Կգա հունվարի 1-ը, եւ կտեսնենք՝ ոչ ոք հանրապետություն լուծարելու լիազորություն չունի

«Արցախի Հանրապետությունը չի կարող փաստաթղթով լուծարվել, դա ինչ-որ կազմակերպություն չէ, որն ունի սեփականատեր, որ այդ տերն այդ կազմակերպությունը լուծարի»։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահի հայտնի հրամանագրին։ Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի «մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը պետք է լուծարվեն Արցախի բոլոր պետական հիմնարկներն ու կազմակերպությունները, իսկ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ»։

Իր հրամանագիրը մեկնաբանելով՝ Սամվել Շահրամանյանն ասել էր, որ Արցախի Հանրապետությունը չի լուծարվելու։ «Այդ փաստաթղթի հետ կապված ահագին հարցեր կան, որը ես այստեղ չեմ կարող ասել։ Ոչ մի փաստաթղթով չեն կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը»,- ասել էր Շահրամանյանը։

Փաստաբան Դավիթ Հովհաննիսյանի խոսքով՝ այդ հրամանագիրն հակաօրինական է։ «Նման հարցերի լուծումը պետք է հանրաքվեի միջոցով լինի, եթե նման հարցի անհրաժեշտություն լինի։ Բայց իմ կարծիքով նման հարցի անհրաժեշտություն չկա, ինձ թվում է, դա պահի թելադրանքով կատարված գործողություն էր։ Կգա հունվարի 1-ը, անկախ նրանից, որեւէ փաստաթուղթ գործածության մեջ կդնեն, թե չեն դնի, Արցախի լուծարման հասկացություն չի կարող գոյություն ունենալ։ Մեկը ես Արցախից եմ, ես չեմ կարող դիտարկել, որ Արցախի Հանրապետության նախագահը կամ Ազգային ժողովը կարող են Արցախի Հանրապետություն լուծարել։ Այդ նախագահը կամ Ազգային ժողովն ընտրվելիս նման լիազորություն, իրավազորություն չեն ունեցել՝ ո՛չ Սահմանադրությամբ, ո՛չ էլ օրենսդրությամբ։ Դա նույնն է, որ մի հովիվ որոշի, որ հանրապետությունը լուծարում է  ցանկացած ոք։ Ոչ մի անհատ չունի նման լիազորություն»,- հավելեց նա։

«9 ամիս ընտանիքս ապրեց շրջափակման մեջ՝ առանց լույսի, բայց լուսաբացի հույսով։ Իսկ առջևում եղել է էթնիկ զտում և դժոխքի ճանապարհ»

Աստղիկ Ալավերդյանը ծնվել և մեծացել է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ Մանկուց նա լսողության խնդիրներ ուներ։ 8 տարեկանում սկսել է հաճախել Երևանի լսողության խանգարումների մասնագիտացված դպրոց, որտեղ սովորել է ժեստերի լեզուն և մատների այբուբենը, ինչը շատ է օգնում նրան շփման ընթացքում։

Մեկ տարի անց վերադարձել է տուն և ուսումը շարունակել Ճարտարի ավագ դպրոցում։ Ուսման շրջանը դժվար էր, բայց ընկերների ու դասընկերների օգնությամբ հեշտությամբ հաղթահարեց բոլոր դժվարությունները։ Մասնավորապես, նրան օգնել է մանկության ընկերուհի Հելեն Դադայանը, ով մահացել է 2023 թվականի օգոստոսին ավտովթարից։

6-րդ դասարանում նա կարողանում էր առաջին նախադասությունները կազմել և սովորել է կարդալ: «Ծնողներիս շնորհիվ կարողացա մեծ հաջողությունների հասնել, նրանք ինձ ստիպեցին անընդհատ կարդալ, ինչպես նաև դուրս գալ տնից և առանց բարդույթների շփվել ուրիշների հետ, ուստի ես դարձա հասարակության լիարժեք անդամ»,- ասում է Աստղիկը։

Մանկուց սիրում էի նկարել։ Ակտիվ ապրելակերպ է վարում։ Մեկ անգամ չէ, որ մասնակցել է Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի կողմից կազմակերպված արշավներին դեպի Սևան։ «Այս ճամփորդությունները արմատապես փոխեցին իմ կյանքը, ես սկսեցի գնահատել ինձ այնպիսին, ինչպիսին կամ, դարձա ավելի շփվող, ազատվեցի բարդույթներից, գտա նոր ընկերներ, այս ամենը շնորհիվ Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի, եւ ես կցանկանայի, որ այն շարունակեր իր գործունեությունը Հայաստանում»,- ասում է նա։

Այժմ Աստղիկը սովորում է Երևանի մանկավարժական ինստիտուտում, զբաղվում է ակտիվ հասարակական գործունեությամբ, ինչպես նաև աշխատում է Խուլ-համրերի միությունում՝ որպես երիտասարդության համակարգող։ Արցունքն աչքերին նա հիշում է իր հայրենիքը։

Վերջին անգամ նա եղել է Արցախում շրջափակման սկսվելուց մեկ ամիս առաջ։ «Իմ ընտանիքը 9 ամիս շրջափակման մեջ էր։ Սնունդ չկար, լույս չկար, գազ չկար, բայց մարդիկ դեռ հույս ունեին պայծառ ապագայի, բայց ի վերջո դաժանորեն ենթարկվեցին էթնիկ զտումների ու անցան դժոխքի ճանապարհով։ Ես մեկ անգամ չէ, որ մասնակցել եմ Երևանում անցկացվող հանրահավաքներին՝ ի պաշտպանություն Արցախի շրջափակման և չեմ կարող նկարագրել այն զգացողությունները, որ ապրում եմ հիմա»,- ասում է Աստղիկը։

Արսեն Աղաջանյան

Որտեղ են արցախցիների դատական գործերը եւ կալանավորները

Հայտնի չէ, թե Արցախի դատարաններում գտնվող քրեական, քաղաքացիական եւ վարչական գործերը Հայաստանում որ դատարաններն են քննելու, կամ ընդհանրապես այդ գործերը տեղափոխվելու են Հայաստան, թե՞ ոչ։ Ի պատասխան step1.am-ի հարցի՝ Բարձրագույն դատական խորհրդից ասացին. «Մենք տիրապետում ենք բոլոր այն գործերին, որոնք հայաստանյան դատարանների իրավասության ներքո են»։ Ավելին, մեր տեղեկություններով՝ անգամ չի էլ քննարկվում այդ գործերը ՀՀ դատարաններ տեղափոխելու հարցը։

Արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ Արցախի դատարաններ մուտք արված հայցադիմումները՝ իրենց կից փաստաթղթերով, չեն պահպանվել։ «Փաստորեն ստացվում է մի այնպիսի իրավիճակ, որ դատական գործերն ամբողջությամբ մնացել են Արցախի Հանրապետությունում։ Այսինքն՝ այս պահին ըստ էության գոյություն չունեն։ Բացի դրանից, Արցախի Հանրապետության առաջին ատյանի, Վերաքննիչ եւ Գերագույն դատարանները լուծարվել են»,- ասաց փաստաբանը։ Նա նշեց, որ հնարավոր կլիներ այդ գործերը հայաստանյան դատարաններում քննել, եթե դրանք էլեկտրոնային տարբերակով պահպանված լինեին, ինչը չի արվել։ «Այնպիսի իրավիճակ է, որ այս պահին հաշվեք այդ գործերը գոյություն չունեն»,- հավելեց նա։

Մեր հարցին, թե հնարավո՞ր է որոշ գործերով արցախցիների նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի Հայաստանում, Դավիթ Հովաննիսյանը պատասխանեց․ «Ո՛չ, հնարավոր չէ, քանի որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ ՀՀ օրենսդրությունը գործում է ՀՀ տարածքում։ Իսկ ինքներս գիտենք, որ Արցախն այդպիսին չի հռչակվել»։

Ինչ վերաբերում է Արցախի բանտերում գտնվող քաղաքացիներին, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը վերջերս Ազգային ժողովում ասել էր, որ սեպտեմբերի վերջի իրադարձությունների ժամանակ Արցախի բանտերից ազատ էր արձակվել ու Հայաստան էր եկել 11 անձ։ ՆԳ նախարարը նշել էր, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։ «Սպանության գործով մեկը կար, որն այնտեղ ձերբակալված կամ կալանավորված էր, Վանաձոր քաղաքից հայտնաբերեցինք։ Մոտ 11 անձ են, որոնք ազատ են արձակվել, բոլորի տվյալներն ունենք։ Ովքեր մեղադրվում են պետական դավաճանության համար, նրանցով զբաղվում է ԱԱԾ-ն, որոշ անձանցով էլ զբաղվում է ոստիկանությունը»,- ասել էր Վահե Ղազարյանը։

«Մենք ենք» բարեգործական համերգ՝ հանուն Արցախի մշակույթի և արվեստի պահպանման

Արցախի մշակութային պահպանման կենտրոնը տեղահանությունից հետո շարունակել է աշխատել Հայաստանում։ Կազմակերպության առաջին նախաձեռնությունը Հայաստանում դեկտեմբերի 10-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում կայանալիք «Մենք ենք» բարեգործական համերգն է՝ Արցախի երաժշտական ​​և պարային խմբերի և համույթների մասնակցությամբ։ Նախատեսված են պետական ​​երգչախմբերի, նվագախմբերի, արցախցի արտիստների ելույթներ։

«Բարեգործական համերգն ուղղված է Արցախի մշակույթի և արվեստի պահպանմանը և կազմակերպվում է «Մենք ենք» մշակութային և բարեգործական նախաձեռնության կողմից։ Համերգի կազմակերպմանն աջակցելու ցանկություն են հայտնել մի շարք հիմնադրամներ, կազմակերպություններ, կամավորական շարժումներ։ Համերգի մեդիա հովանավորն է Կենտրոն հեռուստաընկերությունը»,- նշել են կազմակերպիչները։

Տոմսերի արժեքը 5-ից 12 հազար դրամ է, դրանք կարելի է ձեռք բերել առցանց՝ հղումով

Վտարվող հավատարմություն․ Արևիկի խոսքով՝ այն իրենց Դեր Զորի ճանապարհն էր

Արցախի նախկին բնակչուհի Արևիկ Փիրումյանը Երևան տեղափոխվելուց հետո էլ առնչվել է բարդ որոշումներ կայացնելու խնդրի հետ: Այս անգամ խնդիրը շունն է՝ Ալֆան, որին տանտերը չի թույլատրում պահել վարձով տանը: Ալֆան Արևիկի  համար հասարակ շուն չէ արդեն, այլ ամեն տեսակ արհավիրքները ընտանիքի հետ կիսած ընտանիքի անդամ: Շունը բավականին խելոք է, խնամված և նոր հարևանների հավաստմամբ չի հաչում, ոչ մեկի անդորրը չի խանգարում: Արցախից տեղահանվելու օրը Արևիկի ամուսինը, ավագ որդին ու Ալֆան ավտոբուսով են տեղափոխվել Երևան: Ուղևորների մի մասը դժգոհ էր, բայց խնդրեցին, որ հարմարվեն:

Հետադարձ հայացք նետելով իրենց անցած ճանապարհին՝ Արևիկը շրջափակման օրերն է հիշում․«Սկզբից ծիծաղում էինք, քանի որ ամեն ինչ կար: Հետո սննդի պակասը, ցուրտը, տրանսպորտի բացակայությունը վատ անդրադարձավ մեր կյանքի վրա: Ինձ ուժ էր տալիս մտերիմներիս սերը, համախմբվածությունը: Չեմ մոռանա այն դեպքը, երբ վերջին շաքարավազը գտնելով նախընտրել են ինձ տալ ․․․Չնայած բոլորիս կրած տառապանքներին՝ ես ամեն օր խնդրում եմ Աստծուն, որ Արցախը հետ մեզ տա, մենք գնանք մեր տուն․․․»

Սեպտեմբերի 19-ին բախտի բերմամբ Արևիկը երեխաների հետ տանն էր, իջել էին առաջին հարկ, որ տեսնեն, թե ինչպես է ավագ դուստրը դասավորել իր սենյակը: Այդ պահին էլ սկսվեց ռմբակոծությունը և հաջորդ մի քանի ժամերին իրար գրկած լացում էին՝ անզոր լինելով որևէ բան անել: Մի քանի ժամից ամուսինը զանգում է և հորդորում նկուղ իջնել: «Այնտեղ փոշի, մութ, լաց ու կոծ էր․․․ Երեխաներս տեղ չունեին նստելու: Դուրս էին գալիս և օգնում շենքի բնակիչներին: 12-րդ դասարանի շրջանավարտ տղաս փաստաթղթերի հետևից դպրոց էր գնացել, բայց պարզվեց, որ բոլորը վառել էին», – վերհիշում է Արևիկը:

Հայրենիքին հրաժեշտ տալիս վերցրել են մեկական ուսապարկ, Աստվածաշունչը, Արցախի դրոշը․․․Մեքենայում տեղ չկար: Ամբողջ ճանապարհը Արևիկը հոգ էր տանում զառամյալ տատիկի համար՝ ձեռքը պահելով զարկերակի վրա: Կինն անընդհատ մրսում էր ՝ չնայած եղանակը լավ էր: Մտահոգություններից մեկն էլ այն էր, որ դուստրն ուրիշ  մեքենայի մեջ էր, որի արգելակները չէին աշխատում: Արևիկի խոսքով՝ այն իրենց Դեր Զորի ճանապարհն էր․․․ 3-4 օրյա տեղահանության ընթացքում նրանք ականատես են եղել մեծահասակների մահվան և երեխաների ծննդյան դեպքերի:

Գորիս հասնելուն պես որոշեցին Ալֆային ժամանակավոր հանձնել  կինոլոգիական կենտրոն: 6 օրից հետո եկան տեսակցության, բայց Ալֆան փախել էր կենտրոնից․․․

«20 օր 5 հոգով մի սենյականոց ահավոր պայմաններով տան ապրելուց հետո որոշեցինք տուն վարձել և արագ տեղափոխվեցինք: Ալֆային փնտրում էինք, կենդանասեր մարդիկ էին միացել որոնողական աշխատանքներին, բայց ես մտածում էի, որ մեծ քաղաքում այլևս չի գտնվի․․․Գտնելուց հետո մեր ուրախությանը չափ չկար, միայն թե ստիպված ենք նոր տուն փնտրել  մինչև դեկտեմբերի 8: Շատ կուզեի, որ գտնվեր Արաբկիր թաղամասում: Երեխաներս այստեղ  երկու անգամ դպրոց են փոխել, 3-րդ անգամ նրանք չեն դիմանա»,- խոստովանում է Արևիկը:

Իր նախկին տնօրենության շնորհիվ Երևանում արդեն աշխատանք  է գտել՝ անգլերեն է դասավանդում: Հույս ունի, որ շուտով նոր տուն են վարձելու և Ալֆային այլեւս մենակ չեն թողնելու:

Տաթև Ազիզյան

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը փակուղի մտցնելու Բաքվի գործողությունները

ՀՀ արտաքին գործերին նախարարությունը  հայտարարությամբ խստորեն դատապարտել է ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու և այն փակուղի մտցնելու նպատակ ունեցող այս գործողությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշելով, որ դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը՝ ՀՀ ԱԳՆ-ն շեշտել է, որ սահմանին նման սադրանքներ իրականացնելով, ինչպես նաև տարբեր միջազգային դերակատարների՝ բանակցությունները շարունակելու առաջարկները շարունակաբար մերժելով՝ ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը և այն մտցնել փակուղի։

«Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու և այն փակուղի մտցնելու նպատակ ունեցող այս գործողությունները»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Եվս 100 օրինակ «Շուշի. մտաքարտեզներ» գրքի

«Շուշի. մտաքարտեզներ» / «Shushi: Mental Maps» գրքի երկրորդ հրատարակության շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր Երևանում՝ «Էպիգրաֆ» գրախանութում։ Գիրքը հրատարակվել է Cultural & Social Narratives lab և Epigraph ընկերությունների նախաձեռնությամբ՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի աջակցությամբ։

Կազմակերպիչները նշել են. «Առաջին հրատարակությունը մեծ հաջողություն ունեցավ, ուստի որոշում կայացվեց երկրորդ հրատարակության մասին՝ 100 հատոր տպաքանակով։ Աճուրդի ընթացքում դրանք կվաճառվեն, իսկ ողջ հասույթը կուղղվի Արցախից բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար»։

«Գիրքը ստեղծվել է 44-օրյա պատերազմից հետո։ Այն ուսումնասիրում և ներկայացնում է Շուշիի քաղաքային տարածքն ու առօրյան՝ հիմնված շուշեցիների հիշողությունների, անձնական պատմությունների և փորձի վրա: Գիրքը պարունակում է հոդվածներ, որոնք համակողմանիորեն վերլուծում են հիշողությունը, մանրամասն հարցազրույցներ շուշեցիների հետ, ինչպես նաև նրանց մտքում գծված քարտեզներ, որոնք նրանք փորձում են փաստագրել, վերստեղծել հիշողության մեջ և փրկել կորցրած քաղաքը մոռացությունից»։

Հունվարի 1-ից անձնագրի ելքի կլոր կնիքն անհրաժեշտ չի լինի. ԱԳՆ

ՀՀ կառավարության 22 սեպտեմբերի 2023թ. № 1604-Ն որոշման համաձայն՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը սկսած 2024թ. հունվարի 1-ից սովորական (ոչ կենսաչափական) անձնագրերը տրամադրելու է առանց օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման։

Մինչև 2024թ. հունվարի 1-ը ՀՀ քաղաքացու սովորական (ոչ կենսաչափական) անձնագիրն օտարերկրյա պետությունում վավերական համարվելու համար պետք է պարունակի վավերականության մասին նշում։

2024թ․ հունվարի 1-ից հետո սովորական (ոչ կենսաչափական) անձնագրերն օտարերկրյա պետություններում շարունակելու են համարվել վավերական անձնագրում նշված վավերականության ժամկետի ընթացքում՝ անկախ անձնագրի 4-րդ էջում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման առկայությունից

Հակառակորդը կրակ է բացել Բարձրունու հայկական դիրքի ուղղությամբ. զոհվել է զինծառայող

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն  կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։

ՊՆ-ից հայտնում են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

Հանձնաժողովը մերժեց Հայաքվեյի նախագիծը

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց «Հայաքվե» նախաձեռնության օրենքի նախագծին։

«Հայաքվեն» Ազգային ժողով էր ներկայացրել Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծ, որով սահմանվում էր, որ ՀՀ անունից Արցախը որեւէ այլ պետության կազմում ճանաչելը, Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը պատժվում է ազատազրկմամբ։

Նախագծի հիմնական զեկուցող իրավաբան Արամ Պետրոսյանն առաջարկեց նախագծի քննարկումը հետաձգել՝ հաշվի առնելով այն կարեւոր փաստերը, որոնք ներկայացվեցին այսօրվա քննարկման ժամանակ։ Սակայն հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց որ հնարավոր չէ նախագծի քննարկումը հետաձգել։

Նախագիծը դրվեց քվեարկության, կողմ քվերակեց 3, դեմ՝ 7 պատգամավոր։ Այսպիսով՝ «Հայաքվեի» նախագծին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն տրվեց։

Արցախի խորհրդարանի նիստը տեղի է ունեցել, ի վերջո, Երեւանում, ոչ թե Բարդայում

Դեկտեմբերի 2-ին Արցախի Ազգային ժողովը հրավիրել է նիստ, որի օրակարգն անհայտ է, հայտնի չէ նաև, թե ինչու չի հայտարարվել նիստի մասին և ինչու տեղեկատվություն չի տրամադրվել։ Ի վերջո, Արցախի խորհրդարանի նիստը տեղի է ունենում ոչ թե Բարդայում, այլ Երեւանում, եւ կարիք չկա գաղտնի, գրեթե ընդհատակյա նիստեր անցկացնել։

Ոչ մի անօրինական բան չի կատարվում. ընտրված խորհրդարանը հավաքվում է իր մանդատն իրականացնելու և այս մանդատը տված բնակիչներին կառավարելու համար։ Չնայած Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչների ցինիկ հայտարարություններին, Արցախի խորհրդարանը չի կարող չկատարել իր մանդատը։ Եթե ​​անգամ գործող խորհրդարանը որոշում ընդունի ինքն իրեն ցրելու մասին, ապա պետք կլինի նոր ընտրություններ նշանակել։

Պետական ​​իշխանությունը իրականացնելու ժողովրդի մանդատը բժշկի դեղատոմս կամ Բնակարանային գրասենյակի տեղեկանք չէ, որը կարելի է ճմռթել ու դեն նետել։ Այս մանդատից բարձր իշխանություն չկա, և քանի դեռ մանդատը գործում է, դրա կրողները պարտավոր են կատարել իրենց պարտականությունները։

Բոլորն հիշում են, թե ոնց էին 2020-ի սկզբին, երբ համաճարակի պայմաններում կատաղի տեմպերով փոխվեցին Սահմանադրությունը, ընտրություններ անցկացվեցին, երդմնակալություն տեղի ունեցավ Շուշիում և այլ իրադարձություններ, եւ կարծես, ինչ-որ մեկը բզբզում էր Արցախի ղեկավարությանը, ներկայիս պատգամավորները իրար կոկորդ էին կրծում մանդատի համար, կարծես վախենալով չհասնել կերակրատաշտակին։

Հիմա, երբ Արցախում հայեր չկան, Արայիկ Հարությունյանը, Դավիթ Իշխանյանը, Ռուբեն Վարդանյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը Բաքվում են, իսկ Սամվել Շահրամանյանը մեկ հրաման է տալիս Արցախը լուծարելու մասին, մեկ ասում է, որ այն իրավական ուժ չունի, Արցախի խորհրդարանը հանկարծ դարձավ ժողովրդի մանդատի միակ կրողը։

Պատգամավորները, իհարկե, գիտակցում են իրենց պատասխանատվության աստիճանը և այն, որ իրենց անունները, անշուշտ, կմնան պատմության մեջ՝ կա՛մ ոսկե տառերով՝ որպես սրբազան Արցախի և հայոց պետականության պահապանների, կա՛մ ամոթի անջնջելի կնիքով, ինչպես 30 արծաթով գնած ստահակների։

Արցախի խորհրդարանը թաքնվելու կարիք չունի. պատգամավորների մանդատն էլ ավելի լեգիտիմ է դարձել այն բանից հետո, երբ Հայաստանի կառավարությունը հրաժարվեց ֆինանսավորել Արցախի գործադիր մարմինների գործունեությունը։ Այս մանդատը կարող է արցախցիների համար բացել միջազգային կառույցների դռները։

Եթե, իհարկե, Արցախի պատգամավորներին մի կտոր ձրի պանիրով ​նոր ծուղակ չքաշեն։

Նաիրա Հայրումյան

Հայաստանից և Արցախից ապօրինաբար զավթված հայկական բոլոր տարածքները պետք է ներառվեն հայերի պահանջների փաթեթում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանները գծելիս

Մեկնաբանելով Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշման կարևորությունը՝ Ղարաբաղյան շարժման ակտիվիստ, ճարտարապետ, ԼՂ նախագահին առընթեր Հանրային խորհրդի անդամ Գագիկ Ավանեսյանը կարծիք է հայտնել, որ « այժմ անհրաժեշտ է, որ միջազգային իրավունքի ոլորտի իրավաբաններն ու մասնագետները լրջորեն զբաղվեն Արցախի հիմնախնդրով»։

«1989 թվականի դեկտեմբերի 1-ով ընդունված փաստաթուղթը, հաշվի առնելով այսօրվա իրողությունները, կարող է արդիական դառնալ, Կոսովոյի օրինակով։ Եթե ​​իրադարձությունները զարգանան օրինական ճանապարհով, ապա այս փաստաթուղթը, անկասկած, կարող է փաստարկ ծառայել Արցախի՝ Ադրբեջանի կազմում չլինելու օգտին։ Որպես վերամիավորման ակտ՝ այն ամեն կերպ անթերի է։ Նույնիսկ Խորհրդային Միությունում վերամիավորման որոշումը չի բողոքարկվել կամ չեղարկվել բարձրագույն իշխանության՝ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների խորհրդի կողմից։ Հետագա տարիներին եւս ոչ ոք չչեղարկեց այս որոշումը։

Սակայն արտաքին ուժերի պատվեր կատարող Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության գալով վերամիավորման գործընթացը հետ շրջվեց և ի վերջո տապալվեց։ «Օղակ» օպերացիան իրականացրին, հետո Լևոն Տեր-Պետրոսյանը Ղարաբաղի ղեկավարությանը հրամայեց խոնարհվել Մութալիբովի առաջ (նկատի ունի Ադրբեջանի ղեկավարությունն այդ տարիներին), որից հետո անկախության հանրաքվե եղավ։

Այսինքն՝ տեղի ունեցած հանրաքվեն, ըստ էության, չեղարկեց վերամիավորման մասին որոշումը եւ բուն «Միացումը»։

Այսօր Արցախի հետ կրկնվում է նույն սցենարը, ինչ 89-90-ականներին։ Եվ չգիտես ինչու, բոլոր իրավական ակտերը համառորեն անտեսվում են։ Անտեսվում է, որ 1989 թվականի դեկտեմբերի 1-ից Արցախը չի եղել Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում։

Այս համատեքստում կարծում եմ, որ մենք չպետք է ժամանակ կորցնենք, և անհրաժեշտ է պատրաստել իրավական դաշտ։ Իսկ հետագա բանակցությունների ընթացքում հայկական կողմը պետք է որպես հիմք ընդունի ոչ թե 1989 թվականի դեկտեմբերի 1-ը, ոչ թե 1991 թվականի սեպտեմբերի 2-ը կամ դեկտեմբերի 10-ը, այլ 1988թ. փետրվարի 20-ը՝ հաշվի առնելով 20-րդ դարի բոլոր տարիներին հայերի նկատմամբ բռնի տեղահանության, ավելի ճիշտ՝ ցեղասպանության փաստերը։

Ի վերջո, Հայոց ցեղասպանությունը շարունակվել է խորհրդային իշխանության օրոք։ Այսինքն՝ Հայաստանից և Արցախից ապօրինաբար զավթված հայկական բոլոր տարածքները պետք է ներառվեն հայերի պահանջների փաթեթում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանները գծելիս և Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջիկա հաշտության պայմանագրում»,- ասաց Ավանեսյանը։