Որ դեպքում վարորդը ՃԵԿ խախտման համար կարող է վճարել տուգանքի կեսը

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած վարորդը, եթե 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի կեսը, ապա ամբողջ տուգանքը կհամարվի վճարված։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 28-ի Կառավարության նիստին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

«Հաշվի առնելով գործընթացների թվայնացման և փաստաթղթաշրջանառության կրճատման ընդհանուր տրամաբանությունը՝ նախագծերի փաթեթով նախատեսվում է մեր քաղաքացիների համար պահպանել թվայնացման առավելությունից օգտվելու հնարավորություն։ Մասնավորապես, առաջարկվող լուծումները նախատեսում են, որ բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացին տեսանկարահանվող կամ լուսանկարահանվող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության խախտման դեպքերում «ra.police.am» ինտերնետային կայքում դիմում է վարչական ակտը իր նշված էլեկտրոնային փոստին ուղարկելու պահանջով և վարչական մարմինը սահմանված կարգով ուղարկում է այն, ապա տուգանքը նշանակվում է սահմանված գումարից 5 տոկոսի չափով պակաս։

Բացի այդ, փաթեթով նախատեսված է ևս մեկ խրախուսման նորմ, որը վերաբերում է ոչ միայն տեխնիկական միջոցներով հայտնաբերված, այլ նաև ոստիկանության ծառայողի կողմից արձանագրված խախտումներին։ Մասնավորապես, եթե վարչական ակտի հասցեատերը իրեն ծանուցելուց հետո 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի գումարի առնվազն 50 տոկոսը, ապա տուգանքի վճարման պարտականությունը համարվում է պատշաճ կատարված։

Ընդ որում, եթե որոշումը ծանուցվել է վերը նշված էլեկտրոնային եղանակով, ապա քաղաքացին օգտվում է նաև նախորդ կարգավորման սահմանված 5 տոկոս արտոնությունից»,- ընդգծեց նախարարը։

Ղազարյանը նշեց նաև, որ ներկայացված խրախուսման նորմը տարածվում է առավելապես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում կատարվող վարչական իրավախախտումների վրա, որոնց շրջանակը նախատեսված է նախագծերի փաթեթում։

«Միաժամանակ, վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով նախատեսված է, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության բոլոր վարչական ակտերը դատական կարգով կարող են վիճարկվել միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո։ Վերը նշված նպատակին հասնելու համար նախագծի փաթեթով սահմանված է ևս մեկ կարգավորում։ Հաշվի առնելով, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելը և դատարան հայց ներկայացնելը գրեթե նույն է Ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից իրականացվող այն վարչարարության հետ, որը եզրափակվում է վարչական ակտի կայացմամբ, ուստի վարչական իրավախախտումների վերաբերյալ մի շարք գործեր, որոնք ներկայումս քննվում են վարչական դատարանի կողմից, ՆԳՆ ոստիկանության հայցադիմումով նախագծերի ընդունումից հետո այլևս քննվելու են ոստիկանության կողմից»,- ասաց Ղազարյանը։

Նախարարը հավելեց, որ նախագծի փաթեթը համաձայնեցվել է շահագրգիռ մարմինների հետ։

Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն ընդգրկվել է «MovieWeb»-ի լավագույն անիմացիոն ֆիլմերի շարքում

«MovieWeb»-ի 2023 թվականի 16 լավագույն անիմացիոն ֆիլմերի շարքում է ընդգրկվել ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը:

Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնն ու հավելում, որ ֆիլմը ստեղծվել է նաև պետական  ֆինանսական աջակցությամբ:

«Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմ է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսորն ու սցենարիստն Իննա Սահակյանն է, պրոդյուսերներն են Վարդան Հովհաննիսյանը, Քրիստիան Բիցը, Յուստե Միխայլինայտեն: Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց Ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:

«Հայաստանի կառավարիչը խոստովանեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար»․ Սերժ Սարգսյան

«Հայաստանի կառավարիչը խոստովանեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

«Երբ որ նա խոսում էր ինչ-որ մահակների մասին, այսինքն՝ իր համար ԼՂ հարցը մահակ էր Հայաստանի գլխին, ուղղակի ես չհասկացա, թե ո՞ր մահակների մասին էր խոսում կամ ովքե՞ր էին այդ մահակները պարզել Հայաստանի գլխին։ Համանախագահնե՞րը, ովքեր 5 անգամ գրավոր հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին, որ այն պետք է որոշվի ազատ կամարտահայտությամբ։ Մենք բոլորս գոնե հասկացանք իր խոստովանությունը, միակ ճիշտ բանը, որն ասաց՝ ինքը գիտակացաբար է զոհել Ղարաբաղը»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը ստում է, թող ցույց տա որեւէ փաստաթուղթ, որով փակվել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ «Գոյություն ունեն փաստաթղթեր, համաձայն որոնց՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվում է ազատ կամարտահայտությամբ։ Թող ասի, որ այդպիսի բան չի եղել ու հրապարակի որեւէ փաստաթուղթ։ Մենք ինչ ասում ենք, դա փաստարկում ենք եղած փաստաթղթերով։ Կան բոլոր փաստաթղթերը առ այն, որ Կազանից հետո որեւէ էական բան չի փոխվել բանակցային պրոցեսում, որ Կազանից հետո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվում էր վերջնական կամարատահայտությամբ»,- ասաց նա։

Միջանկյալ կարգավիճակի փոփոխության մասին հայտարարությանն անդրադառնալով՝ Սարգսյանն ասաց․ «Փոփոխություններն էական բան չէին փոխում՝ ԼՂ-ն հնարավորություն էր ունենում իր ընտրված մարմիններով, իր նշանակված կառույցներով կառավարել կյանքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում»։

Սերժ Սարգսյան հուսով է, որ Սամվել Շահրամանյանը կգտնի լուծումը եւ իրեն չի խայտառակի բոլոր ժամանակներում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հանդիպումներ ունեցել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։

Ինչ վերաբերում է Շահրամանյանի նախկին խորհրդականի հայտարարությանը, որ Արցախը լուծարելու մասին հրամանագիր չկա, հունվարի 1-ից Արցախը չի լուծարվելու, Սերժ Սարգսյանն ասաց․ «Նա հղում է կատարել բոլորովին այլ՝ հոկտեմբերին ստորագրված փաստաթղթի վրա, որը որեւէ կապ չուներ նախորդ հրամանագրի հետ»։

«Ես կարծում եմ, որ բոլոր պարագաներում Սամվել Շահրամանյանը կգտնի այն լուծումը, որը օգուտ կլինի մեր ժողովրդին, իրեն չի խայտառակի բոլոր ժամանակներում եւ կբացառի այն հանգամանքը, որ մեկ մարդ, նույնիսկ եթե նա հանրապետության նախագահ է, կարող է լուծարել այդ հանրապետությունը։ Չի կարող այդպիսի բան լինել, այդպիսի նախադեպեր չեն եղել եւ չեն էլ կարող լինել»,- հավելեց Սերժ Սարգսյանը։

Forrights. Տարեց ամուսինները մեկ շաբաթ ապրել են դատարկված Շոշ գյուղում՝ ադրբեջանցիներով շրջապատված

Forrights

77-ամյա Զոյա Մարտիրոսյանը և 83-ամյա ամուսինը հրաշքով են փրկվել սեպտեմբերի 19-ի՝ ադրբեջանական հարձակումից։ Նրանք մեկ շաբաթ ապրել են ադրբեջանցիներով շրջափակված Շոշ գյուղում՝ չիմանալով, որ գյուղն ամայացել է, բոլոր բնակիչները լքել են իրենց տները։

«Կրակոցներ էր լսվում, վախում էի դուրս գայի, ինձ թվում էր մեր կրիշին է ընկնում։ Դուռը կապեցի, ասացի կարողա դուռը բացեն, մտնեն տուն»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է 77-ամյա Զոյա Մարտիրոսյանը։

Կրակոցները, երբ համեմատաբար նվազել են Զոյա Մարտիրոսյանը դուրս է եկել գյուղամեջ, որ հարևաններից մի տեղեկություն ստանա, սակայն, հանդիպել է նրանց փակ դռներին։

«Տեսա, որ գյուղում մարդ չկա, բոլորը գնացել էին, ես խաբար չեմ եղել։ Վեց օր մնացել ենք գյուղում, լավ ա թուրք չի մտել գյուղ։ Ո՞ւր գնում էի մարդ չկար, բոլորի դռները կապած էր, լվացքը կախված էր, իրանք չկային, ոչ լույս կար, ոչ գազ կար, փեջն էի վառում։ Գնացի գյուղապետի մոտ, ինքն էլ չկար»,-ամայացած գյուղում անցկացրած վերջին օրերը վերհիշելիս պատմում է տարցախցի կինը։

Շոշ գյուղը Ասկերան շրջանում է, մոտ է օկուպացված Շուշի քաղաքին։ Դիրքերը գյուղին բավականին մոտ են, առաջին իսկ կրակոցների ժամանակ բնակիչները ստիպված են եղել լքել իրենց տները։ Տարեց ամուսիններին էլ են ձայն տվել, սակայն, արձագանք չի եղել։

«Հայտարարել են, որ պետք է դուրս գան մարդիկ երեխաների՝ ոտաբոբիկ վերցրել, դուրս են եկել, հարևանն ասաց՝ ծնողներիս ձայն են տվել, դուրս չեն եկել, մտածել են, որ մենք քաղաք ենք բերել, թողել եկել են, բայց իրենք լսողական խնդիրներ ունեն, հարևանների ձայները չեն լսել»,-ասում է ամուսինների դուստրը՝ Զորայդա Աթանեսյանը։  Նա Ստեփանակերտում է ապրում։

Զոյա Մարտիրոսյանը գյուղում մի քանի օր մարդ փնտրելուց հետո միայն մեկ շաբաթ անց հեռվից իրեն մոտեցող մեքենա է նկատել՝ մտածել է թշնամին է։

«Մեքենան, որ եկավ ինձ թվաց, թե թուրքերն են, հետո տեսա Կարմիր Խաչի մեքենան է։ Կարմիր Խաչը  եկավ տարավ, եկան ասացին ժամանակ չկա, գնացինք»,- պատմում է նա։

«Մի օր ԱԻՆ-ը հեռվում գտնվող գյուղերը հերթով մտնելով, հասել են Շոշի մոտ ժամը հինգն է եղել, թշնամին չի թողել, ասել է, որ ժամանակը լրացել է։ Սթրես էինք տանում, հետո մի օր ասեցին, որ հինգ րոպեով ժամանակ են տվել, գնացել հենց այդպես բերել էին»,-պատմում է  Զորայդա Աթանեսյանը։

Զոյա Մարտիրոոսյանն ամուսնու հետ արդեն երկրորդ անգամ է լքում իր տունը։ Առաջին անգամ Բաքվից են փախել, քանի որ ադրբեջանցիները սպանում էին քաղաքացիական բնակչությանը։ Բաքվից գնացքով եկել են Աղդամ, այնտեղից Շոշ գյուղ։ 1992 թվականին, երբ Շուշից գնդակոծել են Շոշ գյուղը Մարտիրոսայնների տունն ամբողջությամբ այրվել է, նույն գյուղում նոր տունեն են կառուցել, որը 2023 թվականին ստիպված են եղել լքել։  «Ուզում եմ նորից հետ գնամ մեր տուն»,-ասում է Զոյա Մարտիրոսյանը։

Նա ընտանիքի հետ այժմ բնակվում է Տեղ գյուղում՝ կրկին սահմանին, կրկին թշնամու դիրքերը գտնվում են բավականին մոտ։ 2023 թվականի գարնանն ադրբեջանական կողմը ներխուժեց Տեղ գյուղի տարածք, օկուպացրեց գյուղերը և դիրքեր դրեց բնակավայրերին բավականին մոտ։ Դրանք տեսանելի են անզեն աչքով։

«Սա էլ է սահմանամերձ, վախ կա, բայց ապրում ենք»,-ասում է Զոյա Մարտիրոսյանը։

Նարեկ Կիրակոսյան

 «Արցախ. վտանգված ժառանգություն»՝  պատկերագիրքն իրողություն է

2020, ապա նաև 2023 թվականների ռազմական գործողություններից հետո Արցախի բռնազավթված տարածքներում մնացած պատմամշակութային ժառանգությունը հայտնվեց ամենօրյա վտանգի տակ։ Ակնհայտ է, որ պետական ամենաբարձր մակարդակով, ընդգծված հայատյացությամբ, էթնիկ և մշակութային զտման այս ամբողջ ագրեսիվ քաղաքականության վերջնանպատակը Արցախի լիակատար նախիջևանացումն  է։

Դեռ 2020 թվականի պատերազմից հետո, տարբեր հարթակներում անընդհատ քննարկվում էին Արցախի բռնազավթված տարածքների պատմամշակութային ժառանգության պահպանությանն ուղղված խնդիրները, քայլերը։ Եվ այդ քննարկումների արդյունքներից մեկն էլ «Արցախ. վտանգված ժառանգություն» եռալեզու պատկերագրքի հրատարակումն է, որն իր օգտակարությունը պետք է ունենա տեղեկատվական ու քարոզչական ասպարեզում։

2023 թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ պատկերագրքի շնորհանդեսը: Այն հրատարակվել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Հայաստանի ու Արցախի գրասենյակների նախաձեռնությամբ, Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող (ՀՃՈՒ) հիմնադրամի աշխատասիրությամբ:

Գրքում ներկայացված է Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում մնացած հայկական պատմաճարտարապետական ժառանգությունը՝ 250 հուշարձան։ Ընտրվել են իրենց ճարտարապետությամբ, նշանակությամբ և ունեցած դերով առավել աչքի ընկնող հուշարձանները։ Գիրքը պատրաստ էր հրատարակության, երբ վրա հասավ 2023 թվականի սեպտեմբերյան ողբերգությունը և արձանագրեց ամբողջական Արցախի կորուստը, ինչը ցավոք սրտի հանգեցրեց երկրորդ հատորն ունենալու անհրաժեշտությանը։

Այսօր առավել քան երբևէ պատերազմները ոչ միայն մարտադաշտում են, ոչ միայն սահմանին ու զենքով, այլև սահմանից այս կողմ։ Հիմա մենք պայքարում ենք մեր մշակույթի, մեր ինքնության պահպանման, մեր ազգային արժանապատվության համար։ Այս պատերազմը ոչ պակաս կարևոր է, քանզի մեր թշնամին աշխարհին ամեն գնով փորձում է համոզել, որ Արցախը հայկականության հետ կապ չունի։ Եվ այսպիսի գիրքը Համազգայինի փոքրիկ ներդրումն է Ադրբեջանի կեղծ քարոզչության դեմ։ Սա կարելի է ասել՝ մեր խոսքն է ուղղված միջազգային հանրությանը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմադրամին, անձամբ Րաֆֆի Քորթոշյանին, «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ին համագործակցության համար, հովանավորներին և Համազգայինի Կենտրոնական վարչությանը, որ միշտ կարևորում ու սատար է կանգնում նման ծրագրերի իրականացմանը, իր խոսքը եզրափակեց Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմին Ավագյանը ։

Որևէ մեկը չէր ցանկանա, որ այսպիսի վերնագրով գիրք հրատարակվեր՝ նշում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմադրամի փոխտնօրեն, պատկերագրքի կազմող Րաֆֆի Քորթոշյանը։  Բայց ստեղծված իրավիճակը պարտադրում է բոլոր միջոցներով, բոլոր հարթակներից խոսել մեր վտանգված մշակութային ժառանգության մասին։ Սա պատկերագրքի առաջին հատորն է, երկրորդ հատորը, որը դեռ կազմվում է, կներառի սեպտեմբերի վերջին բռնի տեղահանության հետևանքով Արցախի մնացյալ տարածքների պատմամշակութային ժառանգությունը։

Ադրբեջանը Արցախը հայաթափելուց հետո անցավ  մշակութային զտման  և  մշակութային ցեղասպանության ակտիվ   քաղաքականության,  որը հետապնդում է բռնագաղթված բնիկ բնակչության պատմական հիշողության ու պատմական հետքերի վերացում և այս պատկերագիրքը այդ քաղաքականության դեմն առնելու մի փոքրիկ փորձ է։

Գիրքը տպագրվել է հասարակական միջոցներով, սակայն շատ ավելի լավ կլիներ, որ այն դառնար պետական քաղաքականության մաս, ինչպես որ Ադրբեջանն է այսօր տարբեր ինստիտուտների մակարդակներով կազմակերպված մարտնչում նաև տեղեկատվական պատերազմում և մենք ցավոք սրտի այս հարթակում էլ դեռ պարտվում ենք,  նշեց Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմինե Հայրապետյանը, շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր աջակցեցին գրքի լույս ընծայմանը։

«Դատելով Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունից՝ մինչ դուք կընթերցեք գիրքը, Արցախի վտանգված հուշարձանների մի մասն արդեն ավերված կլինի» գրքի նախաբանում հանդիպում ենք այս տողերին, որը ուղերձ է, թե մեզ և թե առաջադեմ մարդկությանը։ Իսկ մենք մաղթենք, որ մինչև երկրորդ հատորի տպագրումը, առաջին հատորի շապիկը փոխելու անհրաժեշտություն առաջանա։

Step1.am

Նեթանյահուի փարիսեցիությունը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չորեքշաբթի օրը ելույթ է ունեցել՝ կտրուկ արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը։

Դեկտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահը քննադատել է Նեթանյահուին՝ հերթական անգամ համեմատելով Ադոլֆ Հիտլերի հետ։

«Էրդողանը, ով իրականացրել է քրդերի ցեղասպանությունը և ռեկորդակիր է իր վարչակարգին ընդդիմացող կալանավորված լրագրողների թվով, վերջինն է, ով կարող է մեզ դաս տալ», – ասել է Նեթանյահուն։

Նեթանյահուն չի հիշատակել Արցախում իր դաշնակից Ադրբեջանի կողմից հենց նոր իրականացրած ցեղասպանությունը, 100 հազար հայերի տեղահանությունը և հողերի զավթումը։ Նա չի հիշատակել նաեւ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, որը ճանաչել են մի քանի տասնյակ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, իսկ Իսրայելը չի ​​ճանաչել, թեկուզ ստեղծվել է ցեղասպանության հատուցման գաղափարով։

Չի հիշատակել՝ ի տարբերություն 2019-ի սեպտեմբերին, երբ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի բարձր մակարդակի ընդհանուր քաղաքական բանավեճում ելույթի ժամանակ մեղադրեց Իսրայելին պաղեստինցիներից բոլոր տարածքները խլելու ձգտման մեջ։

«Նա, ով չի դադարում ստել Իսրայելի մասին, ով սպանում է քրդերին իր երկրում, ով ժխտում է հայ ժողովրդի սարսափելի կոտորածը, նա չի կարող բարոյականություն քարոզել Իսրայելին։ Էրդողան, դադարիր ստել»,- ի պատասխան ասել է Նեթանյահուն։

Նեթանյահուի երեսպաշտությունը, մի մարդու, ով վերջին տարիներին զենք է մատակարարում Ադրբեջանին և աջակցում է Ալիևի ագրեսիային հայերի դեմ, սահմաններ չունի։ Թեկուզ ի սկզբանե հրեաների ցեղասպանությունը առանձնացվել է այլ ցեղասպանություններից և կոչվել Հոլոքոստ։

Արդեն հայտնի է, թե ինչ է լինելու «խաղաղության պայմանագրում»՝ Հայաստան առանց Արցախի և սահմանների

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Երևանում Իրանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց, որ «խաղաղության» պայմանագրի վերջնական տեքստ չկա, այժմ քննարկվում է դրանում քարտեզների մասին կետ ներառելու հնարավորությունը՝ ապահովելու սահմանազատման սկզբունքները և կանխատեսելիությունը։

Այն, որ ապագա համաձայնագրի տեքստում (թեև պարտադիր չէ, որ դա լինի պայմանագիր, բավական է երաշխիքներ լինեն. Ալիև) սահմանների և սահմանազատման մասին խոսք չի լինի, Բաքուն բացահայտ հայտարարեց, և դա ընդունելի համարեց Ալեն Սիմոնյանը։ Սիմոնյանն ասաց, որ իրենց ոչ ոք չի կարող ստիպել, և իրենք ամեն ինչ անում են կամավոր։

Նախկինում ասվռլ է նաեւ, որ պայմանագրի տեքստում Արցախի մասին եւս հիշատակում չի լինելու։ Այսինքն՝ «խաղաղության պայմանագիրը» լինելու է առանց սահմանների և Արցախի Հայաստանի մասին։

Այդ դեպքում ի՞նչ կլինի պայմանագրում: Դատելով մոսկովյան հայտարարություններից՝ ճանապարհների բացում եռակողմ համաձայնագրերի շրջանակներում է, այսինքն՝ ՌԴ ԱԴԾ վերահսկողության ներքո և ԵԱՏՄ մաքսային կանոններով։ Իրանի ԱԳ նախարարը Հայաստան է ժամանել, ըստ երևույթին, ստուգելու, թե արդյոք զիջումների և նախկին «կարմիր գծերից» և «երկաթե պայմաններից» հրաժարվելու հայկական քաղաքականությունը հատակ ունի։

Երկրորդ կետը կլինի «ադրբեջանական փախստականների վերադարձը» Հայաստան։ Չէ որ եթե ​​ճանապարհները բացվեն, ոչ ոք չի խանգարի Ադրբեջանից Հայաստան գալ։

Որ որոշ ժամանակ առաջ Ալիևն ասում էր, որ հայերի վերադարձը Ղարաբաղ հնարավոր է միայն այն դեպքում, եթե ադրբեջանցիները վերադառնան Հայաստան։ Հիմա, եթե ադրբեջանցիները կարողանան “վերադառնալ” Հայաստան, «ղարաբաղցիների վերադարձի» հարցը եւս անմիջապես արդիական կդառնա։ Եվ այդ վերադառձը, նույնիսկ բռնի տարբերակով, եւս կնշվի «խաղաղության պայմանագրում» ։

Կասկածից վեր է, որ Հայաստանը կհրաժարվի «խաղաղության պայմանագրի» նախկին բոլոր պայմաններից, իսկ Ալեն Սիմոնյանը կասի, որ ոչ ոք նրանց չի պարտադրել, քանի որ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությանը չի կարելի պարտադրել։ Նա ամեն ինչ կանի ինքնակամ՝ կհանձնի, կհրաժարվի իր իրավունքներից, կճանաչի սեփական ժողովրդի արտաքսումը օրինական։ Ինչու՞ ստիպել:

Նաիրա Հայրումյան

Արցախում մնացած մշակութային ժառանգությունը գույքագրել ենք, կա ամբողջական տվյալների բազա. Ժաննա Անդրեասյան

Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանության հարցի շուրջ ԿԳՄՍ նախարարությունը ինտենսիվ աշխատում է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան մամուլի ասուլիսում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«ԱԳՆ գործընկերների հետ  մի ամբողջ գործողությունների պլան ունենք, թե ինչպես ենք իրականացնելու ԼՂ տարածքում մնացած մշակութային ժառանգության պաշտպանության հարցը»,- նշեց նա։

Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ ԼՂ տարածքում մնացած նյութական և ոչ նյութական մշակութային արժեք ունեցող ժառանգությունը գույքագրվել է, կա ամբողջական տվյալների բազա. «Գույքագրում ենք նաև վանդալիզմի դեպքերը և դրանք ինտեսիվ փոխանցում ենք բոլոր հնարավոր միջազգային գործընկերներին: Նաև էլեկտրոնային շտեմարաններ, կայքեր են ստեղծվում, որոնք պարզ ու տեսանելի են դարձնում այդ ամենը: Պլանավորել ենք նաեւ ցուցահանդեսներ, համաժողովներ և’ Հայաստանում, և’ արտերկրում, բոլոր համապատասխան հարթակներում։

Մենք նաեւ հավաքագրում եւ տպագրում ենք մշակութային ժառանգության մասին, որոնք ակտիվորեն տարածում ենք նաեւ ԱԳՆ-ի միջոցով այն բոլոր տեղերում, որոնք պետք է լինեն եւ հասանելի լինեն»,- ասաց ԿԳՄՍ նախարար:

Հրապարակվել է ուսհաստատությունների ցանկը, որոնց վճարովի համակարգում սովորող ԼՂ ուսանողներին կտրվի ուսվարձի փոխհատուցում

Համաձայն ՀՀ Կառավարության 2023 թ․ դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման 4-րդ կետի՝ հրապարակվել է այն ուսումնական հաստատությունների ցանկը, որոնց վճարովի համակարգում մինչև 2023 թ․ սեպտեմբերի 19-ն ընդգրկված ԼՂ սովորողներին տրվելու է ուսման վարձի փոխհատուցում։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Ուսման վարձի փոխհատուցում տրամադրվելու է 2023-24 ուսումնական տարվա համար․

1) 1-ին կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով, անկախ նախորդ ուսումնական տարվա արդյունքում ձևավորված միջին որակական գնահատականից,

2) 2-րդ կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով՝ 2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքում ՄՈԳ-ի 65.00 տոկոսը հաղթահարելու դեպքում, իսկ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողի պարագայում՝ 2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքում 50%-ից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում:

Ինչո՞ւ հայերի վտարումը Լեռնային Ղարաբաղից կարող է վերջ չդնել Ադրբեջանի հավակնություններին. CNN

Ադրբեջանում շատերն անհանգստացած են, որ էթնիկ նացիոնալիզմը եւ տարածքային վերամիավորման խոստումները նոր թիրախներ կգտնեն։ Իսկ Հայաստանում պետությունը փորձում է ընդունել ավելի քան 100 000 փախստականների, որոնցից շատերն ասում են, որ չեն կարող հարմարվել իրենց նոր կյանքին, տեղեկացրել է CNN-ը։

Կյանքն առկախ վիճակում

Նոնա Պողոսյանը փախել է Ստեփանակերտից ամուսնու, երկվորյակ երեխաների եւ տարեց ծնողների հետ։ Նրանք ոչ մեծ բնակարան են վարձել Երեւանում։ Պողոսյանն ասել է, որ իր մտքերը դեռեւս Ղարաբաղում են։

«Պարզապես ուզում եմ իմանալ, թե ինչ է տեղի ունենում Ստեփանակերտում։ Ի՞նչ է եղել իմ տան հետ։ Նախանձում եմ բոլորին, ովքեր այնտեղի օդն են շնչում»,- ասել է նա CNN-ին։

Ալիեւն ասել է, որ տներն անձեռնմխելի են մնացել, բայց սոցցանցերի տեսանյութերը ցույց են տալիս, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները դրանք վանդալիզմի ենթարկում…

Սեպտեմբերի 19-ին Պողոսյանի երեխաները դպրոցից տուն էին վերադառնում, երբ Ստեփանակերտը հրթիռակոծվեց։ Նրա ամուսինը երեխաներին գտավ մայթեզրին եւ տարավ ռմբապաստարան։ Հաջորդ առավոտյան ինքնահռչակ Արցախի Հանրապետությունը հանձնվեց։ Նրանց կյանքը մի ակնթարթում փլուզվեց։

Նրանք հեռացան իրենց տնից գրեթե ողջ բնակչության հետ միասին։ Նրանք քաղցած էին եւ հյուծված. Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ էր 10 ամիս այն բանից հետո, երբ Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը։

Ճանապարհը բացեցին, որպեսզի թույլ տան բնակչությանը հեռանալ։ Կնոջ խոսքով՝ պահանջվեց չորս օր, որպեսզի Ստեփանակերտից Երեւան հասնեն (ճանապարհը սովորաբար չորս ժամ է տեւում)։

Հայաստանի կառավարությունը ողջունեց փախստականներին։ Բայց աջակցությունը անբավարար է։ Պողոսյանը 100 000 դրամի չափով աշխատավարձ ստացավ, բայց բնակարանի համար վճարում է 300 000 դրամ։ Նրա ընտանիքն ապրում է խնայողությունների հաշվին, որոնք հավաքել են երեխաների կրթության համար։

Ղարաբաղի կառավարության լուծարումը Պողոսյանին զրկեց երեխաների նպաստից, նրա ծնողներին՝ թոշակից, ամուսնուն՝ նախկին զինվորին, աշխատավարձից։ «Մարդիկ կան, որոնք մեքենաներում են ապրում, դպրոցների նկուղներում, մանկական հրապարակներում»,- ասել է նա։

«Մենք այնտեղ ենք թողել մեր հոգիները»

Գայանե Լալաբեկյանը պատմել է, որ ամեն առավոտ արթնանում է Երեւանի իր նոր բնակարանում եւ հարցնում, թե արդյոք ճիշտ է վարվել։ Շատերն են հարցնում, թե ուրիշ ինչ կարող էին անել։

«Ես ինքս ինձ հարցնում եմ. սա ճի՞շտ քայլ էր»,- ասել է նա CNN-ին։ «Երբ նայում եմ աղջկաս, նրա փոքրիկ որդուն, երբ նայում եմ մորս՝ 72 տարեկան է, երբ նայում եմ որդուս ու նրա կնոջը, նրանք ամուսնացել են հուլիսին… Ես հասկանում եմ, որ եթե այնտեղ մնայինք, գուցե նրանց չունենայի»,- ասել է Լալաբեկյանը։

Ալեիւը հայտարարել է, որ Ղարաբաղում մնալ ցանկացող հայերը պետք է ադրբեջանական քաղաքացիություն ստանան։ «Նրանք երկու շանս ունեն՝  կա՛մ ինտեգրվել, կա՛մ անցնել պատմության գիրկը»,- ասել է նա։

Բայց բռնության մի քանի սերունդներից հետո շատ քիչ հայեր են հավատում, որ կարող են անվտանգ ապրել Ադրբեջանում, եւ գրեթե ոչ ոք չի ենթարկվել Բաքվի կառավարմանը, չնայած Ադրբեջանի հավաստիացումներին, որ քաղաքացիական բնակչությունը չի տուժել «հակաահաբեկչական միջոցներից»։

«Ալիեւը սատանա է։ Մենք չենք կարող վստահել նրա խոստումներին»,- ասել է Լալաբեկյանը։ «Մենք չենք կարող միասին ապրել։ Ի՞նչ ենք անելու հետո։ Չգիտենք, թե ով ենք մենք։ Մենք Արցախի՞ քաղաքացիներ ենք, թե՞ Հայաստանի։ Այս հարցին պատասխանել չենք կարող։ Մենք այնտեղ թողեցինք ամեն ինչ։  Մենք այնտեղ ենք թողել մեր հոգիները»։

Խաղաղության հեռանկարները

Որոշ դիտորդներ պնդում են, որ ղարաբաղցի փախստականների ծանր վիճակը կարող է դառնալ տարածաշրջանային խաղաղության ողբերգական գինը։ Քանի որ Լեռնային Ղարաբաղը ճանաչված է միջազգային մակարդակում Ադրբեջանի մաս՝ Հայաստանի հրաժարումն անկլավից խաղաղության նախապայմանն էր։

Բայց Ալիեւը մեծահոգություն չի ցուցաբերել հաղթանակից հետո։ Անկլավ կատարած իր առաջին այցելության ժամանակ նա տրորել է Ղարաբաղի դրոշը եւ ծաղրել ղարաբաղցի քաղաքական գործիչներին, որոնց բանտարկել է, երբ նրանք փորձում էին փախչել։

Ձերբակալվածների մեջ է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Վարդանյանի որդին՝  Դավիթը, CNN-ին նկարագրել է «արդարադատության ոչ թափանցիկ համակարգը», որտեղ այժմ գտնվում է իր հայրը, որը մեղադրվել է նաեւ «ահաբեկչության ֆինանսավորման» եւ «սահմանն անօրինաբար հատելու» մեջ։ Ադրբեջանը եւ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն, ուստի Վարդանյանին մերժվել է հյուպատոսական հասանելիությունը։ Դավիթը կարողացել է հեռախոսով խոսել հոր հետ միայն մեկ անգամ սեպտեմբերի 27-ին նրան ձերբակալելուց հետո։ «Նա պարզապես ասաց, որ, գուցե, այնտեղ կմնա ինչ-որ ժամանակ։ Եթե մենք իսկապես խաղաղություն ենք ուզում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, չի կարելի թույլ տալ, որ քաղբանտարկյալները դեռ գտնվեն բանտում»,- ասել է նա։

Բաքուն հրաժարվել է խաղաղ բանակցություններից Բրյուսելում եւ Վաշինգտոնում՝ նշելով, որ Արեւմուտքը կողմնակալ վերաբերմունք ունի Ադրբեջանի հանդեպ։ Նրա հռետորաբանությունը տարածքային հավակնությունների վերաբերյալ սրվել է։ Հայաստանը կառավարական փաստաթղթերում անվանվում է «արեւմտյան Ադրբեջան», ինչը նացիոնալիստական հայեցակարգ է։

Որոշ հույս, սակայն, հայտնվեց դեկտեմբերի 7-ին, երբ Ադրբեջանը եւ Հայաստանը պայմանավորվեցին գերիներ փոխանակել առանց Բրյուսելի եւ Վաշինգտոնի միջամտության։

ԱՄՆ-ն հայտարարեց, որ հուսով է, որ փոխանակումը «խաղաղ եւ բարգավաճ ապագայի հիմքը կդնի»։ Հայաստանը հանեց եկող տարի COP29-ն Ադրբեջանում կազմակերպելու արգելքը։ Բայց ամենամեծ գայթաքարը, հավանաբար, կդառնա Նախիջեւանը։ Ալիեւը հույս ունի կառուցել «ցամաքային միջանցք» Հայաստանի միջով։ Նա այդ միջանցքն անվանել է «Զանգեզուր»…

Հայաստանը դեմ չէ այս գաղափարին, բայց ցանկանում է վերահսկել իր տարածքի այդ մասը։ Անցած ամիս նա ներկայացրել է տարածաշրջանի ենթակառուցվածքի վերականգնման իր պլանը… Նա հույս ունի շահ ստանալ առեւտրից, որին չի հաջողվել հասնել երկարատեւ ռազմական գործողությունների ժամանակ՝ նախագիծն անվանելով «Խաղաղության խաչմերուկ»։

Բայց Հայաստանի ցանկությունները կարող են քիչ նանակություն ունենալ։ Դեկտեմբերին Ալիեւը հայտարարել է, որ «չպետք է լինի ո՛չ մի մաքսատուրք, ո՛չ մի ստուգում, սահմանի ոչ մի պահպանություն մինչեւ Նախիջեւան»՝ ավելացնելով, որ հայերը պետք է սկսեն  շինարարությունն «անմիջապես, իրենց հաշվին»։

Ալիեւը հավաստիացրել է, որ Հայաստանի տարածքն օկուպացնելու պլաններ չունի՝ ընդգծելով, որ «եթե մենք ցանկանայինք, մենք կանեինք դա»։ Բայց նույն միջոցառմանը հայտարարել է, որ այդ տարածքը «խլվել» է Ադրբեջանից 1920թ., խորհրդային իշխանության օրոք, եւ նախազգուշացրել է Հայաստանին, որ «մենք ավելի շատ իրավունքներ ունենք վիճարկելու ձեր տարածքային ամբողջականությունը»։

Աննա Օհանյանը (Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրերի ավագ գիտաշխատող Քարնեգի հիմնադրամում) ասել է, որ Ալիեւի հռետորաբանությունը մեղմվել է գերիների փոխանակումից հետո, բայց դա «շատ բանով կապված է ԱՄՆ ուժեղ դիմադրության հետ»։

«Նրա նպատակները չեն փոխվել, նրան առաջվա պես անհրաժեշտ է մրցակցություն կամ հակամարտություն Հայաստանի հետ, անգամ այն բանից հետո, երբ վերականգնել է լիակատար վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի հանդեպ»,- ասել է Օհանյանը CNN-ին։ «COP29-ի անցկացումը կարող է զսպել Ալիեւին գուցե մեկ տարի, բայց դա երաշխիք չէ, որ նա կխաղա միջազգային կանոններով։ Ռուսաստանը 2014թ. Օլիմպիական խաղերն ընդունեց եւ դրանից անմիջապես հետո անեքսիայի ենթարկեց Ղրիմը»։

Դիվանագիտությունը նորից կարող է անարդյունք լինել։ Վերլուծաբանները նշում են Ադրբեջանի աճող ռազմական ներկայության մասին…

Ղարաբաղի հայերը միշտ իմացել են, որ հայտնվել են մեծ տերությունների հակամարտության կենտրոնում։ Բայց համեմատական խաղաղության 30 տարիներից հետո նրանք չէին սպասում, որ ամեն ինչ այդքան արագ կփլուզվի…

«Ես հասկանում եմ, որ սա մեծ խաղ է, որին մասնակցում են մեծ երկրները՝ Ռուսաստանի, Թուրքիայի շահերը, Ադրբեջանը խաղացող է այս ամենի միջեւ, Հայաստանը չափից թույլ է՝ դիմակայելու համար։ Ես դա հասկանում եմ գլոբալ առումով»,- ասել է Պողոսյանը։ «Բայց 100 000 մարդու մակարդակով դա ողբերգություն է»։

Monumentwatch.org: Արցախի Հադրութ քաղաքի պատմական հայկական ինքնության օտարումը

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«Արցախի Հադրութ քաղաքի օկուպացիայից հետո, դեռևս 2021 թվականին Ադրբեջանի կառավարությունը հանձնարարություն ստացավ մշակելու Հադրութ քաղաքի նոր հատակագիծը, վերակառուցման, քաղաքի պատմական հատվածի «վերականգնման», կամ որ նույնն է՝ խեղաթյուրման ծրագիրը: Նախնական հատակագիծը հաստատվել էր դեռևս 2021 թվականին և ուղարկվել լրամշակման, ինչից հետո արդեն 2023 թվականի գարնանը այն համարվում էր պատրաստ։

Անդրադառնալով Հադրութի պատմական հատվածի «վերականգնմանը»՝ նշենք, որ նույն ադրբեջանական կողմը դեռևս 2020 թվականի հոկտեմբերին քաղաքի համար մղվող մարտերում և հատկապես քաղաքի օկուպացիայից հետո հրկիզել է քաղաքի պատմական կորիզը՝ 19-րդ դարի տներով, ինչը շատ լավ երևում է հենց ադրբեջանցի զինվորականների կողմից արված լուսանկարներում և տեսանյութերում, որտեղ երևում է ծխացող և ավերված պատմական հատվածը:

Նույն ադրբեջանական կողմը քաղաքի օկուպացիայից հետո զորավարժությունների ժամանակ որպես թիրախ է օգտագործել Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանի շենքը, որը պայթեցվել է, իսկ քաղաքի օկուպացիայից հետո մինչ այժմ անհայտ է թանգարանի ցուցանմուշների ճակատագիրը (Ցուցանմուշներ, որոնք ներկայացնում էին քաղաքի պատմությունը):

Քաղաքի օկուպացիայի հետո ադրբեջանական կողմը հիմնահատակ քանդել է Հադրութ քաղաքի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի շենքը և հարակից շենքերը:

Վստահաբար կարող ենք ասել, որ անմիջապես հենց Իլհամ Ալիևի հրամանով Հադրութ քաղաքի և Հադրութի ամբողջ շրջանի համար ստեղծվում է նոր ինքնություն և պատմություն, որտեղ բացակայում են բնիկները՝ հայերը: Ասվածի իրավական առաջին քայլերից էր Հադրութի շրջանի պատմական Տող բնակավայրում այսպես կոչված արգելոցի ստեղծումը:

Հադրութ բնակավայրը իր ողջ պատմության ընթացքում ունեցել է բացարձակ մեծամասնություն կազմող հայ բնակչություն և հայկական ազգային-դավանական միջավայր: Ասվածի լավագույն ցուցիչներից մեկը 19-րդ դարում Ռուսական կայսրության տարածքում պարբերաբար հրատարակվող և կայսրության էթնիկ կազմը, բնակավայրերը նկարագրող պարբերականներն էին, որտեղ Հադրութ բնակավայրը և շրջանը նկարագրվում է որպես հայկական։

Այս նոր ինքնության և պատմության կերտման մեջ կարող ենք տեսնել, որ երբևիցե իսլամ բնակչություն չունեցած Հադրութ քաղաքում դեռևս 2021 թվականին արվել է մզկիթի հիմնարկեք:

Առավել անհանգստացնում է Հադրութի Սբ․ Հարություն եկեղեցու այսպես կոչված վերականգնման և հարակից տարածքում պեղումներ իրականացնելու փաստը: Ադրբեջանական կողմը մի անգամ չէ, որ հայտարարել է, որ Արցախի եկեղեցիների հարյուրավոր հայերեն արձանագրությունները, խաչերը, խաչքարերը կեղծ են և իրենք հուշարձաններին «նախնական տեսքի են բերելու», ինչը նշանակում է արձանագրությունների, խաչային հորինվածքների և խաչքարերի ոչնչացում: Կարող ենք տեսնել, որ նախկինում արվող հայտարարությունները հատկապես Արցախի 2023 թվականի սեպտեմբերի 19-20 ռազմական գործողությունների վերջնական հայաթափումից հետո, ցավոք, ստանում են գործնական կիրառում: Այս գործնական կիրառման հիմքը Գանձասարաի վանքի շուրջ Ադրբեջանի ստեղծած աղմուկն էր:

Ինչպես տեսնում ենք, ադրբեջանական կողմը ցանկանում է ստեղծել նաև Կովկասյան Աղվանքի մշակույթին նվիրված թանգարան: Սա տեղավորվում է Արցախի մշակութային բռնայուրացմանը միտված իրենց տեսության մեջ, համաձայն որի՝ Արցախի հայկական ժառանգությունն աղվանական է: Հենց այս տեսությամբ էր պայմանավորված, որ Հադրութի օկուպացիայից անմիջապես հետո այսպես կոչված ալբանա-ուդիական քարոզիչներն անմիջապես Ադրբեջանի պաշտպանության  նախարարության, նախագահի աշխատակազմի հովանու ներքո սկսեցին այցեր և ծեսեր կազմակերպել Հադրութի, Վանքի, Տողի եկեղեցիներում՝ հընթացս նաև քարոզչական հայտարարություններ կատարելով:

Մեր արձագանքը

Հադրութ քաղաքի պատմության, տարածաշրջանում առկա եկեղեցիների իսկության և ամբողջականության խաթարմանն ուղղված ցանկացած գործողություն արգելված է ժառանգության պաշտպանության միջազգային օրենքներով։

Հադրութ քաղաքը որպես ադրբեջանական ներկայացնելու փորձը խախտում է Հադրութի շրջանի շուրջ 48 բնակավայրերի, ավելի քան 13 հազար բնակչության   մշակույթի իրավունքը, որից բռնի կերպով նա զրկվել է տեղահանման և իր մշակութային ու ստեղծագործ կյանքով ապրելու արգելքի պատճառով։ Մշակութային ժառանգությանն առնչվող իրավունքները կազմում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով սահմանված մշակութային կյանքին մասնակցելու իրավունքի անքակտելի մաս և յուրաքանչյուր ոք` անհատապես կամ հավաքական ձևով, իրավունք ունի օգտվելու մշակութային ժառանգությունից և նպաստելու դրա հարստացմանը, ու նաև պարտավոր է հարգել այլոց մշակութային ժառանգությունը, ինչպես իր սեփականը։ Այս կոնտեքստում ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչնչացնելով, յուրացնելով մի ողջ հանրույթի մշակութային ժառանգությունը, զրկելով նրան իր սեփական ինքնությանը համարժեք ապրելու ու ստեղծագործելու իրավունքից,  այժմ յուրացման գործողությունը ցանկանում է ամրագրել պետականորեն և  միջազգայնորեն՝ խախտելով հայ հանրույթի մշակութային ֆունդամնետալ իրավունքները՝ սահմանված նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածով։

Պատմական Հադրութ քաղաքի, որը նաև հայ մշակույթի կարևորագույն կենտրոն էր, հայկական  ինքնության օտարումը  ակնհայտորեն ոտնահարում է քաղաքի պատմականության, վերջինիս իսկության և ամբողջականության հիմնարար սկզբունքները, որոնք բխում են 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից, ինչպես նաև ԻԿՕՄՕՍ-ի կողմից 2017 թվականին Նյու Դելիում ընդուված փաստաթղթից: Իսկության սկզբունքների պահպանության Նարայի փաստաթուղթը նշում է, որ մշակութային արժեքների՝ հակամարտություններում հայտնվելու դեպքում պահանջվում է մշակութային արժեքների հանդեպ լեգիտիմության ճանաչում»: