի հրամանագրի մասին միջազգային մակարդակով հիշատակումների և հանրային քննարկումների բացակայությանը, աշխարհում բոլորը աչալուրջ հետևում են, թե ինչպես է իրեն պահելու Արցախի ժողովուրդը։ Եվ այսօր վերջին, բայց ամենակարևոր օրն է։

Ինչպես 2020 թվականին Արցախում Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմից հետո հնարավոր դարձավ Ուկրաինայի պատերազմը, այնպես էլ Իսրայելի կողմից Գազայի ոչնչացումը հնարավոր դարձավ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ ագրեսիայից և հայաթափումից հետո։ Երուսաղեմում հայկական ներկայությունը նույնպես պատահական չի վերացվում. ամեն հող ունի իր գենետիկ կոդը, և այն փոխելն անհնար է նույնիսկ քոչվորների և իրենց երկրի տեր համարողների կողմից բռնագրավմամբ և բռնակցմամբ:

Նոր աշխարհակարգը կախված է նրանից, թե ինչպես կպահի իրեն Արցախի ժողովուրդը, սրանից է կախված Ուկրաինայում և Պաղեստինում զարգացումների օրինաչափությունը։ Բայց ինչ որոշումներ էլ կայացվեն, հայկական տարածքների գենետիկ կոդը չի փոխվի։ Ինչպես 100 տարի անց հնարավոր չեղավ փոխել Հայկական լեռնաշխարհի, Հայկական Անատոլիայի, Նախիջևանի և Արցախի հայկական գենետիկ կոդը։

Ազատ Հայրենիք-ՔՄԴ» պատգամավորը հեռացել է դաշինքից եւ բացատրել, թե ինչու

Արցախի խորհրդարանի «Ազատ Հայրենիք- ՔՄԴ» դաշինքի պատգամավոր Արամաիս Աղաբեկյանը գրել է․
Երեկ ես հեռացա «Ազատ Հայրենիք- ՔՄԴ» դաշինքից։ Պատճառը՝ Արցախի լուծարման մասին հրամանագրի չեղարկման շուրջ իմ և խմբակցության բացարձակ մեծամասնության տարբեր դիրքորոշումներն են։
Ես համոզված եմ,որ հրամանագրի չեղարկման մասին պետք է հրապարակայնորեն հայտարարվի նույն հարթակում, ինչ հարթակում հայտարարվել է դրա ստորագրման մասին։
Իրավական տեսանկյունից ոչ մի արժեք չներկայացնող այս փաստաթուղթը քաղաքական և տեղեկատվական առումով երազանքների նվեր է Ադրբեջանին։
Խմբակցության մեծամասնության կարծիքը այլ է, նրանք համոզված են, որ գոյություն ունեցող սպառնալիքներն ու փաստաթղթի իրավական արժեքի բացակայությունը բավարար են, որպեսզի չեղարկում և այդ չեղարկման հանրայնացում չկատարվի։
Ադրբեջանի կողմից «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի Միլլի Մեջլիս բերելուց և սեփական իրավական դաշտում ամրագրելուց հետո, Արցախի լուծարման մասին հրամանագրի չեղարկման շուրջ տարակարծությունները ըստ իս պիտի վերացվեյին։
Այս պահին ցավոք նման փոխըմբռնում չկա։
Միաժամանակ, ես վստահ եմ նաև այն բանում, որ Արցախի Ազգային ժողովում, այդ թվում մեր խմբակցությունում, կան մարդիկ, ովքեր ներքին համոզմունքով նույն կերպ են մտածում, ինչպես ես, բայց չեն ցանկանում հրապարակայնորեն արտահայտվել։
Խնդրում և պահանջում եմ Արցախի Ազգային Ժողովի պատգամավորներից, Հայաստանի Հանրապետության քաղաքական դերակատարներից, Սփյուռքի ազդեցիկ ուժերից հրապարակայնորեն դիմել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին` հայտնի հրամանագրի չեղարկման և հանրայնացման պահանջով։
Ինչու հիմա եմ այս մասին գրում և ոչ, օրինակ, մեկ ամիս առաջ, որովհետև ներքին հնարավոր բոլոր մեթոդները օգտագործել եմ, անգամ հաջողվել է այդ ուղղությամբ որոշակի առաջընթաց արձանագրել, սակայն վերջնական արդյունքի, որպես այդպիսին, հասնել չի հաջողվել։
Արցախի և արցախցիների իրավունքների համար պայքարը չի ավարտվել, այն թևակոխել է ավելի դաժան փուլ, որտեղ ամեն կողմից մեզ համոզելու են հակառակը և ճնշելու են բոլոր հնարավոր միջոցներով։
Առավել քան երբևէ անհրաժեշտ է ՊԻՆԴ լինել։

Ֆրանսիան դատապարտել է Երուսաղեմում հայերի դեմ հարձակումները

Ֆրանսիան վճռականորեն դատապարտել է բռնության ակտերն ընդդեմ Սուրբ քաղաք Երուսաղեմի հայկական համայնքի. վերջին ամիսներին տեղի են ունեցել ռազմատենչ ծայրահեղականների բազմաթիվ հարձակումներ, նշվել է Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության հայտարարությունում։

«Իսրայելի իշխանությունների վրա է ընկնում բռնության այդ ակտերի կանխման, ինչպես նաեւ ստատուս-քվոյի դեմ ցանկացած ոտնձգության պատասխանատվությունը։ Ֆրանսիան հաստատում է իր համերաշխությունը Երուսաղեմի Հին քաղաքի հայկական համայնքի հետ եւ շարունակում է մեծ ուշադրությամբ հետեւել իրավիճակին», ասվում է գլխավոր հյուպատոսության հաղորդագրության մեջ։

Lragir. Ռուսական «խաղաղապահ» զորակազմը Արցախում մնում է Փաշինյանի պահանջով․ ինչու

Lragir

Հայաստանի ղեկավարության` Ղարաբաղն ազերբայդժանի մաս ճանաչելու որոշումից հետո Մոսկվան Բաքվի հետ է քննարկում Ղարաբաղում խաղաղապահների ներկայության հետ կապված բոլոր հարցերը․ «Այժմ մենք Ղարաբաղում խաղաղապահների ներկայության հետ կապված բոլոր հարցերը դիտարկում ենք բացառապես ադրբեջանական կողմի հետ, դա տեղի է ունենում փոխադարձ հարգալից և կառուցողական մթնոլորտում» ՌԻԱ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նա ասել է, որ «ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության»։

«Ոչ ոք չի չեղարկել այս փաստաթուղթը, այն նախատեսում է, որ մեր խաղաղապահները տարածաշրջանում կլինեն 5 տարի, այսինքն՝ մինչև 2025 թվականի նոյեմբերը՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ», ասել է Գալուզինը։

Լավ է, որ Արցախում ռուս «խաղաղապահների» թեման պարբերաբար բարձրացնում է հենց պաշտոնական Մոսկվան, չնայած Բաքուն սեպտեմբերի 19-ից ի վեր դադարել է ակնարկներն անգամ ռուսական զորակազմի դուրսբերման մասին։ Ինչո՞ւ, չէ՞ որ եթե Երեւանը Արցախը ճանաչել է ազերբայդժանի մաս, ապա ռուսական զորքը ազերբայդժանի տարածքում է, ըստ այդմ՝ օկուպացիոն զորք է, եւ Բաքուն ավելի շատ փաստարկներ ունի այդ զորակազմի դուրսբերումը պնդելու համար։

Իսկ եթե 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ոչ ոք չի չեղարկել, ինչով էլ Մոսկվան փորձում է հիմնավորել իր զորքի ներկայությունը, ուրեմն պետք է պաշտոնապես ընդունի, որ Արցախն օկուպացված է՝ խախտելով եռակողմ հայտարարությունը, եւ այդ խախտումը պետք է վերացվի։ Նման հայտարարություն Մոսկվան չի արել ու չի անում, արդարանալով նրանով, թե Երեւանը ճանաչել է Արցախը որպես ազերբայդժանի տարածք։

Սրա համար ենք ասում, որ լավ է, որ ռուսներն իրենք են պարբերաբար խոսում «խաղաղապահների» թեմայով։ Մոսկվան այսպիսով հաստատում է իր զորակազմի առաքելության խնդիրները եւ նպատակը․ Արցախի օկուպացիա եւ բնիկ մեծամասնության վտարում, Արցախի ՊԲ զինաթափում՝ այդ զենքը վերանորոգման անվան տակ ՌԴ տեղափոխելով։

Ռուսական օկուպացիոն զորքը մնում է Արցախում՝ երաշխավորելով «Ղարաբաղը ազերբայդժանի տարածք է, Ղարաբաղի հարցը փակված է» Պուտին-Ալիեւ-Փաշինյան համաձայնությունը։ Ռուսական զորքը երաշխավորում է Ալիեւի հայտարարած՝ Արցախում 140 հազար ցապարներ բնակեցնելու գործընթացը։ Օկուպացիոն զորքը մնում է՝ «խաղաղարարության» արցախյան սխեման շարունակելու համար ՀՀ մնացած տարածքում։ Ահա այս պատճառով Բաքուն չի պահանջում ռուսական զորքի դուրսբերումը։

Մեկ այլ կարեւոր հանգամանք․ Պուտինը հոկտեմբերի 5-ին Վալդայ ակումբում բացահայտեց, որ Ալիեւն ու Փաշինյանը Պուտինին խնդրել էին պահել կոնտինգենտը Անդրկովկասում։ Հիշեցնենք, որ Բաքուն այդպես էլ չի ստորագրել ռուսական զորակազմի տեղակայման փաստաթուղթը, եւ կոնտինգենտը մտցվել էր հենց Փաշինյանի ստորագրությամբ, այսինքն՝ այդ հարցի լուծումը կախված էր նրանից։ Ռուսական օկուպացիոն զորախմբի ներկայությունը Նիկոլի՝ Արցախի հարցը վերջնականապես փակելու եւ ՀՀ տարածքը միջանցքներով օտարելու, ՀՀ սահմանադրական տարածքի զգալի մասը Բաքվին հանձնելու առաքելության երաշխավորն է։

Գինոսյան․ հայրենաճանաչ ու հայրենատեր ազգի դեպքում դա ռեւանշ չէ, դա ազատագրական պայքար է

Step1.am-ի զրուցակիցն է մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը։

Պարոն Գինոսյան, տարին ամփոփում ենք Արցախի ժամանակավոր կորստով։ Թշնամի երկիրը երաշխիքներ է ուզում, որ ռեւանշ չպետք է լինի։ Հայ ժողովուրդը հաշտվո՞ւմ է ստեղծված իրավիճակի հետ, թե՞ ռեւանշ լինելու է։

– Իսկ ինչո՞ւ իրենք ռեւանշ ուզեցին եւ ռեւանշ արեցին 30 տարի անց, այսօր էլ ուզում են բացառել մեր ռեւանշը։ Իսկ ո՞վ պետք է բացառի ռեւանշը, օրվա իշխանությո՞ւնը։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները հաճախ փոփոխվում են, եւ իշխանությունների դրսեւորումներն էլ են փոփոխվում։ Եվ շատ հաճախ իշխանությունները նաեւ ստիպված են լինում հաշվի նստել ժողովրդի կամքի հետ։ Իհարկե, քանի դեռ ազգն ինքնաճանաչ չէ, կարող են եւ ենթարկեցնել, ինչպես հիմա են փորձում անել։ Բայց ինքնաճանաչ, հայրենաճանաչ ու հայրենատեր ազգի դեպքում դա ռեւանշ չէ, դա ազատագրական պայքար է, պատմական իրականությունը, պատմական արդարությունը վերականգնելու մեծ պահանջ է։ Քանի դեռ արդարությունը վերականգնված, չի կարող իրական խաղաղություն լինել։ Խաղաղությունը լինում է այն դեպքում, երբ ամեն ինչ արդար է եւ ազնիվ։ Մեր թշնամին այսօր էլ հորջորջում է, որ Երեւանն իրենցն է, որ այն, ինչ բռնազավթել են, իրենցն է, իսկ ՀՀ տարածքից չեն ուզում իրենց զորքերը դուրս բերել, եւ այդ պարագայում իրենք պահանջում են, որ մենք ռեւանշի չգնա՞նք։ Իսկ ինչպե՞ս չգնանք ռեւանշի, երբ մեր պետության, ես չեմ ասում հայրենիքի, որովհետեւ հայրենիքը շատ ավելի մեծ է, միջազգային ճանաչված պետության զգալի հատվածը բռնազավթված է իրենց կողմից։ Եվ իրենք չեն էլ ուզում ակնարկել անգամ, քննարկել այդ հարցերը, բանակցել դրա շուրջ։ Ինչի՞ց ելնելով մենք չպետք է մտածենք ռեւանշի մասին։

– Հայաստանի իշխանությունների հիմնավորումն այն է, որ եթե գնում ենք խաղաղության, ռեւանշ չի կարող լինել։ Դուք ասում եք, որ այս պայմաններում հնարավոր չէ իրական խաղաղություն ունենալ։ Հետեւաբար, ի՞նչ պետք է անել։

-Դուք խոսում եք օրվա իշխանության մասին, իսկ ես ունեմ հավերժական հրամանատարներ, նրանք հավերժական են, ոչ թե օրվա կամ վաղվա։ Մենք պետք է ավելի շատ հետեւենք այն մարդկանց, ովքեր հավերժական են։ Իսկ Գարեգին Նժդեհն ասում էր, որ չի կարող խաղաղություն լինել, երբ արդարությունը վերականգնված չէ, եւ խաղաղությունը չեն մուրում։ Այն ինչ կատարվում է այսօր, կարծում եմ, հիվանդագին խաղաղապաշտություն է։ Այն հորդորը, որ այսպես է դասավորվել, այսպես պետք է լինի, Նժդեհը դրան պատասխանում է, որ քծնանք է թույլի ներումը։ Երբ նրանց զինվորը մեր հողի վրա է, եւ մեր հայրենիքը բռնազավթված է, չի կարելի խաղաղության կոչեր անել, քանի դեռ նրանք չեն տվել հավաստիացումներ, որ գոնե ՀՀ տարածքը պետք է ազատագրվի իրենց ներկայությունից։ Ի՞նչ է ընդհանրապես պետությունը եւ իշխանությունը։ Պետությունը երկրի սահմաններն անվտանգ պահելու գործիքակազմ ունի, որը պարտավոր է անել։ Եվ առաջին երդումը, որը տալիս է երկրի իշխանավորը կամ ղեկավարը, այն մասին է, որ երկրի սահմաններն անխախտ է պահելու։ Եթե մենք սա չենք դնում խաղաղության հիմքում եւ ասում ենք՝ խաղաղություն ամեն պարագայում, այդպիսի խաղաղություն չի լինում։ Ուղղակի պետք է ուսումնասիրել պատմությունը եւ հասկանալ, որ այդպիսի խաղաղություն չի լինում։ Թույլի ներումը քծնանք է, եւ Նժդեհը չմիացավ այդ ներելու խոսքերին, որովհետեւ ինքն ասում էր՝ ես թույլ չեմ։ Ասում էր՝ այո, հայությունը պետք է ների թրքությանը, բայց նախ նրան ծնկի բերելուց հետո։ Այսինքն՝ թուրքին ներել ես ուզում, հաղթիր նրան։

Այսօր փորձում են մոռանալ Արցախը, բայց եթե նույնիսկ Արցախի պարագան մոռանանք, ՀՀ ինքնիշխան տարածքը բռնազավթված է։ Եվ սրա մասին ոչ ոք չի խոսում, բայց չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ քո տարածքային ամբողջականությունը վերականգնված չէ, եւ ում հետ ուզում ես խաղաղության պայմանագիր կնքել, նա հավաստիացումներ չի տալիս, որ այլեւս քո հայրենիքի ինչ-որ հատվածի վրա նոր հարձակումներ ու բռնազավթման փորձ չի անի։ Ես չեմ դատում այսօրով, դատում եմ պատմությամբ։ Նժդեհն ասել է մարգարեական խոսքեր, որոնք այսօր առավել քան արդիական են՝ պատմության մեջ կան ժամանակներ, երբ օրվա իշխանական շահը պետք է ստորադասվի ազգի հավերժական շահերին։ Մի՞գուցե պետք է տեսնել, թե ազգի հավերժական շահն ինչ է պահանջում եւ դրանից բխեցնել օրվա լուծումը։

Կապրենք ու կտեսնենք, որ խաղաղություն չի լինելու այս պայմաններում, երբ մենք մուրում ենք այդ խաղաղությունը։ 1915 թվականից առաջ էլ ինչ-որ ավանդական կուսակցություն ասում էր՝ ինչքան շատ արյուն, այնքան շուտ Եվրոպան ուշադրություն կդարձնի մեզ վրա։ Կարծում եմ, որ 1915 թվականը նաեւ այդ տեսակետների հետեւանք էր։ Վաստակեցինք, շատ արյուն եղավ, եւ ի՞նչ որոշեց Եվրոպան, ոչինչ էլ չորոշեց, 100 տարուց ավելի է անցել, եւ թուրքը մարսում է իր խժռածը։ Այդ մի կուսակցությանը փոխարինեց բոլշեւիկան այլ կուսակցություն, որն ասում էր, որ եթե անգամ մեկ ազգ ոչնչանա աշխարհի երեսից, անգամ եթե դա լինի հայ ազգը, միեւնույն է, ավելի կարեւոր է համաշխարհային հեղափոխությունը։

Մենք հաճախ կուսակցամոլական որոշումների մեջ զոհում ենք ազգի լինելու, ազգի արժանապատվության եւ ամբողջականության, հայրենիքի, տարածքային ամբողջականության սրբագույն դասերը։ Կապրենք կտեսնենք, որ խաղաղություն չի կարող լինել, եթե մենք շարունակենք այս քաղաքականությունը։ Շունը հարձակվում է վախկոտ մարդու վրա, որովհետեւ վախկոտ մարդն ադրենալին է արտադրում։ Հիմա մենք ադրենալին ենք արտադրում եւ պետք է հասկանանք, որ շունը հոտառությունը սրած սպասում է։ Եթե էլի վախի ու սարսափի հոտ գա, եթե էլի խոսենք ամեն գնով խաղաղության մասին, կհարձակվի։ Խաղաղությունն ամեն գնով չի լինում։ Խաղաղություն չի կարող լինել քո տունն ամբողջովին բռնազավթած թշնամու հետ, որն ընդհանրապես այս տարածքի հետ կապ չունի եւ ազգ էլ չէ, բայց փորձում է խլել քո հայրենիքն ու քեզ քո հայրենիքում տնվոր դարձնել։ Դրա համար, կարծում եմ, որ խաղաղության մասին խոսելն այս պահին ծիծաղելի է։

1915 թվականից հետո ինձ համար 2023 թվականն ամենասեւ տարին է հայ ազգի համար, որովհետեւ սա ավելի քան 100 տարվա ընթացքում այն եզակի տարին է, երբ մենք կրկին ունեցանք հայազրկված հայոց հայրենիքի մի հատված։ Մենք 1915 թվականից հետո ունեցել են պարտություններ, անգամ կոտորածներ, բայց չենք ունեցել իրավիճակ, որ պատմական հայրենիքի մի հատված ամբողջովին հայաթափվի։ Սրա մասին մենք այսօր չենք էլ խոսում, չենք էլ բարձրաձայնում։

 

2023 թ. 10 ամսում ՀՀ–ի ապրանքաշրջանառությունը ավելացել է 41.2 տոկոսով, հատկապես Ռուսաստանի հետ

2023 թ. 10 ամսում ՀՀ–ի ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 15 մլրդ 500 մլն դոլար կամ 141.2 տոկոս 2022–ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Կոմիտեն հրապարակել է արտաքին և փոխադարձ առևտրի ցուցանիշները 2023 թ. հունվար–հոկտեմբերին` 2022 թ. նույն ժամանակահատվածի համեմատ։
Ըստ այդ ցուցանիշների` ՀՀ ապրանքաշրջանառությունը 2022 թ. հունվար–հոկտեմբերի համեմատ կազմել է շուրջ 15 մլրդ 500 մլն դոլար կամ 141.2 տոկոս, արտահանումը` 5 մլրդ 795 մլն դոլար կամ 138,5 տոկոս, ներմուծումը` 9 մլրդ 650 մլն դոլար կամ 142,9 տոկոս։
Հաշվետու ժամանակահատվածում արտաքին և փոխադարձ առևտրի կառուցվածքն ըստ երկրների հետևյալ պատկերն ունի` արտահանումը դեպի ԱՊՀ երկրներ կազմել է 53.3 տոկոս, դեպի ԵՄ` 11.1 տոկոս, այլ երկրներ` 35.6 տոկոս։
Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա ԱՊՀ երկրներից այն կազմել է 28.4 տոկոս, ԵՄ երկրներից` 17 տոկոս, այլ երկրներից` 54.6 տոկոս։

Լեզվի կոմիտեն ամփոփել է «Տարվա բառը-2023»-ի արդյունքները

Լեզվի կոմիտեն ամփոփել է «Տարվա բառը-2023»-ի արդյունքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, քվեարկվածներից ամենաշատ ձայներն է ստացել ԱՊՐՈՒՄԱԿՑՈՒՄ բառը (42%)։

«Թեև դիմացինի ապրումները սեփականի պես զգալը միշտ էլ հատուկ է եղել մարդուն, բայց «ապրումակցում» բառը նորաբանություն է։ Հավանաբար ստեղծվել է «կարեկցում» բառի նմանությամբ, բայց որպես երևույթ ավելի ընդգրկուն է։ Ունի բառարանային գրանցում։

Ինչո՞ւ է նախապատվությունը տրվել այս բառին։ Մարդկային հարաբերություններին ուղղված մեր թարմ հայա՞ցքն է բնորոշում այն, մեր կարիք-ակնկալի՞քը դիմացինից, թե՞ այդ ամենամարդկային հատկանիշը կորցնելու վախը։ Գուցե բոլորը միասին։

Այնուամենայնիվ, մեծամասնության համար անցնող տարվա բառը ԱՊՐՈՒՄԱԿՑՈՒՄ-ն է (эмпатия)։

Երկրորդ տեղում ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ բառն է (30%)։ Սա մենիմաստ բառ չէ, բայց մեզ համար այսօր այն նախ և առաջ նշանակում է պատերազմի, հակամարտության բացակայություն, և բնական է, որ շատերի հայացքը նրան է ուղղված։ Կարևոր է նաև մարդու ներքին խաղաղությունը։ Իսկ դրա համար այս բառի մյուս իմաստներն են պետք․ լռություն, հանդարտություն, անդորրություն, հաշտություն և այլն։

Երրորդ տեղում ՀԱՅԱՍԱԹ բառն է (7%)։ Հայասաթ-1-ը հայկական առաջին տիեզերական արբանյակն է։ Բառը ստեղծվել է հայ և լատիներեն ծագմամբ satelles` արբանյակ բառերից, որոնք միացել են ա հոդակապով։ Բնորոշում է մեր լավատեսությունը Հայաստանի գիտական ապագայի նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

10 արցախցի երեխա եւ 90 տարեց խնամքի կենտրոններում են

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, առանց ծնողական խնամքի մնացած 10 երեխա այս պահին գտնվում են ՀՀ խնամքի հաստատության հոգածության ներքո։ Հումանիտար կենտրոնում տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Բացի այդ, խնամքի հաստատություններում են նաև գտնվում ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 90 միայնակ տարեցներ, որոնք, նախարարի վստահեցմամբ, ստանում են բոլոր այն ծառայությունները, որոնք հասանելի է ՀՀ քաղաքացիների համար։
Ինչ վերաբերում է ԼՂ–ից բռնի տեղահանված, հաշմանդամություն ունեցող անձանց, ապա, ըստ Մկրտչյանի, նրանք, ովքեր առաջին անգամ կդիմեն փորձաքննություն անցնելու համար, կանցնեն ՀՀ–ում գործող նոր ընթացակարգով, այն է` ֆունկցիոնալության գնահատմամբ։
«Նրանք, ովքեր առաջին անգամ չեն դիմում, կրկին սահմանված կարգով` գոյություն ունեցող փորձաքննության ընթացակարգի միջոցով, կանցնեն այդ փորձաքննությունը, կստանան համապատասխան ցուցում, որից հետո նախարարությունում հավաստագրված կազմակերպությունների միջոցով կստանան համապատասխան աջակցող միջոցներ` սայլակներ, քայլակներ, օրթեզներ, պրոթեզներ և այլն»,– ընդգծեց նախարարը։

Երուսաղեմի հայկական թաղամասի վրա զինված հարձակումից հետո ձերբակալված երկու հայերն ազատ են արձակվել

Երուսաղեմի հայկական թաղամասի վրա զինված հարձակումից հետո ձերբակալված երկու հայերն ազատ են արձակվել։  Նրանք դատարանի որոշմամբ արդարացվել են։

Հիշեցնենք, որ նախօրեին մի խումբ ահաբեկիչներ սև շորերով ու դիմակներով, թվով մոտ 30 հոգի, զինված փայտերով, արցունքաբեր նռնակներով ու այլ տեսակի միջոցներով հարձակում էին գործել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքում գտնվող հայերի վրա՝ նրանց վնասելու, տարածքից դուրս հանելու և ահաբեկելու նպատակով:

Հրապարակած տեսանյութերից հստակ երևում է՝ ինչպես են զինված ու դիմակավորված անձինք հարձակվում ու հարվածներ հասցնում հայ համայնքի ներկայացուցիչներին և հայ հոգևորականներին։

Հարձակման հետևանքով հայ համայնքի ներկայացուցիչների և հոգևորականների առողջությանը պատճառվել է վնասներ, այդ թվում` ծանր: Հարձակման ենթարկված հայ համայնքի 2 ներկայացուցիչ բերման էին ենթարկվել։ Ոստիկանություն էին տարվել հարձակումն իրականացրած զինված խմբի մի շարք անդամներ:

Տրանսպորտից 100 դրամով օգտվելու հնարավորություն չի լինի. գրեթե նույն գինն է գալիս. Ավինյան

Երևանում հասարակական տրանսպորտի վճարային նոր համակարգ կներդրվի 2024 թվականից։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք տրանսպորտի վճարի թանկացում կլինի։

Ավինյանը նշեց, որ ինքը դա թանկացում չի կոչի։ Նրա խոսքով` այն նախագիծը, որը քննարկվում է հանրային տրանսպորտի ոլորտում, և այն նախնական առաջարկը, որ արվել է քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների գործընկերների կողմից, պրոդուկտային տարբերություն է տալիս ներկայիս համակարգի հետ։ Նա միաժամանակ ընդգծեց, որ տրանսպորտից միանգամյա` 100 դրամով օգտվելու հնարավորություն չի լինելու։

«Գրեթե նույն գինն է գալիս, ինչ հիմա, կամ որոշ դեպքերում ավելի էժան, եթե եռամսյակային կամ տարեկան տոմս առնեն։ Լինելու է մեկ օրվա, մեկ շաբաթվա, մեկ ամսվա, մեկ տարվա և մեկ–երկու այլ տեսակի տոմսեր»,– ասաց Ավինյանը։

Նրա խոսքով` որոշակի արտոնություններ են սահմանվելու տարբեր խավերի համար։

«Դա որոշ չափով կմեղմացնի այն հավելյալ բեռը, որը կարող է առաջանալ մարդկանց համար»,–ասաց նա։

Ըստ Երևանի քաղաքապետի` տրանսպորտի վճարի սակագները դեռ քննարկման փուլում են, բայց դրանք պետք է լինեն այնպիսին, որ հոգան տրանսպորտի և մետրոյի սպասարկման ծախսերը։