Մինասյան․ Պետք է պատրաստել Ադրբեջանի հանդեպ գույքային պահանջների թղթածրարը

Արցախի ժողովրդի՝ Ադրբեջանի կողմից զավթված ֆինանսական, նյութական, գույքային պահանջների իրավունքը պետք է առնվազն իրավական մակարդակով փոխանցվի Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Սա կոնցեպտուալ հարց է եւ գալիս է նրանից, թե արդյոք Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը պետք է պահպանվի, թե՞ ոչ։ Իհարկե, պետք է պահպանվի, հակառակ դեպքում դուք ո՞նց եք պատկերացնում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին, ով այնտեղ հարստություն ունի, բայց դա մնացել է թուրքի ձեռքին, ո՞նց պիտի այդ փոխհատուցումը ստանա։ Դրա միջազգային մեխանիզմի լուծումը Հայաստանի Հանրապետությունն է առնվազն հիմա»,- ասաց Մինասյանը։

Նա հավելեց, որ պետք է պատրաստել նաեւ Ադրբեջանի հանդեպ գույքային պահանջների թղթածրարը։

«Արցախի Հանրապետությունը իրավաբանորեն կա, չի կարող որեւէ անձ, որեւէ երկիր անգամ վերացնել այդ հանրապետությունը։ Արցախի Հանրապետությունը կա, Արցախի Հանրապետության քաղաքացիներն ունեն սեփականության իրավունքներ, եւ այս ամբողջ կոնցեպտուալ խնդրի լուծումը պետք է դնել սեղանին։ Արցախի Հանրապետությունը միջազգային իրավունքի սուբյեկտ է, որի կողմից թողարկված պարտատոմսերը զրոյական ռիսկ ունեն, դրա հավաստումը նաեւ պաշտոնապես տրվել է Հայաստանի Հանրապետության կողմից։ Սա եւս մեկ ապացույց է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Արցախի Հանրապետությունը։ Միայն ձեր կառավարման շրջանում է, որ փորձում եք այլ կերպ մեկնաբանել»,- հայտարեց Մինասյանը։

Ի տարբերություն Կանադայի, ՀՀ կառավարությունը չի խոսում Արցախի հարցի՝ ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում կարգավորումից

Արցախի քաղաքացին ինչպե՞ս պետք է իմանա, որ իր հիփոթեքային վարկը ներվել է

Արցախի կառավարության եւ դրա կողմից ստեղծված հիմնադրամների, ինչպես նաեւ Արցախի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ կկազմեն շուրջ 315 մլրդ դրամ:

Հայաստանի կառավարությունն առաջարկում է 315 մլրդ դրամ պարտավորությունների վերջնական չափը վերակառուցել ՀՀ կառավարության եւ ֆինանսական կազմակերպությունների միջեւ՝ 70-30 տոկոս համամասնությամբ։

ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց ֆինանսների նախարարին․ «Հասարակ քաղաքացին հիփոթեքային վարկ է վերցրել ու Ստեփանակերտում բնակարան է ձեռք բերել, այդ մարդու ճակատագիրը բանկն է որոշելու, թե՞ Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Անձամբ ես այդ խնդրով 5 դիմում եմ ստացել, ուրեմն, այդ խնդրով հետաքրքրվող մարդկանց թիվը շատ է։ Մարդը վերցրել է 100 հազար դոլարի հիփոթեքային վարկ, ինքը պետք է շարունակի 30 հազար դոլարը վճարե՞լ, թե այդ 30 հազար դոլարն էլ բանկն է իր կողմից ներելու»։

«Եթե հիփոթեքային վարկ է վերցրել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում բնակարան գնի, ոչ։ Եթե Ստեփանակերտի մասին է խոսք գնում, ապա այդ իրավունքն ամբողջությամբ անցնում է ՀՀ կառավարությանը։ Եվ ուսումնասիրության արդյունքում, եթե պարզվի, որ այդտեղ որեւէ կեղծ գործարք է տեղի ունեցել, ապա մենք պահանջը կներկայացնենք, եթե նորմալ գործարք է տեղի ունեցել, եւ մարդիկ իրենց տունը կորցրել են, այլեւս չեն կարող սպասարկել այդ հիփոթեքային վարկը, ապա այդ գումարն ամբողջությամբ կներվի,- ասաց ֆինանսների նախարարը։

Մեկ այլ հարցի՝ քաղաքացին ինչպե՞ս պետք է իմանա՝ իր վարկը ներվել է, թե՞ ոչ, նախարարը պատասխանեց, որ օրենքի ընդունումից հետո, երբ պայմանագրերը կկնքվեն բանկերի հետ, բանկերը որեւէ պահանջ չեն ունենա ցուցակում ընդգրկված սուբյեկտների նկատմամբ։

«Այդ պարտքերը ներվելո՞ւ են Արցախի քաղաքացիներին, թե՞ բանկերը գնալու են նրանց հետեւից եւ փորձեն ստանալ ինչ-որ ձեւով»

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը Ազգային ժողովի արտահերթ նիստում հարցրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին՝ բանկերը ներելո՞ւ են Արցախի քաղաքացիների պարտավորությունները։

«Այդ պարտքերը ներվելո՞ւ են Արցախի քաղաքացիներին, թե՞ բանկերը գնալու են Արցախից ժամանած քաղաքացիների հետեւից եւ փորձեն ստանալ ինչ-որ ձեւով»,- հարցրեց պատգամավորը։

«Եթե իրավունքն անցնում է Հայաստանի Հանրապետությանը, այդ մենք կորոշենք՝ կներվի, թե չի ներվի»,- ասաց ֆինանսների նախարարը։

Նա նշեց, որ 315 մլրդ դրամի իրավունքն անցնում է Հայաստանի Հանրապետությանը։

«Այդտեղ կան նաեւ որոշակի չափով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրված վարկեր, բայց հիմնական գերակշիռ մասը Լեռնային Ղարաբաղի կառավարության եւ իր հիմնադրամների կողմից թողարկված պարտատոմսերն են»,- նշեց նախարարը։

«Ձեր կառավարությունը չի դիտարկո՞ւմ, որ այս ամբողջի հիմնական մեղավորը՝ մեր թշնամի Ադրբեջանը որեւէ կերպ պետք է պատասխանատվություն կրի»

Արցախի կառավարության եւ դրա կողմից ստեղծված հիմնադրամների, ինչպես նաեւ Արցախի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ կկազմեն շուրջ 315 մլրդ դրամ: Հայաստանի կառավարությունն առաջարկում է 315 մլրդ դրամ պարտավորությունների վերջնական չափը վերակառուցել ՀՀ կառավարության եւ ֆինանսական կազմակերպությունների միջեւ։

ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն ասաց, որ այսպիսով, Հայաստանի կառավարությունը 210 մլրդ դրամով ավելացնում է պետական պարտքը։ «Ձեր կառավարությունը չի դիտարկո՞ւմ, որ այս ամբողջի հիմնական մեղավորը՝ մեր թշնամի Ադրբեջանը որեւէ կերպ պետք է պատասխանատվություն կրի, եւ դրա համար միջազգային մեխանիզմներ կան։ Ի՞նչ քայլեր են այս ուղղությամբ իրականացվում ի վերջո, որ նաեւ այդ հատուցման եւ փոխհատուցման խնդիրները կարգավորվեն։ Այնպես չէ, որ այդպես էլ պիտի լիներ, և՛ Հայաստանի կառավարությունը, և՛ ժողովուրդը պիտի դա փոխհատուցեր»,- ասաց Ավետիսյանը։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց․ «Եվ վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատշաճ ջանքեր է իրականացնելու՝ այդ գումարների առնվազն մի մասը վերականգնելու ուղղությամբ»։

 

ՀՀ կառավարությունը իր վրա է վերցնում Արցախի պարտավորությունները, բայց կստուգի վարկերի օգտագործումը

Արցախի կառավարության եւ դրա կողմից ստեղծված հիմնադրամների, ինչպես նաեւ Արցախի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ կկազմեն շուրջ 315 մլրդ դրամ: Հայաստանի կառավարությունն առաջարկում է 315 մլրդ դրամ պարտավորությունների վերջնական չափը վերակառուցել ՀՀ կառավարության եւ ֆինանսական կազմակերպությունների միջեւ։

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց, թե որն է այս նախագծի նպատակը։ Ըստ նրա՝ մտահոգություններ կան, որ Արցախին հատկացված ֆինանսական միջոցների մի մասը կարող են այլ նպատակներով ծախսված լինել, մասնավորապես, Հայաստանում կամ արտերկրում։

«Եվ այս առումով ես նաեւ ցանկանում եմ իրավապահ համակարգի ուշադրությունը գրավել եւ խնդրել, որպեսզի առկա մեխանիզմների շրջանակներում հընթացս ունենան ուսումնասիրություններ։ Եվ նման բացահայտված դեպքերը նույնպես պիտի բռնագանձվեն եւ օգտագործվեն ի օգուտ Հայաստանի Հանրապետության»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ կան նման մտահոգություններ, եւ ԱԺ քննարկմանը ներկայացված օրենքի նախագիծը հենց դրան է ուղղված։ «Ամբողջ պարտավորության գումարի, այսինքն՝ 315 մլրդ դրամի նկատմամբ ՀՀ-ն ստանում է այդ իրավունքը, այսինքն՝ պահանջի իրավունքները զիջվում են Հայաստանի Հանրապետությանը։ Եվ մենք կարողանալու ենք հետագայում գնալ այդ գումարների հետեւից, եթե բացահայտվեն որոշակի խնդրահարույց դեպքեր, ապա մենք կկարողանանք այդ գումարների պահանջ ներկայացնել»,- հավելեց նախարարը։

 

Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի ԼՂՀ կառավարության և քաղաքացիների ֆինանսական պարտավորությունների մեծ մասը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության, վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, ԼՂՀ իրավաբանական և ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները (պարտատոմսեր և վարկեր) Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի հանդեպ կազմում են շուրջ 315 մլրդ դրամ, Հայաստանի կառավարությունը պատրաստվում է իր վրա վերցնել այդ բեռի մեծ մասը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրեց Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Լեռնային Ղարաբաղի կառավարության եւ վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, Լեռնային Ղարաբաղի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները (պարտատոմսեր եւ վարկեր) ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ կկազմեն շուրջ 315 մլրդ դրամ, որոնց գերակշիռ մասի սպասարկումը, (մայր գումարի եւ տոկոսավճարների մարումները) Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված, անհնար է դարձել»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա ընդգծեց՝ նշվածն առաջ է բերում մի շարք բացասական ռիսկեր, մասնավորապես՝ ՀՀ ֆինանսաբանկային համակարգի կապիտալի էական կորուստներ եւ ֆինանսական կայունության խաթարում, ֆինանսական ցուցանիշների եւ բանկերի վարկանիշների էական վատթարացում, ֆինանսական ցուցանիշների վատթարացման արդյունքում վարկավորման տեմպերի անկում, հետևաբար տնտեսական ակտիվության նվազում և Լեռնային Ղարաբաղի բնակչության առանձին խմբերի վարկունակության էական վատթարացում ստեղծված սոցիալական ծանր պայմաններում:

«Նախագծով նախատեսվում է նշված շուրջ 315 մլրդ դրամ պարտավորությունների վերջնական չափը վերակառուցել ՀՀ կառավարության և ֆինանսական կազմակերպությունների միջեւ՝ համապատասխանաբար 70% եւ 30% համամասնությամբ: Ընդ որում, ՀՀ կառավարության կողմից պարտավորությունների ստանձնվող 70% չափի մասով ՀՀ կառավարությունը կթողարկի պետական գանձապետական պարտատոմսեր՝ ձեռք բերելով վերակառուցվող ամբողջ պարտավորությունների նկատմամբ պահանջի իրավունքը: Ընդ որում, նախագծով առաջարկվում է թույլատրել ՀՀ կառավարությանը թողարկել գանձապետական պարտատոմսեր՝ առավելագույնը մինչև 225 մլրդ դրամ անվանական արժեքով: Արդյունքում ակնկալվում է էապես մեղմել ՀՀ ֆինանսական համակարգում առաջացած ռիսկերը եւ դրանցից բխող տնտեսության համար ստեղծվող ռիսկերը, որը թույլ կտա պահպանել տնտեսության կայուն զարգացման համար կարեւոր նշանակություն ունեցող ֆինանսական կայունությունը»,-ասաց նախարարը։

Բացի այդ, ակնկալվում է վերականգնել ԼՂ բնակչության առանձին խմբերի վարկունակությունը եւ հնարավորություն ընձեռել հետագայում իրենց գործունեությունը ծավալելիս ֆինանսական համակարգի հետ հարաբերություններում խոչընդոտների չհանդիպել: Միաժամանակ, առաջարկվում է սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնց արդյունքում վերոնշյալ գործարքը հարկային հետեւանքներ (եկամտի եւ շահույթի ավելացումներ եւ նվազեցումներ) չի առաջացնի ՀՀ ֆինանսական կազմակերպությունների համար:

«Կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել իր վրա վերցնել բեռի մեծ մասը: Սրա հետևանքով պարտավորության նկատմամբ իրավունքների ամբողջ մասը վերակառուցվում է, այսինքն՝ զիջվում է կառավարությանը: Դրա փոխարեն բանկային համակարգը կստանա պետական գանձապետական պարտատոմսեր: Մենք մեղմում ենք այն ռիսկը, որ բանկերն այլ պայմաններում պետք է կրեին, քանի որ ԼՂ կառավարությունը կամ այն տնտեսավարող սուբյեկտները, ում նկատմամբ կային պահանջներ, այլեւս չեն կարողանալու այդ պահանջները սպասարկել»,-եզրափակեց Հովհաննիսյանը:

Փախստականների իրավունքները երեք ամիս ոտնահարված են Հայաստանի կառավարության կողմից

Երրորդ Կամավոր ազգային զեկույցի մշակման գործընթացի մեկնարկի կապակցությամբ կազմակերպված սեմինարին, որը Հայաստանը կներկայացնի 2024 թվականին Կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ, Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը նշել է, որ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացման զեկույցում կնշվեն փախստականների իրավունքներն ու կարիքները։

Փոխնախարարի խոսքով, այս տարվա սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներից հետո Հայաստանի խնդիրները զգալիորեն աճել են թե՛ մարդկային զարգացման, թե՛ մարդու իրավունքների պաշտպանության առումով։

Ուրախալի է լսել, որ Հայաստանում գոնե ինչ-որ կերպ պետական ​​մակարդակով նշվում են փախստականների իրավունքները, որոնք երեք ամիս շարունակ ոտնահարվում են հենց ՀՀ կառավարության կողմից։

Բավական է նշել, որ այն մարդիկ, ովքեր կորցրել են բառացիորեն ամեն ինչ, ըստ էության հայտնվելով փողոցում, երեք ամսում ստացել են ընդամենը 100 հազար դրամի միանվագ նպաստ (ընդ որում ոչ բոլորն են ստացել) և 40+10 հազ. յուրաքանչյուրը աներևակայելի թանկ բնակարանների և կոմունալ ծառայությունների վարձը ծածկելու համար: Տարեցները դեռևս չեն ստացել իրենց կենսաթոշակները վերջին ամիսներին, հիվանդները, հաշմանդամները, անչափահաս երեխաները չեն ստացել իրենց նպաստը, պահեստազորի զինծառայողները չեն ստացել իրենց կենսաթոշակը։

Ընդհանրապես, Հայաստանում ընդունված է ինչ-որ մեծամտությամբ խոսել վեհ հարցերի, միջազգային կառույցների պարտականությունների մասին՝ ասելով, որ բոլոր միջազգային իշխանությունները պետք է խստորեն կատարեն իրենց գործառույթները։ Ինչ վերաբերում է բուն Հայաստանի միջազգային պարտավորություններին, տարօրինակ կերպով դա լռում է։

Արցախցի փախստականները որոշակիորեն տարբերվում են այլ ճանաչված երկրների հայ փախստականներից։

Ինչպես գիտեք, տեղահանվածների համար պայման է դրվել՝ կա՛մ նրանք ընդունում են Հայաստանի քաղաքացիությունը և զրկվում են մարդասիրական բոլոր ծրագրերից, կա՛մ համաձայնում են փախստականի կարգավիճակին, ինչը նրանց զրկում է ընտրության իրավունքից, Հայկական զինված ուժերում ծառայության անցնելու իրավունքից, բիզնեսի իրավունք և այլն։

Այս մասին արդեն բավականին շատ է խոսվել։ Մեզ հետաքրքրում է, թե քանի՞ փախստական ​​կներկայացվի ՄԱԿ՝ կայուն զարգացման ծրագրերում ընդգրկվելու համար։

ՀՀ միգրացիոն ծառայության պետ Ա.Ղազարյանի խոսքով, բոլոր 150-ական անձինք, ում վերջին գրանցումը Արցախում է, ընդգրկված են Հայաստանի պետական ​​ռեգիստրում, սակայն հատուկ նշանով 2020-ից մինչև 2023 թվականը Արցախից հարկադիր վերաբնակեցումը։

Մնում է տեսնել, թե այս բոլոր մարդիկ կընդգրկվե՞ն ՄԱԿ-ի ծրագրերում, թե տեղահանվածները, ովքեր ընդունել են Հայաստանի քաղաքացիություն, կզրկվեն միջազգային իրավական արտոնություններից՝ ուղղված իրենց իրավունքների պաշտպանությանը։

Կցանկանայի հուսալ, որ գալիք տարում կդադարեցվեն բռնի տեղահանվածների իրավունքների անհիմն խախտումները, և համապատասխան պետական ​​մարմիններն ու գերատեսչությունները կսկսեն աշխատել միջազգային օրենքներին և ՀՀ օրենսդրությանը համապատասխան։

Մարգատիտա Քարամյան

Հայկական «Ամերիկացի» ֆիլմն անցել է «Օսկարի» շորթլիստի երկրորդ փուլ

Ռեժիսոր Միքայել Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը հայտնվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգի երկրորդ փուլում` ընտրված 15 ֆիլմերի հետ միասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով մրցանակաբաշխության կայքը, 15 ֆիլմերը ընտրվել են առաջին փուլում տարբեր երկրներից ներկայացրած 88 կտավներից։

Վերջնական շորթլիստը հայտնի կդառնա 2024 թվականի հունվարի 24-ին։ Վերջնական շորթլիստում կմնա 5 ֆիլմ։

Առաջին անգամն է, որ որևէ հայկական ֆիլմ հայտնվում  է անվանակարգի երկրորդ փուլում։

14 զոհ, 24 վիրավոր․ Պրահայի համալսարանում 14 մարդու կյանք խլած հրաձգության վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել

Պրահայի համալսարանում դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 14-ի, 24 մարդ վիրավորվել է։ 24-ամյա հրաձիգը համալսարանի ուսանողներից էր։ Նա նույնպես մահացած է։ Սպանված են գտել նաև չարագործի հորը։ Սա համարվում է Չեխիայում տեղի ունեցած ամենասարսափելի զանգվածային հրաձգությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։

Չեխիայի կառավարությունը դեկտեմբերի 23-ին սգո օր է հայտարարել՝  ի հիշատակ հրաձգության զոհերի։

Պրահայի ոստիկանապետ Մարտին Վոնդրասեկը հայտնել է, որ օրվա սկզբին հաղորդում է ստացվել այն մասին, որ տղամարդն, ամենայն հավանականությամբ, Կլադնոյի շրջանում գտնվող իր քաղաքից մեկնում է Պրահա՝ սեփական կյանքին վերջ դնելու մտադրությամբ։ Այս հաղորդումը ստանալուց հետո հրաձիգի հորը գտել են մահացած վիճակում։

Ոստիկանությունը տարհանել է բոլորին Կառլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի շենքից, ուր հրաձիգը պետք է դասախոսության գնար, սակայն այնուհետև ոստիկաններին կանչել են այլ մասնաշենք․ նրանք հասել են հրաձգությունից րոպեներ անց։

Վոնդրասեկը հավելել է, որ հրաձիգն, ամենայն հավանականությամբ, ինքնասպան է եղել, սակայն դիտարկվում է նաև այն վարկածը, որ նա սպանվել է ոստիկանի կրակոցից։

«Դա կանխամտածված սարսափելի հարձակում էր, որը սկսվել էր Կլադնոյի շրջանում և, ցավոք, ավարտվել այստեղ», – ասել է Պրահայի ոստիկանապետը։

Հրաձիգը նաև կասկածվում է անցյալ շաբաթ մի տղամարդու և նրա երկու ամսական աղջկա սպանության մեջ․ նրանց մահացած գտել էին Պրահայից ոչ հեռու գտնվող գյուղի անտառում՝ հրազենային վնասվածքներով։

Ոստիկանությունը հայտնել է, որ հրաձիգը բարձր առաջադիմությամբ ուսանող էր, նախկինում հանցանք չէր գործել։

Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան չեղարկել է իր ուղևորությունը երկրի արևելք և մեկնել Պրահա։

Հրաձգության դեպքերը Չեխիայում բավական հազվադեպ են։ 2019 թվականին 42-ամյա մի տղամարդ Օստրավա քաղաքի հիվանդանոցի ընդունարանում սպանել էր 6 մարդու, այնուհետև՝ ինքնասպան եղել։ 2015 թվականին Ուհերսկի-Բրոդ քաղաքում մի տղամարդ սպանել էր 8 հոգու, այնուհետև՝ ինքնասպան եղել։

Արանի և Թուրանի պատերազմ. Փաշինյանը փորձում է համոզել Ռաիսիին

Փաշինյանի և նրա թիմի կողմից Հայաստանը «խաչմերուկի» վերածելու ծրագիրը բախվում է առաջին հերթին Իրանի դիմադրությանը։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում աջակցություն է հայտնել Կովկասում հաղորդակցության ուղիների բացմանն ուղղված ցանկացած գործողություններին, որոնք կլինեն բոլոր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման սկզբունքի վրա։

Հայաստանը «խաչմերուկ» դարձնելու Փաշինյանի գաղափարը, այսինքն՝ ճանապարհների հանգույց, որը Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով կկապի Թուրքիային, իսկ Հնդկաստանն ու Իրանը՝ Եվրոպայի հետ, կարող է գայթակղիչ թվալ, եթե չլինի մի հարց։ Արդյո՞ք անցած 100 տարվա ընթացքում որևէ մեկի մտքով չի՞ անցել Հայաստանում լոգիստիկ հաբ հիմնել և ապահովել համաշխարհային անարգել առեւտուր։ Իսկապե՞ս Փաշինյանը հույս ունի կտրել դարավոր գորդյան հանգույցը տարածաշրջանում՝ վերացնելով համաշխարհային առևտրի «միակ խոչընդոտը»՝ Հայաստանը։ Ի վերջո, լոգիստիկան ոչ միայն ճանապարհներ բացելն է, այլև դրանք մրցակիցների համար փակելը: Իսկ այն փաստի ետևում, որ Հարավային Կովկասն արդեն 100 տարի «խցան է» համաշխարհային լոգիստիկայի մեջ, որոշակի գաղափարախոսություն է թաքնված։

Իրանը հասկանում է, որ «հայկական խաչմերուկը» իրականում պատնեշ է Հնդկաստանից և Իրանից Հայաստանով և Վրաստանով դեպի Եվրոպա տանող ճանապարհին։ Իրանը դրանում համոզվեց, երբ Արցախյան պատերազմից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից բառացիորեն մեկ ամիս անց Բաքուն փակեց Գորիս-Կապան ճանապարհը, այնտեղ անցակետեր տեղադրեց և, փաստորեն, փակեց Իրան-Հայաստան հազարամյա մայրուղին։ Ավելին, պաշտոնական Երեւանը սրա դեմ ոչ մի խոսք չասաց, միայն հայտարարեց, որ Տաթեւով նոր ճանապարհ է կառուցելու։ Ակնհայտ դարձավ, որ Իրան-Հայաստան մայրուղու փակումը Փաշինյանի կառավարության հետ համաձայնեցված ռուս-թուրքական ծրագրի մի մասն է։

Հիմա, երբ Փաշինյանը բացահայտ հայտարարում է Հայաստանը «խաչմերուկի» վերածելու մասին, Իրանը դիմադրում է՝ որպես պայման առաջ քաշելով… Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Դատելով Փաշինյան-Ռաիսի հեռախոսազրույցի հաղորդագրության տեքստից՝ պաշտոնական Երեւանը փորձում է համոզել Իրանին իզուր չհիշեցնել Հայաստանի ինքնիշխանությունը և «հաշտվել իրողությունների հետ»՝ գիտակցելով, որ ռուս-թուրքական տանդեմն է հիմա տիրել տարածաշրջանին։

Հայաստանի համար Արանի և Թուրանի (նստակյաց բնակիչների և քոչվորների) պատերազմի հերթական փուլը մոտենում է ավարտին։

Նաիրա Հայրումյան

«Պատրաստվում ենք ցույց անել եւ այս հարցերը բարձրաձայնել»

Արցախից բռնի տեղահանված շատ քաղաքացիներ վախենում են փոխել իրենց «070» կոդով անձնագրերը, որովհետեւ մտավախություն ունեն, որ կկորցնեն Արցախ վերադառնալու հնարավորությունը եւ կզրկվեն աջակցության ծրագրերից։ Քաղաքական հարցերի ու վերադարձի վերաբերյալ հստակ պատասխան ոչ ոք չի տալիս արցախցիներին։ Ինչ վերաբերում է սոցիալական հարցերին, այստեղ նույնպես արցախցիները չեն կարողանում գտնել իրենց հուզող հարցերի հստակ պատասխանները։

Անձնագրային ծառայություններում Արցախից բռնի տեղահանված անձանց զգուշացնում են, որ եթե ստանան ՀՀ քաղաքացիություն, կզրկվեն աջակցության ծրագրերից։

Այս հարցը պարզաբանել էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ասելով․ «ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար հայտարարված աջակցության տարբեր ծրագրերը մենք չենք կապում այլ հարցի հետ։ Հարց է հնչում՝ արդյոք եթե իրենք քաղաքացիություն ստանան, կզրկվե՞ն թոշակ ստանալու իրավունքից եւ այլն, նման բան չկա։ Այսինքն՝ քաղաքացիության դիմելուց հետո, երբ նրանք կդառնան ՀՀ քաղաքացի, մենք բոլոր այն ծրագրերը, որոնց մասին հայտարարել ենք միջնաժամկետ կտրվածքով, օրինակ, ասել ենք, որ 6 ամիս շարունակ տրամադրելու ենք 40+10 հազար դրամները, բոլոր այդ աջակցությունները կստանան»։

Արցախցի իրավապաշտպան Նարե Սիմոնյանին այլ տեղեկություն է ստացել։ Զանգելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «թեժ գծի» հեռախոսահամարով՝ Նարե Սիմոնյանը հարցրել է․ «Արդյոք ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո բռնի տեղահանված անձը շարունակելո՞ւ է ստանալ սոցիալական աջակցություն»։ Պատասխանը «ոչ» է եղել։ «Ես խնդրեցի ներկայացնել որոշում, ո՞ր որոշման հիման վրա չեն ստանալու սոցիալական աջակցություն, ինչին ի պատասխան ասացին՝ չկա որոշման համար ու ամսաթիվ, դա ընդհանուր որոշում է։ Ես ուսումնասիրեցի կարգը, բան չկա, սակայն շարքային արցախցին, որն ունի իր երեխայի օրվա հացը գտնելու խնդիր, երբ զանգում է եւ նման պատասխան է ստանում, բնականաբար, չի ուզում դիմել ՀՀ քաղաքացիության համար»,- ասում է Նարե Սիմոնյանը։

Արցախցի Արթուր Ստեփանյանը step1.am-ի հետ զրույցում ասում է, որ արցախցիները բազմաթիվ հարցեր  ու խնդիրներ ունեն։ Մարդկանց բարձրացրած հարցերը Արթուր Ստեփանյանը գրավոր ուղղել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, այստեղից ստացված գրավոր պատասխանում նշվում է․ «ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք հետագայում չեն զրկվի սոցիալական աջակցության ծրագրերից, այդ թվում՝ բնակապահովման ծրագրից օգտվելու իրավունքից»։

«Կառավարությունը վստահեցնում է, որ նման խնդիր չկա, բայց մարդկանց մոտ մտավախություններ կան, պանիկա է, անձնագրային բաժանմունքներում մեծ հերթեր են, պատրաստվում ենք ցույց անել եւ այս հարցերը բարձրաձայնել»,- ասաց Արթուր Ստեփանյանը։

Անձնագրային բաժանմունքներում մեծ հերթեր են, քանի որ թոշակ ու նպաստ ստանալու համար Արցախից բռնի տեղահանված անձանց ստիպում են ժամանակավոր հաշվառման կանգնել։ Արթուր Ստեփանյանի խոսքով՝ մարդկանց խոստացել են, որ առցանց դիմումը լրացնելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում իրենց թոշակները կստանան, բայց արդեն պարզ է, որ թոշակները հունվարին են ստանալու։

«Ովքեր լրացրել են հայտը, նրանց թոշակ չեն տվել։ Օրինակ՝ մի խումբ արցախցիներ կան, որոնք սեպտեմբեր ամսվա թոշակներն էլ չեն ստացել, բայց հայտը լրացնում են, հոկտեմբեր, նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսների թոշակներն է ցույց տալիս, սեպտեմբերի գումարը ցույց չի տալիս։ Այս հերթերի պատճառով հաշվառման աշխատանքներն ամիսներ կարող են տեւել։ Ես որ վերլուծում եմ այս ամենը, ստացվում է, որ հիմա փող չկա, սպասում են, որ հունվար ամիսը գա»,- նշեց նա։