Ռուսաստանն ընդդեմ Հայաստանի. իսկ Աղդամի ռուս-թուրքական կենտրո՞նը

Ռուսաստանը դեկտեմբերի 26-ի «ԱՊՀ գագաթնաժողովից» հետո բացահայտ հայտարարում է, որ այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում վերջին մի քանի տարիների ընթացքում, Մոսկվայի պլանն է։ Պատահական չէ, որ Բաքուն հայտարարեց «ռուս խաղաղապահների» մինչև 2025 թվականը Արցախում ներկայության մասին, որտեղից նոր տեղահանվեց բնիկ հայ բնակչությունը, իսկ տարածքը օկուպացվեց։

Ռուսաստանը բաց չի թողել բանակցությունները որպես միջնորդ մոդերացնելու նախաձեռնությունը։ Արևմուտքը վերջին տարիներին չի ընդգրկվել բանակցային գործընթացում. Երևանն ու Բաքուն քայլերը համակարգում են  բացառապես Մոսկվայի հետ, հակառակ դեպքում «արևմտյան հարթակներում» առաջին հերթին անվավեր կհայտարարեին եռակողմ հայտարարությունը։ Այնպես որ, եռակողմ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ֆորմատը գործում է անխափան։ Իսկ Արեւմուտքը օգնում է այս ձեւաչափին։ Ի վերջո, հենց Բրյուսելում Փաշինյանը հայտարարեց «Արցախը Ադրբեջանի կազմում» ճանաչելու մասին, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին։ Կարծես թե՝ որտեղ է Բրյուսելը, որտեղ՝ Ալմա Աթան։ Բայց, փաստորեն, պարզվեց, որ արևմտյան ուղու վրա ավելի խորացավ Մոսկվայի հովանու ներքո եռակողմ ձևաչափը։

Հիմա, երբ ամբողջ «կեղտոտ գործը» արվել է Արևմուտքի և Հայաստանի ղեկավարության կողմից, Մոսկվան կրկին հայտարարում է, որ ինքն է որոշողը, իսկ Փաշինյանը՝ լենինյան գլխարկը հագած, գլխով է անում։

«Փաստն այն է, որ կա եռակողմ հայտարարություն. այն ստորագրված է ղեկավարության մակարդակով։ Ռուս զինվորականների մնալը Ղարաբաղում նախատեսվում է մինչև 2025 թվականի նոյեմբերը»,- Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Թվում է, թե ինչ մնացել եռակողմ հայտարարությունից, բայց չէ որ այն ընդունվել է, որպեսզի ռուսական զորքերը հայտնվեն Ղարաբաղում, ուստի այդ կետը խստորեն պահպանվելու է։ Որովհետև Ռուսաստանն այլ բան չի կարող առաջարկել՝ միայն ուղղակի օկուպացիա և ռազմական ներկայություն։

Ռուսաստանի հովանու ներքո խաղաղության պայմանագիր կնքելը բլեֆ է, ասում է Անդրիաս Ղուկասյանը։ «Եթե դա հնարավոր լիներ, ապա վաղուց խաղաղ պայմանագիր կնքված կլիներ։ Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել, եթե լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների կոնսենսուսը։ Ռուսաստանի հովանու ներքո համաձայնություն լինել չի կարող, և տարիներ շարունակ մենք տեսնում ենք Կրեմլի անզորությունը՝ ինչ-որ բան անելու՝ շրջանցելով ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- «Кавказский узел»-ին պարզաբանել է քաղաքագետը։

Ասելով, որ Ռուսաստանը չի պաշտպանել Հայաստանին, ենթադրում եք, որ Մոսկվան պետք է ուղղակի հակահարձակմա՞ն անցներ։ Այս մասին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` անդրադառնալով այն նկատառմանը, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կատարել Հայաստանի Հանրապետության հանդեպ իր պարտավորությունները, երբ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի տարածքի վրա։

«Ռուսաստանի Դաշնության համար կարևոր է, որ իրավիճակը մնա վերահսկողության տակ և չխախտվեն խաղաղ կարգավորման հիմքերը», – ասել է դեսպանը՝ հաստատելով, որ Ռուսաստանի համար չկա «ինքնիշխան սահմաններ, դաշնակցային պարտավորություններ» հասկացություն, միայն «խաղաղությունը ռուսական ձեւով»։

Ինչ վերաբերում է այն նկատառմանը, որ մի կողմից ՌԴ ԱԳ նախարարը Հայաստանին մեղադրում է ՆԱՏՕ-ի և Արևմուտքի հետ սերտ հարաբերությունների մեջ, իսկ մյուս կողմից՝ 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ համատեղ մոնիտորինգային կենտրոն է ստեղծել Արցախում, այդպիսով, ըստ էության, տարածաշրջան բերելով ՆԱՏՕ-ի անդամին, դեսպանն ասաց. «Մենք գիտենք, թե ինչ հարաբերություններ ունեն Թուրքիան և Ադրբեջանը, և Թուրքիայի ներկայությունը համատեղ մոնիտորինգի կենտրոնում, հավանաբար, հենց այդ իրականության արտացոլումն է»:

«Երբ մենք խոսում ենք ՆԱՏՕ-ի մասին, մենք դրան ոչ մի կերպ չենք կարող հակազդել, առճակատում չենք պարտադրում և քաղաքականությունը դիտարկում ենք կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ»,- նշել է դեսպանը։ Այսինքն՝ պետք է հասկանալ, որ Թուրքիան դեմ չէ Ռուսաստանին, բայց Հայաստանը դեմ է դրան։ Սա է “ռուսական խաղաղությունը”։ Աղդամ ֆորևա։

Սանոսյանը «8 գյուղերի» պահանջի մասին

Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումների ընթացքում միջազգային բանկային տարբեր դոնոր կազմակերպություններ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց  Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Սանոսյանն անդրադարձել է նաև Բաքվի կողմից պարբերաբար հնչող հայտարարություններին «8 գյուղերի վերադարձի» վերաբերյալ։  Նախարարը նշեց, որ այդ թեմայի մասին բազմաթիվ անգամ խոսել են: «Կան որոշ տարածքներ, որոնք Ադրբեջանն է նախանշում, և կան տարածքներ, որ Հայաստանն է դրանց մասին խոսում: Հիմա գործընթացը կարող է կազմակերպվել հետևյալ կերպ, որ այդ տարածքները նախանշվեն, դրանց իրավաբանական հիմքերը պետք է հանել, այնուհետև տեղի ունենա երկու գործընթաց՝ մեկը փոխանակումն է, մյուսը ֆիզիկապես թողնել, զուտ տարածական որոշակի կարգավորումներ ունենալ: Կարգավորում նկատի ունեմ այն, որ այդ տարածքները որոշակի կամերես ունեն, և դելիմիտացիա, դեմարկացիա կոչվող երևույթը կարող է այս հարցի պատասխանը տալ: Իմ պատկերացմամբ՝ այս հարցին կարելի է պատասխանել հենց այդ աշխատանքային խմբի շրջանակներում, երբ սահմանների դեմարկացիա, դելիմիտացիա տեղի ունենա»,- եզրափակեց Գնել Սանոսյանը:

7 դասարանի Հայոց պատմության աղմկահարույց դասագրքում 46 շտկում կարվի

Sputnik. «Հայոց պատմություն» առարկայի 7–րդ դասարանի դասագրքում 46 շտկում կարվի, և դրանք ներդիրի տեսքով կներկայացվեն դպրոցներին։ Ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց դասագրքի աշխատանքային խմբի ղեկավար «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը։
Նա նշեց, որ կիրականացվեն բովանդակային նյութերի 15 էական, 13 աննշան, տարեթվերին վերաբերող 13 և ուղղագրական 5 շտկումներ։
Բացի այդ շտկումներից, կփոխվի նաև Վանի թագավորության` բազմիցս քննարկված քարտեզը։
«Այդ քարտեզը թյուրիմացաբար է դրվել ժամանակի սղության ու տարբեր հանգամանքների պատճառով։ Կլինի նոր մշակված քարտեզ, որը ներկայացվել է Էրեբունու թանգարանի մեր գործընկերներին։ Կփոխվի նաև Ղազար Փարպեցու պատկերը, որը ևս սխալ է տեղադրված»,– հայտնեց Սողոմոնյանը։
Սողոմոնյանը հավելեց, որ ուսումնասիրվել են բոլոր քննադատությունները և դիտարկումները, ինչպես նաև Մայր աթոռի նամակը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է՝ ակտիվ քննարկվում և մասնագիտական տարբեր շրջանակներում քննադատվում է պ․գ․թ․ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը։ Մասնագետները բազմաթիվ սխալներ են մատնանշում, որոնք վերաբերում են մասնավորապես Ուրարտուի ժամանակաշրջանին, որևէ տեղ հիշատակում չկա, որ Երևանի պատմությունը սկսվում է Էրեբունուց։

Ես ուզում եմ օգնել վերականգնելու Հայաստանի, Արցախի ինքնիշխանությունը, վերականգնելու նրանց տարածքները․ Քենեդի

Եվս մեկ պատերազմ կանխելու և ազատության ու ժողովրդավարության սկզբունքները պաշտպանելու համար ԱՄՆ կառավարությունը պետք է մոբիլիզացնի տարածաշրջանային աջակցությունը հայերի ինքնապաշտպանության և ինքնորոշման իրավունքին և պաշտպանի արցախահայության անվտանգ վերադարձը իրենց պատմական հայրենիք։ Այս մասին իր տեսաուղերձում նշել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու մասին հայտարարած Ռոբերտ Քենեդի կրտսերը:

Նա հայտարարել է, որ Ադրբեջանը 2020 թվականից սկսած անխնա էթնիկ զտումներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ։ «Ընթացիկ տարվա սեպտեմբերին Ադրբեջանը հարձակման անցավ և տեղահանեց ամբողջ 120 հազար հայ բնակչությանը»,- հավելել է քաղաքական գործիչը։

«Մինչ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Գազայի և Իսրայելի վրա, ոչ ոք ոչինչ չի լսում հին հայկական տարածքներից մեկի ողջ բնակչության զանգվածային տեղահանման մասին: էթնիկ զտումների դատարկ դատապարտումը բավարար չէ։ Ի տարբերություն 1915-ի ցեղասպանության, այս մեկը շրջելի է: Սա մի իրավիճակ է, երբ խաղաղ պատժամիջոցները կարող են գործել: Միացյալ Նահանգները դեռևս ունի լծակներ այս տարածաշրջանում, և նա կարող է օգտագործել այս ուժը, որպեսզի մոբիլիզացնի այս տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին՝ շրջելու այս հումանիտար ողբերգությունը: Մենք պետք է նաև ուղիներ փնտրենք վերացնելու համար Հայաստանի շրջափակում Թուրքիայից և Ադրբեջանից: Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է և պետք է մուտք ունենա հարևան երկրների նավահանգիստներ»,- ասել է ամերիկացի քաղաքական գործիչը։

Նա վստահեցրել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում կնպաստի Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը։

«Որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ ես կօգտագործեմ դիվանագիտությունը, մեր բարոյական հեղինակությունը, մեր տնտեսական լծակները և պատժամիջոցները Հայաստանը վերականգնելու համար։ Ես ուզում եմ օգնել վերականգնելու Հայաստանի, Արցախի ինքնիշխանությունը, վերականգնելու նրանց տարածքները։ Ես ուզում եմ դա անել խաղաղ ճանապարհով: Ինչ-որ տեղ նոր պատերազմ սկսելու փոխարեն, ես կցանկանայի կանգնեցնել դրանցից մեկը»,- ասել է Քենեդին:

Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը դատապարտում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և հայ համայնքի նկատմամբ իրականացված բռնությունները

Խոր մտահոգությամբ տեղեկացանք Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանին պատկանող «Կովերի պարտեզ» կալվածքի շուրջ շարունակվող սադրիչ գործողությունների մասին։ Դեկտեմբերի 28-ին երեք տասնյակից ավելի զինված անձինք ներխուժել են «Կովերի պարտեզ»-ի տարածք, իրականացրել բռնի գործողություններ, որի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել Պատրիարքության  եկեղեցականներ և  տեղի հայ համայնքի անդամներ։

Ակնհայտ է, որ սադրիչները հերթական անգամ փորձում են ահաբեկության, սպառնալիքների ու բռնի գործողությունների միջոցով հասնել «Կովերի պարտեզ» կալվածքի յուրացմանը՝ ոտնահարելով օրենքով սահմանված ընթացակարգերը։

Խստորեն դատապարտելով կատարվածը՝ հույս ենք հայտնում, որ Իսրայելի իշխանությունները իրավաչափորեն կարձագանքեն Պատրիարքության և հայ համայնքի նկատմամբ դրսևորված  հանցավոր գործողություններին, պատասխանատվության կենթարկվեն մեղավորները և կբացառվի նմանօրինակ դեպքերի կրկնությունը։

Մեր զորակցությունն ենք հայտնում Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանությանը և հայ համայնքին՝ հայցելով Տիրոջ օգնականությունը։

Հայաստանում դեկտեմբերին վերջին 100 տարվա ընթացքում ամենատաք եղանակն է գրանցվել

Հայաստանում 2023 թվականի դեկտեմբերը եղել է անոմալ տաք։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 5-6 աստիճանով։ «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ գրանցվել են կլիմայական ռեկորդներ։

«Դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը հասավ 16-17,5 աստիճանի։ Եթե նայում ենք վերջին 100 տարվա վիճակագրական վերլուծությունը, ապա տեսնում ենք, որ և՛ միջին ամսական ջերմաստիճանով, և՛ ցերեկային ժամերին դիտված առավելագույն ջերմաստիճանով այս տարվա դեկտեմբերն ամենատաքն է եղել»,-ասաց Գագիկ Սուրենյանը։

Հայաստանը շարունակում է գտնվել արևադարձային տաք հոսանքների ազդեցության գոտում։ Հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը շարունակում է կլիմայական նորմայից բարձր մնալ 6-8 աստիճանով։

«Առաջիկա 5 օրերին այդ տաք օդային հոսանքները չեն նահանջելու։ Մինչև հունվարի 6-ը հանրապետությունը գտնվելու է տաք օդային ալիքի ազդեցության գոտում, անոմալ բարձր ջերմային ֆոնը պահպանվելու է, և ամբողջ տարածքում հաստատվելու է առանց տեղումների եղանակ»,-ասաց Գագիկ Սուրենյանը։

Ուժեղ քամիներ առաջիկա 5 օրերին հանրապետության տարածքում չեն սպասվում։

Հունվարին ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր 3-5 աստիճանով, տեղումների քանակը լինելու է նորմային մոտ։ Դա նշանակում է լինելու է անոմալ տաք ու բավարար տեղումներով հունվար։

Հադրութը Արցախի ադամանդե ակն է

Հադրութը մեր այն հայրենիքն է, որ տարիներ շարունակ կարոտ է հայի ձայնին: Մեր Հադրութը բաց թանգարան է երկնքի տակ: Հարուստ վանքերով, եկեղեցիներով ու պատմամշակութային վայրերով:

Հադրութի տոնական կենտրոնը Խորն աղբյուրն է, որը միշտ մարդաշատ էր հատկապես օգոսոստոսի 15-ին ՝ Հադրութ քաղաքի օրը: Այնտեղ կային խանութներ,գրադարան ու այնտեղ էր կայանում ավտոբուսը՝ դեպի Ստեփանակերտ շարժվող:

Հադրութի կենտրոնական ճանապարհի աջ կողմում էր գտվում դիվիզիան, դրան կից մեր դպրոցն էր, սիրելի ու անմոռանալի հիշողություններով լեցուն:

Հադրութցիները ունեին մի սովորույթ` յուրաքանչյուր կիրակի այցելում էին “Սպիտակ խաչ” վանքը, որը գտնվում է Հադրութ քաղաքին կից Վանք գյուղում, և մարդիկ ոտքով էին բարձրանում, իսկ ճանապարհին մտնում էին “ծվրաջուր”՝ ծարավը հագեցնելու համար:

Այնտեղ կար փայտյա փոքրիկ տնակ, որտեղ երբեմն թեյախմություն էին կազմակերպում:

Մեր քաղաքի խանութները այնքան հանգիստ ու հարմար էին: Առանց հերթերի: Քաղաքի կենտրոնական մասում գտնվում էին երեք խանութներ: Ամենամարդաշատ խանութը “Անդրեի” խանութն էր, հատկապես այնտեղ ամանորյա տրամադրությունն անպակաս էր, իսկ սպասարկումը ջերմ:

Հադրութի վտանգավոր փողոցներից մեկը “Պավլիկի պավարոտն էր”, այդտեղ մեքենաները շատ էին, այդ տեղով անցնելը դժվար էր:

Հադրութի ամենամեծ թաղամասն՝ օտրյադն էր, որտեղ հիմանկանում բնակվում էին զինվորականներն իրենց ընտանիքներով: Իսկ մեր թաղամասը հեռու էր քաղաքից, այն գտնվում էր Հադրութ քաղաքի հուշարձանի մոտակայքում:

Մեր տան ճանապարհին երկու կամուրջ կար:Կամուրջին մոտենալիս լսելի էր դառնում հոսող գետի ձայնը:

Հադրութում է գտնվում Արցախի բարձր լեռներից մեկը ՝ Դիզափայտը, որի կատարին էր գտնվում Կատարո վանքը: Դրախտային գեղեցկություն էր տիրում այնտեղ՝ ծաղկաշատ բնությամբ ու մեղվափեթակների առատությամբ: Ասում են ՝ երազանքները կատարվում են այնտեղ, ու մարդիկ հավատում են վանքի հզորությանը:

Վիկա Աբգարյան

Step1.am-ի համար

Ո՞ր կազմակերպություններն են ֆինանսավորում արցախցիների 40+10 օժանդակությունը

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ միանալով  ՀՀ Կառավարության 40 000 + 10 000, ինչպես նաև 50 000 միանվագ աջակցության ծրագրերին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, 2023 թվականի նոյեմբեր – 2024 թվականի մարտ ամիսներին (5 ամիս) աջակցում է տեղահանված մոտ 24 000 մարդու (ամսվա կտրվածքով)։

Կանխիկ աջակցությունը տրամադրվում է ՀԿԽԸ գործընկերների հետ համագործակցության շնորհիվ, ըստ այդմ՝

ընդհանուր առմամբ կփոխանցվի  4 միլիարդ 67  միլիոն 900 հազար ՀՀ դրամի չափով աջակցություն։

Գործընկեր  ՀՀ դրամ
Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ) 1.500.000.000
ՄԱԿ-ի Փաստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ   (ՄԱԿ ՓԳՀ) 1.375.000.000
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիա (ԿԽՄՖ) 920.000.000
Շվեյցարական Կարմիր խաչ 190.750.000
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն (ԱՄՆ ՄԶԳ) 82.150.000

Ս․ թ․ նոյեմբեր – դեկտեմբեր ամիսներին արդեն փոխանցվել է  1 միլիարդ 930 միլիոն 940 հազար ՀՀ դրամ։

Ծրագիրն իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև սոցիալական աջակցության տրամադրման նպատակով կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում։

Հարցերի և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել ՀԿԽԸ թեժ գիծ՝ 060 625066 հեռախոսահամարով։

Մոտ 30 հոգի դիմակներով, զինված փայտերով, արցունքաբեր նռնակներով հարձակվել են Երուսաղեմի հայ համայնքի վրա

Ժամը 12:40- ին մի խումբ ահաբեկիչներ սև շորերով ու դիմակներով, թվով մոտ 30 հոգի, զինված փայտերով, արցունքաբեր նռնակներով ու այլ տեսակի միջոցներով հարձակում են գործել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքում գտնվող հայերի վրա՝ նրանց վնասելու, տարածքից դուրս հանելու և ահաբեկելու նպատակով:

Israelahayer.com-ի հաղորդմամբ, ահաբեկիչները քարեր են սկսել շպրտել հայերի վրա:

«Հայ երիտասարդներն ու անակնկալի եկած հայ հոգևորականներն իսկական մարտի են բռնկվել սրանց դեմ՝ համարժեք պատասխանելով ու պահելով տարածքը՝ մինչև 200 մետր հեռավորության վրա գտնվող հին քաղաքի ոստիկանները ուշացումով կհայտնվեին դեպքի վայրում: Հարձակումը կասեցվել է:

2 հայ տարվել է ոստիկանություն։ Թե արդյո՞ք հարձակվողները ձերբակալվել են ու պատիժ կկրեն այս պահին հայտնի չէ»,- գրել է israelahayer.com-ը։

Երուսաղեմի պատրիարքարանից հայտնում են, որ ծանր վնասնավծքներ են ստացել Հայկական հոգևոր ակադեմիայի մի քանի քահանաներ, սարկավագներ, ուսանողներ, բնիկ հայեր։

«Սա այն հանցավոր պատասխանն է, որը մենք ստացել ենք Երուսաղեմի շրջանային դատարան «Կովերի պարտեզի» հարցով հայց ներկայացնելու համար, որը պաշտոնապես ստացել է դատարանը 24 ժամ առաջ։

Հայոց պատրիարքարանի գոյության սպառնալիքն այժմ ֆիզիկական իրականություն է։ Եպիսկոպոսները, քահանաները, սարկավագները և բնիկ հայերը տեղում պայքարում են իրենց կյանքի համար: Մենք կոչ ենք անում ամբողջ աշխարհի իշխանություններին և միջազգային լրատվամիջոցներին օգնել մեզ փրկել Հայկական թաղամասը բռնի կործանումից, որը տեղական աջակցություն է ստանում անանուն կազմակերպությունների կողմից:

Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը և ոստիկանությանը հետաքննություն սկսել Դենի Ռոթմանի (Ռուբենշտեյն) և Ջորջ Ուորվարի (Հադադ) դեմ՝ Հայոց պատրիարքարանի և համայնքի վրա իրենց շարունակական հանցավոր հարձակումները կազմակերպելու համար, հարձակումներ, որոնք կարծես թե վերջ չունեն:

Իսրայելը օրենքի և կարգի պետություն է, և նման հանցավոր պահվածքը չի կարող հանդուրժվել և մնալ անպատիժ»,- նշում են պատրիարքարանից։

Տեսանյութը՝ հայր Տիրան վարդապետ Հակոբյանի էջից։

Կենցաղային ապրանքներ ձեռք բերելու նվեր-քարտեր՝ արցախցի ընտանիքներին “Մենք ենք մեր սարեր”-ից

Արցախից բռնի տեղահանված և Սյունիքի մարզի Տաթև խոշորացված համայնքում բնակություն հաստատած շուրջ 50 ընտանիք դարձել են «Մենք ենք մեր սարերը» գործակալության «Առաջին անհրաժեշտության կենցաղային ապրանքներ արցախցիների համար» ծրագրի շահառու:

Ծրագրի շրջանակում նրանց տրվել է 100.000-300.000 դրամ գումարի նվեր-քարտեր (կախված ընտանիքի անդամների թվից), որով ընտանիքները կարող են կենցաղային ապրանքներ ձեռք բերել:

Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում բնակություն հաստատած քաղաքացիներից շատերն արագ տեղահանման պատճառով չեն հասցրել գրեթե ոչինչ տեղափոխել իրենց հետ, ուստի ստիպված են կենցաղային բազմաթիվ դժվարություններ հաղթահարել իրենց ժամանակավոր բնակության վայրերում: Հաշվի առնելով այս իրողությունը և նպատակ ուենալով մեղմել արցախցի ընտանիքների խնդիրները՝ «Մենք ենք մեր սարերը», իր նվիրատուների աջակցությամբ, նախաձեռնել է այս ծրագիրը:

Օրերս գործակալության ներկայացուցիչներն այցելել են Տաթև խոշորացված համայնքի բոլոր յոթ բնակավայրերում տեղեկայված արցախցի ընտանիքներին և նրանց տրամադրել նվեր-քարտերը:

«Ծրագրի շահառուների հետ շփվելով տեսանք, թե որքան կարևոր  նշանակություն ունի նրանց համար այս աջակցությունը: Սա գործակալության փոքր, բայց շատ կոնկրետ  խնդիր լուծող ծրագրերից է: Մարդիկ Արցախում են թողել իրենց ողջ ունեցվածքը եւ բազմաթիվ կենցաղային խնդիրների հետ են բախվում ամեն օր: Մենք ուրախ ենք գոնե ինչ-որ չափով թեթևացնել նրանց հոգսերը, և ամեն ինչ անելու ենք՝ շարունակելու Ռուբեն Վարդանյանի սկսած գործը», ասում է գործակալության սոցիալական ծրագրերի ղեկավար Արմեն Մանգասարյանը:

Տաթեւ խոշորացված համայնքում ապաստանած արցախցի երեխաներին նաև ամանորյա նվերներ են մատուցվել՝  հաշվի առնելով, որ տեղահանության հետեւանքով նրանք Արցախում են թողել իրենց տոնածառերը, խաղալիքներն ու գրքերը:

«Երեխաները ստիպված են եղել իրենց աչքերով տեսնել ու զգալ բռնի տեղահանման ողջ դաժանությունն ու դժվարությունները:  Մենք փորձում ենք  մեր ծրագրերի միջոցով օգնել, որպեսզի նրանք կարողանան վերականգնվել և անհոգ մանկություն վերադառնալ: Դա «Մենք ենք մեր սարերը» գործակալության առաջնահերթություններից է, եւ մենք շարունակելու ենք այս ուղղությամբ մեր ծրագրերը նաեւ 2024-ին: Եվ մեր կոչն ու հորդորն է բոլորին՝ միավորել ջանքերը եւ ամեն ինչ անել, որպեսզի մեր երեխաների դեմքին նորից ժպիտը թեւածի», նշում է   գործակալության ծրագրերի ղեկավար Նարինե Աղաբալյանը:

Երեւանը չի առարկի. չէ՞ որ նրանք Փաշինյանի քաղաքական հակառակորդներն են

Forrights

Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեի անդամներն այցելել են ՊԵԿ քննչական գլխավոր վարչությունում պահվող ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, հաղորդում են Բաքվի լրատվամիջոցները։

«Հանդիպման ընթացքում վերոնշյալ անձինք գոհունակություն են հայտնել կալանքի պայմաններից։ Նրանք նշեցին, որ իրենց համար պարբերաբար զբոսանքներ են կազմակերպվում, պայմաններ են ստեղծվել ընտանիքի անդամների հետ ամենշաբաթյա հեռախոսազրույցների համար։ Նրանք ապահովված են անհրաժեշտ գրքերով, ունեն հեռուստացույց և էլեկտրոնային գրադարան, ինչպես նաև կարող են օգտվել մարզասրահից։ Ընտանիքի անդամների խնդրանքով նրանց փաստաբան է նշանակվել։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանձնել են Հայաստանից բերման ենթարկվածներին իրենց հարազատների կողմից ուղարկված ծանրոցները»,- ասել է կոմիտեի անդամներից Շիրինովը։

ԿԽՄԿ-ն հայտարարել է նաև Արցախի ձերբակալված ղեկավարներին այցելելու մասին։

Սեպտեմբերի 27-ին ադրբեջանցի զինվորականները բերման են ենթարկել նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ԼՂ պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Սեպտեմբերի 29-ին բերման են ենթարկվել բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Հոկտեմբերի 3-ին հայտնի դարձավ Լեռնային Ղարաբաղի երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի կալանավորման մասին։

Ադրբեջանական գերության մեջ գտնվողների ճակատագիրը Հայաստանում արդի թեմա չէ. Անտարբերության տոն է հաղորդում իշխող կուսակցությունը, որը Արցախի հանձնման ողջ մեղքը վերագրում է նրա նախկին ու ներկա ղեկավարությանը։ Միևնույն ժամանակ, համառ լուրեր են պտտվում, որ Բաքուն պատրաստ է             նրանց փոխանակել «ավելի մեծ ձկների» հետ, մասնավորապես՝ Հայաստանի նախկին՝ «ղարաբաղյան» ռազմաքաղաքական ղեկավարության հետ։

Բաքուն, ըստ Բաքվի փորձագետ Իսմայիլովի, իր տրամադրության տակ ունի ձերբակալման ենթակա մինչև 200 հոգուց բաղկացած չհրապարակված ցուցակ։ «Դրանք միանշանակ ներառում են ինքնահռչակ հանրապետության բոլոր նախկին ղեկավարները, այդ թվում՝ Սարգսյանն ու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, առաջին պատերազմի դաշտային հրամանատարները և անձինք, որոնց նկատմամբ կան ռազմական հանցագործությունների ապացույցներ»,- նշեց փորձագետը։

Թերևս հարցը «լուծվի» «խաղաղության պայմանագրի» կնքումից հետո, որը ենթադրաբար կներառի «ադրբեջանական հողերի օկուպացման համար պատասխանատուներին պատժելու» կետ։ Հնարավոր է, որ այս կետի համաձայն, Հայաստանը կամ պետք է «ռազմական հանցագործներին» հանձնի Բաքվին, կամ համաձայնի միլիարդների փոխհատուցում վճարել։ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ Հայաստանի նախկին ղեկավարությունը պետական միջոցների առյուծի բաժինն տարիներով ուղղել են Արցախին, որն «ակնհայտորեն չէր կարող պատկանել Հայաստանին», այլ կերպ ասած՝ օկուպացված էր։ Ընթացակարգային առումով «հանցագործների հանձնումը» հնարավոր կդառնա 2024 թվականի փետրվարի 1-ից Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու մասին արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո։

Արևմտյան կառավարությունները, որոնք պարբերաբար մեղադրում են Ալիևի ռեժիմին լրագրողների և արևմտամետ իրավապաշտպանների ու քաղաքական գործիչների ձերբակալության մեջ, երբեք չեն պահանջել ազատ արձակել Արցախի քաղաքական ղեկավարությանը և չեն խոսում Ալիևի կողմից միջազգային իրավունքի խախտման մասին՝ կապված բռնի ուժով հակամարտության լուծման և 100 հազար մարդու արտաքսման հետ։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն այսօր հայտարարել է, որ Հայաստանում «խաչակրաց արշավանք» է հայտարարվել ղարաբաղյան ղեկավարության դեմ։ Նա որպես օրինակ բերեց վերջերս Երևանի կենտրոնական փողոցներից մեկում պաստառի ապամոնտաժումը, որտեղ պատկերված էին Ադրբեջանում առևանգված և պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները։

Հայաստանի իշխանությունները, քաղաքագետի տեսանկյունից, տարբեր մեղադրանքներ են հնչեցնում Ղարաբաղի ղեկավարության հասցեին, այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի։ «Իրավիճակն այնքան անհեթեթ է, որ մեր ժողովրդից շատերը կարծում են, որ Ղարաբաղի ղեկավարները գտնվում են ադրբեջանական բանտերում փողերի լվացման և կոռուպցիոն բնույթի այլ հանցագործությունների պատճառով»,- ասաց Սուրենյանցը։

Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են ռեպրեսիաներ իրականացնել, կարծում է հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Երեւանը սրան չի ընդդիմանա, չի պայքարի նրանց ազատման համար։ «Փաշինյանի համար նման սցենարն ընդունելի է, քանի որ ղարաբաղցի հայերի առաջնորդները նրա քաղաքական հակառակորդներն են»,- նշեց փորձագետը։

Ամանորին ձյուն չի լինի

Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին, Հայաստանում ձյուն չի տեղա. Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերեւութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
«Ո՛չ Ամանորին, ո՛չ ցերեկը ձյուն չի լինի. Առաջիկա 5-6 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ, քանի որ գտնվում ենք անտիցիկլոնային դաշտի ազդեցության գոտում»,- ասաց Սուրենյանը։
Նա նշեց, որ երեկ Արարատյան դաշտում +17,5 աստիճան է գրանցվել, որն աննախադեպ ցուցանիշ է դեկտեմբերի երրորդ տասնօրյակում Հայաստանի օդերեւութաբանական պատմության մեջ։
Ըստ Սուրենյանի՝ առաջիկա 5 օրերին Հայաստանը կլինի տաք արեւադարձային հոսքերի ազդեցության գոտում՝ Սյունիքի հովտում կդիտվի մինչեւ 20 աստիճան տաքություն, Տավուշի ցածրադիր գոտիներում՝ մինչեւ +15-+16։
Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կկազմի 15-16 աստիճան տաքություն։ Դեկտեմբերի 29-ի գիշերը սպասվում է ջերմաստիճանի 3-4 աստիճանով նվազում, ցերեկը եղանակը չի փոխվի։
Այս պահին Հայաստանում ջերմաստիճանը նորմայից բարձր է 10-12 աստիճանով։ Սուրենյանը դա բացատրում է երկու գործոնով՝ գլոբալ տաքացումով և տաք ցիկլոնով։