Artak Beglaryan -ը գրում է․
Month: Դեկտեմբեր 2023
Տավուշի մարզի Բարեկամավան գյուղը հնարավորություն ունի հյուրընկալել Արցախից 10 ընտանիքի
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի Բարեկամավան գյուղը հնարավորություն ունի հյուրընկալել Արցախից բռնի տեղահանված մինչև 10 ընտանիքի: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Բարեկամավանում հաստատվել ցանկացողները առնվազն 1 տարի՝ մինչև 2025 թվականի հունվար, չեն վճարի բնակարանի վարձ, ինչպես նաև, կախված ընտանիքի անդամների թվից, կստանան միջինը 400-ից 500 հազար դրամ արժողության տնային կենդանիներ, տնային պարագաներ և այլ օժանդակություն՝ կախված անհրաժեշտությունից:
Այս ծրագիրն իրականացվում է Նոյեմբերյան համայնքի, Բարեկամավան գյուղի, տեղական ՀԿ-ների ու սփյուռքահայ կազմակերպությունների ու անհատ նվիրատուների համատեղ ջանքերով և օժանդակությամբ: Ծրագիրը համակարգում են Բարեկամավանի վարչական ղեկավար Գարիկ Աբազյանը (094-90-20-56) և Թաթուլ Հակոբյանը:
Բարեկամավան տեղափոխվել ցանկացող ընտանիքները պետք է անպայման ունենան դպրոցական գոնե 1 երեխա, ինչպես նաև ծանոթ լինեն գյուղական կյանքին:
Ինչպես կարդալ գորգը. Շուշիի գորգի թանգարանի տնօրեն
Օրերս Հայ-եվրոպական համալսարանում տեղի ունեցավ «Ինչպես կարդալ գորգը» թեմայով դասախոսություն, որը կարդաց Շուշիի գորգի թանգարանի հիմնադիր և տնօրեն, իրավաբան, տնտեսագետ, միջազգային իրավունքի մասնագետ, արվեստագետ, ձեռնարկատեր, գորգերի հավաքածու հեղինակ, Արցախյան երեք պատերազմների մասնակից Վարդան Ասծատրյանը։
«Գորգ կարդալը բավականին հետաքրքիր գործունեություն է, յուրաքանչյուր գորգ ունի իր թեմատիկան և գունային սխեման: Նրանց գույները տարբեր են՝ հայկական գորգերի մեջ գերակշռում են կարմիր գույները։ Գույները ստացվում են բնական ներկանյութերից։ Գորգն ունի իր սկիզբն ու վերջը՝ թե՛ տեխնիկապես, թե՛ ստեղծագործական առումով, ջուլհակի համար գորգ ստեղծելիս ամենակարևորը թեմատիկ դինամիկան հասկանալն ու հաշվի առնելն է, օրինակ՝ արևագորգը անձնավորում է օրվա արևային դինամիկան։
Գորգագործության արվեստում հիմնականում 4 թեմա կա՝ աստվածաշնչյան, դիցաբանական, բնության երևույթներ, շրջապատող աշխարհ, և յուրաքանչյուր գորգի նախշ մի երեւույթի անձնավորումն է։ Գորգը կարելի է կարդալ վերևից ներքև կամ չորս կողմից։ Ընդունված է չորս կողմից կարդալ աստվածաշնչյան թեմաներով գորգեր, որոնք վերջ չունեն։
Կցանկանայի, որ գորգագործության արվեստը ուսումնասիրվեր Հայաստանի դպրոցներում և բուհերում։ Այս արվեստին տիրապետող մարդը հեշտությամբ կարող է տիրապետել ցանկացած մասնագիտության»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Ասծատրյանը։
Արսեն Աղաջանյան
Հասարակությունը պահանջում է անհապաղ չեղարկել Արցախի լուծարման մասին հրամանագիրը
«Շահրամանյանը պարտավոր է գոնե մեկ օգտակար քայլ անել ի նպաստ հայ ժողովրդի` Արցախի Հանրապետության լուծարման մասին հրամանագիրը մինչև տարեվերջ պետք է անհապաղ չեղյալ համարվի»,- ասում են Արցախի լուծարման մասին հրամանագրի չեղարկում պահանջող ֆլեշմոբի նախաձեռնողները։
Պահանջարկի պաստառը և տեսանյութը տարածվում են սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։
Շուշիի ճանապարհին վթարի հետևանքով կա զոհ
Շուշիի ճանապարհին բետոնախառնիչ մեքենա է շրջվել: Այս մասին հայտնում են Բաքվի լրատվամիջոցները:
Վթարի հետևանքով մի հոգի ծանր վիրավորվել է, մյուսը՝ մահացել:
Երկու կին պատգամավորների կարծիք՝ Արցախի գոյության մասին
Եթե ԼՂ ինստիտուտները շարունակում են գործել, ապա գուցե իրենց վրա վերցնեն ՀՀ բանկերի նկատմամբ ունեցած Լեռնային Ղարաբաղի՝ 315 մլրդ ՀՀ դրամի չափով պարտքը, որն այսօր ՀՀ կառավարությունը ստիպված եղավ վերցնել իր վրա:
Դուք ձեր տկարամտությամբ (լավագույն դեպքում) Լեռնային Ղարաբաղը բերեցիք կործանման: Հույս չունենաք, որ նույնը կարողանալու եք անել Հայաստանի Հանրապետության հետ: Հայաստանը տեր ունի, որը ձեզ թույլ չի տալու նույն օյինը խաղալ մեր պետության/ հայրենիքի հետ: Հանգիստ նստեք տեղներդ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
Երեկ ՀՀ Կառավարությունը իր վրա է վերցրել Արցախի կառավարության եւ դրա կից հիմնադրամների ֆինանսական պարտավորությունները հայկական բանկերի առաջ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է․ «2 ամիս առաջ ՔՊ-ն Սամվել Շահրամանյանին մեղադրում էր ուժի ակնհայտ սպառնալիքի տակ, այլընտրանքի բացակայության պայմաններում փաստաթուղթ ստորագրելու մեջ: Երեկ Շահրամանյանը հայտարարել է, որ այդպիսի (ի սկզբանե անօրինական) փաստաթուղթ այլևս գոյություն չունի: Ու….. ՔՊ-ում վայնասուն է սկսվել այս առիթով. «Ոնց կարող է որևէ մեկը համարձակվել չեղարկել կապիտուլյացիան, չէ որ քանի մենք կանք կապիտուլյացիան պետք է հավերժ լինի» փաստացի սա են ասում ՔՊ-ականները»:
Վլադիմիր Գրիգորյանը այլևս չի կատարում ԱՀ նախագահի խորհրդականի պարտականությունները
Վլադիմիր Գրիգորյանը հայտնել է, որ այլևս չի կատարում ԱՀ նախագահի խորհրդականի պարտականությունները:
«Իմ կողմից «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցը տեղի է տվել տարատեսակ շահարկումների: Այդ իսկ պատճառով հարկ եմ համարում նշել, որ դա եղել է իմ անձնական մեկնաբանությունը, որն այս պահին չի արտահայտում որեւէ պաշտոնական դիրքորոշում։
Հայաստանը հնագույն քաղաքակրթությունների ֆորումում
Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության հուշարձանների միտումնավոր ոչնչացման և ինքնությունը փոխելու քաղաքականությունը Թեհրանում ներկայացրել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահե Գևորգյանը։ ՀՀ արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ Գեւորգյանը դեկտեմբերի 21-ին Թեհրանում մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 7-րդ նախարարական հանդիպմանը։
2017 թվականի ապրիլի Աթենքում տեղի ունեցավ «Հնագույն քաղաքակրթությունների առաջին ֆորումը», նախարարական համաժողովը, որին մասնակցում էին 10 երկրներ՝ Հունաստան, Չինաստան, Եգիպտոս, Բոլիվիա, Հնդկաստան, Իրաք, Իրան, Իտալիա, Մեքսիկա և Պերու։
Ֆորումին մասնակցող տասը երկրները ներկայացնում էին հիմնական հնագույն քաղաքակրթությունները՝ եգիպտական, հռոմեական, պարսկական, չինական, հունական, մայաների, ինկերի, ացտեկների, միջագետքի և Ինդուսի հովտի քաղաքակրթությունները:
Առաջին ֆորումը կազմակերպվել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոտզիասի նախաձեռնությամբ և չինացի գործընկեր Վան Յիի աջակցությամբ, ինչպես նշեց հույն նախարարը, պատմական մեծ մշակույթ ունեցող պետությունների հանդիպումն այսօր արդիական է և ազդում մարդկության վրա՝ հանդիսանալով փափուկ և տնտեսական ուժի մի ձև։
Հայաստանը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի լիիրավ անդամ է դարձել 2018 թվականի հուլիսին։ Իրենց համաձայնությունը տվել են ֆորումի անդամ 8 երկրներ։
Արցախի կառավարությունը հայտարարել է, որ շարունակելու է աշխատել, ՀՀ վարչապետի վարչակազմն այն հայտարարել է օրենքից դուրս
Անդրադառնալով 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի պետական մարմինները լուծարելու մասին Արցախի նախագահի սեպտեմբերի 26-ի հրամանագրին, հրամանագրի հեղինակ Սամվել Շահրամանյանն երեկ ընդգծել է, որ «Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները»։
Նա երեկ հանդիպել է կառավարության անդամների և վարչական շրջանների ղեկավարների հետ, որից հետո տեղեկություններ են հայտնվել, որ կառավարությունը հասարակական հիմունքներով «2024 թվականին կշարունակի աշխատել»։
Ոչ ոք չի բացատրել, թե դա ինչպես է լինելու, մանավանդ որ ՀՀ կառավարությունն իր որոշումներով ստանձնել է Արցախի կառավարության որոշ գործառույթներ, մասնավորապես՝ արցախցիներին կենսաթոշակներ և նպաստներ տալը, իսկ երեկ իր վրա է վերցրել Արցախի կառավարության եւ նրա կից ֆոնդերի ֆինանսական պարտավորությունները հայկական բանկերի առջեւ։ Բացի այդ, Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է Արցախի ժողովրդին Արցախի իշխանությունից հեռացնելու համար։
Ավելի վաղ Հայաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչները հայտարարել էին, որ Արցախի կառավարության և խորհրդարանի գոյությունը ռումբ է դառնալու Հայաստանի պետականության տակ։
Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ հրամանագիր ստորագրող ու չկա: Նման գրառում է արել այսօր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը: «Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ օրենք ընդունող ու չկա: Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ կառավարություն ու չկա: Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ պետություն ու չկա»,- գրել է նա:
Այսինքն՝ Փաշինյանի վարչակազմը Հայաստանում օրենքից դուրս է հայտարարում Արցախի կառավարությունն ու խորհրդարանը։
Մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանն ասաց, որ Արցախի լուծարման մասին սեպտեմբերի հրամանագիրը չեղարկվել է Արցախի նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագրով, ըստ որի՝ Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարությունը, խորհրդարանը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, ուժային կառույցները, Ստեփանակերտի քաղաքապետը և վարչական շրջանների ղեկավարները պաշտոնները շարունակում են զբաղեցնել կամավոր հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության։
Շահրամանյանի հոկտեմբերի 19-ի հրամանագրում նշվում է նաև, որ վավեր են 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Արցախի Հանրապետության անունից տրված փաստաթղթերը։
«Այս հրամանագիրը հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ պարոն Շահրամանյանը չեղարկել է սեպտեմբերի 28-ին ստորագրած հրամանագիրը։ Այսինքն՝ Արցախի Հանրապետությունը, կառավարությունը և մյուս բոլոր մարմինները կշարունակեն իրենց գործունեությունը 2024 թվականից հետո»,- ասաց նա։
«Մունք» տեխնոդպրոցը կգործի Սյունիքում, Գեղարքունիքում, Արագածոտնում եւ Ջավախքում
2024-ին «Մունք» տեխնոդպրոցը նախատեսում է ընդլայնել ծրագիրը՝ նոր շարժական լաբորատորիաներ գործարկել Սյունիքի մարզի Կապան համայնքում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում, Արագածոտնի մարզի Թալին համայնքում եւ Ջավախքում: Ընդլայնումից հետո ծրագրում հնարավոր կլինի ներառել ավելի քան 900 շահառու:
Կրթական ծրագիրը ներառում է 3 մասնագիտական ուղղություն՝ ռոբոտաշինություն, դիզայն եւ ծրագրավորում: Յուրաքանչյուր ուղղություն իր մեջ ներառում է ընդհանուր 10-ից ավելի մասնագիտություն:
«Նպատակ ունենք, որ 2025-ի գարնանը կունենանք ավելի քան 300 լայն բազային գիտելիք ունեցող, մասնագիտական կողմնորոշում ստացած, «Բացահայտում» փուլը հաղթահարած շահառու: Նույն տարվա աշնանը կունենանք այս փուլը հաղթահարած եւս 100 երիտասարդ»,-նշել է ծրագրի զարգացման տնօրեն Հայկ Տրունյանը։
«Մունք» տեխնոդպրոցն Արցախում հիմնադրված կրթական նախագիծն է, որի ռազմավարական նպատակը Հայաստանի հեռավոր շրջաններից երիտասարդների արտագաղթի կանխումն է եւ նոր համահայկական կրթադաստիարակչական համակարգի ստեղծումը:
Տեխնոդպրոցի առաքելությունը տաղանդների բացահայտումն է եւ նրանց բարձր մակարդակի ժամանակակից, որակյալ մասնագիտական կրթություն տալը։ «Մունք»- ը ուրբանիզացիայի հետեւանքով ժամանակակից աշխարհից աստիճանաբար կտրվող եւ քիչ զարգացած տարածաշրջաններում ապրող երիտասարդներին հնարավորություն է տալիս առանց իրենց բնակավայրը լքելու դուրս գալ գլոբալ գիտելիքի շուկա։
Ծրագիրը բաղկացած է 3 փուլից: Մեկնարկային` «Բացահայտում» փուլում ծրագիրը բացահայտում է մարդկանց տաղանդները, նրանց լայն բազային գիտելիք, կարեւոր/անհրաժեշտ հմտություն տալիս զարգացման համար։ Այնուհետեւ 2-րդ՝ «Մասնագիտացում» փուլում հնարավորություն է տալիս նախընտրած ոլորտում մասնագիտանալ։ Իսկ 3-րդ՝ «Կիրառենք» փուլում լուծվում է շահառուների զբաղվածության խնդիրը։ Նրանք հնարավորություն են ստանում գործակցել ՏՏ ոլորտի ընկերությունների հետ եւ շարունակական աջակցության շնորհիվ ինտեգրվում են աշխատաշուկայում: «Մունք» տեխնոդպրոցի գործունեության փաստացի արդյունքը՝ «Արտադրանք»-ը իր բնակավայրում ապրող, լավ վարձատրվող աշխատանք ունեցող, յուրահատուկ վերլուծական միտք եւ քննադատական մտածելակերպ ունեցող հայրենատեր անհատներն են:
«Բացահայտում» փուլում շահառուները բոլոր ուղղություններից մասնակցում են տասնյակից ավելի կարճ դասընթացների (տեւողությունը 1-2 ամիս) եւ լայն բազային գիտելիքներ են ստանում բոլոր ուղղություններից: Առաջին փուլի ընթացքում շահառուներն իրականացնում են տարբեր գործնական նախագծեր՝ նրանցից յուրաքանչյուրը «Բացահայտում» փուլը հաղթահարելու համար պետք է ստեղծի առնվազն 3 խաղ, 2 ռոբոտ, մի քանի գովազդային պաստառ եւ իլյուստրացիա, 2 ինտերֆեյս դիզայն, մոդելավորի մեկ բարդ մեխանիզմ, ծրագրային կոդով գեներացնի 2 փիքսելային գրաֆիկա: Այս փուլում մեծ ուշադրություն է դարձվում երիտասարդների կայացմանը որպես վառ անհատականություններ՝ զարգացվում է նրանց վերլուծական միտքը եւ քննադատական մտածելակերպը: Բոլոր համայնքներ պարբերաբար հրավիրվում են տեխնոլոգիական ոլորտի փորձառու մասնագետներ, տարբեր ՏՏ ընկերությունների ղեկավարներ, ստարտափների հիմնադիրներ եւ հաջողած գործարարներ:
«Արցախում 2021-ի ավարտին մեկնարկեց առաջին տեխնոդպրոցի հիմնադրման դրամահավաքը։ Այդ ընթացքում ոչ ոք չէր հավատում, որ ամեն ինչից կտրված, սարերի վրա գտնվող, ընդամենը 170 բնակիչ ունեցող Հաղորտիում տեխնոդպրոց կառուցելու համար ավելի քան 67 մլն դրամ կհավաքվի: Սակայն մի քանի ամսում գումարը հավաքվեց եւ մեկնարկեցին շինաշխատանքները: 2022-ին Արցախում արդեն 2 տեխնոդպրոց կար՝ Հաղորտիում եւ Ստեփանակերտում: Առաջին մասնագիտական դասընթացները մեկնարկեցին նույն թվականի սեպտեմբերին»,-նշում է ծրագրի զարգացման տնօրեն Հայկ Տրունյանը։
Դեկտեմբերին Արցախի շրջափակումից հետո տեխնոդպրոցի գործունեությունը շարունակելու համար «Մունք»-ի թիմը ստիպված էր հաղթահարել առաջին հերթին տրանսպորտի եւ դիզվառելիքի խնդիրը: Սակայն շրջափակման ընթացքում տեխնոդպրոցները շարունակեցին գործել, նույնիսկ հնարավոր եղավ ապահովել շրջակա 5 համայնքից ամեն օր ուսանողների տեղափոխումը տեխնոդպրոց:
Ուսումնական տարվա վերջին «Մունք» տեխնոդպրոցը Արցախում 250-ից ավել շահառու ուներ, իսկ մասնագիտական փուլն ավարտածներն արդեն սկսել էին վերջնական նախագծերի իրականացումը եւ տարբեր ընկերություններում աշխատանքի անցնելու գործընթացը: Ավելի քան 100 ուսանող էլ պետք է հոկտեմբերին հաճախեր նեղ մասնագիտական դասընթացների:
Շահրամանյանի կարեւոր հայտարարությունը. շարունակությունը 2024-ին
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը դեկտեմբերի 22-ին հանդիպել է այն պետական մարմինների ղեկավարների հետ, որոնք շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով: Այս մասին տեղեկանում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Քննարկվել է բռնի տեղահանումից հետո արցախցիների հիմնախնդիրները, դրանց լուծման ուղղությամբ առանձնացվել առաջարկություններ:
Ներկայացնելով կատարված ու կատարվող աշխատանքները՝ նախագահ Շահրամանյանն ընդգծել է 2024 թվականին դրանք շարունակելու անհրաժեշտությունը, Ստեփանակերտի քաղաքապետին և շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարել շարունակել գույքագրել բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրներն ու պարբերաբար ներկայացնել կառավարությանը:
Անդրադառնալով վերջին շրջանում լայն քննարկում ստացած նախագահի՝ սեպտեմբերի 26-ի հրամանագրին՝ Սամվել Շահրամանյանն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:
Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագիրը չեղարկվել է. ԱՀ նախագահի խորհրդական
Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի, «Ազատության» հետ զրույցում պնդել է Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը, ընդգծելով, որ դրա համար հիմք է հանդիսանում նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, խորհրդարանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, իրավապահ մարմինները, Ստեփանափակերտի քաղաքապետը ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության։
Շահրամանյանի այդ հրամանագրում նաև նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Արցախի Հանրապետության անունից տրվող փաստաթղթերը վավերական են:
«Արդեն իսկ այդ հրամանագրով մենք կարող ենք համարել, որ պարոն Շահրամանյանը չեղարկել է իր սեպտեմբերի 28-ին ստորագրած հրամանագիրը։ Այսինքն՝ Արցախի Հանրապետությունը, կառավարությունը և մնացած բոլոր մարմինները 2024 -ից հետո շարունակելու են իրենց գործունեությունը»,- ասել է նա:
– Արդյոք սա նշանակում է, որ Արցախը լուծարելու մասին սեպտեմբերի 28-ի իր հրամանագիրը չեղարկելու վերաբերյալ նոր հրամանագիր Սամվել Շահրամանյանն այլևս չի ստորագրի։ Չսպասե՞լ նոր հրամանագիր։
– Ո՛չ, սպասելու կարիք չկա։ Քանի որ Արցախը լուծարելու որոշումը եղել է ոչ իրավաչափ և դրանից հետո ընդունվել է հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, և նաև ընդունվել են մի շարք իրավական նորմատիվ ակտեր, դա ենթադրում է, որ Արցախի Հանրապետությունը 2024-ից հետո լինելու է։
– Իրավական խնդիրներ չե՞ն լինելու, դուք այս հարցը քննարկե՞լ եք իրավաբանների հետ։
– Իհարկե այդ ամենը քննարկվել է։ Մենք կարող ենք համարել, որ այլևս սեպտեմբերի 28-ի հրամանագիրը գոյություն չունի։