Շուշիի Գոհար աղայի վերին մզկիթն ու ադրբեջանական ապատեղեկատվությունը

Ադրբեջանն  այսօր ակտիվ քարոզչական ու տեղեկատվական պատերազմ է վարում Հայաստանի և հայերի դեմ ու որպես գլխավոր գործիք, կամ զենք գործադրվում է ապատեղեկատվությունը։ Որպես այդպիսին այն կիրառվել է նաև Շուշիի Գոհար աղայի վերին մզկիթի և նրա վերանորոգման պարագայում, սկսած  դեռ նախապատերազմյան շրջանից։ Թեմայի շուրջ զրուցել ենք Հայ Ճարտարապետության Ուսումնասիրության Հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանի հետ։

-Պարո՛ն Քորթոշյան, նախ մի փոքր անդրադառնանք մզկիթի պատմությանը։

– Մզկիթը կառուցվել է 1883-1884թթ․, ռուսական կայսրություն ժամակաշրջանում: Կրոնական պատկանելիությունը՝ շիա մահմեդականների: Հատկանշական է, որ օտարազգի հեղինակները տեղի մահմեդական բնակչությանը անվանել են Կովկասյան թաթարներ, մահմեդականներ, շիա մահմեդականներ, շիա պարսիկներ և այլ ազգության անվանում չկա: Մզկիթի ճարտարապետը Իրանի Ահար քաղաքում 1817 թ. ծնված Սաֆա Խանն է: Ճարտարապետական ոճը՝ իրանական իսլամական ճարտարապետության իսպահանյան դպրոցինը: Առկա արձանագրությունները գրված են  արաբերեն, որպես ղուրանի լեզու և պարսկերեն, որպես կրոնական ճյուղի լեզու: Ճարտարապետ Սաֆա Խանը ռուսական կայսրության ժամանակաշրջանում Արցախում կառուցել է մի շարք մզկիթներ: Իր թողած արձանագրություններում նշելով կառուցման թվականը, իր անունը՝ «կառուցող՝ ճարտարապետ քարբալայի Սաֆա Խան» և վայրը՝ «Ղարաբաղ»: Վերջինս միտումնավոր հաճախ ներկայացվում է որպես իր ծննդավայր, որը սակայն արաբերեն արձանագրության ոճից պարզ է, որ ծննդավայրը չէ: Արցախում 1874-1879 թթ. իր կողմից կառուցված բոլոր մզկիթների արձանագրություններում «Ղարաբաղ» տեղանունը կա՝ բացառությամբ 1870-71 թթ․ ին կառուցված Ակնայի/Աղդամ/ մզկիթին:

-Այժմ անդրադառնանք այն ապատեղեկատվությանը, որը տարածում է Ադրբեջանը Շուշիի Վերին մզկիթի հետ կապված։

-Հաղորդակցության նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ապատեղեկատվությունը, որը հաճախ օգտագործվում է հասարակական կարծիքը շրջելու համար, խնդիր է դարձել ամբողջ աշխարհում:

Ադրբեջանը նույնպես 30 տարի է, ինչ իրականացնում է նմանատիպ քաղաքականություն, երբ լայնորեն և պետական բարձր մակարդակով օգտագործում է ապատեղեկատվության ուժը՝ Արցախի ժողովրդի գոյության իրավունքի դեմ, իր բազմակողմ պայքարում։ Դեռ 1994-2014 թթ․ երբ մզկիթը անմխիթար վիճակում էր, կեղծ լուսանկարներով շահարկվում էր, որ հայերը, իբր սրբապղծում են մզկիթը: Իրականում այն ինչպես փաստում է կողքի  ցուցանակը, պահպանվում էր պետության կողմից։ Իսկ այդ կեղծ լուսանկարները օգտագործվել են անգամ մզկիթի վերանորոգումից տարիներ հետո: Ավելին ասեմ, մինարեն 1991-1992 թթ. ադրբեջանական զինուժի կողմից օգտագործվել էր որպես զինվորական հենակետ, որտեղ էլ տեղադրվել էր զինամթերքը վեր հանելու հարմարանք:

«Ավրորա» ֆորումի շրջանակներում «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությամբ և Արցախի Հանրապետության հովանավորությամբ, 2014-2019 թթ. իրականացվեց Շուշիի Գոհար մզկիթի վերանորոգումը, որը կարծես դժգոհության ու բողոքի առիթ չպետք է տար, սակայն տեղի ունեցավ հակառակը։

Մզկիթի վերանորոգման հետ կապված իրադարձությունները վերածվեցին բազմամակարդակ ապատեղեկատվության շարունակական շղթայի։

Ադրբեջանը բողոքում էր, թե իբր  հայերը մզկիթը վերանորոգելով ցանկանում են փոխել իրականությունը՝ կեղծելով արձանագրությունները և փոխելով ճարտարապետական ոճը այն ներկայացնել որպես իրանական: Հետևաբար սա մեծ հարված է խաղաղության բանակցություններին: Անգամ Արցախի հայկական հուշարձանների պաշտպանության համար 2021 թ. կազմակերպված Վիեննայի գիտաժողովը չեղարկելու նպատակով, Ավստրիայում Ադրբեջանի դեսպանը գիտաժողովի կազմակերպիչներին նամակ էր հղել, որտեղ առկա էին կեղծ և ժամանակին չհամապատասխանող լուսանկարներ: Վերին Գոհար աղայի մզկիթի անվան տակ ներկայացվել էին այլ մզկիթի լուսանկար:

Ապատեղեկատվության մի նոր ալիք է բարձրացել Շուշին ադրբեջանական բանակի կողմից գրավվելուց հետո, երբ հայկական կողմի կատարած վերանորոգությունները սկսեցին վերագրվել Ադրբեջանին: 2021 թ. մայիսին պարզ դարձավ, որ ընդամենը ավելացվել է գորգը և մակերեսային այլ մի քանի մանրամասներ: Վերջիններս ներկայացնելով որպես հիմնական նորոգման աշխատանքներ: Անգամ, երբ 2021 թ. հունիսին Էրդողանը Ալիևի հետ շրջում էր Շուշիում,  վերջինս հայկական կողմի կատարած 5 տարվա նորոգումները վերագրեց իրեն:

-Արդյո՞ք հայերի վերանորոգումը որևէ կերպ վնասել է մզկիթը։

-Վերանորոգումն ըստ իս իրականացվել է ճարտարապետությանն ու այդ հոգևոր կառույցի պահանջներին համահունչ, իրանական մասնագետների հետ խորհրդակցաբար ու որոշների մասնակցությամբ։ Ճարտարապետական ոճին վերաբերող ոչ մի փոփոխություն չի կատարվել: Ամրակայվել են շենքի քարե հատվածները, իսկ աղյուսե հատվածներում կատարվել են տեղային նորոգություններ, ինչպես նաև ամբողջացվել մինարեների վերնամասերը:  Հատկապես աղյուսե հատվածները և մինարեն նորոգվել են Իրանի Թավրիզ քաղաքից հրավիրված հմուտ վարպետների կողմից:

Արձանագրությունների մասով, հիմնականում նորացվել են դրանց ներկերը, այն իրականացվել է բարձրակարգ վերականգնող մասնագետի կողմից՝ Իրանի Թավրիզ քաղաքից, և հատկանշականն այն է, որ նա ավելի վաղ ադրբեջանական պետական մարմինների հրավերով վերականգնման աշխատաքներ է իրականացրել նաև Նախիջևանի մզկիթներում:

Ադրբեջանական  աբսուրդի հասնող կեղծիքները հերքող բազմաթիվ փաստեր կան, մնում է միայն դրանք օգտագործել հակընդդեմ պայքարում։

Արմինե Հայրապետյան

Զավթված Քարվաճառում ավտոմեքենան ընկել է գետը, վարորդը մահացել է

«Ակնայում Բաքվի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության վթարից հետո, Արցախի Քարվաճառի շրջանում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել»,- հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Բաքվի բնակիչ Ս.Ռահիմովի վարած «Man» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետի հունը։

Վարորդը տեղում մահացել է։

Բանահավաքչական գործունեություն՝ հավաքագրել արցախյան երգ և երաժշտությունը

Մանուշ Դանիելյանը ծնվել, ապրել է Արցախում, դասավանդում էր Ստեփանակերտի Սայաթ- Նովայի անվան երաժշտական ուսումնարանում և Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում:

Դեռ շրջափակման ժամանակ միտք էր ծագել, որ պետք է հավաքել արցախյան երգերը, երաժշտությունը, այն պահպանելու համար: Սակայն հայտնի պատճառով մտահաղացումը կյանքի կոչել չստացվեց: Մյուս հայրենակիցների հետ նա իր ընտանիքի հետ սեպտեմբերին հաստատվեց ՀՀ-ում:

Այժմ սկսել է բանահավաքչական գործունեություն՝ հավաքագրելով արցախյան երգ և երաժշտություն, որը չափազանց կարևոր է արցախյան մշակույթի, բարբառի և բանահյուսության պահպանման համար: Առհասարակ արցախյան մշակույթը, բանահյուսություն, բարբառը իր բոլոր ճյուղերը և դրանց պահպանությունը կենսական կարևորություն ունեն:

Բոլորս պետք է լծվենք այս գործին մեր տատիկ, պապիկներից, հարևաներից, բարեկամներից հավաքելով և Մանուշին փոխանցելով արցախյան երգ և երաժշտությունները:

Քրիստինա Ալավերդյան

Արցախի «Վըսկէ ծերքեր»-ը․ հույս ունենք, որ մինչև օրվա վերջ ապրանք չի մնա

Աննա Աստվածատուրյան հիմնադրամի աջակցությամբ և «Արցախի մայրիկների աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ այսօր Երևանում անցկացվել է արցախցի կանանց արտադրանքի ցուցահանդես-տոնավաճառ։

«Արցախի մայրիկների աջակցության կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր Մարիամ Աբրահամյանը Step1.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց. «Նման նախաձեռնության գաղափարը ծնվել է դեռ Արցախում՝ շրջափակման ժամանակ, երբ մարդկանց մեծ մասը կորցրեց աշխատանքները։ Որոշեցինք, քանի որ ճանապարհը կարճ ժամանակով բաց էր, և մենք դեռ կարող էինք բան բերել, ցուցահանդես-տոնավաճառ անել։ Ամեն ինչ արդեն ծրագրված էր, տոնավաճառին մի քանի օր էր մնացել, բայց ճանապարհը վերջնականապես փակվեց, իսկ հետո հայտնվեցինք ինքներդ գիտեք ինչ իրավիճակում։

Որոշ ժամանակ անց հասկացանք, որ չենք կարող ամբողջ կյանքում սգալ ու ձեռքերը ծալած նստել, և պետք է ոգևորել ու ուժ տալ արցախցի կանանց։ Հետո որոշեցինք նախագիծը տեղափոխել այստեղ։ Հավաքեցինք կին ձեռներեցների, և, ինչպես տեսնում եք, տաղավարները լեփ-լեցուն են։ Հույս ունենք, որ մինչև օրվա վերջ տաղավարները դատարկ կլինեն։

Մասնակիցները 55-ն են, բայց դիմողներն ավելի շատ էին, մոտ 70, մենք պետք է ընտրեինք։ Բայց հուսով ենք, որ հաջորդ տոնավաճառն ավելի մեծ կլինի, և ավելի շատ մարդիկ կկարողանան վաճառել իրենց արտադրանքը: Հաջորդ տոնավաճառը նախատեսում ենք անցկացնել մարտի սկզբին»։

Հայկ Հարությունյան

2022 թվականի դեկտեմբերի 12-ին սկսվեց նոր պատերազմ՝ առանց մեկ կրակոցի սկսեցին ոչնչացնել մի ամբողջ ազգ

Անի Պետրոսյանը ծնվել և մեծացել է Մարտակերտում, բազմանդամ ընտանիքում։ Նրա կյանքը լի է մարտահրավերներով:

Մանկուց նրա մոտ ախտորոշվել է ծանր հիվանդություն, դրանից հետո, ինչպես ինքն է պնդում, ընկերացել է անվասայլակի հետ։ Այնուամենայնիվ, նա այնքան է սիրում կյանքը, որ չնայած դժվար փորձություններին, ժպիտը երբեք չի հեռանում նրա դեմքից։ Միշտ առաջ է ձգտում:

Նա վերականգնողական փուլ է անցել Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում։ «Վերականգնողական կենտրոնում ինձ շատ ջերմ ընդունեցին, այնտեղ աշխատում էին բարի և հոգատար մարդիկ, կենտրոնի աշխատակիցները՝ հարգարժան տնօրեն Վարդան Թադևոսյանի գլխավորությամբ, ամեն ինչ արեցին, որպեսզի կենտրոնի հիվանդներն իրենց զգան ինչպես տանը։ Ես հիմա նրանց կարիքն ունեմ, և կուզենայի, որ Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնն իր դռները բացեր Հայաստանում»,- ասում է Անին։

Իր կյանքի ընթացքում նա հասցրել է տեսնել մի քանի պատերազմներ։ 44-օրյա պատերազմի ժամանակ նրան ուղարկել են Գորիս, իսկ հայրն ու եղբայրը մինչև վերջին պահը եղել են առաջնագծում։ «Պատերազմը մեծ ցավ է, միայն պատերազմի միջով անցնելուց հետո ենք իսկապես հասկանում, թե որքան ենք սիրում մեր հայրենիքը»։

44-օրյա պատերազմից հետո Անին վերադարձավ հայրենիք՝ խաղաղության ու լավ ապագայի հույսով։ Սակայն 2022-ի դեկտեմբերի 12-ին սկսվեց ևս մեկ պատերազմ, բայց հումանիտար ճակատում՝ մի ամբողջ ժողովուրդ սկսեցին ոչնչացնել առանց մեկ կրակոց արձակելու՝ թողնելով նրան առանց կենսական միջոցների։

«Ո՛չ սնունդ կար, ո՛չ դեղորայք, ո՛չ հիգիենայի միջոցներ, էլ չեմ խոսում գազի ու լույսի մասին: Մենք մեր օրը պլանավորում էինք ըստ հոսանքի անջատման ժամանակացույցի, երբեմն ինձ թվում էր, թե վերադարձել ենք քարե դար։ Բայց մենք այդպիսի ժողովուրդ ենք՝ մեզ չի կարելի կոտրել, կարողացանք հողից աղ ստանալ, մրգերից դոշաբ ենք եփել, գիշեր-ցերեկ հացի հերթ ենք կանգնել։ Այն ամենը, ինչի միջով անցել ենք, դժվար է բառերով նկարագրել։ Սակայն ես դա շատ եմ կարոտում և հիմա էլ պատրաստ եմ վերադառնալ իմ տուն՝ պաշարված Արցախ, քանի դեռ այն հայկական է»,- ասում է նա։

Արսեն Աղաջանյան

 Տաղանդներ. արցախցիների աշխատանքների եզակի ցուցահանդես

Դեկտեմբերի 16-ին Իմփաքթ Հաբ Երևանում կազմակերպվեց արցախցի արտադրողների ապրանքների տոնավաճառը: Ամենամյա Սուրբ Ծննդյան տոնավաճառը առիթ է տոնական տրամադրություն և  յուրօրինակ նվերներ ձեռք բերելու համար:

Լազարյան Սվետլանայի աշխատանքներն է ներկայացնում դուստրը` Մարիաննա Գրիգորյանը: Թելերի մեծ մասը մայրն Արցախից է բերել: Երբեմն որպես հումք օգտագործում էին սովորական վառված լամպերը: Ցավոք, չեն կարողացել իրենց հետ բերել պատրաստ տեսականին` պայուսակներ, սփռոցներ, զարդատուփեր, խաղալիքներ ևն: Հիմա տեսականին հարստացնում են` գործելով վերմակներ և գույնզգույն շարֆեր:

Լրագրող Սրբուհի Վանյանի Min Taqun tegh  բրենդը գործում է 2022 թ. սեպտեմբերից: Շրջափակումը սկսվելուց հետո ստիպված էին աշխատել ֆորս-մաժորային պայմաններում: Տեղափոխվելուց հետո որոշեցին վերագործարկել և նոր շունչ տալ ձեռագործ աշխատանքներին: Նկարում է գործվածքների, սփռոցների, բարձերի, ափսեների վրա:

Arata բրենդը ներկայացնում է տնական խնձորի քացախ: Հադրութի շրջանից  Ռուդիկ Ոսկանյանը նշում է , որ այն պարունակում է կալիում, որն օգտակար է սրտի աշխատանքի և մկանների գործունեության համար:

Զիտա Ավագիմյանը 2020 թ. Հայաստան տեղափոխվելուց հետո ստեղծեց Kro բրենդը: Հրուշակեղենը արտադրվում է բացառապես արցախյան բաղադրատոմսերով: Մտադիր են հետագայում խանութ բացել և ավելի մեծացնել ընտանեկան բիզնեսը:

2020թ. հետո  Հադրութից տեղահանված  ընտանիքն արդեն բացել է Hadrut’s bakery: Պատրաստում են Հադրութի գաթան, դոշաբով թխվածքը, փախլավան, ժենգյալով հացը, իսկ առաջին թթխմորը բերել էին Հադրութից:

Էլլա Մանուկյանը ներկայացնում է օրգանական սերտիֆիկացում ունեցող Լոռվա մարզի մեղրը: Այն արտահանվել է ԱՄՆ, Դուբայ և հաղթել է միջազգային տարբեր հարթակներում:

Արցախի Քաշաթաղի շրջանից Անահիտ Մամիկոնյանը իր գյուղին մոտ զգալու համար բրենդն անվանել է Goghtan sweet : Էջմիածին քաղաքում արտադրվող և քաղցրասերներին մատուցվող խմորեղենը պատրաստվում է բացառապես բնական հումքով ` առանց քիմիական հավելումների:

Արևիկ Բարսեղյանը Շուշիից 2020 թ. տեղահանվելուց հետո նոր աշխատանք էր փնտրում: Սկզբից ձեռագործ աշխատանքները նվիրում էր մտերիմներին, այնուհետև բիզնես ծրագրի դիմելուց հետո հաճելի հոբբին վերածվեց եկամտաբեր աշխատանքի:

Ասյան ներկայացնում է Salome art ձեռագործ աշխատանքները, որոնք  կավից են պատրաստված և հայրենի խորհրդանշների պատկերներով են: Սալոմե նշանակում է խաղաղություն…

Lana Fashion kids մանկական հագուստի արտադրություն` տոնական հագուստից մինչև ամենօրյա հագուստ, գեղեցիկ պրինտներով մանկական անկողին, բարձեր: Պատերազմում ամուսինս ստացավ վիրավորում և ընտանիքի հոգսն ընկավ ինձ վրա: Ինձ մոտիվացնում են իմ երեխաները ասում է արտադրողը:

Ստեփանակերտի բնակչուհի Նախշուն Ավագյանն իր բիզնեսը հիմնադրել է 2020թ. պատերազմից հետո, երբ տոնավաճառներից հավաքված գումարով փոքրիկ կարի մեքենա է գնել: Կարում է տարբեր  դիզայնի մազակալներ, բարձեր, խաղալիքներ: Ժամանակավոր կացարան են գտել Ծաղկաձորում և տեղավորվելուց մի շաբաթ հետո հասկացել է` բացի սիրելի գործից ուրիշ ոչ մի բան չի օգնում հաղթահարել իրավիճակը…

Ava Artsakh պայուսակների բրենդը հիմնադրվել է Արցախում 2021թ.: Ընտանեկան բիզնեսում մայրիկը կարում է կաշվից և կտորից պայուսակներ, իսկ դուստրերը Արցախի խորհրդանիշներն են նկարում: Օնլայն հարթակների միջոցով կարողանում են իրականացնել ապրանքի վաճառքը:

Շուշիից Դոլուխանյան Էլինան արդեն 3 տարի է Elina handmade բրենդի տնօրենն է: Երևանում միտք ունի ավելի կատարելագործել և առաջ տանել արտադրանքը:

Հակոբյան Ջուլիի աշխատատեղը շրջափակման ընթացքում փակվել էր , իսկ գումար պետք էր: Ընկերուհու հետ սկսել են աշխատել:  Ներկայումս Վանաձորում են  ապրում և արդեն ունեն պատվերներ:

Հայրապետյան Գոհարը երկու հայրենիք է կորցրել` Ննգին և Ստեփանակերտը: Փոքրիկ բիզնեսը հիմնել է 2 տարի առաջ: Ոգեշնչվել է համացանցում տեսնելով չորացրած ծաղիկներով պատրաստված զարդեր, սպասք: Ուրախ է, որ Արցախից բերած ծաղիկներով է ստեղծագործում:

Աննա Հակոբյանը  մանկուց էր սիրում նկարել: Adana բրենդի հիմքում ընկած է հայկական խորհրդանիշներով նկարելը:

Միլենա Ավետիսյանը հիմնադրել է Milave shop օնլայն խանութը` 3 դ սթիքերներ, թղթային սթիքերներ և նոթատետրեր: Բրենդի հիմնական առաքելությունն է պահպանել և տարածել բարբառը:

Մարինան 20 տարի է, ինչ զբաղվում է զարդերի պատրաստումով: Համանուն բրենդի հեղինակն իր  դիզայներական աշխատանքներում օգտագործում է միայն բնական քարեր:

Tatev gips –ը ներկայացնում է   փոքրիկների համար գիպսե խաղալիքներ, զարդեր, սպասք:

Մարինա Գրիգորյանը 14 տարեկանից Արցախում պատրաստել է ձեռագործ շապիկներ և պայուսակներ:  Նկարում է չգունաթափվող ներկերով: Աշխատելու որոշումը կայացրել է 2020թ. պատերազմից  հետո ընտանիքին օգնելու համար: Morpho  նշանակում է կապույտ թիթեռ է, որը խորհրդանշում է ազատությունը: Այդ անվան միտքը ծագել է պատերազմի օրերին:

Արևիկ Սարգսյանը Sunshine gifts-ի հիմնադիրն է: Ձեռագործ աշխատանքներով զբաղվելը ընտանիքի ավանդույթն էր։ Երևանում պատրաստում էր փափուկ խաղալիքներ, փայտե խաղալիքներ, ժապավեններ և սթիքերներ։  Սեպտեմբերի վերջին ընտանիքը տեղափոխվեց Արցախից և որոշեցին, որ ընդլայնելու են բիզնեսը: Պատրաստվում են նկարել շորերի, պայուսակների վրա, ինչպես նաև  ձևավորել տարբեր թեմատիկ նվեր-բոքսեր:

Տաթև Ազիզյան

 

Ադրբեջանը Սուրբ Ծննդին զարդարել է դատարկ Ստեփանակերտի ամբողջովին դատարկ հիվանդանոցը. Լինդսի Սնել

Ադրբեջանը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ զարդարել է Ստեփանակերտի գրեթե ամբողջությամբ դատարկ հիվանդանոցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Լինդսի Սնելը։

Նա նաև հրապարակել է Ստեփանակերտի դատարկ հիվանդանոցի տեսանյութ՝ Սուրբ Ծննդյան զարդարանքներով և Ադրբեջանի դրոշներով:

https://www.facebook.com/10909213/videos/663054152395173/

Հայ օգնության միությունը Մասիսում օգնություն է ցուցաբերել ավելի քան 300 ընտանիքի

Հոկտեմբերից մի քանի ծրագրեր են իրականացվել։ Առաջին հերթին աջակցություն է ցուցաբերվում պատերազմում զոհվածների ընտանիքներին, այնուհետև հատկապես կարիքավորներին։

ՀՕՄ Մասիսի գրասենյակի ղեկավար Ծաղիկ Ա.-ի խոսքով, գործում է թեժ գիծ, ​​որով ընտանիքները գրանցվում են, հայտնում են ընտանիքի կարիքների համար։

«Ցուցակներ ենք կազմում, ուսումնասիրում, թե այս կամ այն ընտանիքին ամենից շատ ինչ է պետք։ Եթե ​​ընտանիքը ուտելիքի կարիք ունի, ապա դրանք ավելացնում ենք համապատասխան ցանկում, իսկ եթե կենցաղային տեխնիկա կամ այլ բան, ապա, բնականաբար, համապատասխան ցանկում։ Մեր ցուցակներով աջակցություն է ստացել 320 ընտանիք։ Տեղական հիմնադրամները և սփյուռքը նվիրաբերել և բաժանել են 2 տոննա խնձոր, 28 և 192 տուփ չոր սնունդ և հիգիենայի պարագաներ, մահճակալներ, վերմակներ, սպիտակեղեն, սնունդ և հագուստ»։

«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը» շարունակում է հանդիպումները Հայաստանի մարզերում

Դեկտեմբերի 15-ին հանդիպումը տեղի ունեցավ Մասիսի քաղաքապետարանի աջակցությամբ Արարատի մարզում։ Քննարկմանը հրավիրված էին հասարակական կյանքի տարբեր ոլորտներ ներկայացնող ավելի քան 70 մասնակից՝ մարտական ​​գործողությունների անմիջական մասնակիցներ և նրանց ընտանիքների անդամներ, Արցախից հարկադիր վերաբնակներ, սոցիալական նախաձեռնությունների և կամավորական աշխատանքների մասնակիցներ, շրջանի ուսանողներ և հանրություն, մարզի իշխանությունների և հոգևորականության ներկայացուցիչներ։

Հիմնադրամի համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը և Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը միջոցառման մասնակիցներին ուղղված տեսաուղերձում նշել են, որ հասարակության մեջ տիրող իրավիճակը հասկանալու համար անհրաժեշտ են քննարկումներ, և մեր պատմությունը, ինքնությունն ու արժեքները պատմականորեն տվել են մեզ և այսօր տալիս են ուժ, որի հիման վրա մենք կարող ենք մշակել նոր հասարակության ձևավորման օրակարգ։

Կազմակերպիչները նշել են, որ «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում հանրության հետ հանդիպումներին զուգահեռ Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը նախատեսում է հոգեբանական աջակցության փոքր հանդիպումներ անցկացնել խմբային ձևաչափով։ Դրանք կվարեն փորձառու հոգեբաններ և սոցիալական աշխատողներ, որոնք վերապատրաստվել են միջազգային առաջատար փորձագետների կողմից:

Վագիֆ Խաչատրյանի ընտանիքը սպասում է նրա վերադարձին

«Ես հույս ունեի, որ ադրբեջանական գերությունից վերադարձած հայերն ինձ ավելի մանրամասն կպատմեն հորս մասին։ Բայց մինչ օրս նրանցից ոչ մեկի հետ չենք կարողացել հանդիպել»,- ասաց Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Ծովինար Խաչատրյանը։

Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանին հուլիսի 29-ին ադրբեջանցի սահմանապահները առևանգել են Լաչինի միջանցքում և տեղափոխել Բաքու՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ուղեկցությամբ Ղարաբաղից Հայաստան բուժման մեկնելիս։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել, իսկ Բաքվի դատարանը դատապարտել է 15 տարվա ազատազրկման։

Կինը նշել է, որ ամեն ամիս Կարմիր Խաչի միջնորդությամբ հաջողվում է հեռախոսով կապ հաստատել հոր հետ և զրուցել նրա հետ։

«Մենք իսկապես հույս ունեինք, որ մեր հայրը կլինի գերությունից վերադարձողների թվում։ Բայց դա տեղի չունեցավ։ Մեր ընտանիքը չի կորցնում հույսը, որ մի օր կհանդիպենք մեր հորը։ Չէ՞ որ նա չի արել այն, ինչում իրեն մեղադրում է Բաքուն։ Նրա վերադարձին սպասում են նրա բոլոր հարազատները»։

Ալվարդ Գրիգորյան

Ստեփանակերտի ճանապարհին մահացել են ազերբայդժանի ֆուտբոլային լիգայի նախագահն ու փոխնախագահը

Վթարի է ենթարկվել Ստեփանակերտ մեկնող՝ ազերբայդժանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի ղեկավարությանը տեղափոխող ավտոբուսը: Այդ մասին հայտնում է Apa գործակալությունը։

Վթարի հետեւանքով մահացել են ազերբայդժանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահ Էլխան Սամեդովը և փոխնախագահ Ասլան Շախգյալդիևը։

Ինչո՞վ է պայմանավորված Եվրոպայի «հատուկ» վերաբերմունքը ահաբեկչական ադրբեջանի նկատմամբ

Հայտնի է դարձել, որ ԵՄ անդամակցության թեկնածու են դարձել Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը։

Ուրախալի է, որ մեր տարածաշրջանին մոտ գտնվող երկրները հնարավորություն են ստացել դառնալու քաղաքակիրթ աշխարհի մաս, ինչպես մենք սովոր ենք դիտարկել Եվրոպան։

Արևմտյան, այդ թվում՝ եվրոպական արժեքների մասին խոսելիս շատերը, այդ թվում նաև մենք՝ հայերս, նկատի ունեն ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, կոնվենցիաները, հռչակագրերը և այն ամենը, ինչի հիման վրա հաստատվել է աշխարհակարգը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Բայց, ըստ երևույթին, վեհ հարցերն ու հասկացությունները որոշակիորեն կորցնում են իրենց իմաստն ու ուժը, երբ հարցը վերաբերում է հայ ժողովրդի, մասնավորապես՝ նրա արցախյան հատվածի իրավունքներին։

Որքան գիտենք, Եվրամիությանն անդամակցելը երկար և բարդ գործընթաց է, և նույնիսկ Ուկրաինան, որը կրում է ռուսական ագրեսիայի ծանրությունը հանուն ժողովրդավարության, ստիպված էր սպասել գրեթե երկու տարի, մինչև նրան տրվեր ԵՄ դառնալու հնարավորություն։ Ակնհայտ է նաև, որ Վրաստանը կանգնած է բազմաթիվ պայմանների առաջ, որոնցից շատերը բաղկացած են եվրոպական արժեքներին համապատասխանելու պահանջներից։

Սակայն, դատելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման Եվրամիության մոտեցումներից, նկատելի է որոշակի իներցիա և անատամություն, որը դրսևորում է Եվրամիությունը ահաբեկչական, ֆաշիստական ​​ադրբեջանի նկատմամբ, որը 6 ցեղասպանություն և Արցախի էթնիկ զտումներ է իրականացրել անցած 35 տարիների ընթացքում, սակայն շարունակում է մնալ Եվրոպայի խորհրդի և այլ միջազգային կառույցների մաս:

Ավելին, Եվրամիության նախագահ Շառլ Միշելը «վախենում է» խոսել ժողովրդավարական ճանապարհով ստեղծված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի անթույլատրելիության մասին, ինչին անթաքույց դիմում է ադրբեջանի կողմից։ Իսկ մի քանի օր առաջ նա ավելի հեռուն գնաց՝ Արցախի բնիկներին անվանելով «ազգային փոքրամասնություն», որի իրավունքները պետք է ապահովվեն ադրբեջան կոչվող ահաբեկչական կազմակերպության սահմանադրության համաձայն։

Եվ սա չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի Հանրապետությունը) երբեք չի եղել անկախ ադրբեջանի կազմում, Արցախի բնակիչները չեն մասնակցել այդ միավորի ստեղծմանը, հանրաքվեներին և ընտրություններին չեն մասնակցել ավելի քան 30 տարի, չնայած այն հանգամանքին, որ Արցախում ծնվել է հայության մի ամբողջ սերունդ, որը բացարձակապես կապ չունի այս պետության հետ։

Այսպիսով, ի՞նչ պետք է անենք «եվրոպական արժեքների» հետ։ Իսկ ինչո՞վ են դրանք տարբերվում բացառապես տնտեսական ու բռնապետական ​​շահերով առաջնորդվող ավտորիտար երկրների արժեքներից։

Մենք ուրախ ենք Եվրամիության անդամության երեք նոր թեկնածուների համար։ Բայց ենթագիտակցության մեջ ինչ-որ տեղ մտքեր են հայտնվում այն ​​մասին, թե այդ երկրներն ինչպե՞ս են նայելու իրենց հարեւանների՝ հայերի խնդիրներին։ Կդառնա՞ն նրանք ժողովրդավարական արժեքների ջատագովներ, թե՞ իրենց շահերը կհետապնդեն նաև ժողովրդավարության և եվրոպական արժեքների բաղձալի ճանապարհին ոչ պակաս արած ու տուժած հայ ժողովրդի շահերի ու իրավունքների հաշվին։

Մարգարիտա Քարամյան