«Պուտինի հրամանն է. Հայաստանի տարածքի վրա էլ է տարածվում»

«Հայաստանում մեծ աղմուկ է բարձրացել Գյումրիում ռուսական ռազմական ոստիկանների կողմից Ռուսաստանի քաղաքացու առևանգումը, որին մեղադրում են մարտական գործողությունների ընթացքում ծառայության վայրը լքելու մեջ»,- գրում է Ամերիկայի ձայնը։

Հայաստանի տարածքում Ռուսաստանի քաղաքացու առևանգումը, նրա տեղափոխումը ռուսական 102-րդ ռազմակայան` ոտնձգություն է Հայաստանի ինքնիշխանության դեմ, և Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի Դմիտրի Սետրակովի ազատ արձակմանը հասնելու և տեղի ունեցած հանցագործության մեղավորներին դատարանի առջև կանգնեցնելու համար՝ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Իրավապաշտպանը մանրամասնեց՝ դեռ դեկտեմբերի 8-ին են ահազանգ ստացել, որ Հայաստանում գտնվող ռուսական ռազմական ոստիկանության աշխատակիցները ռազմակայանի տարածքից դուրս՝ Գյումրիում, հենց փողոցում դեկտեմբերի 6-ին կամ 7-ին ձերբակալել և ռազմակայանի տարածք են տեղափոխել Սետրակովին, ով պայմանագրային զինծառայող է եղել, սակայն Ուկրաինայի դեմ Կրեմլի նախաձեռնած պատերազմի մեկնարկից հետո, հրաժարվել է շարունակել ծառայությունը և իր բազմաթիվ հաjրենակիցների նման մեկնել է Հայաստան։

Սաքունցը կապվել է ռուսական ռազմակայան։ «Իսկ երբ որ հարցրեցի՝ ի՞նչ հիմքով, ի՞նչ իրավասությամբ, ի՞նչ իրավունքով են նրան ձերբակալել, հայտնեցին, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանն է, որ բոլոր, այսպես կոչված, դեզերտիներին (ռուսերեն բառ ասեմ) պետք է ձերբակալել։ Իսկ այն հարցին, թե, ի վերջո, նա Հայաստանի Հանրապետության տարածքում է գտնվում, ոչ թե Ռուսաստանի Դաշնության որևիցե մարզում, ասացին՝ դա տարածվում է ամեն տեղ»,- «Ամերիկայի ձայնին» փոխանցեց Սաքունցը։

102-րդ ռազմակայանից տեղեկացրել են, որ Դմիտրի Սետրակովի դեմ քրեական գործ է հարուցված՝ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ զորահավաքային կամ մարտական գործողությունների ընթացքում ծառայության վայրը մեկ ամսից ավելի ժամկետով լքելու հոդվածով։ Գործը քննում է թիվ 519 զինվորական քննչական վարչությունը։ Այժմ Սետրակովը 27-օրյա հաուպտվախտի մեջ է, որից հետո կտեղափոխվի Ռուսաստան։ Նրան սպառնում է 5-10 տարվա ազատազրկում։

«Առևանգում․․․ իրերը պետք է իր անունով կոչել։ Առևանգումը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության մարմինների աշխատակիցների կողմից։ Եվ սա ուղղակի աննախադեպ է այն իմաստով, որ, փաստորեն, Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության անվտանգության մարմինները կարող են Հայաստանի Հանրապետության տիրապետության ներքո գտնվող, մեր իրավական համակարգի անմիջական հսկողության տակ գտնվող անձին առևանգել և նրա նկատմամբ քրեական գործ հարուցել»,- նշեց Արթուր Սաքունցը։

Արթուր Սաքունցն ընդգծեց՝ ռուսական ռազմական ոստիկանության աշխատակիցների գործողությունները ռազմաբազայից դուրս ոչ միայն կոպիտ կերպով խախտել են հայաստանյան օրենքները, այլև՝ Հայաստանում ռուսական ռազմակայանի գործունեությունը կարգավորող հայ-ռուսական պայմանագրերը, ըստ որոնց ռուսաստանյան ռազմական ոստիկանությունը իրավասու է գործել բացառապես ռազմակայանի տարածքում։ Այնինչ, փաստորեն, Հայաստանի տարածքում գործում են օտար պետության՝ Ռուսաստանի քրեական օրենսգիրքը, օտար պետության իրավապահ մարմինները, մինչդեռ հայաստանյան կողմը օրեր անց էլ լռություն է պահպանում։

«Ուրբաթ օրը մենք անհապաղ կազմեցինք հաղորդում՝ ուղղված Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն՝ պահանջելով, որպեսզի քրեական գործ հարուցվի Ռուսաստանի Դաշնության ռազմական ոստիկանության աշխատակիցների նկատմամբ և նաև միջոցներ ձեռք առնվեն, որպեսզի Դմիտրի Սետրակովը անհապաղ վերադարձվի Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների ենթակայության կամ հսկողության ներքո։ Նաև դիմում ուղարկեցինք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- տեղեկացրեց իրավապաշտպանը։

Հայաստանի գլխավոր դատախազությունից «Ամերիկայի ձայնին» փոխանցեցին, թե ընթացք են տվել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումին։ Բայց հստակ չէ՝ արդյո՞ք Աննա Վարդապետյանի գլխավորած կառույցը քրեական գործ հարուցելու է, թե օտար պետության ներկայացուցիչները Հայաստանում ինչպես են ազատությունից զրկել մարդուն՝ չունենալով իրավական որևէ հիմք։

Իսկ այն, որ Սետրակովի «ձերբակալման» կամ առևանգման գործում Հայաստանի իրավապահ մարմինները՝ ոստիկանությունը, ռազմական ոստիկանությունը որևէ առնչություն չեն ունեցել՝ «Ամերիկայի ձայնին» հայտնեցին ներքին գործերի ու պաշտպանության նախարարություններից։

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայանից հրաժարվեցին պատասխանել «Ամերիկայի ձայնի» հարցերին։

Ինչևէ, հատկապես նախորդ ամիսներին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրած թեմաներից էր Հայաստանի ինքնիշխանության ամրապնդումը, ինչը նոր իմաստ ստացավ այս սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո։ Ընդ որում, թե՛ Երևանում, թե՛ Ստրասբուրգում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ունեցած ելույթներում կառավարության ղեկավարը բավականին թափանցիկ ակնարկեց Կրեմլի կողմից Հայաստանի ինքնիշխանությանը ներկայացրած սպառնալիքի մասին։

«Հայաստանի Հանրապետությունն իր դաշնակցային պարտավորություններից երբեք չի հրաժարվել և իր դաշնակիցներին երբեք չի դավաճանել: Բայց իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության այն համակարգերը և այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ մենք հույս ենք դրել՝ մեր խոցելիություններն ի ցույց դնելու և հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել»,- այս սեպտեմբերի 24-ին՝ անկախության մասին իր ուղերձի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ե՛վ իրավապաշտպան Արթուր Սաքունցը, և՛ այս թեմայի շուրջ հայաստանյան քննարկման մասնակիցները ընդգծում են՝ հարմար առիթ է ի ցույց դնել, թե հայաստանյան իշխանությունները իրականում որքանով են հետևողական երկրի ինքնիշխանության պաշտպանության գործում, գրում է Ամերիկայի ձայնը։

Երևանը չի հստակեցնում՝ կա արդյոք Արցախի վերաբերյալ դրույթ “խաղաղության պայմանագրի” 6-րդ տարբերակում

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի հստակեցնում՝ կա արդյոք հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթ: Այն պաշտոնական Երևանը Բաքվին է փոխանցել նոյեմբերի 21-ին:

Ադրբեջանի առաջարկները հայկական կողմը ստացել էր մինչև Արցախի վրա ադրբեջանական հարձակումը:

«Ազատության» գրավոր հարցին՝ կա՞ արդյոք վերջին խմբագրության մեջ արցախահայերի իրավունքներին և անվտանգությանն առնչվող դրույթ, արտաքին քաղաքական գերատեսչությունից միայն նշել են. «Հայաստանի համար առաջնային է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, երկու երկրների միջև սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով Խորհրդային Միության գլխավոր շտաբի ամենաթարմ քարտեզների վրա, տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակումը՝ հիմնված ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա»:

Արցախի շունչը Երևանի սրտում. «Էլ որ լեզվով ասենք, որ մենք կանք ու լինելու ենք»

Դեկտեմբերի 10-ին Ալ․Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպության առաջին նախաձեռնությունը՝ «Մենք կանք» բարեգործական համերգը։ Համերգի գլխավոր նպատակն էր իրատեսական քայլեր ձեռարկել` Արցախի երաժշտարվեստի և պարարվեստի խմբերի ու համույթների պահպանման ու շարունակական գործունեության համար։

Կազմակերպիչների խոսքով` կարևոր էր նաև զգալ Արցախի շունչը Երևանի սրտում:

«Մենք կանք» բարեգործական համերգի հյուրերը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն էին եկել՝ իրենց աջակցությունը հայտնելու բռնի տեղահանված  հայրենակիցներին ու վայելելու արցախցի տաղանդաշատ արտիստների կատարումները: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն այս նախաձեռության կողքին է կանգնել՝ կյանքի կոչելու ու իրականություն դարձնելու այս բացառիկ խորհրդով համերգը:

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի խոսքով` չափազանց պարտավորեցնող է լինել այս հիասքանչ նախաձեռնության կողքին: «Մենք կանք» բարեգործական համերգի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը նշեց, որ այսուհետ տարվելու են շատ աշխատանքներ, որպեսզի այս խմբերը պահպանվեն: «Արցախի մշակույթը պահում են այս թատերախմբերը, երաժշտախմբերը, պարախմբերը»,-ասաց նա:

Համերգի ընթացքում հանդես եկան մշակութային բոլոր օջախները` Արցախի ազգային նվագարանների պետական և Արցախի պետական ջազ նվագախմբերը, Պարի պետական համույթը, Արցախի պետական և «Մռակած» երգչախմբերը, «Ղարաբաղ» պետական էստրադային համույթը, «Արցախի ձայներ» համույթը, «ՆովաԲենդ Արցախ» (NovaBand Artsakh) խումբը, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները,Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները,  ինչպես նաև անհատ կատարողներ՝ Վիտալի Ղազարյանը, Վարդան Բադալյանը, Արտեմ Վալտերը և այլք։

«Էլ որ լեզվով ասենք, որ մենք կանք ու լինելու ենք», -համերգի ավարտին ասաց Ռուբեն Հովհաննիսյանը:

Տաթև Ազիզյան

 

Արցախի ներկայացուցիչներին թույլ չեն տվել մասնակցել ՄԱԿ-ի փախստականների ֆորումին

Ժնևում ընթանում է ՄԱԿ-ի Փախստականների միջազգային ֆորումը։ Մեր տեղեկություններով, համաժողովին պետք է մասնակցեին նաեւ Արցախի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Սակայն վերջին պահին նրանց մերժել են վիզա տրամադրել։

Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի քաղաքապետ Վահան Սավադյանը հայտնել է, որ դեկտեմբերի 11-ին դեսպանատունը մերժել է իրեն վիզա տրամադրել։ Նրա տեղեկացմամբ՝ համաժողովին մասնակցող հայկական պատվիրակության մեջ Արցախի ներկայացուցիչներ չկան։

«Չեմ կարող ասել, թե ինչ պատճառով են ինձ մերժել։ Չեմ կարող ասել նաև՝ որոշումը քաղաքակա՞ն, թե՞ այլ պատճառներով է կայացվել։ Դեռ ոչինչ պարզ չէ։ Հայաստանի ԱԳՆ-ն նույնպես որեւէ պարզաբանում չի տվել։ Բայց այս ամենը շատ տարօրինակ է: Նկատի ունենալով, որ ուղևորությունը գործնական է՝ նպատակ ուներ աշխարհին ներկայացնել փախստականների, այդ թվում՝ իրավական խնդիրները, սա ավելի տարօրինակ է թվում»։

Ալվարդ Գրիգորյան

Ադրբեջանում ընդունել են օրենք, որ «սեպարատիստներին» պատկանող գույքը կարող են առգրավել

Step1.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը

Տիկի՛ն Ալավերդյան, մեր տեղեկություններով՝ արցախցիներին պատկանող գույքի գույքագրման ուղղությամբ դեռ աշխատանքներ չեն իրականացվում։ Ի՞նչ աշխատանք պետք է տանել և՛ ֆիզիկական անձանց պատկանող, և՛ կոլեկտիվ գույքի գույքագրման ուղղությամբ։

-Այս հարցը շատ արդիական է, շատերը տեղյակ էլ չեն, որ Ադրբեջանում շատ արագ ընդունել են օրենք, որ իրենց բնորոշմամբ «սեպարատիստներին» եւ «ահաբեկչական գործողություններին» մասնակցած անձանց պատկանող գույքն իրենք կարող են առգրավել։ Այսինքն՝ մենք անհասկանալի դանդաղկոտություն ենք ցուցաբերում, իսկ այնտեղ շատ արագ են գործում։ Ես կարծում եմ՝ դրանք վաղուց կազմված ծրագրեր են։ Ես չեմ կարծում, որ արցախցիների գույքը գույքագրված չէ, չի կարող պատահել, որ Կադաստրի տվյալները թվայնացված չլինեն։ Եվ այդ սեփականության իրավունքի հարցը՝ որպես անձեռնմխելի իրավունքներից մեկը, պետք է օր առաջ բարձրացվի։ Մենք խոսում ենք մի կողմից ֆիզիկական անձանց մասին, մյուս կողմից, իրավաբանական անձինք եւս ունեին գույք։ Ես հիշեցնեմ, որ Ալիեւն առաջին օրերին մուտք գործելով Ստեփանակերտ՝ կանգնել է նախագահական շենքի մոտ եւ ասել է՝ «այս շենքը կառուցել է իմ հայրը»։ Այսինքն՝ իրենք շատ լավ հասկանում են, որ անպայման տեղի է ունենալու սեփականության համար վեճ։ Իրենք հենց այնպես չեն տալու, մենք չպետք է սպասենք, որ իրենք ինչ-որ փոխհատուցում են անելու ու ինքնակամ վերադարձնելու են արցախցիների գույքը։ Դա տեղի պետք է ունենա բավական երկարատեւ վեճի արդյունքում։

Ես ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանից Հայաստան բռնագաղթած հայերի թիվը կես միլիոնից ավելի էր։ Այդ կես միլիոն մարդկանց գույքի ու սեփականության փոխհատուցման ու գույքային իրավունքների հարցը որեւէ անգամ պատշաճ ձեւով չի հնչեցվել։ Ունենալով այդ ծանր անցյալը, կապ չունի, ՀՀ իշխանությունները խոչընդոտում են, թե ոչ, Արցախի կառավարությունը եւ պատկան մարմինները պարտավոր են այդ հարցերը բարձրացնել։ Անպայման պետք է ձեւավորել այդ շտեմարանը, որպեսզի օր առաջ դրվի սեփականությունը վերադարձնելու հարցը։

-Ո՞ր ատյաններ կարող են դիմել արցախցիները՝ գույքի փոխհատուցման համար։

-Ընդհանրապես այդ գործերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում են քննվում։ Մենք նախորդ տարիներին ունեցել ենք նախադեպային որոշումներ ՄԻԵԴ կողմից։ Ցավոք սրտի, այդ նախադեպային որոշումներով ո՛չ Ադրբեջանն է հետեւողականորեն պատասխանել այդ հարցադրումներին, ո՛չ էլ Հայաստանը։ Այնպես որ, ես զգուշացնում եմ մեր իրավաբանական համայնքին, որ օր առաջ պետք է սկսել այդ աշխատանքները։

Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի աշխատակիցները օգնում են Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից տուժածներին

Արցախից բռնագաղթումից ի վեր Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի մասնագետներն իրենց պատրաստակամությունն են հայտնել կամավոր հիմունքներով իրականացնել Ստեփանակերտի գազալցակայանում պայթյունի հետևանքով տուժածների վերականգնումը, ովքեր բուժվում են Երևանում՝ Այրվածքների և մաշկաբանության ազգային կենտրոնում։

Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի ֆիզիոթերապևտները Երևանի այրվածքների և մաշկաբանության ազգային կենտրոնի մասնագետների հետ միասին անում են ամեն ինչ մեր հայրենակիցների շուտափույթ ապաքինման և լիարժեք ապրելակերպի վերականգնման համար։

Արսեն Աղաջանյան

Մեկնարկեց Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի գործունեությունը

Դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների, ցեղասպանության կանխարգելման, Արցախի սահմանադրության ու անկախության հանրաքվեի օրերի կապակցությամբ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը հրավիրել էր համաժողով։ Խոսվել է Երևանի և Բաքվի քաղբանտարկյալների, ինչպես նաև Արցախի պետական իստիտուտների և համայնքների պահպանման մասին:

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի տնօրեն Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյը բացատրել է, թե ինչու  է Արցախում տեղի ունեցածը հենց ցեղասպանություն և ինչ վտանգ կա, որ նույնը Հայաստանում կկրկնվի։

Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների իրավիճակը ներկայացրել են Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի նախկին պետական նախարար և նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, իրավաբաններ Արամ Օրբելյանը, Արսեն Բաբայանը, Հովհաննես Խուդոյանը, Վարազդատ Հարությունյանը, իրավապաշտպան Ռաֆայել Իշխանյանը, լրագրողներ` Լարա Առաքելյանը, Անի Գևորգյանը, Հռիփսիմե Ջեբեջյանը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա / AASWի հիմնադիր-նախագահ Միրա Անտոնյանը, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, հասարակական գործիչներ Նարե Սիմոնյանը, բարերար Շանթը, մեդիա նախաձեռնության հեղինակ Վանա Շիրվանյանը, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

Միջոցառմանը ազդարարվել է իրավապաշտպանական նոր նախաձեռնության մեկնարկի մասին։

«Հաշվի առնելով, որ Հայաստանը ժողովրդավար ռեժիմից անցել է ոչ ժողովրդավար ռեժիմի, սահմանափակվել է մարդկանց քաղաքական իրավունքների իրացումը, տեղի է ունենում իշխանության կենտրոնացում, իսկ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող նախկին կազմակերպությունները, որոնք բարձրաձայնում էին առկա խնդիրները, այժմ հիմնականում լուռ կամ պասիվ են, որոշեցինք ստեղծել քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը: Վերջին ժամանակներում քաղաքական իրավունքների մասսայական խախտումներ ենք տեսնում: Դա կարող է լինել քաղաքացիներին քաղաքացիությունից զրկելուց, մինչև ՏԻՄ ընտրություններում իշխանազավթման փորձեր: Սա առաջին հերթին ընտրողների իրավունքի խախտումն է, որովհետև մարդիկ գնում են ընտրելու, տեսնում են, որ իրենց ընտրած ընդդիմադիր գործիչը չի գալիս իշխանության…Այդպիսի օրինակները շատ-շատ են `սկսած դատական համակարգի հանդեպ  ճնշումներից, տարբեր քաղաքական և հասարակական գործիչների հանդեպ հարուցվող քրեական գործերից և այլն: Քաղաքական իրավունքները սահմանափակվում և ոտնահարվում են: Այդ ամենով պայմանավորված որոշեցինք ստեղծել այս իրավապաշտպան նախաձեռնությունը»,- Step1.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց է քաղաքական ակտիվիստ Նարե Սիմոնյանը:

Տաթև Ազիզյան

32 գերի վերադարձել է․ հայտնի են նրանց անունները

1. Ավագյան Հրաչ Արզումանի- Շիրակ, Գյումրի
2. Ավագյան Սերոբ Սուրենի – Շիրակ, Զույգաղբյուր
3. Ավագյան Տիգրան Մանուկի – Շիրակ, Գյումրի
4. Ավետիսյան Վաղարշակ Աշոտի – Շիրակ, Զույգաղբյուր
5. Արամյան Կարեն Արմենի – Շիրակ, Աշոցք
6. Բահրիկյան Վահագն Էդիկի – Շիրակ, Ախուրյան
7. Բաղդասարյան Արթուր Էդուարդի – Շիրակ, Գյումրի
8. Գևորգյան Ռոբերտ Հովիկի – Շիրակ, Ախուրյան
9. Դիլանյան Արման Վազգենի – Շիրակ, Զույգաղբյուր
10. Եղիազարյան Սասուն Սեյրանի – Շիրակ, Անի
11. Թադևոսյան Հրայր Վարդանի -Շիրակ, Աշոցք
12. Թոսունյան Լևոն Աշոտի – Շիրակ, Աշոցք
13. Իսանյան Արեն Արայի – Ստեփանակերտ
14. Կիրակոսյան Էդուարդ Արմենի – Շիրակ, Գյումրի
15. Կոստանյան Նարեկ Աղասու – Շիրակ, Արթիկ
16. Հակոբյան Վոլոդյա Գագիկի – Շիրակ, Սառնաղբյուր
17. Հարությունյան Վարազդատ Սերյոժայի – Շիրակ, Ախուրյան
18. Հերաբյան Հրայր Հրաչի – Շիրակ, Աշոցք
19. Հովագիմյան Հարություն Յուրիկի – Սյունիք, Կապան
20. Հովհաննիսյան Հայկազ Կորյունի – Շիրակ, Ախուրյան
21. Ղազարյան Կարեն Աշոտի – Տավուշ, Դիլիջան
22. Մարտոյան Մանուկ Հովհաննեսի – Շիրակ, Լանջիկ
23. Մարտիրոսյան Գևորգ Սամվելի – Շիրակ, Գյումրի
24. Միքայելյան Անդրանիկ Վազգենի – Շիրակ, Գյումրի
25. Ոսկանյան Գագիկ Աշոտի – Երևան
26. Ռաֆաելյան Վլադիմիր Օթարիի – Արմավիր, Վաղարշապատ
27. Սաղաթելյան Գրիգոր Սեյրանի – Շիրակ, Աշոցք
28. Սարգսյան Իշխան Աշոտի – Երևան
29. Սերոբյան Գեղամ Սամվելի – Շիրակ, Զույգաղբյուր
30. Սուքիասյան Անդրանիկ Սրապի – Շիրակ, Գյումրի
31. Ստեփանյան Դավիթ Ստեփանի – Շիրակ, Փանիկ
32. Վարդանյան Արսեն Արայիկի – Շիրակ, Անի

Վաշինգտոնում Ամերիկայի հայկական համագումարի Ամառային փորձնակների ծրագրի վերջնաժամկետը երկարաձգվել է

Ամերիկայի հայկական համագումարի Թերջենյան-Թոմաս ծրագրի փորձնակները հանդիպել են Մասաչուսեթսի կոնգրեսական Ջիմ ՄաքԳավերնի (ԴեմոկրատՄասաչուսեթսհետ Կապիտոլիումի բարձունքում

Ամերիկայի հայկական համագումարն (Համագումար) այսօր հայտարարեց, որ 2024թ.-ի Վաշինգտոնում Թերջենյան-Թոմաս Համագումարի փորձնակների ծրագրին դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2024թ.-ի հունվարի 10-ը, չորեքշաբթի։ Այդ մասին Step1.am-ին հայտնում են Ամերիկայի հայկական համագումարից։

Ութշաբաթյա ամառային ծրագիրը նախատեսված է հայկական արմատներով ուսանողներին հնարավորություն ընձեռել ապրել և աշխատել երկրի մայրաքաղաքում՝ միաժամանակ մասնակցելով կրթական, սոցիալական և մշակութային գործունեության մի ամբողջական ծրագրի: Ուսանողներին, ովքեր ընդունվում են Վաշինգտոն քաղաքի ծրագրում, աջակցում ենք, որպես փորձնակ, աշխատանքի անցնել կոնգրեսական գրասենյակներում, վերլուծական կենտրոններում, լրատվամիջոցներում, կառավարական գերատեսչություններում կամ հասարակական կազմակերպություններում՝ հիմնվելով իրենց կրթության և հետաքրքրությունների վրա:

Բացի այդ, Համագումարի փորձնակները հնարավորություն կունենան քննարկել ամերիկահայերի խնդիրները Կոնգրեսականների և պետական այլ պաշտոնյաների, արդյունաբերության մասնագետների և հայտնի գիտնականների հետ՝ «Կապիտոլիումի գաղափարներ» և «Դասախոսությունների շարք» ծրագրերի միջոցով:

1977թ.-ին հիմնադրված Ամերիկայի հայկական համագումարի Ամառային փորձնակների ծրագիրն առաջին փորձնակների ծրագիրն էր, որն առաջարկվել էր Ամերիկայում հայկական կազմակերպության կողմից: Մինչ օրս ավելի քան 1200 հայկական արմատներով ուսանողներ համալրել են Համագումարի փորձնակների շրջանավարտների շարքերը: Իր ամենավաղ ժամանակներից հայ համայնքը հետևողականորեն աջակցել է Համագումարի Ամառային փորձնակների ծրագրին՝ Ռիչարդ Թուֆենկյան հիշատակի հիմնադրամի, Ջոն Հանեսյանի անվան կրթաթոշակային հիմնադրամի, Արմեն Ասթարջյանի անվան կրթաթոշակային հիմնադրամի, Օհանյան հիշատակի հիմնադրամի, Ջեյմս և Քոնի Մելիքյանների և Վարդանանց ասպետների կողմից խոշոր նվիրատվություներով: 2003թ.-ին Համագումարի ամառային փորձնակների ծրագիրը վերանվանվեց ի պատիվ Արամ և Ֆլորենս Թերջենյանների և Էննի Թոմասի՝ ծրագրին իրենց օրինակելի 1 միլիոն դոլար նվիրատվություն կատարելու հայտարարությունից հետո:

Վաշինգտոնում Թերջենյան-Թոմաս ամառային փորձնակների ծրագրի մասնակի բնակարանային կրթաթոշակներ հասանելի են որակավորված ուսանողներին՝ մրցութային հիմունքներով: Դիմումները հասանելի են Համագումարի կայքում:

Համագումարն առաջարկում է նաև նմանատիպ փորձնակների ծրագիր Հայաստանում, Երևան քաղաքում: Արդեն 17-րդ տարին է, ինչ Երևանի Ամառային փորձնակների ծրագիրն ուսանողներին հնարավորություն է ընձեռում ապրել և աշխատել պատմական և մշակութային առումներով աշխարհի ամենահարուստ երկրներից մեկում: Ուսանողները կաշխատեն Հայաստանի պետական գերատեսչություններում, հասարակական կազմակերպություններում, բժշկական կենտրոններում կամ լրատվամիջոցներում, ինչպես նաև կհանդիպեն Հայաստանի պետական պաշտոնյաների հետ և կշրջեն պատմական վայրերով ամբողջ երկրով մեկ:

Հետաքրքրված դիմորդները կարող են գտնել պատմություններ, գրառումներ և վկայություններ անցյալ տարվա փորձնակների ծրագրի շրջանավարտներից՝ Համագումարի փորձնակների բլոգում և կարող են դիտել լուսանկարների ալբոմները Համագումարի Թերջենյան-Թոմաս Փորձնակների ծրագրի շրջանավարտների ֆեյսբուքյան էջում:

Համագումարի փորձնակների ծրագրերի մասին հավելյալ տեղեկությունների կամ դիմումի գործընթացի հետ կապված աջակցության համար խնդրում ենք կապ հաստատել Վաշինգտոն քաղաքում Փորձնակների ծրագրի տնօրեն Ջոզեֆ Փայաթի հետ՝ (202) 393-3434 ներք. 336 հեռախոսահամարով կամ [email protected] էլ. փոստով:

 

ՀՀ իշխանությունները չունեն եւ հրաժարվում են ռազմավարություն մշակել Արցախի ապագայի համար. Օհանյան

Յուրաքանչյուր հայ այսօր գիտակցում է, որ Արցախի հարցը չի փակվել։ Այս մասին այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Ըստ նրա՝ միայն անհայրենիք մեկը կարող է անիմաստ համարել Արցախի համար օգտագործված ժամանակն ու ռեսուրսները՝ ուրանալով այն փաստը, որ քառորդ դարից ավելի հենց Արցախն է եղել Հայաստանի ազատության, անվտանգության երաշխավորը, սահմանապահը։ Եվ Արցախյան ազատագրական պայքարը մեր նորօրյա պատմության ամենասուրբ մաքառումն էր։

«Իսկ դա նշանակում է, որ այսօր պետք է շարունակել այդ պայքարը, քանի որ, առաջին՝ հակամարտությունն ավարտված չէ, այն ավելի է խորացել, Ադրբեջանի հանցագործ գործունեությունն այն ավելի է սրել, եւ Ադրբեջանը դրա համար պետք է պատասխան տա։ Երկրորդ՝ Արցախը եղել է գործոն, եւ այսօր նրա սուբյեկտայնության պահպանման համար բոլոր ինստիտուտները պետք է գործեն՝ լուծելու նաեւ ժողովրդի վերադարձի պայմանների հաւցը։ Եվ այս պարագայում բանակցությունները միջազգային հարթակում՝ ընդունված կամ որեւէ ընդունելի նոր ձեւաչափով, այլընտրանք չունեն։

Այս ռազմավարության պատասխանատուն Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իշխանություններն են, առավելապես ՀՀ իշխանությունները, որոնք իշխանության գալու առաջին օրվանից վերցրել են իրենց վրա պատասխանատվությունը, իսկ հիմա կամաց-կամաց սահուն կերպով այդ պատասխանատվությունը գցում են Արցախի իշխանությունների կամ այլ մարդկանց վրա։ Սա նշանակում է, որ եթե նրանք հրաժարվեն որեւիցե ռազմավարությունից, մեր բազմադարյան պատմության ընթացքում հենց նրանց ճակատին գրված է լինելու Արցախի հայաթափման փաստը»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Ըստ նրա՝ սա մեր բազմադարյան պատմության ամենաամոթալի էջերից մեկն է, քանի որ ՀՀ իշխանությունների անգործության եւ կրավորական կեցվածքի հետեւանքով Արցախը ոչ միայն հանձնվեց, այլ ամբողջովին հայաթափվեց։ «Կարծում եմ, որ այսօր կրկնակի կործանարար է Արցախի համար, երբ ՀՀ իշխանությունները չունեն եւ հրաժարվում են ծրագիր կամ ռազմավարություն մշակել Արցախի ապագայի համար՝ փաստորեն հրաժարվելով Արցախից»,- հավելեց Օհանյանը։ Նա նաեւ ասաց, որ ողջ աշխարհը պետք է իմանա, որ Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործ քաղաքականության շարունակականության հետեւանքով 2022 թվականի դեկտեմբերից Արցախի 10-ամսյա շրջափակումն ավարտվեց Արցախի ժողովրդի ցեղասպանությամբ։

Մանրամասներ «խաղաղության պայմանագրի» գրագրությունից․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Քրիստինե Վարդանյանը եւ Ասպրամ Կրպեյանն անցած ուրբաթ այցելել էին ՀՀ ԱԳՆ՝ Հայաստանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի, այլ կերպ ասած՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի առաջարկներին ծանոթանալու: Չնայած նրանք չեն հրապարակայնացնում, Մանուկյանի բնորոշմամբ՝ «հույժ գաղտնի նշումով փաստաթղթի կետերը», սակայն մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել 6 էջանոց գրագրությունից։

Ընդդիմադիրներին ոչ թե խաղաղության պայմանագրի տեքստն են ներկայացրել, այլ այն, թե կողմերն ինչ պահանջներ են դնում միմյանց առաջ։ Պարզվում է՝ ամենաառանցքային հարցերում փոխհամաձայնություն չկա, կա ադրբեջանական կողմի պահանջ եւ հայկական կողմի համաձայնություն։

Պարզվում է՝ Ալիեւի համար ֆունդամենտալ նշանակություն ունի Արցախի զավթումը լեգիտիմացնելը։ Նա պահանջում է, որ Հայաստանը հստակորեն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.6 հզ/կմ-ն, որի կազմում է նաեւ Արցախը, ինչը կփակի «ռեւանշի» հավանականությունը։ Բայց ինքը չի պատրաստվում ճանաչել Հայաստանի 29 հազար 800 ք/կմ-ն։ Ինչ-որ ընդհանուր ձեւակերպում է նախընտրում, որ պայմանագրում ոչ թե թիվ ամրագրվի, այլ նշվի բառերով տարածքային ամբողջականության մասին։ Իսկ ՀՀ տարածքը պարզ կդառնա սահմանազատումից հետո։ Մերժում է նաեւ դելիմիտացիան իրականացնել որեւէ տարեթվի քարտեզով։

Ու թեեւ ընտրությունը 1974 եւ 79 թթ․ քարտեզների միջեւ է, սակայն Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի եւ ուզում է դեմարկացիա-դելիմիտացիայի ժամանակ նոր տարածքներ զավթել Հայաստանից, ուստի որեւէ քարտեզի հետ համաձայն չէ։ Առաջարկների մեջ նշված են նաեւ անկլավները, ճանապարհների ապաշրջափակումը»։

ԱՄՆ հետախուզության զեկույցում տվյալներ կան ռուսական բանակի կորուստների մասին

ԱՄՆ հետախուզության գնահատականով, Ուկրաինայում պատերազմը Ռուսաստանին արժեցել է 315,000 սպանված և վիրավորված զինծառայող, կամ այն ​​անձնակազմի գրեթե 80%-ը, որը նա ուներ հակամարտության սկզբում, երեքշաբթի Reuters-ին հայտնել է ամերիկյան հետախուզության զեկույցին ծանոթ աղբյուրը։

Զեկույցում ասվում է նաև, որ Մոսկվայի անձնակազմի և զրահատեխնիկայի կորուստները 18 տարով հետ են մղել ռուսական ռազմական արդիականացումը։