Այսօր ՀՀ առաջին դեմքերը պիտի հրավիրեին օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներին եւ ասեին․․․

«Դեկտեմբերի 1-ը Սովետական միության բռնապետության ու դիկտատուրայի տարիներին շատ լուրջ ժողովրդավարական քայլ էր։ Այսինքն՝ Սովետական միության տարածքում առաջին անգամ որեւէ հանրապետություն եւ որեւէ վարչական միավոր համարձակվեց ինքնուրույն որոշում ընդունել, որի հետ Մոսկվան համաձայն չէր. Հայաստանն ու Արցախը վերամիավորվեցին»։ Այս մասին Ազգային ժողովի մոտ «Միասին» շարժման հավաքի ժամանակ ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։

«Հայաստանի իշխանությունները կարծես թե պատմություն ունեցող ժողովրդի ներկայացուցիչ չեն։ Այսօր ոչ թե պետք է այստեղ միջոցառում կազմակերպվեր, ՀՀ առաջին դեմքերը պիտի հրավիրեին օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներին եւ ասեին՝ դուք մեր քաղաքակրթության բարձրագույն արժեքը ժողովրդավարությունն եք համարում, տեսեք՝ Սովետական միության տարիներին ինչ գեղեցիկ ժողովրդավարական քայլ է արվել։ Եվ ի հակադրություն այդ ժողովրդավարական քայլի կատարված որեւէ գործողություն ցեղասպանություն է։ Այն ժամանակ դա ինքնորոշման գործողություն էր. ներկայացուցչական մարմնի միջոցով Արցախն ու Հայաստանը միասին ինքնորոշվեցին, որ դառնում են մեկ պետություն։ Դրա հակադրվող բոլորը՝ Արեւմուտքից կլինեն, թե Արեւելքից, նրանք բոլորը ցեղասպանություն իրականացնողներ են», – հայտարարեց Հայրիկյանը։

Ըստ նրա՝ Արցախի հետ տեղի ունեցածը չգիտես ինչու կոչում են «էթնիկական զտում»։ «Բայց բազմաթիվ մասնագետներ հայտարարել են՝ միջազգային իրավունքում «էթնիկական զտում» եզրույթ չկա, կա «ցեղասպանություն»։ Ազգային պատկանելության հիման վրա տեղի ունեցող նույնիսկ էթնիկ զտումը դա ցեղասպանություն է։ Մենք չպետք է տրվենք իրավիճակի թելադրանքներին, մենք չպետք է ճիշտ համարենք վախվորածությամբ ընդունվող որոշումներն ու դիրքորոշումները։ Այսօր բարձրագույն նպատակ են հայտարարել Հայաստանի անկախության պահպանումը։ Այ փոքրիկ, դու ո՞վ ես, որ Հայաստանի անկախության մասին ընդհանրապես խոսես։ Անկախության համար պայքարողները հասցրել են քեզ այս հանգրվանին, որ Հայաստանը դառնա միջազգային իրավունքի ենթակա։ Դու միջազգային իրավունքի ենթակա պետությունը դարձրիր խամաճիկ, բռնապետ Ալիեւի կամակատար։ Երբեւէ դուք լսե՞լ եք, որ նա որեւէ ամբիոնից ասի՝ դուք առաջարկում եք, որ ես բռնապետի հետ խաղաղության պայմանագի՞ր կնքեմ։ Ինչեւէ, ես շնորհավորում եմ մեր ժողովրդին, որ 1988 թվականի փետրվարի 20-ի արցախյան հատվածի ինքնորոշման որոշումից 1.5 տարի հետո նաեւ մակարդակ դրսեւորեցին եւ եւս մեկ անգամ հայ ժողովրդի ինքնորոշման գործողություն իրականացրին»,- ասաց Հայրիկյանը՝ կոչ անելով շարունակել պայքարը՝ հանգրվանին հասնելու համար։

Կարաբեկյան. Ինչպես այն ժամանակ, Ադրբեջանի ճնշման տակ Մոսկվան մեզ ստիպեց լուծարել պետական ​​մարմինները, բայց հետո նորերը ստեղծեցինք

Իշխանություններն ու հասարակությունը ի վիճակի չեն ճիշտ քաղաքականություն իրականացնել Արցախի հարցում և ազգային այլ կարևոր հարցերում։ Step1.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, սոցիոլոգ Դավիթ Կարաբեկյանը։

«Օրենքը, հատկապես միջազգային իրավունքը, անբեկանելի է։ Քանի դեռ գոյություն ունի միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի ժամանակակից համակարգը, Արցախի և Հայաստանի իրավունքները, ներառյալ ինքնորոշումը, շարունակում են գործել։ Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից ապօրինաբար բռնազավթած պատմական տարածքի նկատմամբ Հայաստանի, նաև Արցախի ինքնորոշման իրավունքի իրականացումը հիմնված է համայն հայության շահերի վրա. սա հայոց պետականության վերականգնման և վերաստեղծման խնդիր է»,- այս կարծիքը Դավիթ Կարաբեկյանը հայտնեց՝ մեկնաբանելով Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի համատեղ որոշումը։

«1989-ին Արցախը ցույց տվեց, թե ինչպես է հնարավոր՝ օգտագործելով պետականության վերականգնման, պետականության ստեղծման և ինքնապաշտպանության պատմական փորձը, պաշտպանել սեփական իրավունքները և ապահովել անվտանգությունը»։

Նա կարծում է, որ Հայաստանը, Արցախը և ողջ հայությունն այժմ ապրում են նույն փորձությունները, ինչ 1988-1991 թթ.. «Թուրքիայի և Ադրբեջանի շրջափակումը և ագրեսիայի այլ ակտերը, տեղահանությունը, դաշնակիցների դավաճանությունը, գլոբալ վերափոխման սկիզբը և հայկական անկախ պետությունների ստեղծումը։ Ինչպես այն ժամանակ, Ադրբեջանի ճնշման տակ, Մոսկվան մեզ ստիպեց լուծարել պետական ​​մարմինները, բայց հետո նորերը ստեղծեցինք»։

Անդրադառնալով այսօրվա իրողություններին, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ «ո’չ Արցախի իշխանությունները, ո’չ Հայաստանի իշխանությունները, ո’չ հայ հասարակությունը ի վիճակի չեն ընտրել և իրականացնել ճիշտ ռազմավարություն և մարտավարություն Արցախի հարցում և ազգային քաղաքականություն այլ կարևոր հարցերում»։

«Մենք կարող ենք համաձայնվել Հայաստանի և Արցախի իշխանությունների հետ միայն մեկ բանում՝ խախտելով հռչակած նորմերը և սկզբունքները, զոհաբերելով դրանք ազդեցիկ պետությունների շահերին, կիրառելով երկակի ստանդարտներ և ընտրողականություն (մասնավորապես՝ ԵԱՀԿ մանդատի շրջանակը և նրա կառույցները ղարաբաղյան կարգավորման հարցում), միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունները և նրանց անդամները հանգեցրին ոչ միայն լարվածության սրմանը և ողբերգական հետևանքների ադրբեջանա-ղարաբաղյան դիմակայության գոտում, այլև հակասությունների և լարվածության սրմանը աշխարհի այլ տարածաշրջաններում»։

Դեկտեմբերի 1-ի միացումի որոշման գաղափարն առաջին անգամ հրապարակում հայտնեց Իգոր Մուրադյանը․ ցույց ԱԺ-ի մոտ

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն այսօր Ազգային ժողովի մոտ հավաք անցկացրեց՝ Արցախի եւ Հայաստանի վերամիավորման որոշման կատարման պահանջով։ Այդ մասին հայտնում է step1.am-ի թղթակիցը։

Գերագույն խորհրդի պատգամավոր Հրանտ Խաչատրյանն իր ելույթում ասաց. «Հայաստանի եւ Արցախի վերամիավորման պայքարը 1960-ական թվականներին ընթացել է։ Դրանից առաջ ընդհատակում են եղել նման խոսակցությունները։ Բայց 1960-ական թվականներից մարդիկ միշտ իմացել են, որ Արցախը, Նախիջեւանը, էլ չեմ ասում՝ ցեղասպանությունից հետո Արեւմտյան Հայաստանը հայերից բռնազավթվել է ուժի կիրառմամբ եւ պատերազմների միջոցով, ցեղասպանության գնով։ Դեկտեմբերի 1-ի որոշման գաղափարն առաջին անգամ հրապարակում շատ մարդկանց ներկայությամբ հայտնեց Իգոր Մուրադյանը՝ Արցախի դիմումից հետո, երբ ստորագրահավաք էր անցկացվել Հայաստանին վերամիավորվելու պահանջով։ Եվ այդ գաղափարը իրականացվում էր «միացում» կարգախոսի ներքո։ Իգոր Մուրադյանը շատ շուտ իջեցվեց ամբիոնից, բայց գաղափարը մնաց մինչեւ 1988 թվականի դեկտեմբեր։ Ողջ հայ ժողովուրդը հավաքվում էր Երեւանի կենտրոնական հրապարակներում եւ պահանջում էր Գերագույն խորհրդի նստաշրջանի՝ վերամիավորման մասին որոշում ընդունելու համար։ Մենք վստահ էինք, որ այդ նստաշրջանը լինելու էր»։

Նրա խոսքով՝ փաստ է, որ 1990 թվականի իշխանափոխությունից հետո այդ որոշումը մղվեց հետին պլան։ «Դրա վրա դրվեց ծանր կնիք, եւ մինչեւ 1991 թվականի աշուն Արցախում անցկացվեց առանձին հանրաքվե, հռչակվեց Արցախի Հանրապետությունը։ Ես չեմ կարող գոհունակություն հայտնել նախորդ երեք իշխանություններից, որոնք լռության են մատնել վերամիավորման մասին որոշումը։ Հռչակելով Արցախի Հանրապետությունը՝ երկրորդ պլան է մղվել այն հանգամանքը, որ արցախցիները երեք տասնամյակից ավելի համարվել են ՀՀ քաղաքացիներ։ Դիմում եմ հայ ժողովրդին, բոլոր ուժերին՝ մինչեւ հայ ժողովուրդը չվերադառնա իր այն ակունքներին, որը կոչվում էր Արցախյան շարժում եւ հետագայում վերածվեց անկախության շարժման, եւ Հայաստանը դարձավ անկախ պետություն, մենք չենք կարող առավելագույնս օգտագործել մեր ազգի ռեսուրսները, հավաքական ուժը եւ անընդհատ դժգոհելու ենք սրանից-նրանից»։

Lragir. Դեկտեմբերի 1-ի որոշում․ Իրադրությունը կտրուկ շրջելու հնարավորություն կա

1989 թ․ դեկտեմբերի 1-ին ընդունվեց Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի որոշումը Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ Որոշման կարգավիճակը մինչ օրս, ըստ ՀՀ պետական իրավական ակտերի հարթակի, գործող է, այսինքն՝ այն իրավական ուժ ունի։

Որոշման ընդունումից հետո այն անմիջապես էլ մոռացության մատնվեց ՀՀ իրար հաջորդող դրածո վարչակազմերի կողմից, որոնք ընդունակ չեղան, ավելի ճիշտ՝ արտաքին պահանջով չիրագործեցին այս որոշումը, մտնելով այսպես կոչված բանակցային գործընթացի մեջ եւ մսխելով հայկական հաղթանակի ռազմական ու քաղաքական, չվախենանք ասել՝ աշխարհաքաղաքական արժեքը։

Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախի վերաբերյալ վերջին եւ միակ օրինական իրավական ակտը հենց վերամիավորման որոշումն է։ Ճակատագրի ինչպիսի հեգնանք հայկական ծախու եւ դեգեներատիվ իշխանաընդդիմադիր քաղդասի համար, որը խնամքով խուսափում է 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշման անգամ հիշատակումից։

Հայկական ԽՍՀ ԳԽ եւ Լեռնային Ղարաբաղի ԱԽ 1989 թ. դեկտեմբերի 1-ի վերամիավորման մասին որոշումը եւ 1991 թ. սեպտեմբերի 2-ի ԼՂ մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների ԼՂ (Արցախի) Հանրապետության անկախության հռչակումը որոշակի իրավական բախման մեջ են գտնվում: Դրությունը չի շտկում անգամ 1991 թ. սեպտեմբերի 2-ի հռչակագրով ԼՂՀ՝  հատկապես ԽՍՀՄ-ից անջատվելու հանգամանքը, քանի որ մարզը 1989 թ. դեկտեմբերի 1-ից արդեն մաս էր 1990 թվականի օգոստոսի 23-ին իր ԳԽ կողմից «Հայաստանի անկախության մասին հռչակագիր» ընդունած եւ դեպի անկախություն գնացող Հայկական ԽՍՀ-ի:

Իրավական բախումը վերացնելու միջոց կարող էր լինել ԼՂՀ կարգավիճակի փոփոխությունը, որի օրինակն է նախագահ Շահրամանյանի 2023 թ․ սեպտեմբեր 28-ի՝ մինչեւ 2024թ. հունվարի 1 հանրապետության պետական մարմինների լուծարման մասին հրամանագիրը:

Տրամաբանական կլիներ չչեղարկել այդ հրամանագիրը, այլ համալրել ԼՂՀ իշխանությունների, նախեւառաջ խորհրդարանի համապատասխան որոշմամբ՝ ի հաստատումն 1989 թ. դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշման եւ ԽՍՀՄ կազմից Ադրբ․ԽՍՀ դուրս գալու դեպքում ԼՂ՝ վերջինից անջատ լինելու 1991 թ․ սեպտեմբեր 2-ի հռչակագրի եւ լիակատար համաձայնությամբ 1992 թ․ Ալմաթիի հռչակագրի դրույթների հանդեպ ՀՀ վերապահումների հետ, համաձայն 2023թ, սեպտեմբեր 28-ի հրամանագրի ԼՂՀ պետական կառավարման մարմիններն ու գերատեսչական կազմակերպությունները որպես այդպիսիք լուծարելու եւ Հայկական ԽՍՀ իրավահաջորդ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մաս կազմելու մասին:

Շարունակությունը կայքում

Մենք չգիտենք, թե վաղն ինչ է կատարվելու աշխարհում, Արցախը վերադարձնելու հույսը միշտ կա. Ամերիկայի հայկական համագումար

Step1.am-ի զրուցակիցն է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը։

-Տիկի’ն Վարդանյան, Սփյուռքը օրակարգում պահո՞ւմ է Արցախի աջակցության հարցը։

-Սփյուռքը Արցախի ժողովրդին աջակցելու հարցը չի հանել օրակարգից։ Վերջին շրջանում դարձյալ աշխատանքներ են տարվում, եւ տեսնում ենք, թե ինչ նախագծեր կան կոնգրեսականների եւ սենատորների կողմից։

-Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ չեն ֆինանսավորելու Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը։ Սփյուռքը կարո՞ղ է այս ուղղությամբ ֆինանսավորում հատկացնել՝ Արցախի սուբյեկտայնությունը պահպանելու համար։

-Գոնե Ամերիկայի Սփյուռքը չի կարող այդպիսի քայլ անել, չի կարող փող հատկացնել, որ որեւէ պետության՝ կլինի դա Հայաստանը, Արցախը, թե եվրոպական այլ երկրի սուբյեկտայնությունը պահպանվի։ Եվ չի անելու, բայց Արցախի ժողովրդի համար օգնություն հատկացնելու հարցը մեր օրակարգում է։

Դուք հումանիտար աջակցության մասին եք խոսում, ես քաղաքական աջակցության հարցն եմ բարձրացնում։ Արցախի կարգավիճակի, սուբյեկտայնության հարցերն են առաջնահերթ։ Սփյուռքն այս հարցում ինչպե՞ս կարող է օգնել Արցախին։

-Լավ հարց է, եւ բոլորը դեռ մտածում են դրա մասին, թե ինչ կարելի է անել։ Բայց այստեղ կարեւորը Հայաստանն է։ Իսկ ի՞նչ է անելու Հայաստանը։

Հայաստանի իշխանությունը հրաժարվել է Արցախից, նրանք դա հայտարարել են, քաղաքական ոչ մի հարց չեն բարձրացնում, ասել են, որ չեն ֆինանսավորելու Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը։

-Սփյուռքի կողմից ձեր ասած աջակցության հարցը, իհարկե, հիմա քննարկվում է։ Բայց հիմա այն, ինչ կարող ենք անել, դա հումանիտար օգնության հետ է կապված։

Ինչո՞ւ Սփյուռքը չի կարող աջակցել, որ պահպանվեն Արցախի պետական ինստիտուտները, շարունակեն գործել։

-Մենք իրավունք չունենք այդպիսի բան անել, մեր կարգավիճակն այդպիսին է։ Ես հավաքական Սփյուռքի մասին չեմ կարող խոսել, տարբեր երկրներում տարբեր օրենքներն են, բայց ԱՄՆ հայկական համագումարի անունից կարող եմ ասել, որ այդ աշխատանքը չենք կարող անել։

Որպես հայ մարդ՝ ես հույս եմ կապում Արցախ վերադարձի հարցի հետ։ Տարիներ շարունակ ոչ ոք հավատ չուներ, որ ցեղասպանությունը կճանաչվեր, բայց ես միշտ էլ այդ հույսը փայփայում էի։ Երկար տարիներ հետո դա եղավ։ Մենք չգիտենք, թե վաղն ինչ է կատարվելու աշխարհում, հույսը միշտ կա։ Բայց հիմա, այս պահին այդ հարցի ոչ մի լուծում չեմ տեսնում։

Ես կարծում եմ, որ առաջին հերթին պետք է վերադարձնել Ադրբեջանի կողմից գերեվարված ու ձերբակալված անձանց։ Մենք չգիտենք, թե ինչ է կատարվում այդ ուղղությամբ, տեղեկատվությունը փակ է։ Հետեւաբար, չենք կարող ասել, որ ոչինչ չի կատարվում։

Հասմիկը հույս ունի, որ Երեւանում կվերաբացվի Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը

Հասմիկ Վարդանյանը ծնվել է 2002 թվականի հունիսի 7-ին Բերձորում։ Նրա մոտ խախտված է մկանային-կմախքային ֆունկցիան։ Բայց ֆիզիկական սահմանափակումները երբեք չխանգարեցին նրան:

Մանկուց նա բավականին ակտիվ կենսակերպ է վարել։ Սովորել է Բերձորի Վ.Զատիկյանի անվան թիվ 2 դպրոցում։ Իր հասակակիցների հետ հավասար նա ամեն օր հաճախում էր դպրոց՝ չնայած անջրպետ միջավայրի բացակայությանը և հայրենի քաղաքի քարքարոտ ճանապարհներին: Նա դասարանի լավագույն աշակերտներից էր։

Սիրում է ճանապարհորդել։ Համադասարանցիներիս հետ շրջել էի գրեթե ողջ Արցախով, մասնավորապես հաճախ էինք լինում Ջդրդուզում, Շուշիի երկրագիտական ​​թանգարանում, Տատիկ Պապիկի մոտ։ Ամեն տարի մայիսի 9-ին մասնակցում էին Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին։

Այժմ նա մեծ տխրությամբ հիշում է իր անհոգ դպրոցական տարիները, դասընկերներին ու ընկերներին, ովքեր ցրվել էին Հայաստանով մեկ 44-օրյա պատերազմից հետո, դպրոցի մոտ շքեղ ծաղկած ակացիայի ծառը, իր այգու ծաղիկների շքեղ բույրը, տունը, Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը, որտեղ վերականգնողական բուժում էր անցնում և որտեղ նրան միշտ շատ ջերմ են ընդունել։

«Տեղահանման պահից ի վեր ես ոչ մի տեղ վերականգնողական բուժում չեմ անցել։ Այսքան եզակի և բազմաֆունկցիոնալ կենտրոն Հայաստանի տարածքում չէի տեսել և իսկապես հույս ունեմ, որ Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը ժամանակավորապես կվերաբացի իր դռները Հայաստանում»,- ասում է Հասմիկը։

Դպրոցը մեծ հաջողությամբ ավարտելուց հետո ընդունվել է Արցախի պետական ​​համալսարան՝ տնտեսա-ֆինանսական ֆակուլտետ։ Սակայն 44-օրյա պատերազմի պատճառով նա չի կարողացել ավարտել ուսումը։

Այժմ ապրում է Արարատի մարզի Դարբնիկ գյուղում, ապագայում նախատեսում է եղբոր հետ ընտանեկան բիզնես բացել։ Նա երազում է վերադառնալ հայկական Արցախ.

Արսեն Աղաջանյան

Մենք չկարողացանք աշխարհին համոզել, որ հենց Արցախի Հանրապետությունն ու նրա Պաշտպանության բանակն են տարածաշրջանում կայունության երաշխավորը

Ադրբեջանի վրա աճող «ճնշման» և Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու, ուժ չկիրառելու իրենց պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրելու ֆոնին ակտիվ նախապատրաստություն է ընթանում այսպես կոչված Հայաստանի և ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մոտալուտ ստորագրմանը։

Հայաստանի իշխանությունների ցանկությունը՝ վերջապես հասնել բաղձալի խաղաղությանը, միանգամայն ակնհայտ է։ Սակայն ցանկություններն ու նկրտումները պետք է սնվեն իրական գործերով, որոնք կստիպեն այն երկրներին, որոնք նպատակ են դրել ոչնչացնել հայկական պետականությունը, ընդհանուր կարծիքի գալ այդ խաղաղության շուրջ։

Իսկ Հայաստանի գլխավոր «հաղթաթուղթը» այս հարցում պետք է լինի փախստականների խնդիրը, որոնք պարբերաբար հայտնվել են մեր երկրում՝ սկսած 1988 թվականից՝ 35 տարի շարունակ։

Բայց, ըստ երեւույթին, Հայաստանի իշխանությունները անկախության ողջ ընթացքում կրակի պես վախենում են այս թեմայից, եթե չասենք, որ այս թեման համարում են Հայաստանի բոլոր դժբախտությունների պատճառը։

Բայց փախստականների խնդիրն այն անկյունաքարն է, որի վրա Հայաստանը (ներառյալ Արցախը) կհենվի՝ խուսափելու կեղծ պատմություններից, որոնցով Ադրբեջանը բառացիորեն ստիպել է միջազգային հանրությանը բռնել իր կողմը և անտեսել հայերի իրավունքները ավելի քան երկու տասնամյակ:

Շատերը կասեն, որ համաշխարհային հանրությունը և նույնիսկ առանձին երկրներ առաջնորդվում են իրենց տնտեսական շահերով (նավթ, գազ, կապ և այլն)։ Սակայն հայկական կողմի դժբախտությունն այն է, որ մեր նորագույն պատմության բոլոր տարիների ընթացքում մենք չենք կարողացել աշխարհին համոզել, որ Արցախի Հանրապետություն կոչվող չճանաչված փոքր պետությունը և նրա Պաշտպանության բանակն են, որ կայունության երաշխավորն են տարածաշրջանում։

Այստեղ նորից միտք է առաջանում, թե որքան անհեռատես են եղել Հայաստանի բոլոր իշխանությունները, ովքեր որոշել են «բոլոր ձվերը դնել մեկ զամբյուղի մեջ» և ստեղծել անվտանգության համակարգ՝ կապված մեկ երկրի՝ Ռուսաստանի հետ։

Բայց այսօրվա իշխանություններն էլ ոչ ադեկվատ են գործում հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերներին։ Վերջին երեք տարիների ընթացքում Արցախից բռնի տեղահանվածների հասարակական կազմակերպությունները պնդում են, որ արցախցիների խնդիրները չի կարելի ներկայացնել որպես հումանիտար աղետ։ Չի կարելի շարունակել ասել, որ արցախցիները կորցրել են իրենց ունեցվածքը և դրա դիմաց պետք է փոխհատուցում ստանան, այո, սա շատ կարևոր է, բայց յուրաքանչյուրն, ով խոսում և քննարկում է Արցախի խնդիրը, պետք է պնդի, որ Արցախի ժողովուրդին ինքնորոշման իրավունքից զրկելն է հանգեցրել էթնիկ զտումների։

Բայց, ցավոք, հայ հասարակությունն ու իշխանությունները ադրբեջանական, թուրքական և ռուսական նարատիվների “դամն են պահում”՝ հարցը տեղափոխելով հումանիտար և մշակութային հարթություն։

Վերջերս ՀՀ Ազգային ժողովում բացվեց «Բաքվի պատմամշակութային հետքը» խորագրով ցուցահանդես (հարց է, թե  ինչո՞ւ այնտեղ): Այսինքն՝ դարձյալ Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների և ԽՍՀՄ ներքին զորքերի կողմից իրականացված ցեղասպանության մասին խոսելու փոխարեն շեշտը դրվում է պատմության և մշակույթի վրա, որոնք, մեծ հաշվով, ոչ մեկին չեն հետաքրքրում աշխարհում։

Հերթական քննարկումների ժամանակ զրույցներից մեկում լսեցի մի միտք. «Մենք ուզում ենք համոզել Ամերիկային, որն ունի 200 տարվա պատմություն, որ մենք բոլորից ավելի հին ենք։ Ոչ մեկին չի հետաքրքրում, թե ով էինք մենք հին ժամանակներում, պետք է աշխարհին համոզել, թե ով ենք մենք հիմա»։

Ավաղ, մենք շատ հետ ենք մնացել այս հարցում, և միայն իշխանությունները չեն, հայ հասարակությունը չի ուզում պայքարել իր իրավունքների համար, այստեղից են մեր բոլոր կորուստները։

Մարգարիտա Քարամյան

Հանրահայտ Նասիմ Թալեբը՝ երեւանյան համաժողովի հատուկ հյուր

ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ կայացավ «Գիտության և գործարարության օրեր-2023» ամենամյա համաժողովի բացման արարողությունը: Այդ մասին հայտնում է Step1.am-ի թղթակիցը։

Համաժողովի հատուկ հյուրն է՝ «Սև կարապ» և «Հակափխրունություն» բեսթսելերների հեղինակ, հայտնի գրող, հրապարակախոս, փիլիսոփա և գիտնական Նասիմ Նիկոլաս Թալեբը։

ԱՄՆ զգուշացրել է Թուրքիային

Բայդենի վարչակազմում պատժամիջոցների բաժնի ղեկավարը նախազգուշացրել է թուրք պաշտոնյաներին, որ երկիրը բռնություն է հրահրում երկու մայրցամաքներում՝ ծառայելով որպես ֆինանսական ապաստարան ՀԱՄԱՍ-ի համար և առևտրային կենտրոն ռուսական ռազմական մեքենայի համար:

Չնայած վերջին տասնամյակում ՀԱՄԱՍ-ի ֆինանսիստների դեմ ուղղված ԱՄՆ պատժամիջոցներին, Թուրքիան թույլ է տվել խմբի ներդրումային ընկերություններին, հոլդինգային ընկերություններին, անշարժ գույքի բրոքերներին և մի շարք այլ ձեռնարկությունների գործել Ստամբուլից դուրս, ասել են ամերիկացի պաշտոնյաները: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Թուրքիայի առևտուրը Ռուսաստանի հետ աճել է վերջին տարվա ընթացքում, չնայած արտահանման վերահսկմանը, որը նախատեսված է էլեկտրոնիկայի և այլ առևտրային ապրանքների հոսքը դադարեցնելու համար, որոնք Կրեմլին անհրաժեշտ են պատերազմը շարունակելու համար:

«Շատ վատ կլիներ, եթե ՀԱՄԱՍ-ի ցանկացած հարձակում կապված լինի Թուրքիայում տեղի ունեցած դրամահավաքի կամ օժանդակության հետ»,- ասել է Ֆինանսների նախարարության ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով տեղակալ Բրայան Նելսոնը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, թուրքական ընկերությունները և անհատները կարող են ենթարկվել պատժամիջոցների՝ Ռուսաստանին ապրանքներ և ծառայություններ տրամադրելու համար, որոնք արգելված են արտահանման արևմտյան հսկողությամբ, ասում են ամերիկացի պաշտոնյաները:

«Մենք հաստատակամ ենք ամեն ինչ անել դա կասեցնելու համար, և մենք ցանկանում ենք դա անել Թուրքիայի հետ գործընկերությամբ, բայց մենք նաև պատրաստ ենք միակողմանիորեն գործել», – ասել է Նելսոնը:

Նելսոնի այցը Թուրքիա տեղի է ունենում ամերիկա-թուրքական հարաբերությունների համար կրիտիկական պահին. Վաշինգտոնը ցանկանում է, որ Անկարան վերջնականապես հավանություն տա Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Թուրքիան ցանկանում է, որ ԱՄՆ-ը հավանություն տա F-16 կործանիչների վաճառքին:

Ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ թուրքական նավահանգիստներն օգտագործվում են պատժամիջոցների տակ գտնվող ռուսական լցանավերը սպասարկելու և զենքի մաքսանենգությունը հեշտացնելու համար, իսկ ռուսական դրածո ընկերությունները և թուրքական ընկերությունները նպաստում են կրկնակի նշանակության ապրանքների արտահանման վեց անգամ ավելացմանը, որն անհրաժեշտ է ռուսական զինուժին Ուկրաինայի դեմ երկարատեւ պատերազմի համար։

Արցախի փաստաբանների պալատը սկսել է աշխատել ներքին տեղահանվածների խնդիրների լուծման ուղղությամբ, կա հասցե

Արցախի փաստաբանների պալատի կողմից՝ ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ իրավաբանների ակադեմիայի աջակցությամբ ստեղծված խումբը սկսել է աշխատել Արցախից հարկադիր վտարված անձանց խնդիրների լուծման ուղղությամբ։ Այն բաղկացած է տարբեր ոլորտների, ինչպես նաև միջազգային իրավունքի ոլորտի մասնագետներից։

Խումբը կքննարկի ներքին տեղահանվածներին հուզող հարցերը և դրանք ուսումնասիրելուց հետո կներկայացնի այս խնդիրների իրավական լուծումները։

Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանն ասաց, որ արցախցիների դիմումներն ընդունվում են գրավոր՝ Երևան, Զաքյան փողոց, 7-2 հասցեով։

«Դրանք հիմնականում վերաբերում են գրանցման, քաղաքացիության, փախստականի կարգավիճակի, կենսաթոշակների, հետագա փոխհատուցման և այլ հարցերին: Գրեթե յուրաքանչյուր նամակում ուրվագծվում է խնդիր, և դրանց լուծումները կախված են Հայաստանի կառավարության ընդունած որոշումներից։ Մեր նորաստեղծ խումբն ուսումնասիրում է կառավարության որոշումները, և արցախահայության համար ռիսկերի կամ անբարենպաստ պայմանների դեպքում մենք անպայման տեղյակ կպահենք մեր հայրենակիցներին և խորհրդատվություն կներկայացնենք ՀՀ կառավարությանը՝ վերացնել այդ ռիսկերը, որպեսզի նրանք կարողանան նոր որոշում կայացնել։

Սակայն այսօր մենք դեռ հավաքում ենք արցախցիներին հուզող հարցեր, թեև չենք կարող հստակ պատասխանել, քանի որ վստահ չենք, և դեռ ուսումնասիրում ենք ռիսկերը։ Օրինակ՝ գրանցման կամ ժամանակավոր փախստականի կարգավիճակ ստանալու հարցում»։

Ալվարդ Գրիգորյան