Արցախն օրենքով պատկանում է հայ ժողովրդին․ Հայաքվե

«Արցախի ինքնորոշման իրավունքն առանցքային է պահպանել, որպեսզի մենք երբեւիցե կարողանանք Արցախը վերադարձնել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 1994 թվականին, երբ կնքվեց զինադադարի պայմանագիրը Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի միջեւ, Ադրբեջանը պարտված էր։ Բայց նա չգնաց խաղաղության պայմանագրի, կնքեց զինադադար, 25-26 տարի ուժ հավաքեց, որպեսզի կարողանար վերադարձնել այն, ինչ իրենք համարում են, որ իրենց է պատկանում։ Նույնը պետք է այսօր մենք անենք, այդ իմաստով Ադրբեջանը մեզ օրինակ է տվել, ոչ թե թուլության ու դժվարության պահին հրաժարվենք մեր իրավունքներից, հայրենիքից ու ունեցվածքից։ Արցախն օրենքով պատկանում է հայ ժողովրդին։ Եվ եթե արցախցիներն այսօր հանգամանքների բերումով ապրում են ՀՀ-ում, ամեն ինչ պետք է անել, որպեսզի իրենք վերադառնան ու վերատիրանան Արցախին»,- այսօր Ազգային ժողովի մոտ հայտարարեց «Հայաքվե» նախաձեռնության ղեկավար Ավետիք Չալաբյանը։

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր նիստ է հրավիրել, որի օրակարգում նաեւ «Հայաքվեի» օրենքի նախագիծն է։ Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության անունից Արցախը որեւէ այլ պետության կազմում ճանաչելը, Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով։

Ավետիք Չալաբյանը հիշեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրողներին խոստացել էր հետամուտ լինել Արցախի ինքնորոշման իրավունքին, երաշխավոր լինել Արցախի ու Արցախի ժողովրդի անվտանգությանը եւ շարունակել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ հասնելու Արցախի վերջնական կարգավիճակին՝ հենվելով Արցախի ինքնորոշման իրավունքի վրա։ «Բոլոր այս խոստումները ՔՊ-ն հիմա փորձում է մոռացության մատնել, բայց պետք է հիշել, որ դրանք ոչ թե օդում տրված խոստումներ են, այլ այդ խոստումների հիման վրա ձեւավորվել է կառավարության ծրագիր, Ազգային ժողովը կառավարության ծրագիրն ընդունել է, եւ այն պարտադիր է կատարման համար։ Եթե «Քաղաքացիական պայմանագիրն» այսօր հրաժարվում է կողմ քվեարկել մեր ներկայացրած օրենքի նախագծին, փաստորեն դեմ է քվեարկում նաեւ իր կառավարության ծրագրին։ Եվ դեմ քվեարկելով իր կառավարության ծրագրին, նա իր կառավարությունը հայտարարում է անօրեն ու ապօրինի, ուստի, այս կառավարությունը դառնում է ոչ լեգիտիմ։ Եվ մեր հաջորդ խնդիրը պետք է լինի այս կառավարությունից ազատվելը, որն իր ընտրողներին խաբել է։ Ուստի, առիթից օգտվելով, ուզում եմ ՔՊ պատգամավորներին ասել՝ դուք հասկացեք, թե ինչին եք դեմ քվեարկում, դուք դեմ եք քվեարկում կառավարության ծրագրին, իսկ կառավարության ծրագրին դեմ քվեարկելը նշանակում է, որ կառավարությունը պետք է հրաժարական տա»,- ԱԺ շենքի մոտ հայտարարեց Ավետիք Չալաբյանը։

Նա նշեց, որ միջազգային հանրության մոտ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հարցում կոնսենսուս չկա։ «Լուռ կոնսենսուս գոյություն չունի, դա գործող իշխանության հնարած կեղծ թեզն է։ Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ Սենատը ընդունում է օրինագիծ, որով դատապարտում է Ադրբեջանին, եւ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ են կիրառվում։ Մենք տեսնում ենք, որ Եվրախորհրդարանն ընդունում է օրինագիծ եւ պարտադրում է եվրոպական կառավարություններին ու Եվրոպական հանձնաժողովին՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել Արցախը հայաթափելու համար։ Ուստի, որեւէ կոնսենսուս չկա, կոնսենսուսի մասին խոսում է այս իշխանությունը, որը, այո՛, կոնսենսուս ունի Թուրքիայի ու Արդբեջանի հետ եւ փորձում է մյուսներին խաբել, որ դա համաշխարհային կոնսենսուս է»,- ասաց Չալաբյանը։

«Ես կարծում եմ, այո՛, բոլորովին չի բացառվում, որ և՛ ԱՄՆ-ն, և՛ Եվրոպական միությունը, ապագայում նաեւ Ռուսաստանի Դաշնությունը, կփոխեն իրենց դիրքորոշումները եւ առնվազն կնպաստեն նրան, որպեսզի Արցախի հայ բնակչությունը վերադառնա Արցախ, եւ նորից վերսկսվեն բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Արցախի ինքնորոշումը ճանաչելու տրամաբանությամբ»,- հավելեց նա։

 

Forrights. «300 հոգու հանել եմ անտառից, լացող կանայք ու երեխաներ էին՝ թշնամու կրակոցների տակ»

Forrights

Ռոբերտ Բադասյանը 28-ամյակը դիմավորեց պայթող արկերի ձայների ներքո․ սեպտեմբերի 19-ին սկսված արցախյան պատերազմը 20-ին շարունակվում էր նույն ինտենսիվությամբ։ Մարտակերտի շրջանի Գյուլաթաղ գյուղի դիրքերում էր, երբ թշնամին հարձակվեց Արցախի վրա։

«Մինչև պատերազմի սկսվելը՝ 15 օր առաջ տագնապով պոստեր էինք բարձրացել, Գյուլաթաղի դիրքերում էինք, Մարտակերտի գյուղերից։ Սպասում էինք, որ պետք է իջնեինք, սնարյադն եկավ, սկսեցինք հրետանիով խփելը»,-Forrights.am-ի հետ զրույցում հիշում է Պաշտպանության բանակի նախկին զինծառայողը։

Մեկ օր աննահանջ մարտերից հետո բոլոր զինծառայողների նման նա էլ զենքը վայր դնելու հրաման է ստացել՝ չնայած ադրբեջանական կողմը շարունակում էր կրակել ոչ միայն դիրքերի, այլ նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։ Ռոբերտը զենքը վայր դնելով իր գործն ավարտված չի համարել։ Forrights.am-ի հետ զրույցում սարսափելի մանրամասներ է պատմում, թե ինչպես էին գյուղի կանայք, երեխաները և տարեցները բռնել գաղթի ճանապարհը։

«Իմացանք, որ ադրբեջանցիները մտել են Մարտակերտ, գյուղերի բնակիչներն անտառներով գնում էին, խառը իրավիճակ էր, Կաշենի հանքի մոտի գյուղերի ժողովուրդը ոնց կարողանում էր, գնում էր»,-Ռոբերտն այդ ամենը տեսնելով ճակատագրական որոշում է կայացրել, ինչը վկայում է նրա հայրենասիրության և մարդասիրության բացառիկ արժեքների մասին։

«Ուրալը խոդ տվեցի մի 80 հոգու՝ զորքից և գյուղացիներից տարա Դրմբոնի խաչմերուկ, զորքն այնտեղ դիրքավորվեց, ես էլ Գյուլաթաղից մի հոգու հետ եկանք մարդկանց տանելու։ Երեք անգամ գնացել եկել եմ, ադրբեջանցիները գյուղ էին մտել։ Ժողովուրդն անտառներում էր, երեխաներ ու տարեցներ էին, սաղ հավայի ընկած, սնարյադը խփում էր, լաց ու կոծ էր։ Օբշի մի 300 հոգի մարդ եմ հանել, խառը նստում էին կուզովը։ Հետո այդ Ուրալով զորքին բերեցի Ստեփանակերտ»,-հիշում է նա։

Ռոբերտն ասում է, որ անկառավարելի իրավիճակ էր ստեղծվել, քաղաքացիական բնակչությունը չգիտեր, թե ուր պետք է գնա, ինչ պետք է անի, եթե ինքը նրանց մինչև Դրմբոնի մատույցներ չտեղափոխեր, ապա կանայք, երեխաները և տարեցներն այդ ճանապարհը պետք է անցնեին 50 կիլոմետր քայլելուց հետո։

«Ես կյանքում Ուրալ չեմ քշել, ճանապարհներն էլ այդտեղ շատ վատ էին, կողքս մարդ կար նստած, ցույց էր տալիս։ Անտառի ճանապարհ էր, մեքենա այդտեղով չէր անցնում»։

Ռոբերտն իր քայլին բնորոշում հրաժարվում է տալ, համեստորեն նշում է՝ այդ պահին գլխում այդ որոշումն է ծնվել, իրագործել է։ «Ժողովուրդը, եթե կես ժամ ավել մնար այնտեղ, սնարյադի տակ էին, զոհվելու էին կամ էլ ադրբեջանցիներն էին գալու մորթելու էին։ Այդ պահին դա եկավ գլխիս, այդպես օգնեցի մարդկանց»,-ասում է նա։

Խաղաղ բնակիչներին տեղափոխելու ամբողջ ընթացքում կրակել են ավտոմեքենայի ուղղությամբ, կրակոցների անցքերը պահպանվում են դեռ։ «Այդ ընթացքում, որ մարդկանց էի տեղափոխում հրետանին աջ ու ձախ կողմերը տրաքում էր, ժողովուրդը գոռում էր պայթյունի ձայներից»։

Ռոբերտն այդ օրը չի մոռանա, 28 տարեկան դարձավ։ Երկու տարի է ինչ անցել էր պայմանագրային ծառայության, մինչ այդ մասնակցել է քառօրյա և 44-օրյա մարտերին, ժամկետային ծառայության տարիներին էլ դիվերսիաներ է կանխել։ «Եղնիկներում էինք, դիվերսիոն հարձակում, բոյ տվեցինք հետ գնացին»։

Ռոբերտն այժմ ապրում է Լանջազատում, այս գյուղն Արարատի մարզում է։ Նա իր ծնողներից այժմ հեռու է, նրանք ապրում են Մալիշկա գյուղում։ Համացանցում տեսանյութերից հատվածներ են տարածվում, անծանոթ մարդիկ շնորհակալություն են հայտնում Ռոբերտին՝ իրենց այդ դժոխքից փրկելու համար, շատերը չգիտեն նրա անունը, բայց դա չի խանգարում երախտապարտ լինել ու անհոգ կյանք մաղթել։ Ռոբերտի ցանկությունն այժմ մեկն է՝ միավորվել ընտանիքի հետ, ունենալ տուն և աշխատանք։

Սրա փոխարեն այժմ պետության ճնշումներն են, Ռոբերտից ցանկանում են վերցնել Արցախից բերված «Ուրալը», որով մարդկանց է տեղափոխել, իսկ մի խմբին էլ բերել մինչև Հայաստան։ Նա մարդկանց «Ուրալով» տեղափոխելու համար իր անձնական մեքենայից է հրաժարվել՝ այն թողնելով Արցախում։

Նարեկ Կիրակոսյան 

Խաղաղությունը և նրա հակառակորդները

Անալիտիկոն

Վերջին շրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի, Լեռնային Ղարաբաղի խնդրի և, ընդհանուր առմամբ, Հայաստանի նկատմամբ ուշադրությունը միջազգային ասպարեզում ոչ միայն չի մարել, այլ ավելի է աճել։ Օրինակ, ԱՄՆ Սենատում տեղի ունեցան «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով լսումներ, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը կայացրեց միջանկյալ որոշում, որով, ըստ էության, առնվազն մասամբ բավարարվեցին ՀՀ-ի պահանջները, Երևանում տեղի ունեցավ ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նիստը, որին, ի դեպ, չմասնակցեցին միայն Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը։

Իհարկե, այս բոլոր իրադարձությունների մեկը մյուսի հետևից իրականանալը նաև պատահական համընկնումների արդյունք է, բայց այն, որ Հայաստանի նկատմամբ ուշադրությունը աննախադեպ մեծ է՝ կասկածից դուրս է։ Կարծում եմ, որ այս ամենը հիմնականում պայմանավորված է երեք փոխկապակցված եւ միմյանց փոխլրացնող հանգամանքներով։

Նախ, պաշտոնական Երևանն ինքն է դիմել միջազգային հանրությանը, իսկ ավելի կոնկրետ` Եվրոպական Միությանը, հայտարարելով, որ «պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի»: Այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ Հայաստանի նկատմամբ աճող ուշադրությունը որոշակիորեն նաև արձագանք է Հայաստանի եվրաինտեգրման մտադրություններին։

Երկրորդ հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Արևմուտքն այսօր տեսնում է հնարավորություն ուժեղացնելու սեփական դիրքերը մեր տարածաշրջանում ՝ այդ թվում, Ռուսաստանի ներկայությունը առնվազն թուլացնելու միջոցով, և Հայաստանը բնական դաշնակից է դառնում այս առումով։

Եվ, վերջապես, երրորդ հանգամանքը՝ Արևմուտքը, որը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ, տեսնելով, թե ինչպես է Հայաստանը հիբրիդային հարձակումների ենթարկվում Կրեմլի կողմից, ինչպես նաև, անհանգստանալով, որ բանակցային գործընթացը դանդաղ եւ չափից ավելի անկանխատեսելի ընթացք է ունենում, հավելյալ ջանքեր է գործադրում Հայաստանի դիրքերը ուժեղացնելուն նպաստելու և Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու առումով։

Առանձին ուշադրության են արժանի վերջերս ԱՄՆ Սենատում «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագիրը կրող լսումները, որոնց ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ՝Բրայենը, մասնավորապես, հայտարարել էր․ «Մենք հստակ ասել ենքոր Ադրբեջանի հետ հարաբերությունները սեպտեմբերի 19-ից հետո նորմալ չեն լինիքանի դեռ առաջընթաց չենք տեսել խաղաղության շուրջ բանակցություններում։ Այդ պատճառով չեղարկել ենք մի քանի բարձրաստիճան այցերդատապարտել ենք Բաքվի գործողությունները։ Ադրբեջանին ռազմական աջակցությունն արգելող 907-րդ լրացումն էլ կմնա ուժի մեջքանի դեռ իրավիճակը չի բարելավվել․․․Մենք փորձում ենք ճանապարհ հարթելորը հստակ ցույց է տալիս՝ ինչ առավելություններ կլինեն խաղաղության գնալիսև թե ինչ գին պետք կլինի վճարել դրանից խուսափելու դեպքում»։ Այսինքն, ստացվում է, որ ԱՄՆ-ն թեև պատժամիջոցներ չի կիրառել Ադրբեջանի նկատմամբ, սակայն խիստ բացասական, քննադատական վերաբերմունք ունի վերջինիս հանդեպ և հրապարակայնորեն խոսում է դրա մասին ու, ըստ էության, ճնշում գործադրում նրա վրա, հասկացնելով, որ եթե Բաքվի ոչ կառուցողական վարքագիծը շարունակական լինի, ապա Ադրբեջանը թանկ կվճարի դրա համար։

Ընդհանրապես նկատվել է նաև, որ խորանում է մի միտում, երբ Արևմուտքը գոհունակությամբ  նշում է, որ Հայաստանը կառուցողական մոտեցում ունի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում, իսկ Ադրբեջանը Արևմուտքի կողմից քննադատվում է ոչ կառուցողականության համար։ Մինչդեռ պաշտոնապես Հայաստանի դաշնակիցը համարվող Ռուսաստանը, հակառակը, դրական է արտահայտվում Ադրբեջանի քայլերի նկատմամբ և, միևնույն ժամանակ, առնվազն անհասկանալի է համարում Հայատանի դիրքորոշումը։ Կրեմլը նշել է, որ հայկական կողմին մի քանի անգամ հրավեր են ուղարկել Մոսկվայում և տարբեր միջոցառումների շրջանակներում բանակցություններ անցկացնելու համար, սակայն մինչ այժմ չեն ստացել «ըմբռնելի պատասխաններ»:

Մինչդեռ Ադրբեջանն արդեն մի քանի անգամ հրաժարվել է մասնակցել արևմտյան հարթակներում նախապես հայտարարված եւ համաձայնեցված  բանակցություններին: Գրանադայի հանդիպմանը Ալիևը չմասնակցեց, պատճառաբանելով, որ Ֆրանսիան պատրաստվում է զենք վաճառել Հայաստանին, չի կարող անկողմնակալ միջնորդ լինել։ Իսկ Վաշինգտոնյան հանդիպումը չկայացավ, քանի որ հիմա էլ Բաքուն հայտարարեց, որ ԱՄՆ-ն է կողմնակալ դիրքորոշում որդեգրել։ Որպես այդ թեզի հիմնավորում Բաքուն պատճառ բերեց արդեն հիշատակված լսումների ժամանակ հնչած հայտարարությունները։ Սակայն, հատուկ ուշադրության արժանի փաստ է այն, որ բրյուսելյան հանդիպումից Բաքուն պաշտոնապես չի հրաժարվել, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը պարզաբանել էր, որ հանդիպումը չի կայացել «ժամանակի սղության պատճառով»:

Սակայն, օրինակ, Տոյվո Կլաարի մեկ այլ, ավելի ուշ արված այն հայտարարությունը, որ «գնդակը Ադրբեջանի դաշտում է», և որ «մենք չենք հասկանում՝ ինչու կարգավորման գործընթացն ավելի արագ առաջ չի գնում», թույլ է տալիս մեզ ենթադրել, որ Բաքուն խուսափել է և դեռ խուսափում է բրյուսելյան հարթակից։

Ընդհանրապես, տպավորությունս այն է, որ Ադրբեջանը արևմտյան հարթակներում կաշկանդված է զգում իրեն։ Սակայն, այն փաստը, որ Բաքուն պաշտոնապես չի հրաժարվել բրյուսելյան հարթակից, իսկ Եվրամիությունն էլ մեծ ջանքեր է գործադրում հանդիպում կազմակերպելու համար, թույլ է տալիս ենթադրել, որ որոշակի պայմանների առկայության պարագայում Ալիևը, ի վերջո, կարող է գնալ Բրյուսել՝ Փաշինյանի հետ հանդիպման։

Ի դեպ, Վաշինգտոնը նույնպես ցուցաբերում է մեծ շահագրգռվածություն, որ կայանան բանակցություններ, որոնց արդյունքը կարող է լինել խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Կարծես թե ԱՄՆ-ն դրական է վերաբերվում նաև առանց անմիջական միջնորդի կամ այլ միջնորդների ներգրավմամբ բանակցությունների անցկացմանը։ Համենայնդեպս, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի այս խոսքերը հենց դրա մասին են վկայում. «Կարևոր էոր Հայաստանն ու Ադրբեջանն ուղիղ քննարկեն և կարգավորեն հարցերը՝ ի շահ տարածաշրջանի։ Մենք կողջունենք ցանկացած դերակատարում այդ բանակցությունները դյուրացնելու համար։ Մենք տեսել ենքոր այլ երկրներ ևս առաջարկել են նպաստել այդ բանակցություններին։ Կարծում ենքոր կարևոր էորպեսզի երկու երկրները դեմ առ դեմ խոսեն տևական համաձայնության հասնելու համար»։

Կարևոր ենք համարում նշել նաև, որ, չնայած մի քանի հանդիպումների չկայացմանը, կողմերը շարունակել են հեռակա ձևաչափով փոխանակվել խաղաղության պայմանագրի հետ կապված իրենց առաջարկներով։ Առաջարկների 6-րդ փաթեթը պաշտոնական Երևանն ուղարկեց օրեր առաջ և պատասխանելով սահմանին հանդիպում կազմակերպելու պաշտոնական Բաքվի առաջարկին՝ Երևանն էլ իր հերթին առաջարկեց սահմանին կազմակերպել սահմանազատման հանձնաժողովի նիստ, որին Բաքուն դրական արձագանքեց։ Այս ամենը ցույց է տալիս, որ բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունը դեռևս հիմք չէ պնդելու, որ բանակցությունները փակուղում են գտնվում։ Սակայն, ակնհայտ է նաև, որ որոշ հարցերի վերաբերյալ կողմերը դեռևս շարունակում են ունենալ լուրջ տարաձայնություններ, ինչի պատճառով էլ ձգձգվում է բանակցային գործընթացը։

Պետք է նկատել նաև, որ Հայաստանի առաջարկած «խաղաղության խաչմերուկի» գաղափարը հատկապես Արևմուտքում դրական արձագանքի է արժանացել։ Օրինակ, Օ՝Բրայանի այս խոսքերը հենց դրա մասին են վկայում՝ «Կենտրոնական Ասիայի երկրներն այժմ նոր ուղի են փնտրում իրենց ապրանքները շուկա հասցնելու համար։ Այդ ճանապարհը կարող է անցնել Ադրբեջանից Վրաստանկամ Հայաստանով՝ Թուրքիա։ Մենք ասել ենք՝ Հայաստանի համաձայնությամբ ու մասնակցությամբ կառուցված տարանցիկ ուղին կարող է ահռելի թափ հաղորդել տարածաշրջանի երկրներին ու համաշխարհային շուկաներին»։

Կարծում եմ, որ այս հանգամանքը հավելյալ խթան է, որպեսզի խոշոր խաղացողներն ավելի մեծ շահագրգռվածություն ցուցաբերեն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների նոր փուլի կազմակերպմանը նպաստելու առումով։

Չպետք է անտեսել նաև այն հանգամանքը, որ Արևմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ն և Եվրամիությունը, խաղաղության պայմանագրի կնքումը կարևորում են նաև այն տեսանկյունից, որ դրա արդյունքում, ըստ իրենց, կթուլանան Ռուսաստանի եւ Իրանի դիրքերը տարածաշրջանում, իսկ սա նշանակում է, որ Արևմուտքի դիրքորոշումը այն է, որ Ռուսաստանը, որը լուրջ ներկայություն ունի տարածաշրջանում, խոչընդոտում է կայուն և համապարփակ խաղաղության հաստատմանը։ Նույն Օ՝Բրայանը, մասնավորապես, նշել է․ «Հիմա նրանք պետք է ընտրություն անեն՝ ուզո՞ւմ են ապագաորը խարսխված է ՌուսաստանԻրան բևեռի վրա՝ որպես տարածաշրջանի անվտանգության հիմնական երաշխավոր։ Նրանք նաև ա՛յլ տարբերակ ընտրելու հնարավորություն ունեն»։ Հետաքրքրիր է նաև այն, որ Վաշինգտոնը զգուշացնում է Բաքվին, որ շատ կոշտ արձագանք կլինի, եթե վերջինս որոշի ուժով տարանցիկ ճանապարհ բացել, կամ եթե այդ ճանապարհը Ադրբեջանը որոշի անցկացնել Իրանով։

 

Էդգար ՎԱՐԴԱՆՅԱՆ
Քաղաքագետ, անկախ հետազոտող
Երևան

Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը մասամբ վերսկսել է աշխատանքը Հայաստանում

1992 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 3-ը ճանաչվել է սահմանափակ հնարավորություններով մարդկանց Միջազգային օր։ Այդ մարդկանց թիվը տարեցտարի ավելանում է ամբողջ աշխարհում, և Արցախն ու Հայաստանը, ցավոք, բացառություն չեն։

Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը 25 տարի շարունակ Արցախի բնակչությանը մատուցել է վերականգնողական ոլորտում ծառայությունների լայն շրջանակ։ Կենտրոնի մասնագետները զբաղվել են ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց վերականգնմամբ։ Մասնավորապես, կենտրոնում վերականգնողական կուրսեր են անցել Արցախյան 3 պատերազմների ժամանակ վիրավորված հարյուրավոր մարդիկ։

2023 թվականի սեպտեմբերին կենտրոնը դադարեցրեց իր գործունեությունը։

Այժմ, տեղահանությունից որոշ ժամանակ անց, Քերոլայն Քոքսի անվան Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը մասամբ վերսկսում է իր գործունեությունը Հայաստանի տարածքում։ Կենտրոնի մասնագետները տնային պայմաններում վերականգնողական ծառայություններ կտրամադրեն Արցախի և Հայաստանի հիվանդներին։ Նրանք նաև կաշխատեն ընտանիքի անդամների հետ՝ նրանց ծանոթացնելու վերականգնողական գործընթացին և հիվանդի առօրյա կյանքի կազմակերպման առանձնահատկություններին։

Բացի այդ, կտրամադրվեն տնային պայմաններում բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցներ և պարագաներ։

Ուզում եմ հուսալ, որ ապագայում կապահովեն բոլոր անհրաժեշտ պայմանները Կենտրոնի՝ նախկին ձևաչափով աշխատելու համար։

Արսեն Աղաջանյան

Տեղի է ունեցել Արցախի խորհրդարանի նիստ

Մեր տեղեկություններով՝ դեկտեմբերի 2-ին Արցախի խորհրդարանի պատգամավորները նիստ են հրավիրել եւ քննարկվել ընթացիկ հարցեր, մասնավորապես՝ հաստատվել են երկու նոր պատգամավորների մանդատները, ինչպես նաև հետագա անելիքները։

Չնայած Արցախի նախագահի սեպտեմբերի 28-ի հրամանագրին, Արցախի ընտրովի պետական ​​մարմինների, հանրաքվեի արդյունքում ստեղծված հանրապետության լուծարումն անհնար է առանց Արցախի ընտրողների մասնակցության։ Ինքը՝ Սամվել Շահրամանյանը, հայտարարեց, որ լուծարման հրամանը ուժ չի կարող ունենալ։

Թե ինչի շուրջ են պայմանավորվել նիստի մասնակիցները եւ քանի պատգամավոր է ներկա գտնվել, դեռ հայտնի չէ։ Արցախի պետական ​​մարմինների գործունեության վերականգնումը չափազանց կարևոր է թե՛ Հայաստանում արցախցիների շահերը ներկայացնելու, թե՛ Արցախի քաղաքական ապագայի քննարկման տեսանկյունից։

ВВС․ Ինչպես են Մոսկվայի զինկոմիսարիատները ռեյդեր անում ժամկետային զինծառայողների հանդեպ

Մոսկվայում աննախադեպ արշավանքներ են տեղի ունենում ժամկետային զինծառայողների վրա։ Մայրաքաղաքի զինկոմիսարիատները զանգվածաբար կազմակերպում են «մեկօրյա զորակոչ»՝ բանակ ուղարկելով ծանր հիվանդություններ ունեցողներին և այլ մարզերից այցելուներին։ Ռուսաստանից զորակոչիկներին դեռ չեն ուղարկում Ուկրաինա լայնամասշտաբ պատերազմի։ Բայց մոբիլիզացիոն հանձնաժողովների հետ դատական ​​վեճերի թիվը 2022 թվականի համեմատ եռապատկվել է և մոտենում է հազար դեպքի։ BBC-ն պատմում է, թե ինչպես է Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունենում զինվորական զորակոչ, որը իրավաբաններն անվանում են անօրինություն։

Հոկտեմբերի 23-ի վաղ առավոտյան Մոսկվայի մերձակայքում գտնվող հանրակացարաններից մեկի շենքը բառացիորեն շրջափակվել է ռուսական գվարդիայի ավտոբուսներով։ Շենք են մտել մոտ մեկ տասնյակ մարդ՝ վարչության ու զինկոմիսարիատի աշխատակիցներ։ Նրանք առանց թակելու մտել են սենյակներ և, առանց ներկայանալու, տղամարդկանցից պահանջել են տրամադրել անձնագրեր և զինգրքույկ։

«Ես նույնիսկ չհասցրեցի արթնանալ», – հիշում է 21-ամյա Ռադոմիրը (հերոսների անվտանգության համար ժամկետային զինծառայողների և նրանց հարազատների անունները փոխվել են): -Ոչ ոք չբացատրեց, թե ինչ է կատարվում։ Ինձ ու հարեւանիս հանեցին սենյակիցս, ամբողջ հանրակացարանից՝ յոթ զինվորական տարիքի, դեռ չծառայածներին։ Մեզ ստիպողաբար նստեցրին ավտոբուս ու տարան անհայտ ուղղությամբ»։

Դեպքից ընդամենը մի քանի շաբաթ առաջ Ռադոմիրը Դոնեցկից ժամանել է Մոսկվա՝ ռոտացիոն սկզբունքով աշխատելու։ Նա նախկինում սովորել էր քոլեջում և չէր զորակոչվել զինվորական ծառայության։ Նրա միակ անձնագիրը ռուսական է։

Զորակոչային ամբողջ քարոզարշավն իրականացվում է «զորակոչ մեկ օրում» սկզբունքով. եթե անձը հայտնվում է զինկոմիսարիատում, երեկոյան նա արդեն հավաքակայանում է՝ մինչև զորամաս ուղարկելը, BBC-ին հայտնել են ռազմական իրավունքի փորձագետ Ալենա Սավելևան «Kaloy.ru» փաստաբանական գրասենյակից» և «Կոչ խղճի» իրավապաշտպան կոալիցիայի իրավաբանը, ով խնդրեց անանուն մնալ:

Զինվորական տարիքի տղամարդկանց բռնում են փողոցում, մետրոյում, առևտրի կենտրոններում, նրանց հետեւից գալիս են ակումբներ ու բանվորական հանրակացարաններ։ Մայրաքաղաքում գրանցված են մարդիկ, ովքեր Մոսկվայում չեն ապրում և աշխատում են հերթափոխով։

Հոկտեմբերից ամբողջ Ռուսաստանում ռեյդեր են եղել աշխատանքային միգրանտների նկատմամբ, ովքեր ստացել են ռուսական անձնագրեր: Նրանցից ոմանք դիմել են իրավապաշտպանների օգնությանը, սակայն չեն համարձակվել բողոքարկել կոչը դատարանում։ «Մարդիկ պարզապես գնացին ծառայելու», – ասում է «Խղճի կոչի» փաստաբանը: «Հարձակումների քանակն իր մասշտաբով աննախադեպ է, անցած տարի մենք նման չափի կամայականություն չենք նկատել»։

Տարբեր կազմակերպությունների իրավապաշտպանները, ըստ նրա, արդեն հարյուրավոր հարցումներ են ստացել, և բոլորը, ովքեր կապ են հաստատել, հայտնել են, որ իր կողքին այլ մարդիկ են նույն վիճակում։ Սա նշանակում է, որ խոսքը հազարավոր դեպքերի մասին է։

Շարունակությունը BBC-ում

Բաքուն ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող

Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում մշտական ներկայացուցչությունն է, հրապարակել է ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի հաղորդագրությունը Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական նշանակալի վայրերի վիճակի մասին, հաղորդում է 1lurer.am-ը:

ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողն Ադրբեջանին ուղղված հաղորդագրության մեջ մտահոգություն է հայտնել «հայկական պատմական, մշակութային և կրոնական նշանակալի վայրերի և օբյեկտների ոչնչացման և յուրացման շարունակական գործունեության, հայերի ներկայության հետքերը ջնջելու նպատակով Լեռնային Ղարաբաղի պատմության կազմակերպված վերաիմաստավորման, ինչպես նաև տարածաշրջանում հայերի նկատմամբ խտրականության և մարդու իրավունքների ու միջազգային մարդասիրական իրավունքի միջազգային չափանիշների խախտմամբ իրականացվող ճնշումների վերաբերյալ:

«Ինձ հատկապես անհանգստացնում են այն պնդումները, որ մարդկանց, հուշարձանների և խորհրդանիշների վրա համակցված հարձակումները, պատմության կեղծումը, տեղանունների ջնջումն ու հայերի մասին բացասական խոսակցությունները կարող են վերածվել մշակութային զտումների»,- ասել է ՄԱԿ-ի զեկուցողը:

Նա ընդգծել է, որ Միջազգային դատարանը, Եվրախորհրդարանը և Եվրոպայի խորհուրդը մտահոգություն են հայտնել Ադրբեջանում զարգացող գաղափարախոսության կապակցությամբ, որը հայկական մշակութային ժառանգությունը փորձում է ներկայացնել որպես «կովկասյան ալբանացիների» ժառանգություն, ինչպես նաև հայկական ժառանգության ժխտման ռևիզիոնիստական միտման կապակցությամբ:

«Տարածաշրջանի արվեստի, ճարտարապետության և հնագիտության փորձագետների ճնշող մեծամասնությունը հերքել է ռևիզիոնիստական պնդումները՝ դրանք համարելով կեղծ»,- նշված է զեկուցողի հաղորդագրության մեջ: Նա ընդգծել է, որ «2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքն արգելափակվել է՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները (6-րդ կետ): Ճանապարհների փակման հետևանքով 120.000 մարդ մեկուսացվել և զրկվել է տարբեր ապրանքներից և ծառայություններից, ինչը ստեղծել է մարդասիրական ճգնաժամ ու կործանարար հետևանքներ ունեցել մարդու բազմաթիվ իրավունքների վրա։ Այսպիսով, ճգնաժամը կլինի հայերի նկատմամբ Ադրբեջանի խտրական մոտեցման ուղղակի դրսևորումը։ Հենց որ տարածաշրջանը մաքրվի էթնիկ հայերից, կհաստատվի, որ Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները»,- եզրափակել Է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը։

Այվազյան․ Արցախը կա եւ պետք է մնա։ Մենք չպետք է կասկածենք դրա վերաբերյալ

«Այո՛, ժամանակին տարբեր կարծիքներ կային՝ վերամիավորում կամ Արցախի անկախություն։ Ես ասել եմ, որ անկախության ճանապարհը գնում է ճանաչման միջոցով։ Եվ ուրեմն, եթե որեւէ մեկը այստեղ՝ Ազգային ժողովում կասկածում է, որ Հայաստանի Հանրապետությունը մտածում է՝ Արցախը գոյություն չունի, սխալվում է, Արցախը գոյություն ունի։ Հայաստանի հետ միավորված, թե առանձին՝ Կոսովոյի օրինակով, Արցախը գոյություն ունի եւ կլինի։ Դրանում չենք կասկածում, որովհետեւ իրավագիտական հիմքեր կան դրա վերաբերյալ։ Արցախը կա եւ պետք է մնա։ Մենք չպետք է կասկածենք դրա վերաբերյալ»,- այսօր Ազգային ժողովի շենքի մոտ Արցախի եւ Հայաստանի վերամիավորման որոշման կատարման պահանջով հավաքի ժամանակ ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը։

Հիշատակելով Արցախի եւ Հայաստանի վերամիավորման որոշումը՝ Գրիգորի Այվազյանն ասաց, որ Արցախն ու Հայաստանը մեկ միավոր են։ «Եթե որեւէ մեկը կասկածի տակ է դնում վիրավոր Արցախի Հանրապետության գոյությունը, դա իրենց խնդիրն է։ Մենք պետք է հասկանանք, որ գոյություն է ունեցել եւ գոյություն ունի Արցախի Հանրապետությունը։ Որպես պատմաբան՝ ես ուզում եմ ասել, որ վերամիավորման որոշումը, եթե ընդունվել էր, մենք պետք է շարժվեինք այդ ուղղությամբ։ Բայց եթե կա ուրիշ տարբերակ, դա էլ կարող ենք քննարկել։ Մենք պայքարում ենք մեր ազգի համար, որի սահմանն Արցախն է։ Պետք է հիշենք նաեւ, որ ցեղասպանություն է եղել ու կա։ Ցեղասպանությունը մինչեւ հիմա շարունակվում է Արցախի պատմական հուշարձանների նկատմամբ, դա անընդունելի է։ Ես կարծում եմ՝ մենք ընդունակ չենք դա մարսել»,- հավելեց Այվազյանը։

Դեկտեմբերի 1-ի փաստի դեմ փաստարկներ չկան՝ ավելի հեշտ է փոխել Անկախության հռչակագիրը

Դեկտեմբերի 1-ին հայաստանյան լրատվամիջոցները, քաղաքական գործիչները, քաղաքագետները հիմնականում քննարկում էին արբանյակը, որը վերջապես պետք է արձակվի, ինչպես նաև Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիների թանկացումը։

Հայկական լրատվամիջոցները, յուրաքանչյուրն իր պատճառներով, այդպես էլ չեն անդրադարձել կարևոր ամսաթվի. 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Խորհրդային Հայաստանի և Արցախի խորհրդարանների կողմից վերամիավորման վերաբերյալ համատեղ որոշում է կայացվել, որը հիմք է հանդիսացել Հայաստանի Անկախության հռչակագրի և Սահմանադրությանը։ Այսօր այս առիթով անկախությանն ու ազգային շահերին հավատարիմ հայ գործիչները, այդ թվում՝ Հրանտ Խաչատրյանը, Պարույր Հայրիկյանը, Լարիսա Ալավերդյանը, հանրահավաք են անցկացրել խորհրդարանի դիմաց՝ պահանջելով իրականացնել 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշումը։ Բայց ակցիան, ինչպես դեկտեմբերի 1-ի որոշման թեման, պարզվեց՝ խորը տաբուի տակ է։ Եթե փաստի դեմ հակափաստարկ չկա, պետք է խոսել ավտոկայանատեղերից։

Հիմա այն փաստերի մասին, որոնց դեմ փաստարկներ չկան։

«Լրագիր» թերթը գրում է, որ Սամվել Շահրամանյանի՝ Արցախի պետական ​​կառույցները լուծարելու մասին հրամանագրից հետո, Արցախի կարգավիճակի մասին միակ փաստաթուղթը 1989 թվականի դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումն է մնացել։ Այս փաստի դեմ փաստարկ կա՞։ Ալմա-Աթայի հռչակագիրը, որը նույնիսկ Թուրքմենստանում ծիծաղ է առաջացնում, հաշիվ չէ:

Հրանտ Խաչատրյանը կարծում է, որ «հայ ժողովուրդը պետք է վերադառնա իր արմատներին, որոնք կոչվում էին Արցախյան շարժում»՝ նշելով, որ այս շարժման վրա է հիմնված Հայաստանի անկախությունն ու պետականությունը։ Այս փաստի դեմ նույնպես փաստարկներ չկան. ո՞վ կարող է պնդել, որ Հայաստանի հիմնադիր փաստաթղթերը՝ Անկախության հռչակագիրը և Սահմանադրությունը, կառուցված չեն Արցախյան շարժման և հայ ժողովրդի և իր տարածքների վերամիավորման իրավունքի վրա։

Բաքուն և Անկարան են պնդում։ Ինչպես ասում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը, «Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը փոխի Անկախության հռչակագիրը, որտեղ նշված է այս փաստաթուղթը։ Միանգամայն հնարավոր է, որ Հայաստանը գնա նման քայլի՝ փոխելով նախաբանը և հանելով վերամիավորման մասին հիշատակումը։ Թեեւ Անկախության հռչակագիրը չի կարող փոփոխվել, սակայն այն կարելի է դուրս բերել Սահմանադրությունից»։

Այսինքն՝ Հայաստանը պատրաստ է փոխել իր հիմնադիր փաստաթղթերը, քանի որ այլ փաստարկներ չկան Հայաստանի և Արցախի վերամիավորման փաստի դեմ՝ որպես հայկական պետականության հիմք։ Այսպիսով, պետականության շենքի տակից կհանվի պատվանդանը, և շենքն անխուսափելիորեն կփլուզվի։

Մանվել Սարգսյանը կարծում է, որ Արևմուտքը ԼՂ խնդիրը լուծված չի համարում. «Ադրբեջանը միջազգային ճանաչում ստացավ 1992 թվականին՝ ճանաչելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի արկայությունը և պարտավորվելով մասնակցել խնդրի միայն խաղաղ լուծմանը։ Այդ պարտավորությունը նրա կողմից մեկ անգամ չէ, որ խախտվել է. այս մասին նրան հիմա հիշեցնում են բոլոր կողմերից։ Ըստ այդմ, քչերն են ճանաչում խնդրի ռազմական լուծումը։ Ստիպված ենք լինելու վերադառնալ խնդրի իրավական հիմքերին»,- կարծում է նա։ Եվ սա փաստ է, որի դեմ նույնպես փաստարկներ չկան։

«Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում, չկա և չպետք է լինի. Այն ամենը, ինչ կատարվում է, ուղղակի զավթում է ագրեսիայի արդյունքում։ Եվ այս օկուպացված տարածքները, խոսքը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև հարակից տարածքների մասին է, որոնց մի մասը ժամանակին կարողացել ենք ազատագրել, միջազգային իրավունքի տեսանկյունից չեն պատկանում Ադրբեջանին»,- ասել է Լարիսա Ալավերդյանը։ ճիշտ է ասում։ Առարկություններ կա՞ն:

Պարույր Հայրիկյանի խոսքով՝ «Հայաստանի իշխանություններն այսօր պետք է հրավիրեին օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչներին ու ասեին. «Դուք ժողովրդավարությունը համարում եք քաղաքակրթության բարձրագույն արժեքը, տեսեք, թե ինչ գեղեցիկ ժողովրդավարական քայլ է արվել Խորհրդային Միության տարիներին։ Եվ այս ժողովրդավարական քայլի դեմ ցանկացած գործողություն ցեղասպանություն է։ Այն ժամանակ դա ինքնորոշման ակտ էր՝ Արցախն ու Հայաստանը որոշեցին մեկ պետություն դառնալ։ Բոլոր նրանք, ովքեր դեմ են դրան, լինի դա արևմուտքում, թե արևելքում, ցեղասպանության հեղինակներ են»:

Ժողովրդավարության կեղծ պաշտպանները փաստարկ ունե՞ն այս փաստի դեմ։

«1989-ին Արցախը ցույց տվեց, թե ինչպես է հնարավոր՝ օգտագործելով պետականության վերականգնման, պետականության ստեղծման և ինքնապաշտպանության պատմական փորձը, պաշտպանել սեփական իրավունքները և ապահովել անվտանգությունը»,- ասում է Դավիթ Կարաբեկյանը։ Նա կարծում է, որ Հայաստանը, Արցախը և ողջ հայությունն այժմ ապրում են նույն փորձությունները, ինչ 1988-1991թթ.։

Ամեն դեկտեմբերի 1-ի խլացուցիչ լռությունը միայն մի բան է ասում՝ արցախյան հիմքը հայկական պետության տակից հանվում է միտումնավոր, խնամքով թաքցնելով հասարակությունից ու ապագա պատմաբաններից։

Նաիրա Հայրումյան

Տիգրան Գրիգորյան. Հայաստանը կարող է փոխել նախաբանը և հանել Արցախի հետ վերամիավորման մասին հիշատակումը

Մինչև վերջին իրադարձությունները ոչ ոք լուրջ չէր վերաբերվում Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման փաստաթղթին։ Եվ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի լուծարումը եւ Հայաստանի իշխանությունների ներկայիս դիրքորոշումը, անիմաստ է նման թեմաների քննարկումը, առավել եւս՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը։

Այս կարծիքը Step1.am-ի հետ զրույցում հայտնեց Ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ մեկնաբանելով դեկտեմբերի 1-ի որոշումը։

Նա հավելել է, որ «ոչ ոք չի ճանաչել Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման որոշումը որպես միջազգային փաստաթուղթ, ինչպես որ չեն ճանաչել անկախության հռչակումը և հանրաքվեն»։ «Բայց ամենահետաքրքիրն այն է, թե խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ի՞նչ են անելու։ Որովհետև Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը փոխի Անկախության հռչակագիրը, որտեղ նշված է այս փաստաթուղթը։ Միանգամայն հնարավոր է, որ Հայաստանը գնա նման քայլի՝ փոխելով նախաբանը և հանելով վերամիավորման մասին հիշատակումը։ Թեեւ Անկախության հռչակագիրը չի կարող փոփոխվել, սակայն այն կարելի է դուրս բերել Սահմանադրությունից։

Կարծել, որ որոշ փաստաթղթեր՝ նոր թե հին, կարող են փոխել իրավիճակը գետնի վրա, միամտություն է։ Հարցը փաստաթղթերի մեջ չէ, այլ այն իրողությունների, որոնք մենք ունենք, և այդ իրողությունները փաստաթղթերով փոխելն ուղղակի անհնար է։ Իսկ միջազգային իրավական առումով վերամիավորման փաստաթուղթը երբեք ակտուալ չի եղել։ Թերևս ներքաղաքական համատեքստում, այն էլ միայն մինչև 90-ականների սկիզբը։ Այն բանից հետո, երբ որոշում կայացվեց գնալ անկախության ճանապարհով, այս փաստաթուղթը կորցրեց իր նշանակությունը նույնիսկ ներհայկական համատեքստում»։

Մանվել Սարգսյան. Ինչ-որ պահի ԼՂ հիմնախնդրի ի հայտ գալու քաղաքական և իրավական հիմքերը կարող են ակտուալ դառնալ

Հայաստանի Անկախության հռչակագիրը և Սահմանադրությունը հիմնված են 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշման վրա։ Ճիշտ է, 1991 թվականին ԽՍՀՄ փլուզման նախօրեին Լեռնային Ղարաբաղը հանրաքվե անցկացրեց և հռչակեց իր անկախությունը։ Իսկ տեղի ունեցած երկու պատերազմները և, որպես հետևանք, Լեռնային Ղարաբաղի հայաթափումը ձևավորեցին ծայրահեղ անորոշ քաղաքական և միջազգային իրավական իրավիճակ։ Այս մասին Step1-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Ղարաբաղյան շարժման նախաձեռնողներից Մանվել Սարգսյանը՝ մեկնաբանելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ-ի և ԼՂ-ի վերամիավորման մասին որոշումը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը և եվրոպական միջազգային կառույցները Ադրբեջանին մեղադրում են էթնիկ զտումների մեջ և դատապարտում են ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ։ «Նրանք պահանջում են, որ Ադրբեջանը պայմաններ ստեղծի հայերի հայրենիք վերադառնալու համար, ինչպես նաև պահանջում է ձեռնպահ մնալ հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց։ Այսինքն՝ ԼՂ խնդիրը լուծված չի համարվում։ Եվ չնայած Հայաստանը ձգտում է չսրել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի քննարկման ժամանակ, այնուամենայնիվ, պետք է ինչ-որ միջազգային կոնսենսուս առաջանա Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ։ Ոչ ոք լուրջ չի ընդունում Ադրբեջանի մշտական ​​պնդումները, թե Լեռնային Ղարաբաղ չկա»։

Ըստ այդմ, նշել է քաղաքագետը, ինչ-որ պահի ԼՂ հիմնախնդրի ի հայտ գալու քաղաքական և իրավական հիմքերը կարող են արդիական դառնալ, քանի որ Ադրբեջանը ուժի ապօրինի կիրառմամբ իրականացրել է Արցախի Հանրապետության լուծարումը։ «Չպետք է մոռանալ, որ 1992 թվականին ստանալով միջազգային ճանաչում՝ Ադրբեջանը ԵԱՀԿ-ի շրջանակներում միջազգային կոնֆերանսի ժամանակ ճանաչեց ԼՂ կարգավիճակի խնդրի առկայությունը։ Միաժամանակ նա պարտավորվել է իրականացնել խնդրի միայն խաղաղ լուծումը։ Այդ պարտավորությունը նրա կողմից մեկ անգամ չէ, որ խախտվել է. այս մասին նրան հիմա հիշեցնում են բոլոր կողմերից։ Ըստ այդմ, քչերն են ճանաչում խնդրի ռազմական լուծումը։ Այսպիսի իրավիճակ է այսօր։ Ստիպված ենք լինելու վերադառնալ խնդրի իրավական հիմքերին։ Պետք է նկատի ունենալ, որ մենք ապրում ենք հին աշխարհակարգի կազմաքանդման ժամանակաշրջան, երբ փլուզվում է ժողովուրդների քաղաքական գոյության ողջ համակարգը»։

Լարիսա Ալավերդյան․ Այսօր էլ Արցախի ու Հայաստանի վերամիավորման որոշումը նույնչափ արդիական է, ինչպես 1989 թվականին էր

«Միասին» հասարակական-քաղաքական շարժումն այսօր Ազգային ժողովի մոտ հավաք անցկացրեց՝ Արցախի եւ Հայաստանի վերամիավորման որոշման կատարման պահանջով։ Այդ մասին հայտնում է step1.am-ի թղթակիցը։

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ այսօր էլ Արցախի ու Հայաստանի վերամիավորման որոշումը նույնչափ արդիական է, ինչպես 1989 թվականին էր։ «Այսօր մենք ունենք ամեն ինչից անտեղյակ, միջազգային իրավունքը ոտնահարող իշխանություններ։ Արդյո՞ք մենք պետք է ղեկավարվենք այդ անտեղյակ խմբի տեսակետներով։ Ասում են՝ խաղաղություն պետք է լինի։ Բայց խաղաղությունը չի կարող հիմնված լինել ոչ ճշմարիտ գաղափարների վրա, միայն ճշմարտությունն է իրական խաղաղության հիմքը։ Այն անձինք, ովքեր ասում են, որ՝ մեզ համար փակված է Արցախի հարցը, իրենք ճիշտ են ասում, իրենց համար փակված է, բայց նրանք ուղղակի խեղաթյուրում են մի շատ կարեւոր բան՝ իրենք իրենց նույնացնում են թե՛ պետության, թե՛ ժողովրդի հետ։ Ո՛չ ժողովրդի մեջ, ո՛չ պետության մակարդակով մենք չունենք որեւէ որոշում, որտեղ ասվում է, որ Հայաստանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս։ Այս հայտարարությունները կրում են զուտ անձնական բնույթ։ Ո՛չ Ազգային ժողովի մակարդակով, ո՛չ կառավարության, ո՛չ էլ Սահմանադրական դատարանի մակարդակով չկա այդպիսի որոշում»,- նշեց Ալավերդյանը։

Նա հայտարարեց, որ ազգային ազատագրական պայքարն ավարտված չէ։ «Արցախը Ադրբեջանի մաս չէր, չէ եւ չպիտի լինի։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում, պարզ ագրեսիայի հետեւանքով ուղղակի նվաճումներ են։ Եվ ահա այդ օկուպացված տարածքները, խոսքը ոչ միայն ԼՂԻՄ-ի մասին է, այլ նաեւ նրա շրջակա տարածքների մասին, որոնց մի մասը հասցրել ենք այն ժամանակ ազատագրել, դրանք միջազգային իրավունքի առումով չեն պատկանում Ադրբեջանին։ Եվ այս առումով մեր պայքարն առջեւում է»։