Սերժ Թանկյանն ու Թոնի Այոմին արցախցիներին աջակցելու նպատակով համատեղ երգ են թողարկել

System of a Down-ի երգիչ Սերժ Թանկյանը եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին Gibson-ի գործադիր տնօրեն Սեզար Գուեկյանի հետ միասին միավորվել են նոր՝ «Deconstruction» բարեգործական սինգլի համար: Այս մասին գրում է Consequence.net-ը։ Ստացված հասույթը կտրամադրվի «Հայաստան» հիմնադրամի «Արցախի փախստականների նախաձեռնությանը»:

Կայքի փոխանցմաբ՝ արտիստները երգը ձայնագրել են The Gibson Band խմբի կազմում, որը, պարբերաբար, կներկայացնի երաժիշտների, որոնք կհամագործակցեն ի նպաստ տարբեր բարեգործական նպատակների:

Ե՛վ Թանկյանը, ե՛ւ Գուեկյանը ծագումով հայ են․ Թանկյանը բազմիցս բարձրաձայնել է Հայաստանի խնդիրների մասին, ինչպես System of a Down-ի հետ համագործակցությամբ, այնպես էլ անհատապես։

«Իմ լավ ընկերոջ՝ Սեզար Գուեկյանի եւ Թոնի Այոմիի հետ համագործակցությունն ինձ համար երազանք էր»,-ասել է Թանկյանը,-«Ուրախ եմ, որ մենք օգտագործում ենք մեր հարթակը նման մեծ բարեգործության համար: Ճիշտ մտադրություններով երաժշտությունը կարող է ոգեշնչել եւ դրական փոփոխություններ ստեղծել»:

Այոմին հավելել է. «Հիանալի էր Սերժի հետ կրկին համագործակցելն ու Սեզարի հետ համատեղ երգ թողարկելը։ Հայերն, իսկապես, հիանալի ժողովուրդ են, եւ ես շատ ուրախ եմ նման գործում ներգրավված լինելու համար»:

Երգից բացի, աճուրդի է հանվում Թանկյանի «Մեր սարերը» վերնագրով բնօրինակ նկարը, ինչպես նաեւ 2023 թվականի Les Paul Standard կիթառը, որը զարդարված է նշված կտավի պատկերով: Երկու իրերի համար էլ սակարկություններ կարող են կատարվել Julien’s Auctions-ում:

Մեկնարկել է Leaders2Leaders ծրագիրը՝ արցախցի ապագա առաջնորդների համար

Արցախցի ապագա առաջնորդների համար մեկնարկել է վերապատրաստման և ուսուցման նոր՝ Leaders2Leaders ծրագիրը: Այն «Մենք ենք մեր սարերը» գործակալության, «Մատենա» միջազգային առաջնորդության դպրոցի, ինչպես նաև Հարվարդի և Օքսֆորդի համալսարանների շրջանավարտների համատեղ նախաձեռնությունն է:

Leaders2Leaders-ը նորարարական շարունակական զարգացման ծրագիր է՝ նախատեսված արցախցի 80 ապագա առաջնորդների համար: Ծրագիրը նախագծված է որպես մոդուլների շարք և ուղղված է առաջնորդների կարողությունների հզորացմանը` հնարավորություն տալով նրանց շարունակել առաջնորդությանը միտված իրենց ճանապարհը, հարմարվել փոփոխություններին՝ ստեղծելով բարեկեցիկ ապագա ոչ միայն իրենց, այլև իրենց ընտանիքների և միջավայրի համար:

«Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ ու առաջարկով «Մատենա» միջազգային առաջնորդության դպրոցը, «Մենք ենք մեր սարերը» գործակալության հետ համատեղ, վերջին մեկ տարվա ընթացքում մասնագիտական վերապատրաստման չորս ծրագիր է իրականացրել Արցախում: Այժմ, այս ողբերգական իրադարձություններին հաջորդած նոր իրողություններում, մենք շարունակում ենք Ռուբեն Վարդանյանի գործն ու մեր ծրագրերը՝ փորձելով արցախցի մեր հայրենակիցներին օգտակար ու պետքական  գիտելիքներ փոխանցել, որպեսզի նրանք ճկուն և ազդեցիկ առաջնորդներ դառնան իրենց համայնքներում: Ծրագրի գաղափարական հիմքում այն մոտեցումն է, որ դրական փոփոխությունների ամենամեծ արդյունքն սկսվում է առաջնորդներից, որոնք իրենց հերթին շղթայական ձևով նպաստում են իրենց շրջապատի, համայնքի և երկրի զարգացմանը»,- նշում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության կրթական նախաձեռնությունների և մարդկային կապիտալի զարգացման ղեկավար Սոնա Հովհաննիսյանը:

«Leaders2Leaders»-ը շարունակական զարգացման հնգամսյա տրանսֆորմացիոն ծրագիր է` նախատեսված Արցախից բռնի տեղահանված ապագա առաջնորդների համար: Ծրագիրն իրականացվում է «հավասարը հավասարին» սկզբունքով:   Մոդուլից մոդուլ անցնելով՝ մասնակիցները ձեռք են բերում անհրաժեշտ հմտություններ, որոնք կարևոր են որպես առաջնորդ կայանալու և մարդկանց և թիմերին արդյունավետ կերպով առաջնորդելու համար։

Թեհրանն առաջարկել է հանրաքվե անցկացնել 1948 թվականից առաջ Պաղեստինի սկզբնական բնակիչների և նրանց ժառանգների՝ մուսուլմանների, քրիստոնյաների և հրեաների մասնակցությամբ

Իրանին ու Իսրայելին միավորում է միայն պատմական Պաղեստինի տարածքում երկու անկախ պետություններ ստեղծելու հնարավորության հանդեպ առկա թերահավատությունը։ Թեհրանն առաջարկում է ինքնորոշման հանրաքվե անցկացնել այդ տարածքների բնիկ բնակիչների ժառանգների շրջանում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին՝ Դոհայում տեղի ունեցած ֆորումի ժամանակ։

«Այդ տարածքի ինքնորոշման հանրաքվեն պետք է անցկացվի 1948 թվականից առաջ Պաղեստինի սկզբնական բնակիչների և նրանց ժառանգների՝ մուսուլմանների, քրիստոնյաների և հրեաների մասնակցությամբ, որպեսզի նրանք որոշեն իրենց ապագան»,- ասել է Աբդոլլահիանը։

Ստեփանակերտի մոտ ռուս «խաղաղապահ է» մահացել, մեկն էլ վիրավոր է

Արցախի օկուպացիան ապահովելուց հետո այնտեղ մնացած ռուսական «խաղաղապահ» զորակազմի ծառայողները վթարի են ենթարկվել Ստեփանակերտի մոտակայքում։ Բաքվի զլմ-ների հրապարակումների համաձայն, ռուս զինվորականներին տեղափոխող զրահափոխադրիչն ընկել է ձորակն ու կողաշրջվել։ Վթարի հետևանքով կա մեկ զոհ, երկու վիրավոր։

Մետաքսե Հակոբյան․ Ես չեմ կարծում, որ Ազգային ժողովը պետք է քայլեր անի նախագահի հրամանագրի հետ կապված

Step1.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

-Տիկի’ն Հակոբյան, Արցախի Ազգային ժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ շեշտադրվելով այն, որ Ադրբեջանը ստիպել է Արցախի նախագահին ստորագրել փաստաթուղթ։ Այսպիսով՝ Արցախի Ազգային ժողովն ընդունո՞ւմ է Սամվել Շահրամանյանի՝ «Արցախի Հանրապետությունը լուծարելու» մասին հրամանագիրը, թե՞ վիճարկելու է այն։

-Միանշանակ, ոչ միայն Ազգային ժողովը, այլ ընդհանրապես որեւէ մեկը չի ընդունում այդ որոշումը։ Դրա ստորագրումն օրենքի խախտումներով է տեղի ունեցել, ճնշման ներքո է եղել, քանի որ 120 հազար արցախցի ցեղասպանվելու վտանգի տակ էր։ Դրա բոլոր ապացույցները կան։ Մյուս կողմից, ես չեմ կարծում, որ Ազգային ժողովը պետք է քայլեր անի՝ այդ հրամանագիրը հակաօրինական ճանաչելու համար։ Արցախի նախագահն ինքը գոյություն ունի եւ հենց ինքն է հաստատում, որ ողջ պատասխանատվությունն իր վրա է։ Եվ հենց ինքն էլ այդ ուղղությամբ քայլեր արել է կամ անելու է։ Իհարկե, ես չեմ ասում, որ մենք բոլորս պետք է հանգիստ նստենք ու սպասենք, բայց կարծում եմ՝ մենք դեռեւս ժամանակ ունենք։

-Այսինքն՝ նկատի ունեք մինչեւ հունվարի մեկը դեռ ժամանակ կա՞։

-Այո՛, դա նկատի ունեմ։ Կարծիքները տարբեր են, պատգամավորների մի մասը կարծում է, որ այդ հրամանագիրն իրավական առումով որեւէ արժեք չի ներկայացնում։ Եվ բոլոր կարծիքների հետ կարելի  համաձայնել։ Մյուս կողմն ասում է՝ կա՞ որեւէ մեկը, որը տեսել է նախագահի ստորագրությամբ այդպիսի փաստաթուղթ։ Բայց կա նաեւ մարդկանց մի խումբ, որոնք պնդում են, որ պետք է քայլեր արվեն այդ ուղղությամբ։ Կարծում եմ, որ այս երեք տարբերակից որեւէ մեկն ի վերջո տեղի է ունենալու, եւ դա կլինի մոտ ժամանակներս։

-Դուք ասում եք, որ չեք կարծում, թե Ազգային ժողովը պետք է քայլեր անի այդ հրամանագրի չեղարկման ուղղությամբ, քանի որ դա Սամվել Շահրամանյանի պատասխանատվության դաշտում է, բայց հիշեցնենք, որ Շահրամանյանին ընտրել է Արցախի խորհրդարանը։

-Խորհրդարանն ընտրել է, քանի որ նախկին նախագահը հենց իր նախաձեռնությամբ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու առաջարկ արեց, ըստ որի՝ Արցախի խորհրդարանը կարող էր ընտրել նախագահ։ Եվ դա տեղի ունեցավ։ Ես չեմ կարողանում հասկանալ մարդկանց ու տարբեր ուժերի կոչերը, որ խորհրդարանը պետք է քայլեր անի, որովհետեւ, կրկնում եմ, կա Արցախի նախագահը, ինքը չի հերքում իր պատասխանատվությունն իր հրամանագրի վերաբերյալ։ Հետեւաբար, ինքը քայլ կանի կամ արդեն անում է։ Այդ հրամանագիրն իրավական ուժ չունի այն առումով, որ պետություններն ստեղծում են ժողովուրդները։ Արցախը հանրաքվեի միջոցով հռչակվել է Հանրապետություն, այդ գործընթացը տեղի է ունեցել ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Եվ այդ նույն միջազգային հանրությունը, որն այսօր կարծես ոչինչ չի տեսնում, իր դիտորդների ներկայությամբ է դա տեղի ունեցել, եւ այդ գործընթացը՝ որպես միջազգային իրավունք, ճանաչվել է։ Հետեւաբար, նախ որեւէ երկրի Սահմանադրության, առավել եւս Արցախի Սահմանադրության մեջ չկա այդպիսի մի հոդված, որով որեւէ անձ՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից, կարող է լուծարել պետությունը։ Ժողովուրդն է ստեղծել, ժողովուրդն էլ կարող է լուծարել, որը տեղի չի ունենա։

-Ինչպե՞ս եք դուք պատկերացնում Արցախի պետական ինստիտուտների գործունեության շարունակականության ապահովումն այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունները հետեւողական փորձում են չեզոքացնել Արցախի իրավունքներն ու պետական ինստիտուտները։

-Անկախ բոլոր խոչընդոտներից, յուրաքանչյուրը, ով պաշտոն է զբաղեցրել կամ պատգամավոր է ընտրվել, պետք է ունենա այն գիտակցումը, որ դա լավ ապրելու համար չէր։ Կարծում եմ՝ կային մարդիկ, որոնք այդպես չէին մտածել ընտրվելուց առաջ։ Եվ հարմարավետ աշխատասենյակ ու աշխատավարձ ստանալու համար չէր պաշտոն զբաղեցնելը, այլ պարտավորություն էր։ Եվ անկախ իրավիճակից, յուրաքանչյուրն իր գործը պիտի կատարի։ Այո, թշնամին այսօր ուժով մեր հայրենիքն օկուպացրել է, բայց դա չի նշանակում, որ Արցախի կամ ընդհանրապես հայկական հարցը փակվեց։ Եվ այն պաշտոնյան, այն պատգամավորը, որը կլռի, որեւէ քայլ չի անի այդ ուղղությամբ, որ թույլ չտա առնվազն փակել Արցախի հարցը, ինքը հանձնողների ու դավաճանների հետ նույն շարքում կդասվի եւ այդպես էլ կգնա պատմության գիրկը։

Չեմ կարծում, որ մեզանից որեւէ մեկի համար նորություն էր Հայաստանի այս իշխանության գործողությունները։ Այս իշխանությունները եկան կամ նշանակվեցին իշխանության, որպեսզի Արցախի հարցը լուծեն հօգուտ Ադրբեջանի։ Բայց, այս ամբողջ արհավիրքը բերելով հայ ժողովրդի գլխին, միեւնույն է, իրենց այդպես էլ չի հաջողվելու փակել այս հարցը։ Իրենք ամեն ինչ անելու են՝ Արցախի հարցը փակելու համար։ Դա լինելու է և՛ ահաբեկելու, և՛ վախեցնելու, և՛ տարատեսակ խոչընդոտեր ստեղծելու միջոցով։ Ես կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը դա գիտակցում է, ի վերջո դրա կրողը ինքներս ենք եղել։ Եվ հիմա էլ, ցավոք, դա շարունակվում է։

 

Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի անցած ուղին

1961 թ. Արցախի  մշակութային, հասարակական կյանքի վառ իրադարձությունը Ստեփանակերտում Սայաթ-Նովայի անվան  երաժշտական քոլեջի բացումն էր: Նախադրյալներից ամենակարևորը Արցախի բնակիչների մշակութային և էսթետիկ հայացքների աճն էր:

62 տարվա գործունեության ընթացքում քոլեջն անընդհատ կատարելագործվում էր`զարգացնելով տեխնոլոգիաները, ուսումնական ծրագրերը, մշակութային միջավայրը: «Արցախյան շարժման ընթացքում, կորոնավիրուսի օրերին, շրջափակման ամիսներին,  պատերազմից հետո էլ կառավարության և ուսուցչական անձնակազմի ջանքերով կրթական պրոցեսը չէր ընդհատվում: Մեր աշակերտները կարողացել են գերազանց արդյունքներ ունենալ քննությունների ժամանակ»,-  Step.1am-ի հետ զրույցում ասաց տնօրեն Անահիտ Հարությունյանը:

Նրա խոսքով`ամենավատ շրջանը 2020թ. պատերազմն էր, որը տակնուվրա արեց շատ բան: «Պատերազմի ընթացքում քոլեջը փակ էր, իսկ պատերազմից հետո ձեռնամուխ եղանք կրթական ծրագրով ուսումը շարունակելուն: 44-օրյայից հետո մեր մշակութային կյանքը ակտիվ էր, շատ միջոցառումներ էինք կազմակերպում: Նպատակն էր արվեստի միջոցով իրավիճակը հաղթահարելը: Մեր երեխաները միշտ գլխավոր մրցանակներն էին շահում: Նոր ուսումնական տարվա համար  հետաքրքիր ծրագրեր ունեինք, բայց, ցավոք սրտի, սեպտեմբերի 19-ը հերթական հարվածը հասցրեց` խաթարելով քոլեջի բնականոն կյանքը»,-նշում է Անահիտ Հարությունյանը:

Քոլեջի բեղուն ստեղծագործական կյանքի և ակտիվության շնորհիվ շատ մեծ էր ուշադրությունը համաշխարհային երաժիշտների կողմից: Հանրահայտ երգչուհիներ Մոնսերատ Կաբալյեն և Լյուբով Կազարնովսկայան, ինչպես նաև պատերազմից հետո Պատրիկ Ֆիորին` իր բարեգործական խմբով էր, այցելեն են Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջ: Երեխաների համար դա շատ մեծ ոգևորություն էր:

«Մենք շատ խոչընդոտների միջով ենք անցել, բայց միավորվելու և աշխատանքային գործունեությունը վերսկսելու փափագը մեծ է: Հույս ունեմ, որ առողջ միտքը կհաղթի և  մեզ հնարավորություն կտան իրագործելու մեր ցանկությունը: Ինքնապահպանվելու վերաբերյալ ունենք ապագայի մեր տեսլականը: Ֆենիքսի պես մոխրից վեր կհառնենք…»,-ասում է տնօրենը:

Տաթև Ազիզյան

Այսօրվանից կարելի է գրանցվել թոշակ ստանալու համար հետեւյալ հասցեով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

նրանք, ովքեր ԼՂ-ում ստանում էին կենսաթոշակ, այսօրվանից կարող են դիմել ՀՀ-ում կենսաթոշակների նշանակման համար։

Կենսաթոշակի (այդ թվում՝ աշխատանքային, հաշմանդամության, զինվորական, սոցիալական) նշանակման դիմում ներկայացնելու համար հետևեք ստորև ներկայացվող քայլերի հաջորդականությանը՝

ՔԱՅԼ 1 – նախ անհրաժեշտ է դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային բաժիններ՝ բնակության վայրում հաշվառվելու համար (կամ փաստացի կամ մշտական հիմունքներով):

ՔԱՅԼ 2 – https://online.ssa.am/ հարթակում ընտրել «Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակի առցանց դիմումներ» պատուհանը՝ սեղմելով «Մուտքագրել Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակառուին Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի նշանակման դիմում» դաշտի վրա։

ՔԱՅԼ 3 – եթե հարթակում դեռևս չունեք անձնական հաշիվ, մինչ պահանջվող տվյալները լրացնելը, անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ սեղմելով կայքի վերևի աջ կողմում գտնվող «Գրանցում» պատուհանի վրա, ապա համապատասխան դաշտերում մուտքագրել Ձեր էլեկտրոնային հասցեն, անուն, ազգանուն, հայրանունը, ծննդյան օր, ամիս, տարեթիվը, գաղտնաբառը և նշել արդյոք ՀՀ քաղաքացի եք, թե ոչ։ Վերոնշյալ քայլերը կատարելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Գրանցվել» կոճակը։ Գրանցվելուց հետո Ձեր էլեկտրոնային հասցեին կստանաք հաղորդագրություն, որը հաստատելուց հետո համակարգը Ձեզ հնարավորություն կտա օգտվել կայքից։

ՔԱՅԼ 4 – վերոնշյալ քայլերը կատարելուց հետո՝ անհրաժեշտ է սեղմել «Մուտքագրել Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակառուին Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի նշանակման դիմում» կոճակի վրա, նշել էլեկտրոնային հասցե և գաղտնաբառ, որից հետո կկարողանաք լրացնել պահանջվող տվյալները, այն է՝

անուն, ազգանուն,

ծննդյան օր, ամիս, տարեթիվ,

անձը հաստատող փաստաթղթի համար,

հեռախոսահամար,

վճարման եղանակ (կանխիկ-անկանխիկ), *

* միայն 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կենսաթոշակի վճարման տեսակը կարող են ընտրել կանխիկ եղանակը,

վճարող կազմակերպություն (Ձեր նախընտրելի բանկ)։

Պահանջվող տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է տալ համաձայնություն՝ «Տեղեկացված եմ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին» դաշտում և սեղմել «Ստեղծել» կոճակի վրա։

Դիմումի հաստատման կամ մերժման վերաբերյալ համակարգը կտեղեկացնի անմիջապես՝ էկրանին հայտնվող համապատասխան հաղորդագրության միջոցով։

Դիմումը մուտքագրելիս դժվարություններ ունենալու դեպքում կարող եք զանգահարել 114 կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն»։

Հենց Արցախի կողմից հստակ ձեւակերպվում են պայմանները։ Սա կոնկրետ իրավիճակ է ստեղծում Ադրբեջանի իշխանությունների համար

Step1.am-ի զրուցակիցն է Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

Պարո”ն Ղուկասյան, Արցախի քաղաքական եւ քաղաքացիական ուժերը միջազգային հանրությանն ուղղված ուղերձով են հանդես եկել։ Գործնական ի՞նչ քայլեր կարող են հետեւել դրան։

-Շատ կարեւոր է մոտակա ժամակահատվածում կազմակերպել այդ հայտարարությունy ստորագրած կազմակերպությունների եւ ՏԻՄ ղեկավարների ֆորում, ավելի մանրամասն քննարկել ու ամրապնդել այդ գաղափարները եւ ընդունել հետագա քայլերի ծրագիր։ Ինչպես գործել, որպեսզի Արցախի ինքնորոշման իրավունքը, արցախցիների բոլոր իրավունքները ամրագրվեն միջազգային ճանաչված եղանակով, որպեսզի դա դառնա քաղաքական լուրջ գործոն։

-Այդ հայտարարության մեջ նշվում է, որ անվտանգ և արժանապատիվ վերադարձի ու կյանքի համար անհրաժեշտ են մի շարք պայմանների ապահովում։ Այդ թվում՝ Արցախի Հանրապետության ողջ սահմանի երկայնքով պետք է տեղաբաշխվեն ՄԱԿ-ի միջազգային բազմազգ խաղաղապահ ուժեր, պետք է ստեղծվի ապառազմականացված գոտի, Լաչինի միջանցքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի վերահսկողությանն ու կառավարմանը, Արցախի Հանրապետության տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը, ռուսական զորքերը պետք է դուրս բերվեն։ Ի՞նչ մեխանիզմներ կան այս ամենի իրագործման համար։

-Բնականաբար, այդ բոլոր պահանջները պետք է ներկայացվեն Ադրբեջանին՝ բոլոր շահագրգիռ միջազգային կազմակերպությունների կողմից՝ և՛ ՄԱԿ-ից, և՛ Եվրոպայի խորհրդից, և՛ Եվրամիությունից, և; ԵԱՀԿ-ից։ Դրա համար հարկավոր է, որ Արցախի ձայնը լսելի լինի։ Ինչո՞ւ այս հայտարարությունը մեծ նշանակություն ունի, որովհետեւ առ այսօր սա առաջին հայտարարությունն է, որը կարելի է ասել հենց արցախցիների պահանջն է։ Դա ունի կարեւոր նշանակություն, որովհետեւ արցախցիների իրավունքների մասին է խոսք գնում։ Եվ արցախցիների կարծիքն այստեղ էական նշանակություն ունեցող գործոն է։ Այդ առումով ես կարծում եմ, որ սա լավ սկիզբ էր, որպեսզի ձեր նշած այդ քաղաքական ճարտարապետությունը կառուցվի, որը կարող է Ադրբեջանի համար դառնալ մի այնպիսի անհաղթահարելի պահանջ, որի իրականացումից արդեն կախված կլինի Ադրբեջանի իշխանությունների ապագան։

Այստեղ գլխավոր գործոնն այն է, որ եթե վերոնշյալ պայմանները չապահովվեն, ցանկացած այլ պայմաններում մարդիկ չեն վերադառնա Արցախ։ Իսկ գիտեք, որ Միջազգային դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել մարդկանց վերադարձն Արցախ, նաեւ այլ կողմերից այդ պահանջները կան, այդ թվում՝ ԵԽԽՎ-ի բանաձեւում։ Եվ քանի որ փակագծերը ոչ մի տեղ բաց չեն, թե որո՞նք ենք այդ պայմանները, հիմա Արցախի կազմակերպությունների, ՏԻՄ ղեկավարների կողմից հստակ ձեւակերպվում է, որ սրանք են պայմանները։ Սա կոնկրետ իրավիճակ է ստեղծում Ադրբեջանի իշխանությունների համար։

 

Թշնամիներն անհամբեր սպասում են հունվարի 1-ին. հասարակությունը թույլ կտա՞, որ Արցախը լուծարվի

2024 թվականի հունվարի 1-ին հայկական Արցախի արտաքին և ներքին թշնամիները պատրաստվում են ուրախությամբ հայտարարել Արցախի Հանրապետության լուծարման և պետական ​​բոլոր մարմինների լիազորությունների դադարեցման մասին։ Այդ դեպքում ի՞նչ կլինի, Արցախն ամբողջությամբ «կլուծարվի՞»:

Ցեղասպանությունից ու տեղահանությունից ընդամենը երկուսուկես ամիս անց Արցախի խորհրդարանը փորձեց քաղաքական գնահատական ​​տալ կատարվածին։ Դեկտեմբերի 10-ին Արցախի անկախության հանրաքվեի օրվա առթիվ Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել, որի մեջ նշվում է․ «Ադրբեջանը, հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացնելուց հետո , միջազգային դերակատարների աչքին թոզ փչելու և իր արարքն արդարացնելու համար, որպես ռազմական գործողությունների դադարեցման նախապայման, Արցախի Հանրապետության Նախագահին պարտադրեց ստորագրել փաստաթուղթ:

Ի սկզբանե գիտակցելով Ադրբեջանի կողմից պարտադրվող փաստաթղթի հակասահմանադրականությունը, գնահատելով խաղաղ բնակչությանը ցեղասպանության ենթարկելու, նրա ազատ տեղաշարժը խոչընդոտելու և կամայական ձերբակալությունների հնարավոր վտանգների առկայությունը՝ նախագահի կողմից ընդունվեց հրամանագիր, որով մինչև 2024 թվականի հունվարի 1-ը պետք է կազմալուծվեին Արցախի պետական ինստիտուտները, իսկ բնակչությունը որոշում կայացներ՝ լքել հայրենիքը կամ ինտեգրվել Ադրբեջանին»:

Այսքանը: Խորհրդարանի հայտարարության մեջ չի ասվում, թե ԱԺ-ն կվիճարկի՞ նախագահի հակասահմանադրական հրամանագիրը, թե՞ հակառակը՝ մտադիր է դրան սահմանադրական ուժ տալ։ Հայտարարությունը պարունակում է անորոշ ձևակերպում. «Հաշվի առնելով Արցախի հարցի վերջնական փակմամբ շահագրգռված կողմերի կատարված և կատարվող քայլերի ինտենսիվությունն ու դրանում շահագրգիռ կողմերի ագրեսիվ վարքագիծը՝ Ազգային ժողովը վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին և հայտնում իր պատրաստակամությունը՝ շահագրգիռ կողմերի հետ քննարկելու բոլոր խնդրահարույց հարցերը»:

Այսպիսով, անհասկանալի է, ԱԺ-ն կորոշի՞ ինքնալուծարե՞լ, թե՞ իր մանդատը կիրականացնի մինչև իր լիազորությունների ավարտը՝ 2025թ.։

Մեր տվյալներով՝ այս հարցերի հետ կապված ինտենսիվ հանրային խորհրդակցություններ են տեղի ունենում։ Ավելին, Արցախի շուրջ 120 քաղաքական և հասարակական կազմակերպություններ դիմում են ստորագրել միջազգային կառույցներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին, Եվրամիությանը, ԱՊՀ-ին, ՀԱՊԿ-ին և ՆԱՏՕ-ին։

Այս կոչը գնահատական ​​է տալիս կատարվածին և ներկայացնում արցախյան հասարակության վիճակը։

«Մենք մտադիր չենք փոխելու սեփական Հայրենիքի նկատմամբ մեր սկզբունքները, համոզմունքներն ու իրավունքները՝ ո՛չ ուժի, ո՛չ բնաջնջման սպառնալիքի, ո՛չ աքսորի, ո՛չ էլ որևէ այլ քաղաքական հանգամանքներում։

Ամբողջ քաղաքակիրթ աշխարհն այսօր կանգնած է ընտրության առաջ՝ կա՛մ վերականգնել միջազգային կարգը Լեռնային Ղարաբաղում, հիմնված ինքնորոշման իրավունքի և ժողովուրդների ու մարդու այլ իրավունքների ու ազատությունների վրա, կա՛մ լռելյայն համաձայնվել, որ շրջափակումը, ռազմական ագրեսիան, ցեղասպանությունը և օկուպացիան հակամարտությունների լուծման օրինական միջոցներ են հանդիսանում:

Այսօր բազմաթիվ երկրների առաջնորդներ խոսում են Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի անհրաժեշտության մասին։ Սակայն, մենք գտնում ենք, որ սեփական Հայրենիք մեր ժողովրդի խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի ու կյանքի համար անհրաժեշտ են հետևյալ անվիճարկելի պայմանները.

Առաջին՝ մենք բացառում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո։ Ադրբեջանական զինված ուժերը,  ոստիկանությունը և վարչակազմը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Արցախի Հանրապետության տարածքից, ներառյալ Շահումյանի շրջանը, որտեղ 1992 թ. իրականացված էթնիկ զտման համար Ադրբեջանը լիակատար պատասխանատվություն է կրում։

Երկրորդ՝ Արցախի Հանրապետության ողջ սահմանի երկայնքով պետք է տեղաբաշխվեն ՄԱԿ-ի միջազգային բազմազգ խաղաղապահ ուժեր, և ստեղծվի ապառազմականացված գոտի։

Երրորդ՝ Լաչինի միջանցքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի վերահսկողությանն ու կառավարմանը։

Չորրորդ՝ Արցախի Հանրապետության տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը՝ բոլոր փախստականների վերադարձի, ժողովրդավարական և իրավական հաստատությունների ստեղծման և տնտեսության վերականգնման համար պայմաններ ապահովելու համար։ Բոլոր փախստականները պետք է ունենան հավասար կարգավիճակ, հավասար իրավունքներ և ենթարկվեն անցումային շրջանի ընդհանուր կանոններին մինչ հանրաքվեն, որը կհաստատի Լեռնային Ղարաբաղի վերջնական քաղաքական կարգավիճակը, որի արդյունքը իրավաբանորեն կճանաչվի բոլոր պետությունների կողմից։

Հինգերորդ՝ պետք է լիովին բացառվի Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների՝ հակամարտության ողջ ընթացքի հետ կապված ցանկացած մեղադրանքով քրեական հետապնդման հնարավորությունը։ Բոլոր ձերբակալված և արդեն դատապարտված հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Մենք պատրաստ ենք ճանաչել միջազգային տրիբունալի իրավասությունը՝ հետաքննելու յուրաքանչյուր ռազմական հանցագործություն, որոնցով մեղսագրվում են մեր քաղաքացիները, սակայն պայմանով, որ այդ տրիբունալը նույնկերպ կքննի բոլոր ռազմական հանցագործությունները, որոնք կատարվել են Ադրբեջանի քաղաքացիների և նրա վարձկանների կողմից», -ասված է հայտարարության մեջ։

Մի օր Հայաստանում Շուշիի գորգի թանգարանը կդառնա պետական ​​ու ազգային

«Շուշիի գորգի թանգարանի ցուցանմուշները, որոնց մասին ավելի վաղ գրել էինք, գտնվում են մասնավոր տարածքում»,- ասում է թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանը։

«Գորգերը գտնվում են մասնավոր տարածքում, քանի որ պետական ​​իշխանությունները ոչ միայն հրաժարվում են տարածք տրամադրել թանգարանին, այլև արգելում են դրանց ցուցադրությունը այլ պետական ​​թանգարաններում։ Նախկինում ինձ առաջարկել էին դրանք կա՛մ ցուցադրել այլ թանգարաններում՝ խառնված այլ ցուցանմուշների հետ՝ առանց նախկին անունը նշելու՝ «Շուշիի գորգի թանգարան», կա՛մ ասում էին, որ չեն կարող տեղ հատկացնել, քանի որ «Շուշիի գորգերը» մասնավոր հավաքածու է։ Կրթության և մշակույթի ոլորտի պաշտոնյաների շուրթերից նման հայտարարությունն իմ տեսանկյունից անընդունելի է։ Մինչ այս մասին խոսելը, խորհուրդ կտամ, որ պատշաճ կերպով ուսումնասիրեն թանգարանների պատմությունը։ Աշխարհում շատ հայտնի թանգարաններ ստեղծվում են մասնավոր հավաքածուների հիման վրա, և այս հանգամանքը նման արգելքների պատճառ չի կարող լինել։ Պատճառն, ավելի շուտ, կայանում է նրանում, որ դա հակասում է ներկայիս իշխանությունների քաղաքականությանը, որոնք պատրաստվում են խաղաղության պայմանագիր կնքել մեր հարեւանների հետ։ Ադրբեջանին դուր չի գա Հայաստանի տարածքում արցախյան գորգի թանգարան բացելու փաստը, իսկ մեր երկրի ներկայիս ղեկավարությունը դա թույլ տալ չի կարող։

Սակայն ժամանակները փոխվում են, բայց մշակութային և պատմական արժեքները մնում են՝ փոխանցվելով սերնդեսերունդ։ Շուշիի թանգարանը տարբերվում է բազմաթիվ թանգարաններից, նրա ցուցանմուշները եզակի են նրանով, որ ունեն ծագման կոնկրետ պատմություն, ինչպես նշում են աշխարհի հայտնի փորձագետները: Այս թեմայով ես գրել եմ բազմաթիվ գիտական ​​աշխատություններ: Վաղ թե ուշ թանգարանն անպայման իր դռները կբացի Հայաստանի տարածքում և կլինի պետական ​​ու ազգային, ես անկեղծորեն ուզում եմ հավատալ դրան»,-  step.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Ասծատրյանը։

Արսեն Աղաջանյան

Արցախի ԱԺ հայտարարությունը․ Բաքուն Արցախի Հանրապետության նախագահին պարտադրեց ստորագրել փաստաթուղթ

Արցախի ԱԺ հայտարարությունը՝ Արցախի Հանրապետության Անկախության հանրաքվեի կապակցությամբ․

Դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները Արցախի Հանրապետության Անկախության հանրաքվեի, մարդու հիմնարար իրավունքների և ցեղասպանության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախի ազգային- ազատագրական պայքարի ճանապարհին նահատակված հայորդիների շիրիմներին:

Օրվա կապակցությամբ ԱՀ ԱԺ-ն հանդես է եկել հայտարարությամբ .

«Արցախի ազգային – ազատագրական պայքարի պատմության մեջ ինքնորոշման և ժողովրդավարական սկզբունքների հիման վրա Հանրապետության կայացման առհավատչյան 1991 թվականի Անկախության հանրաքվեն է: 1991 թվականի Անկախության հանրաքվեն այն հիմնաքարն էր, որի վրա կառուցվեց Արցախի Հանրապետությունը և դարձավ համայն հայության պարծանքն ու հաղթանակի փարոսը: Արցախի ժողովուրդը 2006 թվականի նույն օրը Սահմանադրության ընդունման հանրաքվեով մեկ անգամ ևս արտահայտեց անկախ պետություն ունենալու և ազատության համար պայքարի ուղին անշեղորեն շարունակելու իր կամքը:

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվեցին հարյուրավոր մեր հայրենակիցներ, այդ թվում ՝ երեխաներ և կանայք, հայաթափվեց հայ ժողովրդի հազարամյա հայրենիք Արցախը:

Անվտանգության և իրավունքների իրացման անհնարինությունից ելնելով՝ Արցախի բնակչությունը դիմեց հայրենիքը լքելու ծայրահեղ քայլի։ Այս ամենին իր գնահատականը տվեց նաև միջազգային հանրությունը: Ֆրանսիայի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունները, Գերմանիայի Բունդեսթագը, Ավստրիայի և Նիդեռլանդների խորհրդարանները, Եվրախորհրդարանը, Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը և այլ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը որակեցին որպես էթնիկ զտում։

Ադրբեջանը, հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացնելուց հետո , միջազգային դերակատարների աչքին թոզ փչելու և իր արարքն արդարացնելու համար, որպես ռազմական գործողությունների դադարեցման նախապայման, Արցախի Հանրապետության Նախագահին պարտադրեց ստորագրել փաստաթուղթ:

Ի սկզբանե գիտակցելով Ադրբեջանի կողմից պարտադրվող փաստաթղթի հակասահմանադրականությունը, գնահատելով խաղաղ բնակչությանը ցեղասպանության ենթարկելու, նրա ազատ տեղաշարժը խոչընդոտելու և կամայական ձերբակալությունների հնարավոր վտանգների առկայությունը՝ նախագահի կողմից ընդունվեց հրամանագիր, որով մինչև 2024 թվականի հունվարի 1-ը պետք է կազմալուծվեին Արցախի պետական ինստիտուտները, իսկ բնակչությունը որոշում կայացներ՝ լքել հայրենիքը կամ ինտեգրվել Ադրբեջանին։

Հաշվի առնելով Արցախի հարցի վերջնական փակմամբ շահագրգռված կողմերի կատարված և կատարվող քայլերի ինտենսիվությունն ու դրանում շահագրգիռ կողմերի ագրեսիվ վարքագիծը՝ Ազգային ժողովը վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին և հայտնում իր պատրաստակամությունը՝ շահագրգիռ կողմերի հետ քննարկելու բոլոր խնդրահարույց հարցերը։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, հավատարիմ Արցախի ժողովրդի ազատ կամքի արտահայտման արդյունքում ստացած մանդատին, վճռակամ է պաշտպանելու հայ ժողովրդի հազարավոր հայորդիների արյունով ու քրտինքով իրացված իրավունքներն ու ազատությունը»:

Artsakh Career expo-2. ներգրավել են նոր ոլորտներից ընկերություններ

Այսօր Երևանում տեղի ունեցավ «Artsakh Career expo» երկրորդ աշխատանքային տոնավաճառը։ Step1․am-ի թղթակցի հետ զրույցում ցուցահանդեսի համակազմակերպիչ Էմմա Մամունցը մանրամասնեց.

«Առաջին Էքսպո-ի ժամանակ ունեինք 52 ընկերություն և շուրջ 2000 թափուր աշխատատեղ: Մինչ Էքսպոն մենք ունեինք 700+ առցանց դիմողներ: Բայց ցուցահանդեսի օրը 5100-ից ավելի մասնակիցներ էին եկել, որոնցից շատերը նույնիսկ չհասցրին գրանցվել, քանի որ հոսքը մեծ էր։ Մեր կամավորները բավարար չէին այս հոսքը կառավարելու և բոլորին գրանցելու համար։ Նոյեմբերի կեսերի դրությամբ արդեն մոտ 2400 դիմորդ կար։

Վերջնական արդյունքների մասին չենք կարող խոսել, քանի որ աշխատանքի անցնելու համար ժամանակ է պետք՝ մարդիկ հարցազրույցներ են անցնում, փորձնական փուլ։ Արդյունքների մասին կարող ենք խոսել մի քանի ամսից։ Առավել եւս, որ մենք արդեն երկրորդ Էքսպո-ն ենք անցկացնում։

Երկրորդ Expo-ին մասնակցում է 26 ընկերություն։ Մեր առաջին փորձից հետո այլ կազմակերպություններ նույնպես արցախցիների համար անցկացրին աշխատանքի տոնավաճառներ, և աշխատաշուկայի շատ ոլորտներում ազատ տեղերը սպառվել են։ Այս պայմաններում մենք ներգրավեցինք հիմնականում հեռահաղորդակցության, բանկային, գեղեցկության և հյուրանոցային ոլորտների ընկերություններ։ Այսինքն՝ մենք փորձել ենք ներգրավել ընկերությունների լայն շրջանակ, որպեսզի յուրաքանչյուրն իր նախասիրություններին համապատասխան աշխատանք գտնի»։

Հայկ Հարությունյան