«Չկա որեւէ իրավական մեխանիզմ, որով ՀՀ տարածքում գտնվող Հայաստանի քաղաքացուն կարող են զրկել ՀՀ քաղաքացիությունից»

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն դեկտեմբերի 20-ին կազմակերպել էր «ՀՀ քաղաքացուց փախստական. արցախցիների իրավունքների զանգվածային ոտնահարում» թեմայով քննարկում։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը նշեց, որ ի դեմս կառավարության որոշման՝ գործ ունենք արցախցիներին քաղաքական իրավունքներից զանգվածաբար զրկելու խնդրի հետ։ «Այսինքն՝ ՀՀ դե ֆակտո իշխանությունները ՀՀ քաղաքացիների մի զգալի մասին՝ 100 հազարից ավելի մարդու զանգվածաբար զրկում է իրենց քաղաքական իրավունքներից։ Սա Սահմանադրության ոտնահարում է, չկա որեւէ իրավական մեխանիզմ, որով ՀՀ տարածքում գտնվող Հայաստանի քաղաքացուն կարող են զրկել ՀՀ քաղաքացիությունից։ ՀՀ քաղաքացուն Հայաստանի տարածքում հնարավոր չէ զրկել ՀՀ քաղաքացիությունից։ Բայց իրենք չեն հայտարարում, որ զրկում են ՀՀ քաղաքացիությունից, ասում են՝ դուք պետք է ստանաք ՀՀ քաղաքացիություն կամ փախստականի թուղթը, որը շատ անհասկանալի մի բան է։ Սա նույն բանն է, ինչ բոլշեւիկյան իշխանություններն անում էին 1920-ականներին՝ Ստալինյան բռնաճնշումների ժամանակ, երբ հայտարարում էին, որ բնակչության շատ մեծ շերտեր ձայնազուրկ են, իրավունք չունեն մասնակցելու խորհրդային Ռուսաստանի ընտրություններին։ Այ մենք հիմա գործ ունենք նույն երույթի հետ․ 100 հազարից ավելի արցախցիների դարձնում են ձայնազուրկ՝ խաբելով, մասամբ նաեւ պարտադրելով եւ սպառնալով զրկել ինչ-որ նյութական օգնությունից»,- հայտարարեց Վրթանեսյանը։

Նա ընդգծեց այն, որ արցախցիներին անձնագրային բաժանմունքներում ստիպում են ստորագրել դիմումի տակ, որում գրված է, որ նրանք ոչ մի երկրի քաղաքացի չեն հանդիսանում։ Ըստ Վրթանեսյանի՝ այդ անհասկանալի թուղթն ստորագրելով՝ մարդիկ ըստ էության հայտարարում են, որ չունեն քաղաքացիություն։ Սա նշանակում է, որ փաստորեն մարդկանց ստիպում են ստորագրել, որ իրենք նաեւ Արցախի քաղաքացի չեն։ Այսինքն՝ սա Արցախի պետականությանը հասցվող լրացուցիչ հարված է։ Նա նշեց, որ ստացվում է հետեւյալը՝ մեկ անձ որոշում է, որ կարող է 100 հազարից ավելի մարդու զրկել իրենք քաղաքացիական իրավունքներից։

«Սա խախտում է նաեւ ՀՀ միջազգային պարտավորությունները, քանի որ Հայաստանը միացել է միջազգային կոնվենցիաների, որոնցով մասնակից երկրները պետք է ամեն ինչ անեն, որ թույլ չտան աշխարհում քաղաքացիություն չունեցող անձանց թվի ավելացում։ Ես այդ բառը կասեմ՝ մենք ըստ էության գործ ունենք հանցագործության հետ, սա հանցագործություն է, եւ ժողովրդավարական երկրներում մի քանի քրեական վարույթ պետք է հարուցեին»,- հավելեց փորձագետը։

 

Կառավարությունը կփոխհատուցի արցախցի 935 ուսանողների ուսման վարձը

Կառավարությունը  կփոխհատուցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված  935 ուսանողների ուսման վարձը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ՀՀ կառավարության նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ըստ Անդրեասյանի՝ կա ուսանողների 2 խումբ, որոնց ուսման վարձի ֆինանսավորումը եկել էր կա՛մ իրենց ընտանիքների կողմից, որոնք այժմ հայտնի պատճառներով զրկված են այս աջակցությունը ցուցաբերելու հնարավորությունից, կա՛մ նրանց վճարումը կատարվել էր ԼՂ-ի իշխանությունների կողմից, և այժմ նույնպես այդ ֆինանսավորման աղբյուրը հնարավոր չէ շարունակել:

«Այս երկու խմբի ուսանողների համար էլ կայացվեց որոշում, որովհետև նրանց համար կրթության իրավունքի վերականգնման խնդիր չունենք, որովհետև այս ուսանողները մեր ուսումնական հաստատությունների ուսանողներ են եղել, և շարունակում են լինել: Բայց ունեինք ֆինանսական աջակցության կոնկրետ խնդիր: Երկու նախագծերից մեկով կարգն է հաստատվում, մյուսով միջոցներ են վերաբաշխվում:

Շուրջ 935 ուսանողի մասին է  խոսքը, որոնցից 860-ը բուհական կրթության, հետբուհական կրթության համակարգից են, 75 ուսանող՝ ՄԿՈՒ համակարգից, որոնց մասին տեղեկատվություն է հավաքվել:

Սրանով մենք փոխհատուցում ենք առաջին կիսամյակի ուսման վարձը մոտավորապես 264 միլիոն դրամի չափով, և գումարը նվիրաբերության պայմանագրերով կհատկացվի համապատասխան ուսումնական հաստատություններին, որտեղ նրանք սովորում են»,- ասաց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք ԼՂ-ից բռնի տեղահանվածները, որոնք ցանկացել են շարունակել ուսումը Հայաստանում, շարունակում են: Նախարարը տեղեկացրեց, որ ավելի քան 1800 ուսանող արդեն բուհերում են սովորում, իսկ ավելի քան 1100-ը՝ քոլեջներում և ուսումնարաններում:

Արցախցիները 40+10 հազարական դրամի օժանդակությունը կստանան մինչեւ 2024-ի մարտը ներառյալ

Կառավարությունը դեկտեմբերի 21-ի նիստում որոշեց 2023-ի ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից 3,5 մլրդ դրամ հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված70 000 անձանց  40+10 հազարական դրամի դեկտեմբեր ամսվա ֆինանսական աջակցությունը տրամադրելու համար:

Նախատեսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ցուցաբերում՝ 6 ամիս ժամկետով՝ ամսական 40 000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10 000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար:

Որոշման շրջանակում սոցիալական աջակցություն տրամադրելու համար առկա է ֆինանսական միջոցների (30 մլրդ դրամ) հատկացման անհրաժեշտություն, որի մի մասը անհրաժեշտ է հատկացնել 2023 թվականի ՀՀ պետբյուջեից:

Որոշման շրջանակում նախատեսվում է բռնի տեղահանված ավելի քան 100000 քաղաքացիների 6 ամիս ժամկետով (2023-ի հոկտեմբերից մինչև 2024-ի մարտը ներառյալ) սոցիալական աջակցության տրամադրում՝ ամսական 40 000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10 000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար:

Որոշման շրջանակում հարկ կլինի 2023 թվականի հոկտեմբերից 2024 թվականի մարտը ներառյալ ամիսների համար հատկացնել 30.0 մլրդ դրամ (100000 շահառու x 50000 դրամ X 6 ամիս), ասվում է հաղորդագրության մեջ:

Forrights. Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը ջանասիրաբար մաքրում են ռուսական «սապոգը»

Forrights

Նախքան Ալիևի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրելը, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փորձում է հող նախապատրաստել, որպեսզի ամեն ինչ ընթանա ըստ պլանի։ Ռուսաստանը պետք է մաքրվի 2020-2023 թվականներին Արցախում տեղի ունեցած իրադարձությունների պատասխանատվությունից, որպեսզի դառնա «խաղաղության խաչմերուկի» և հայ-ադրբեջանական պայմանագրի «երաշխավորը»։

Նիկոլ Փաշինյանն անձամբ է մաքրում ռուս զինվորի «սապոգը», որ հիմա էլ, չնայած Արցախի հայաթափմանը, քայլում է արցախյան հողի վրա և պաշտպանում այն ​​հայերից։ Այս մասին հայտարարել է անձամբ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Կուժուգեթ-օղլու Շոյգուն։ «Ռուսական զորքերի խմբավորումները շարունակում են մնալ Սիրիայում և Ղարաբաղում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը», — ասել է Շոյգուն՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում։

Ղարաբաղում խաղաղությունն առանց հայերի խաղաղություն է, ինչպես կարծում է Շոյգուն։ Եվ սրա հետ համաձայն է Նիկոլ Փաշինյանը։

«Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղը համարում է Ադրբեջանի կազմում, մասնավորապես, ՌԴ նախագահը նման հայտարարություն է արել 2020 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին։ Այս հայտարարությունների մասին ես տեղեկացա մամուլից։ Իմ կարծիքով, դրանք հակասում էին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը»,- վերջին հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը ոչ թե ասում է, որ Պուտինի հայտարարությունը ճիշտ չէ, այլ պարզապես հաստատում է, որ դա Պուտինի դիրքորոշումն է, և նա միայն կրկնել է դա 2022 թվականի նոյեմբերին։ Նման մանիպուլյացիա է պետք, որպեսզի հայաստանյան ռուսամետ ընդդիմությունը չհամարձակվի դատապարտել Փաշինյանի հայտարարությունները։ «Եթե ընդդիմությունը դեմ է Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուն, նշանակում է՝ դա Պուտինի դեմ է»,- ասում է Փաշինյանը։

Ընդդիմությունն այս հարցում չի վիճում ո՛չ Փաշինյանի, ո՛չ Պուտինի հետ։

«Ռուսաստանի ռազմաքաղաքական և դիվանագիտական ​​ղեկավարության համար շատ հարցեր կան, բայց դրանք լուծվում են երկխոսության միջոցով»,- ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա չի մանրամասնել՝ հատկապես ի՞նչ հարցեր ունի Պուտինին և արդյոք դրա մեջ մտնո՞ւմ է Արցախի պատկանելության ճանաչումը։

Իր հերթին իշխող կուսակցության պատգամավորները վստահեցնում են, որ «Երևանը կբարձրացնի հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը բոլոր ոլորտներում»։ Այս մասին ասել է Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Նա հավելել է, որ Հայաստանն ու Ռուսաստանի Դաշնությունը կապված են շատ «անոթներով», ինչպես նաև տնտեսական և այլ կապերով։

«Ռուսաստանը, ունենալով մի շարք անվտանգության պարտավորություններ Հայաստանի հանդեպ, չկարողացավ կատարել իր պարտավորությունները, պարզապես՝ չկարողացավ»,- ասել է նա։

Փաստորեն, ՔՊ-ն կարծում է, որ Ռուսաստանը ցանկանում է, բայց «չի կարողանում» կատարել իր պարտավորությունները։ Եվ ընդդիմությունը սրա հետ էլ չի վիճում։

Բաքվում ևս ասում են, որ ապագա «խաղաղության պայմանագրի» երաշխավորը կարող են լինել կա՛մ Թուրքիան, կա՛մ Ռուսաստանը։

«Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց». աշխատաժողով

ՀՀ ԳԱԱ Հնագիտության եվ ազգագրության ինստիտուտիում կայացավ «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023 թթ. Արցախի փախստականությունը» թեմայով գիտագործնական աշխատաժողով:

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը։

Աշխատաժողովին ներկա էին նաև Արցախի նախկին վարչապես Արտակ Բեգլարյանը և Արցախի Հանրապետության  մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։

Հայկ Հարությունան

Սա ո՛չ խղճահարություն է, ո՛չ էլ` օգնություն, այլ՝ շնորհակալություն հայ ժողովրդի լավ հատվածի կողմից

Խմբագիր-բլոգեր Արամ Գևորգյանը հանձն է առել օգնել տեղահանված արցախցի երեխաներին դրամահավաք կազմակերպելու միջոցով։ Գոյատևման մասին իր պատմություններում Արամ Գևորգյանը նրբանկատորեն անդրադառնում է միգրացիոն խնդիրներին։

«Նախաձեռնության միտքն առաջացավ 44-օրյա պատերազմից հետո, երբ շատ տղաների հերոսաբար զոհվելուց հետո նկատեցինք իրենց ընտանիքների հանդեպ անտարբերությունը։ Փորձեցի իմ ընկերների և ֆեյսբուքյան հետևորդների շնորհիվ սկսել մի նախաձեռնություն, որի միջոցով սրտացավ մարդիկ, ովքեր գիտեն հայրենիքի արժեքը և կցանկանան գումար ներդնել երեխաներին ուրախացնելու համար, կմիանան մեզ և իրենց ներդրումը կունենան այդ գործում։  Ես դա ներկայացնում էի որպես հայ ժողովրդի լավ հատվածի կողմից շնորհակալություն  և ներողություն այդ երեխաներից իրենց մանկությունը խեղելու համար․․․Պետք էր գոնե ամանորյա փոքրիկ նվերի միջոցով կոմպենսացնել բացը»,- պատմում է նա։

2021-2022թթ․ դրամահավաքների օգտատերերը մինչև 12 տարեկան երեխաներն էին։ 2021թ կարողացան ժպիտ պարգևել 350 երեխաների։ Նվերներն Արցախ տեղափոխելու և բաժանելու հարցում օգնեցին Արցախի ներկայացուցչությունից։ Հետագա տարիներին ավելի քիչ միջոցներ հավաքվեցին և ավելի քիչ երեխաներ ներգրավեցին։ Սուղ միջոցները ստիպեցին հասկանալ, որ , ցավոք սրտի, դեռ հնարավորություն չկա բավարարելու բոլոր երեխաների պահանջները։

Այս  տարի որպես նախաձեռնության շահառուներ ընտրվել են սեպտեմբերյան իրադարձությունների պատճառով  մարտերում զոհված կամ այրված զինվորականների մինչև 10 տարեկան երեխաները։ Նախաձեռնությանը միացել են նաև հայ աստղերից ոմանք։ Նամակների ընդունումն արդեն դադարեցված է, իսկ դրամահավաքն ավարտվել է դեկտեմբերի 20-ին։ 123 երեխաների  համար պատրաստված նվերների մի մասն արդեն առաքվել է մարզեր։ Նվերներն ընտրվում են ըստ երեխաների ցանկության՝ հեծանիվներ, ինքնագլորներ, սկուտերներ, տիկնիկներ, ինտելեկտուալ խաղեր և այլն․․․

Այս տարի, ինչպես նախորդ տարիներին, մարդիկ աճուրդներ են կազմակերպում այդ գործի համար։ Աճուրդի են հանվում ձեռագործ աշխատանքներ, օծանելիքներ, խմիչքներ և այլ ապրանքներ։ Փորձում ենք այդ միջոցները ներգրավել այս նախաձեռնության համար։ Դեռ մարդիկ կան, ովքեր ի սրտե մասնակցում են։ Այդ երեխաներին անտարբերության մատնելը ճիշտ չէ։ Ինքը ներկայանում է որպես Ձմեռ պապիկի օգնական։ Ամեն ընտանիք մտնելիս պարտադիր նշում է, որ  սա ո՛չ խղճահարություն է, ո՛չ էլ՝ օգնություն, այլ՝ շնորհակալություն հայ ժողովրդի լավ հատվածի կողմից։ 44-օրյա պատերազմից հետո համախմբված օգնության շնորհիվ կարողացել են Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Դավիթ Առուշանյանի և Ավետիսյան Նարեկի  ընտանիքների համար բնակարաններ գնել։

Հայրենազրկումից, ընտանիքի անդամներին կորցնելուց հետո այդ երեխաները կարիք ունեն հատուկ ուշադրության և դրական էմոցիաների։ Լրատվամիջոցների լուսաբանման շնորհիվ խմբագիրը կարողացավ գրավել բազմաթիվ մարդկանց ուշադրությունն ու աջակցությունը։

Տաթև Ազիզյան

«Եթե ասում են, որ ՀՀ քաղաքացի չեք, ապա միանշանակ պետք է զիվորական բոլոր քրեական հետապնդումները դադարեցվեն»

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի կազմակերպած «ՀՀ քաղաքացուց փախստական. արցախցիների իրավունքների զանգվածային ոտնահարում» թեմայով քննարկման ժամանակ արցախցի փաստաբան Գագիկ Թավադյանն ասաց, որ Արցախից բռնի տեղահանված զինվորականներին, ովքեր ցանկություն են հայտնում ծառայել  ՀՀ Զինված ուժերում, առաջարկում են ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Փաստաբանի տեղեկություններով՝ արդեն իսկ ՀՀ-ում ծառայության մեջ գտնվող արցախցի զինվորականներին էլ ստիպում են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել։

«Սրան զուգահեռ, Հայաստանի դատարաններում եւ նախաքննական մարմիններում քննվում են Արցախի Հանրապետության «070» կոդով անձնագրեր ունեցող զինծառայողների գործեր։ Նրանց մեղադրանքներ են առաջադրված, որ ենթադրյալ հանցանքներ են կատարել Արցախի Հանրապետության տարածքում։ Այստեղ հարց է առաջանում՝ եթե ՀՀ իշխանությունները համարում են, որ Արցախի Հանրապետության «070» կոդով անձնագրեր կրող քաղաքացիները ՀՀ քաղաքացիներ չեն, ապա ինչպե՞ս են նրանք հանդիսանում այդ հանցագործությունների սուբյեկտ։ Եթե ասում են, որ ՀՀ քաղաքացի չեք, ապա միանշանակ պետք է այդ բոլոր քրեական հետապնդումները դադարեցվեն, այլապես սա աբսուրդ է»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ՀՀ-ում այսօր տարբեր քրեական գործերով անցնող արցախցի զինվորականները հետագայում թե՛ բարոյական, թե; գույքային փոխհատուցման համար հայցեր են ներկայացնելու ՀՀ իշխանությունների դեմ՝ իրենց նկատմամբ անօրինական քրեական հետապնդում իրականացնելու համար։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի անդամ Նարե Սիմոնյանը եւս հարցադրում արեց, թե ի՞նչ հիմքով են ՀՀ-ում քրեական գործեր հարուցվել արցախցի զինվորականների նկատմամբ։

«ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախի Հանրապետությունը։ Այդ դեպքում ի՞նչ հանցանքի համար է դատվում Միքայել Արզումանյանը, ով, ըստ ՀՀ իշխանությունների, չի հանդիսանում ՀՀ քաղաքացի եւ գործունեություն է իրականացրել Հայաստանից դուրս։ Միքայել Արզումանյանի օրինակով եմ ասում, բայց կան տասնյակ այլ զինվորականներ։ Եթե այդ տարածքն Ադրբեջանի Հանրապետություն է, ՀՀ իշխանությունների բառամթերքով եմ ասում, եւ այդ քաղաքացիները ՀՀ քաղաքացիներ չեն, ի՞նչ հանցակազմով ու հիմքով են դատվում այդ զինվորականները»,- հարցադրում արեց Նարե Սիմոնյանը։

«Մարդիկ մտածում են, որ հաշվառվելու դեպքում զրկվելու են գույքային փոխհատուցումից»

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն այսօր կազմակերպել էր «ՀՀ քաղաքացուց փախստական. արցախցիների իրավունքների զանգվածային ոտնահարում» թեմայով քննարկում։

«Մարդիկ չեն ուզում իրենց «070» կոդով անձնագրից հրաժարվել, շատ քիչ մարդիկ կան, որ մինչ այժմ դիմել են ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգով»,- քննարկման ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նա նշեց, որ արցախցիները բազմաթիվ հարցեր ունեն եւ այդ պատճառով չեն դիմում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ «ՀՀ քաղաքացիություն ստանալու համար չդիմելու հիմնական պատճառն այն է, որ զրկվելու են իրենց համար կենսական նշանակություն ունեցող աջակցության ծրագրերից, նաեւ հնարավոր վերադարձի դեպքում զրկվելու են Արցախ մտնելու հնարավորությունից։ Օրինակ՝ մարդ կա, որը կոնկրետ այդ հարցն է դնում՝ կարո՞ղ է ես ստանամ ՀՀ անձնագիր, վաղը, երբ վերադարձի խնդիր լինի, ինձ ասեն՝ չես կարող գնալ Արցախ»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։

Ըստ նրա՝ ՀՀ կառավարության՝ արցախցիների համար փախստականի կամ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ սահմանող որոշման հետեւանքով տարբեր խնդիրներ են առաջացել։ Մասնավորապես, մեծ հերթեր են գոյացել անձնագրային ծառայություններում, մարդիկ ինքնակազմակերպված հերթեր են կանգնում, առավոտյան գալիս են, իրենք իրենց համար ցուցակներ են կազմում։

«Կոնկրետ Երեւանի մասին կարող եմ ասել, որ յուրաքանչյուր անձնագրային բաժին օրվա մեջ 30 հոգի է կարողանում սպասարկել։ Այս խնդիրը բարձրաձայնվել է, այս խնդրի մասին խոսել ենք, որ եթե այսպես շարունակվի, ամիսներ են պահանջվելու՝ 100 հազարից ավելի մարդուն հաշվառելու համար։ Ստացվում է, որ եթե այս տեմպերով շարունակվի, սեպտեմբերից նպաստ եւ թոշակ չստացող քաղաքացիները մինչեւ մարտ, ապրիլ, մայիս ամիսներն ուղղակի չեն ստանալու թոշակ ու չեն ունենալու եկամուտ։ Պետք է նաեւ խոսել այն մասին, որ ոչ միայն նպաստի ու թոշակի դեպքում, այլ որպես ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձ կամ փախստական՝ արցախցիները չեն կարող ընդհանրապես որեւէ գործարք իրականացնել ՀՀ-ում՝ առանց հաշվառման։ Այսինքն՝ այդ հաշվառումը օդի եւ ջրի նման պետք է Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի կարողանաս ցանկացած գործարք իրականացնել։

Մեկ այլ կարեւոր հարցի պետք է պատասխան տրվի՝ ժողովուրդն ուզում է հստակ հասկանալ եւ լսել՝ արդյոք հաշվառվելու կամ ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում զրկվելո՞ւ է աջակցության ծրագրերից, թե՞ ոչ։ Ինձ ամենաշատն այդ հարցն են ուղղում, բոլորը դա են հարցնում՝ հիմա ի՞նչ եք խորհուրդ տալիս՝ հաշվառվենք, թե՞ ոչ, արդյոք դա մեզ զրկելո՞ւ է աջակցությունից։ Կոնկրետություն չկա, թե արդյոք տեղահանված արցախցիները գույքային ու նյութական որեւէ փոխհատուցում ստանալո՞ւ են։ Մարդիկ մտածում են, որ հաշվառվելու դեպքում վաղը-մյուս օրը իրենք զրկվելու են գույքային փոխհատուցումից»,- հավելեց նա։

 

 

Արցախի Հադրութի շրջանի Ազոխ գյուղից 87-ամյա Լենա Ավանեսյանի կյանքը

Ի՞նչ է տեսել Արցախի Հադրութի շրջանի Ազոխ գյուղից 87-ամյա Լենա Ավանեսյանն իր կյանքում:

Երբ նրան խնդրում ես ինչ-որ բան պատմել, նա շատ բան է բաց թողնում` պատմությունը սկսելով 2020 թվականի հոկտեմբերին: Հադրութի շրջանի օկուպացիայից։

«Իմ կյանքում շատ դժվարություններ եղան, բայց հայրենիքիս կորուստը ամենասարսափելին էր։ Եվ հետո թափառում: 44-օրյա պատերազմից հետո երեք ամիս ապրել ենք Գորիսում։ Մենք հույս ունեինք Ազոխ վերադառնալու, ուստի վերադարձանք Ստեփանակերտ, քանի որ շատերը վստահեցնում էին, որ Հադրութը շուտով կվերադարձվի։ Երեք տարի վարձով ապրեցինք։ Բայց 2023 թվականի սեպտեմբերին ամբողջ Արցախը վտարվեց։ Սեպտեմբերի 26-ին ընտանիքով ավտոբուսով մեկնեցինք Ստեփանակերտից։ Բայց ես հրաժարվում եմ մտածել, որ ընդմիշտ կորցրել եմ հայրենիքս։ Հուսով եմ, որ ժամանակ կունենամ այցելելու այնտեղ և ապրելու մնացած կյանքս»։

Նա կիսվել է, որ վերջերս հաճախ է լսում «խաղաղության դարաշրջանի», «իրենց տները վերադառնալու» մասին։ Բայց նա երբեք չի վերադառնա Արցախ, եթե այնտեղ ադրբեջանցիներ լինեն։ «Հայաստանը նույնպես մեր հայրենիքն է, բայց իմ տունը Ազոխում է։ 86 տարի Ազոխում եմ ապրել, բոլոր հիշողություններս, երազանքներս միայն իմ տան մասին են։ Ինչպե՞ս վերադառնամ այնտեղ: Ո՞վ է երաշխավորելու, որ մեզ չեն սպանի»։

Տարեց կինը նշում է, որ խորհրդային տարիներին Ադրբեջանի իշխանությունը ճնշում էր հայերին և խլում նրանց ինքնությունը։ Եղել են խաղաղ բնակիչների սպանություններ, և կրկնվող պատերազմները խլեցին սերունդներ: Ադրբեջանցի բժշկի մեղքով նա դարձել է 1-ին խմբի ցմահ հաշմանդամ։

«Մանկության տարիներին ես տառապում էի ձեռքիս մանկական կաթվածով։ Երբ մեծացա, հայրս ինձ տարավ Բաքու՝ թեւս ուղղելու։ Ձեռքը սովորական տեսք ուներ, բայց չէր շարժվում։ Բաքվում ադրբեջանցի բժիշկը վիրահատել է ձեռքս՝ այլանդակելով այն։ Շատ տարիներ անց արվեց ռենտգեն, և բժիշկները եկան այն եզրակացության, որ ոսկորը միտումնավոր կտոր-կտոր է արվել և կապվել պտուտակներով։ Ես գեղեցիկ աղջիկ էի, բայց ձեռքս խանգարեց ինձ նորմալ կյանք կառուցել։ Արդյունքը՝ հաշմանդամությունն ու մենակությունն է»։

Այժմ կինը, եղբորորդին և նրա կինը ապրում են Արցախից հարկադիր վերաբնակների համար առանձնացրած շենքի մի սենյակում։ Կենցաղային պայմաններն ընդհանուր են, շենքն էլ վթարային, բայց չեն դժգոհում։

Նրանք իրենց բախտավոր են համարում, որ սենյակ ունեն։ Քաղաքապետարանը մաքրել է տարածքը, թարմացրել դռներն ու պատուհանները, հատկացրել է ապրելու համար ամենաանհրաժեշտ իրերը, երբեմն էլ սնունդ են ստանում։ Բայց թոշակների ու նպաստների բացակայության պատճառով ընտանիքը դժվարություններ է ապրում։

«Անհնար է աշխատանք գտնել, գուցե ինչ-որ բան կոպեկներով: Մենք թոշակ կամ նպաստ չենք ստանում. Եթե ​​այս սենյակը չլիներ, մենք կմնայինք փողոցում։ Հույս ունենք, որ հունվարին կստանանք մեր բոլոր սոցիալական վճարները, և կյանքը մի փոքր կհեշտանա»։

Ալվարդ Գրիգորյան

Հենց կառավարության որոշումից հետո արցախցիները զրկվեցին քաղաքացիության իրավունքներից

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն այսօր կազմակերպել էր «ՀՀ քաղաքացուց փախստական. արցախցիների իրավուքների զանգվածային ոտնահարում» թեմայով քննարկում։

Արցախցի փաստաբան Ռաֆայել Ջհանգիրյանն ասաց, որ նախքան ՀՀ կառավարության որոշման ընդունումը արցախցիները լիարժեք օգտվում էին ՀՀ քաղաքացուն վերապահված բոլոր իրավունքներից եւ առանց խոչընդոտի Հայաստանում կարող էին անցնել հանրային ծառայության, մասնակցել ընտրություններին՝ հաշվառվելու դեպքում։

«Սակայն կառավարության այս որոշումից հետո այդ իրավունքներից զրկվեցինք։ Բայց զրկվելու իրավական հիմքերը չկան, որովհետեւ քաղաքացու անձնագիրը հանդիսանում է քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, անձնագիրն ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ օրենքով սահմանված կարգով եւ հիմքերով անվավեր չի ճանաչվել։ Իսկ արցախցիների «070» կոդով անձնագրերը որեւէ պետական մարմնի կամ ստորաբաժանման կողմից ուժը կորցրած չեն ճանաչվել, ունեն իրավաբանական ուժ։ «070» կոդը Արցախի անձնագրերի եւ վիզաների ստորաբաժանման համարն էր, որը տրվել է Արցախին ՀՀ պետական ստորաբաժանման կողմից։ Եվ այդ ստորաբաժանումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության որոշումներով եւ օրենքով, արցախաբնակ հայերին տրամադրում էր ՀՀ քաղաքացու անձնագիր։ Այստեղ կարող է հարց առաջանալ՝ եթե Արցախն անկախ պետություն է, ինչո՞ւ էին ստանում ՀՀ անձնագիր։ Պարզաբանեմ՝ ոչ Արցախի, ոչ Հայաստանի սահմանադրությունները չեն արգելում ունենալ երկքաղաքացիություն։ Անձնագիր ստացած անձինք ընդգրկվում էին ՀՀ բնակչության պետական ռեգիստրում»,- ասաց նա։

Անդրադառնալով ՀՀ կառավարության հիմնավորումներին՝ փաստաբանն ասաց․ «Ասում են՝ ՀՀ անձնագրեր ունեցող արցախցիներին չեն համարում ՀՀ քաղաքացիներ եւ երկու հիմնավորում են ներկայացնում։ Մեկն այն է, որ այդ անձնագիրը չեն ստացել ՀՀ իրավասու մարմնի կողմից։ Սա քննադատությանը չդիմացող հիմնավորում է, որովհետեւ, կրկնում եմ, ՀՀ համապատասխան ստորաբաժանումն է Արցախի ստորաբաժանմանը տվել «070» կոդը։ Երկրորդ հիմնավորումն այն է, որ այդ անձնագրերը տրվել են արցախցիներին՝ որպես ճամփորդական փաստաթուղթ։ Այդ տեսակետը եւս քննադատության չի դիմանում, որովհետեւ եթե ուզում էիք տալ ճամփորդական փաստաթուղթ, ապա պետք է տայիք ճամփորդական փաստաթուղթ, ժամանակավոր ինչ-որ կարգավիճակ։ Եթե որոշել եք տալ անձնագիր, դրանով իսկ ճանաչել եք արցախցիների քաղաքացիությունը։ Իսկ այսօր առանց քաղաքացիությունից զրկելու իրավական հիմքի արցախցիների ունեցած անձնագրերը կասկածի տակ եք դրել, այսինքն՝ կասկածի տակ եք դրել արցախցիների՝ ՀՀ քաղաքացի հանդիսանալու հանգամանքը»,- հավելեց նա։

Արցախցի փաստաբան Գագիկ Թավադյանն էլ ասաց, որ կառավարության որոշումներով ոչ միայն հարցերին համապարփակ լուծում չի տրվել, այլեւ արցախցիների խնդիրները շատացել են։ Բռնի տեղահանված բազմաթիվ արցախցիներ այսօր ունեն մի շարք խնդիրներ՝ սկսած անձնագրային բաժանմունքներում ժամանակավոր հաշվառվելուց, մինչեւ հանրային ծառայությունների ոլորտում աշխատանքի ընդունվելու հարցը։ ՀՀ անձնագրային բաժանմունքներում մեծ հերթեր են, քանի որ, փաստաբանի խոսքով, արցախցիները ժամանակավոր հաշվառում պետք է ստանան՝ թոշակներ ու նպաստներ ստանալու համար։ Մարդիկ անգամ չեն կարողանում գրանցվել, որպեսզի հաշվառման կանգնեն, քանի որ հերթերը մեծ են, իսկ յուրաքանչյուր անձնագրային բաժանմունք օրական 30-40 արցախցու է սպասարկում։

Գագիկ Թավադյանի խոսքով՝ Արցախում բնակչության ռեգիստր չի վարվել, Արցախի Հանրապետության բնակչությունը հաշվառված է եղել ՀՀ բնակչության ռեգիստրում։ «2023 թվականին Արցախում ընդունվել է բնակչության ռեգիստրի մասին օրենք, բայց այդպես էլ այդ ռեգիստրը չի ստեղծվել, մենք բոլոր հաշվառված ենք եղել ՀՀ բնակչության ռեգիստրում»,- ասաց նա։

Իշխանությունները փորձում են այսպիսի կարկատաններով իրենց ապօրինի որոշումը համապատասխանեցնել Սահմանադրությանը

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն այսօր կազմակերպել էր «ՀՀ քաղաքացուց փախստական. արցախցիների իրավուքների զանգվածային ոտնահարում» թեմայով քննարկում։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի նախագահ Արեգա Հովսեփյանն ասաց, որ ՀՀ անձնագրեր ունեցող արցախցիներն արդեն իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Այնինչ, ՀՀ կառավարության որոշմամբ ավելի քան 100 հազար արցախցիների իրավունքները զանգվածային ոտնահարվել են։

Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Արցախից բռնի տեղահանված անձինք կամ օրենքի ուժով դառնում են փախստական, կամ պետք է ՀՀ քաղաքացիություն ընդունեն։

«Ես անձամբ գնացել էի անձնագրայիան բաժին եւ խնդրել պարզաբանել, թե այս որոշման հետեւանքով ես իրավաբանորեն ո՞վ եմ դառնում։ Ասացին՝ դուք պետք է դիմեք ՀՀ քաղաքացիության։ Ասացի՝ ես այս նույն անձնագրով 2021 թվականին մասնակցել եմ ընտրություններին։ Համակարգում նայեց, ասաց՝ այո, դուք ՀՀ քաղաքացի եք, ուրեմն պետք է դիմեք ՀՀ քաղաքացիության։ Ահա այսպիսի իրավիճակներ են ստեղծվում անձնագրային բաժանմունքներում»,- ասաց Արեգա Հովսեփյանը։

«ՀՀ երրորդ Հանրապետության պատմության մեջ երբեւէ օրենքի նման զանգվածային խախտում տեղի չի ունեցել։ Սա աննախադեպ մի երույթ է։ Օրերս ՀՀ պետական բոլոր հաստատություններում արդեն իսկ աշխատող բոլոր այն անձինք, որոնք ունեն «070» կոդով անձնագրեր, ստացել են հատուկ հրահանգներ՝ հնարավորինս արագ գնալ դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու։ Այս նույն հրահանգը տրվել է նաեւ այլ կարեւոր հաստատությունների, որտեղ աշխատում են «070» կոդով անձնագրեր կրող անձինք։ Այսինքն՝ իշխանությունները փորձում են այսպիսի կարկատաններ անելով՝ իրենց ապօրինի որոշումը համապատասխանեցնել Սահմանադրությանը՝ ակնհայտորեն հասկանալով, որ խախտում են Սահմանադրությունը։ Շրջափակման ժամանակ, երբ Արցախ ելումուտ անելը հնարավոր չէր, արցախցիներին հաճախ մերժում էին անձնագրեր տալը, որովհետեւ այդ անձնագրերը պետք է գային Հայաստանի Հանրապետությունից»,- ասաց Արեգա Հովսեփյանը։

Փաշինյանը կորցրել է որակավորումը՝ Պետրոս Ղազարյանին անգամ չի կարողանում համոզել

Մինչ հեռարձակվում էր Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «սատանայի փաստաբան» Պետրոս Ղազարյանի հետ, Բաքվի ներկայացուցիչն ասաց, որ «Ադրբեջանը որևէ լուրջ խոչընդոտ չի տեսնում իր հարևան Հայաստանի հետ կայուն խաղաղության պայմանագիր կնքելու համար և կարծում է, որ դրա սահմանների որոշման հարցը կարող է լուծվել առանձին»։ Այս մասին հայտարարել է Հիքմեթ Հաջիեւը, փոխանցում է Reuters-ը։

Սա նոր առաջարկ է՝ ստորագրել «խաղաղության պայմանագիր»՝ այսինքն Արցախը «ադրբեջանի կազմում» ճանաչելը, իսկ Հայաստանի սահմանները որոշել հետո։ Այս «առաջարկի» շրջանակներում էլ տեղի ունեցավ Փաշինյանի հարցազրույցը, ով պետք է հասարակությանը համոզեր, որ ամեն ինչ ճիշտ է անում, Արցախը վաղուց ճանաչվել է որպես «Ադրբեջանի մաս», իսկ Հայաստանի սահմանները կորոշվեն «հետո»։

Բայց Փաշինյանն, ըստ ամենայնի, կորցնում է պրոֆեսիոնալ քաղտեխնոլոգի որակավորումը՝  Պետրոսին անգամ չկարողացավ համոզել։ Փաշինյանի հարցազրույցների վարկանիշը նվազում է. մարդիկ ասում են, որ այլևս չեն ուզում լսել մանիպուլյացիաներ և սուտ։ Թեև ակնհայտ է, որ Փաշինյանը հարցազրույցն օգտագործում է հանրային դիսկուրսում նոր թեզեր մտցնելու համար։ Այս անգամ ի՞նչ թեզեր էին։

1․ «Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղը համարում է Ադրբեջանի կազմում, մասնավորապես, ՌԴ նախագահը նման հայտարարություն է արել 2020 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին։ Առաջիկա այս հայտարարությունների մասին ես տեղեկացա մամուլից։ Իմ կարծիքով, դրանք հակասում էին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը»,- ասաց Փաշինյանը։

Նկատենք, որ Փաշինյանը չի ասում, որ Պուտինի հայտարարությունը ճիշտ չէ, այլ պարզապես հաստատում է, որ դա Պուտինի դիրքորոշումն է, և նա դա միայն կրկնել է 2022 թվականի նոյեմբերին։ Սա հերթական մանիպուլյացիայի գործողությունն է՝ «եթե ընդդիմությունը դեմ է Արցախի ճանաչմանը ադրբեջանի կազմում, ուրեմն դեմ է Պուտինին»,- ասում է Փաշինյանը։

2․ «Մենք պետք է նորից կարդանք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը. հողի վրա դրան համապատասխան ոչինչ չկա»,- ասաց Փաշինյանը։

Սա երկրորդ թեզն է, որ դրվում է շրջանառության մեջ՝ Եռակողմ հայտարարության չեղարկում՝ Ռուսաստանի կողմից իր պարտավորությունները չկատարելու պատճառով։ Միակ կողմը, որ կատարեց այս հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, Հայաստանն էր։ Մասնավորապես, երեք շրջաններ՝ Քարվաճառը, Քաշաթաղը և Աղդամը, հանձնվել են Փաշինյանի ստորագրությամբ՝ առանց կրակոցի։ Եռակողմ հայտարարության վերանայումը կենթադրի նաև հայկական կողմի ձեռնարկած քայլերի չեղարկում։ Բայց եթե ուղղակի չեղարկեք հայտարարությունը, ապա «ոչ ոք չի նկատի», որ Հայաստանը կատարել է իր բոլոր պարտավորությունները։

3․ Մեղրիի տարբերակը կարող էր լուծել խնդիրը. «Խնդիրն այս կամ այն ​​ձևով կարող էր լուծվել միայն 1999 թվականին քննարկված փաստաթղթով, այսպես կոչված «Մեղրիի տարբերակով». այն ենթադրում էր, որ Բաքուն կհրաժարվի Լեռնային Ղարաբաղից՝ Հայաստանի Մեղրիի շրջանի դիմաց»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանն ուզում է ասել, որ Մեղրին նույնպես՝ Արցախի պես «հանձնվել է» մինչեւ իրեն, և հիմա նա միայն կարող է ամեն ինչին համաձայնվել, որ զինվորները չզոհվեն ու Ամանորին հրավառություն կազմակերպեն։ Ընդհանրապես, ստացվում է, որ Հայաստանում ամեն ինչ արվել է հանուն Արցախի, և միայն հիմա հայը կարող է ազատ շնչել։

4․ «Մարդիկ, ովքեր ծրագրել և իրականացրել են Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթը, կարծում են, որ Ղարաբաղի հարցը լուծված է, և Հայաստանի հարցը նույնպես պետք է լուծվի», -ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը հասարակությանը նախապես նախապատրաստում է «հայկական հարցի լուծմանը»՝ դրա մեղքը բարդելով այլոց վրա։ Նկատենք, որ նա չի նշում «Հայաստանի հարցը լուծել» ցանկացողների անունները՝ նախընտրելով ամորֆ ձևակերպումներ, որոնց տակ յուրաքանչյուրը հասկանում է իրենը։

5․ ԼՂ-ում առնվազն պետք է հաստատվի հայ-ադրբեջանական միասնական կառավարում, և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ որևէ հստակություն չի լինի, քանի դեռ ադրբեջանցիները մեծամասնություն չեն դարձել ԼՂ-ում»,- ասել է Փաշինյանը։

Սա Բաքվին ուղիղ ցուցում է՝ եթե հայերը վերադառնան Արցախ, նրանք կլինեն մեծամասնություն, այնպես որ ամեն ինչ արեք, որ դա տեղի չունենա։ Ռուսները կօգնեն։