Սամվել Շահրամանյանի հրամանը կչեղարկվի՞

Այսօր առավոտյան այցելել եմ Արցախի ներկայացչություն, նպատակ ունենալով հանդիպել Սամվել Շահրամանյանին, որպեսզի հորդորեմ մինչև տարվա վերջ անվավեր ճանաչի Արցախի լուծարման ՆՀ-657-Ն հրամանագիրը։ Ցավոք սրտի, Շահրամանյանը հարկ չհամարեց ինձ ընդունել, ստիպված էի այլ մարդկանց միջոցով փոխանցել պահանջը։
Իմ տեղեկություններով, արդեն նման հրամանագիր կա, ուղղակի չի հրապարակվել, իսկ նման հրամանագրերը ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։
Այս օրերին մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի չեղարկման հրամանագիրը հրապարակվի։
Ինչ վերաբերում է Շահրամանյանին, ապա ասեմ, որ երբ նա ԱԱԾ-ի տնօրեն էր, այդ «դյուքանը» զբաղված էր Բակոյի և մյուսների դեմ արտահայտվողներին հետևելով, կեղտ ման գալով, իսկ այդ ժամանակ Արցախում վխտում էին թուրք գործակալները. վերջը բոլորս գիտենք ինչ եղավ։ Բացի այդ, նրա օրոք կործանվեց Արցախը, ապիկար կառավարման արդյունքում ունեցանք նաև հարուրավոր զոհեր բենզինի պայթունից, որի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն հենց ինքը՝ Շահյամանյանն է…
Եվ այդքանից հետո, հարկ ենք համարում գնալ հանդիպել հետը՝ չի ընդունում, տեն կացիք…
Դատարանի առաջ պետք է կանգնեն ոչ միայն նախկին թալանչիները (արկադյա, բակո, արայիկ), այլ նաև 22 հոգու նախագահ՝ Շահրամանյանը, որի ձեռքով վերջնականապես հանձնվեց Արցախը…

Ժամանակակից պոպուլիստ դիկտատորները հաճախ են ստանձնում spin doctor-ների գործառույթները

Դեկտեմբերի 19-ին Opera Suit Hotel-ում տեղի ունեցավ «Ինչպես չխաբվել խաբելապետությունում. մեդիաիմունիտետ» թեմայով քննարկումը, որի թիրախային լսարանը արցախցիներն էին։ Բանախոսը ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն էր։

Մեդիայի նոր տեխնոլոգիաներին տիրապետող, սեփական իշխանությունը հիմնականում խաբեության վրա կառուցող պոպուլիստ բռնապետներին ամերիկացի քաղաքագետ Դենիել Թրեյսմանն ու Ռուսաստանից գաղթած տնտեսագետ-քաղաքագետ-հասարակական գործիչ Սերգեյ Գուրիևն իրենց գրքում անվանում են spin dictators: Ամերիկյան ժարգոնում «spin doctors» են անվանում քարոզչության, PR-ի այն մասնագետներին, որոնք զբաղված են հասարակությանը այս կամ այն խնդրից շեղելով, քաղաքական կամ բիզնես ոլորտներում քարոզչական աղետների չեզոքացմամբ, նախընտրական մանիպուլյացիաներով՝ այսինքն հանրությանը մոլորեցնելով:

Ժամանակակից պոպուլիստ դիկտատորները հաճախ նաև անձամբ են ստանձնում spin doctor-ների գործառույթները։

Հանդիպմանը քննարկվել են խաբելապետության կեղծ օրակարգերին, քարոզչությանը, ապատեղեկատվությանը, քաոտիկ հոսքերին դիմադրելու բանաձևերը։

Կարևոր ենք համարում միջազգային հանրության կողմից ԼՂ-ում հայկական ժառանգության ոչնչացման փաստագրումը․ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կարևորում է մշակութային իրավունքների ոլորտում ՄԱԿ հատուկ զեկուցողի հաղորդագրություն-հարցումը Ադրբեջանին, որում մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման և յուրացման, ԼՂ պատմության խեղաթյուրման և հայերի հետքերը ջնջելու փորձերի մասին, որոնք մշակութային զտման են հավասար:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նման մեկնաբանություն է տվել Aysor.am-ի հարցմանն ի պատասխան։

Հարցման մեջ, մասնավորապես, նշված է․

«Վերջերս հայտնի դարձավ, որ Մշակութային իրավունքների ոլորտում ՄԱԿ հատուկ զեկուցողը հաղորդագրություն-հարցում է ուղարկել Ադրբեջանին, որում մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման և յուրացման, ԼՂ պատմության խեղաթյուրման և հայերի հետքերը ջնջելու փորձերի մասին, որոնք մշակութային զտման են հավասար: Ինչպե՞ս կմեկնաբանեք, ի՞նչ ակնկալիքներ կան, արդյո՞ք կա արձագանք»:

Վերոնշյալ հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԳՆ խոսնակը նշել է․

«Իրավացի եք: Կարող եմ հավելել, որ հաղորդագրության մեջ նշվում է նաև ժողովրդի, հուշարձանների և խորհրդանիշների թիրախավորման, միջազգային հումանիտար իրավունքի խախտումների մասին: Հաղորդագրությունն անդրադառնում է ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի վճռին, ներկայացվում է սրբավայրերի, գերեզմանատների ոչնչացման, «աղվանացման» զեղծարարության, հակագիտական մոտեցումների, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» եզրույթով տարածվող կեղծ օրակարգի, հայերի նկատմամբ ատելության խոսքի, սեպտեմբերի 19-ի հարձակման և էթնիկ զտման, ինչպես նաև մի շարք այլ խնդիրների մասին տեղեկատվությանը:

Հատկանշական է, որ ՄԱԿ հատուկ զեկուցողները բազմիցս անդրադարձել են Ադրբեջանի կողմից ԼՂ ժողովրդի իրավունքների, այդ թվում՝ մշակութային իրավունքների խախտումներին, հայկական ժառանգության ոչնչացման ու խեղման դեպքերին:

Ցավոք, նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի վերոնշյալ՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը չի կանգնեցրել հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող քաղաքականությունը: Այո, այն զուգորդվում է նաև ատելության խոսքի դրսևորումներով, ՀՀ տարածքի և ԼՂ պատմության վերաբերյալ հակագիտական զեղծարարությամբ:

Միևնույն ժամանակ, կարևոր ենք համարում միջազգային հանրության կողմից այս իրողությունների փաստագրումը, ինչն առաջնային նշանակություն ունի նմանօրինակ ոճրագործությունների կանխման և տարածաշրջանում երկխոսության և կայուն խաղաղության մթնոլորտի հաստատման համար»:

Դավաճանության շոկը եւ կարոտը՝ կլարնետի հնչյուններում. «Զինվորական համազգեստս մաքրեցի ու թողեցի պահարանում»

«Ես թողել եմ տանը բոլոր պարգեւները, վկայականները, այն ամենը, ինչ վերաբերում է Արցախի պաշտպանության բանակին։ Ոչինչ չեմ վերցրել հետս և չեմ վառել, ինչպես ոմանք: Ամեն ինչ թողեց իր տեղում՝ մեդալներն իրենց արկղերում էին, իսկ զինվորական համազգեստը մաքրված ու կախված է պահարանում, ինչպես հարկն է։ Ես իմ երիտասարդությունն ու առողջությունը տվել եմ բանակին, գիտեմ, թե ինչ արժեն մեդալները։ Բազմաթիվ խոսակցություններ էին պտտվում, որ ադրբեջանցիները խուզարկում են Հակարի գետում՝ խլելով այն ամենը, ինչ կապված է Արցախի բանակի և խորհրդանիշների հետ։ Որոշեցի տանը ոչ մի բանի ձեռք չտալ, բոլոր մեդալներն ու փաստաթղթերը թողնել պահարանում։ Ես չէի կարող այրել կամ դեն նետել այն, ինչպես ոմանք արեցին: Ես ամեն ինչ թողեցի այնպես, ինչպես կա»:

Պատերազմի հաշմանդամ, նախկին զինծառայող, մարտական ​​գործողությունների մասնակից, մի քանի մեդալի, այդ թվում՝ «Մարտական ​​խաչի» ասպետ Ռազմիկ Շ.-ն Արցախի Մարտունու շրջանից է։ Հայաստան բռնի տեղահանումից հետո նա ստիպված է ընտանիքի հետ ապրել նախկին մանկապարտեզի կիսավեր շենքում, որտեղ ժամանակավոր ապաստան են գտել արցախցի եւս մի քանի տասնյակ ընտանիքներ։

«Ես շատ ամաչում եմ, որ բոլոր հոգսերն ընկել են կնոջս ուսերին։ Տանը կարող էի տնային աշխատանք կատարել։ Եվ այնտեղ հատուկ խնամքի կարիք չունեի՝ իմ տունն էր։ Տեղահանումից հետո առողջությունս խիստ վատացավ։ Սեպտեմբերից թոշակ չենք ստացել. Մենք պարտք ենք վերցնում հարազատներից։ Բայց ես դեղերի կարիք ունեմ, ուստի ամբողջ գումարը գնում է դրա վրա: Իսկ տղաս դեռ սովորում է։ Հետևաբար, մենք չենք կարող մեզ թույլ տալ բնակարան վարձել, մենք պարզապես չենք ձգի վարձավճարը: Կինս հազիվ է ծայրը ծայրին հասցնում։ Իսկ օգնության սպասելու տեղ չկա»,- ասում է տղամարդը։

Նա ավելացնում է. «Ես չեմ հավատում, որ մենք կվերադառնանք: Բայց դա կընդունեմ, եթե մեզ տրվեն անվտանգության հուսալի երաշխիքներ, և խաղաղապահ ուժերը լինեն նորմալ երկրից, այլ ոչ թե ռուսականի նման։ Ռուսաստանի և Ադրբեջանի նպատակները վաղուց համընկել էին, բայց հայերը ձևացնում էին, թե դա այդպես չէ։ Արդյունքում մենք ստացանք ցեղասպանություն»։

Նրա կինը՝ Իրինան, ասաց. «Մեզ երկու ժամ ժամանակ են տվել իրերը հավաքելու և գյուղից հեռանալու համար։ Ես կանգնել եմ տան մեջ, չգիտեմ, թե որ սենյակ գնամ, ինչ թողնեմ և ինչ տանեմ… Մեծ տնտեսություն, երկհարկանի տուն։ Ուղեղս հրաժարվում էր մտածելուց, ձեռքերս ու ոտքերս թմրած էին շոկից։ Ֆայմեցի փաստաթղթերը վերցնեմ և ծածկոցներ ճանապարհի համար: Իսկ այդ երեք օրը, որ մենք ճանապարհորդում էինք Լաչինի միջանցքով, մեզ թվում էր աշխարհի վերջը»։

Նա կիսվեց, որ հիմա աշխատանք չկա, թոշակ չկա, բարեկամներից պարտք են վերցնում. Որոշ ապրանքներ գնելն անսովոր է, քանի որ ամբողջ կյանքը Արցախում հողագործությամբ եմ զբաղվել, և բոլոր ապրանքներն ուներ։ Հնարավոր չէ բնակարան վարձել։ Նրանք ապրում են ցրտի մեջ, բայց այլ պայմաններ չկան։ Քաղաքապետարանը երբեմն օգնում է սննդի հարցում։

«Հիմա, հիշելով այդ օրերը, հասկանում ենք, որ հրաշք էր, որ ողջ մնացինք։ Բայց ոնց նայում  ենք, պիտի ապրենք։ Գոնե հանուն որդուս։ Հիմա համեմատաբար հանգիստ ենք խոսում, նույնիսկ կարող է թվալ, թե համակերպվել ենք։ Բայց երբ հիշում եմ Արցախի վերջին օրերը, հասկանում եմ, որ բոլորս շոկի մեջ էինք։ Ցնցված, քանի որ բոլորը հասկացան, որ մեզ դավաճանել ու քշում են»։

«Միայն Հայաստանում հասկացա, որ փաստաթղթերի հետ մեկտեղ վերցրել եմ հորս կլառնետը։ Ես դեռ չեմ հասկանում, թե ինչու եմ սա վերցրել ամբողջ տնից, երեւի տեսա, երբ դասավորում էի վերմակները: Ամեն երեկո ես բացում եմ արկղը, նայում եմ կլառնետին և լսում եմ այն ​​երաժշտությունը, որը հայրս նվագում էր իր երեխաների համար։ Ամուսինս ասում է, որ անգիտակցաբար ինձ հետ բերել եմ կարոտը՝ երջանիկ օրերի, երբ պատերազմ, փորձություններ ու կորուստներ չեն եղել։ Արցախյան ցանկացած հիշողություն՝ մանկությունից կամ հասուն տարիքից, անտանելի են։ Ցավոք սրտի, տղաս երաժշտությամբ չի զբաղվում։ Բայց հուսով եմ, որ գործիքը կփոխանցվի թոռներիս»։

Ալվարդ Գրիգորյան

Հայաստանում հանքարդյունաբերության ծավալների նվազումը պայմանավորված է նաեւ Արցախի «Բեյզ Մեթլս»-ի գործունեության դադարեցմամբ

Step1.am-ը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանից հետաքրքրվեց՝ Արցախի օկուպացիայից հետո Հայաստանի կառավարությունն Արցախի հանքերի վերաբերյալ իրականացրե՞լ է հաշվարկներ, թե ի՞նչ վնասների մասին է խոսքը, եւ Հայաստանի տնտեսության վրա ի՞նչ հետեւանք է ունեցել դա։

«Եթե Լեռնային Ղարաբաղում ինչ-որ պրոցեսներ են տեղի ունեցել, եթե խոսում ենք հանքարդյունաբերության ոլորտի մասին, ապա դա Հայաստանի Հանրապետության հետ ոչ մի առնչություն չի ունեցել։ Տվյալներով չեն կիսվել եւ այդ տվյալները ոչ մի ձեւ Հայաստանի Հանրապետությանը չեն փոխանցվել։ Այդ մասին նախնական գնահատական էլ չենք ունեցել, Հայաստանի Հանրապետությունը ոչ մի ժամանակներում նման տեսակի ռեսուրսի գնահատում չի իրականացրել եւ իր մոտ չի էլ պահպանել»,- ասաց ՏԿԵ փոխնախարարը։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Step1.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ Արցախի տնտեսության հիմնական ճյուղերից մեկը հանքարդյունաբերությունն էր։ Եվ այս ոլորտը մինչեւ 2020 թվականն ապահովում էր Արցախի պետական բյուջեի 1/3-ը։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո այս ոլորտն Արցախի բյուջեի արդեն 2/3-ն էր ապահովում։

«Խոսքը վերաբերում է «Բեյզ Մեթլս» ընկերությանը։ Այս ընկերությունը պղինձ էր արդյունահանում եւ արտահանում։ Այդ պղնձի մի զգալի մասը, անշուշտ, Հայաստանի անվան տակ էր արտահանվում։ Այսինքն՝ եթե այսօր Հայաստանում արձանագրվել է հանքարդյունաբերության ծավալների նվազում, նաեւ պղնձի խտանյութի ծավալների որոշակի նվազում, դա նաեւ պայմանավորված է Արցախի Բեյզ Մեթլս»-ի գործունեության դադարեցմամբ։ Այդ ընկերությունը մեր տնտեսության համար ապահովում էր արտարժույթ, այսինքն՝ վաճառելով պղինձ՝ կարողանում էինք բերել բավական լուրջ գումար։ Բացի դրանից, նաեւ սոցիալական խնդիրներ էր լուծում՝ 1600-ից ավելի աշխատողներ ուներ Արցախում։ Հիմա այդ աշխատողների զգալի մասը Հայաստանով ցրված են։ Հուսով եմ՝ Հայաստանի արդյունաբերական ընկերությունները նրանց կգտնեն ու համապատասխան աշխատանքով կապահովեն, քանի որ նրանցից շատերը բավականին լավ մասնագետներ են։ Այստեղ որոշակի աշխատանք պետք է իրականացնի եւ կառավարությունը, եւ մասնավոր հատվածը»,- ասաց Սուրեն Պարսյանը։

Տնտեսագետի խոսքով՝ հանքարդյունաբերության ոլորտը նախորդ տարվա համեմատ այս տարի գրանցել է անկում։ Այդ անկումը հիմնականում պայմանավորված է անվտանգային գործոններով։ Արցախի հանքավայրերի խնդրից զատ, այս տարի Գեղարքունիքի Սոթքի հանքավայրի գործունեությունն էր դադարեցվել ադրբեջանական հարձակումների հետեւանքով։ Ըստ Պարսյանի՝ Սյունիքի մարզի հանքավայրերը նույնպես անվտանգային խնդիրների հետ են առնչվում։

Իսրայելը Ադրբեջանի հետ ոչ միայն ռազմավարական գործընկերություն է զարգացնում, այլ նաեւ մասնակից էր Արցախյան պատերազմին

Step1.am-ի զրուցակիցն է Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը։

-Պարո՛ն Կանդահարյան, Իսրայել-Պաղեստին հակամարտության ճակատում տեղի ունեցող զարգացումները, Երուսաղեմում հայկական ներկայության համար պայքարը, Լիբանանի շուրջ զարգացումները ի՞նչ զուգահեռներ ունեն Արցախի հարցում տեղի ունեցող զարգացումների հետ։ Տարածաշրջանային ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում։

-Իսրայել-Պաղեստին պատերազմն աննախադեպ է ավերածությունների եւ զոհերի թվով։ Բայց միաժամանակ նկատվում է, որ իրավիճակ է փոխվել։ Նախ «Համասի» հարձակումը՝ հանկարծակիության գործոնով պայմանավորված, ձեռք բերած արդյունքներով եւ գերիների թվով որոշակի առումով քանդել է Իսրայելի բանակի միֆը։ Իսկ քաղաքական-դիվանագիտական առումով եւս կա փոփոխություն, հատկապես ՄԱԿ-ում քվեարկության պատկեր է փոխվել։ Անպայման չէ, որ Իսրայելի առաջարկած նախագծերը քվեարկվեն։

Իսրայելն այս պայմաններում հարկադրվում էր նաեւ հրադադարին, բայց ՄԱԿ-ը մի քանի անգամ հրադադարի մասով բանաձեւ որդեգրեց։ Եվ հետաքրքիր է նաեւ ընդհանուր քվեների պատկեր, օրինակ, Մեծ Բրիտանիայի նման երկիրը ձեռնպահ էր քվեարկել, մինչ այս նման երեւույթ չէր գրանցվել։ ՄԱԿ գլխավոր քարտուղարը, իհարկե դատապարտելով «Համասի» հարձակումները, այնուամենայնիվ չարդարացրեց Իսրայելի նման պատասխանը։

Տեղեկատվական ոլորտում եւս իրավիճակ է փոխվել, նախկինում շատ հզոր էր հրեաների տիրապետումը համաշխարհային լրատվական դաշտում, ամենահեղինակավոր լրատվամիջոցները հրեական տիրույթում էին։ Բայց այսօր շատ են նյութերը, վերլուծությունները, որոնք խոսում են նաեւ պաղեստինցի ժողովուրդների իրավունքների իրացման մասին։ Հետզհետե միջազգային օրակարգ է մտնում երկու պետություն՝ Երուսաղեմ մայրաքաղաքով եւ 1965 թվականի սահմաններով, հարցը։

Շատ հետաքրքիր է նաեւ, որ այս պատերազմը չավարտված՝ ՄԱԿ-ը քվեարկեց մեկ այլ բանաձեւ-կոչ, որով պահանջում էր, որ իսրայելական զորքերը հեռանան Գոլանի բարձունքներից։ Ուզում եմ ասել, որ միջազգային ընտանիքի հարաբերությունները Իսրայելի հետ ենթարկվել են որոշակի փոփոխությունների։ Այժմ արդեն տարբեր քաղաքական շրջանակներում, աշխարհաքաղաքական տիրույթներում արծարծվում է պաղեստինյան պետության հրամայականը՝ միջազգային ճանաչման առումով։

Բայց պատերազմը շարունակվում է, Հարավային Լիբանանում թեժ է։ Կա մտավախություն, որ ռազմական գործողությունները կհատեն Հարավային Լիբանանի բախումների գոտին եւ ավելի ընդգրկուն կլինեն։ Նախկինում իսրայելական հարձակումները նաեւ թիրախավորել են լիբանանյան տարբեր քաղաքացիական օբյեկտներ, օդանավակայան, տարբեր ենթակառուցվածքներ։ Բայց առ այսօր աշխատում են զսպիչ գործոններ։

Հիմա, եթե տարածաշրջանային զուգահեռներ տանենք, Իսրայելը ոչ միայն Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերություն է զարգացնում, այլ նաեւ մասնակից էր Արցախյան պատերազմին։ Այնտեղ նաեւ իսրայելական արտադրության զինտեխնիկա կար։ Պետք է նկատել նաեւ հակասությունը, Թուրքիան առնվազն դեկլարատիվ առումով ոչ միայն դատապարտում է իսրայելյան հարձակումները, այլ նաեւ մեղադրանք է հնչեցնում, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում պաղեստինցի ժողովրդի նկատմամբ։ Եվ այստեղ է հակասությունը, որովհետեւ նման ռազմավարական խնդիրներում թուրք-ադրբեջանական տանդեմը չի կարող նման պատերազմական իրավիճակների վերաբերյալ տարբեր դիրքորոշումներ ունենալ։ Այստեղ դերերի բաշխում է դեկլարատիվ առումով, որովհետեւ առ այս պահը Թուրքիա-Իսրայել ռազմավարական գործընկերությունը շարունակվում է, չի չեղարկվել։

Մենք հայկական ոսպնյակով այս հարցերին նայելիս՝ պաղեստինցի ժողովրդի իրավունքների խնդրից զատ տեսնում ենք նաեւ իսրայելյան գործոնը, որը սերտ համագործակցում է Ադրբեջանի հետ՝ ուղղակի մասնակից դառնալով Արցախյան պատերազմին։

Դուք վերջերս մեջբերել էիք Կանադայի ԱԳ նախարարի հայտարարությունը, նա ողջունել էր գերիների փոխանակումը եւ ասել, որ  Արցախյան հակամարտության բանակցությունները պետք է շարունակել Հելսինկյան սկզբունքների հիման վրա։ Այսինքն՝ սա նշանակո՞ւմ  է, որ նորից վերադարձ է կատարվում սկզբունքներին, եւ այսօրվա իրողությունները չե՞ն ճանաչվում։

– Դա շատ կարեւոր է, որովհետեւ Հելսինկյան եզրափակիչ ակտին հղում անելը եւ դրա հիման վրա Արցախյան հակամարտության բանակցությունները շարունակելու հրամայական հնչեցնելը, պարզ է, որ ինքնորոշման իրավունքի սկզբունքի իրացման անհրաժեշտության մասին է։ Բոլորս գիտենք, որ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներից 8-րդը խոսում է ժողովուրդների իրավահավասարության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։

Այսինքն՝ քաղաքակիրթ աշխարհի համար Արցախի հարցը փակ չէ՞։

-Առնվազն Կանադայի պաշտոնական հայտարարությամբ, ո՛չ, որովհետեւ այս հայտարարությունը հնչեցնողը Կանադայի արտգործնախարարն է։ Չմոռանանք, որ վերջերս նաեւ Երեւանում բացվեց Կանադայի դեսպանություն, այնտեղ ակտիվ աշխատում է թե՛ ՀՀ դեսպանությունը, թե՛ նաեւ Հայ դատի հանձնախումբը։ Նաեւ վերջերս ինքնորոշման իրավունքի մասին Կանադայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ խոսել էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։

-Հայկական Սփյուռքը Արցախի սուբյեկտայնությունը պահպանելու ուղղությամբ ի՞նչ դերակատարում կարող է ունենալ։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունը գումար չի հատկացնում՝ Արցախի պետական ինստիտուտները պահպանելու համար, հայտարարում են, որ դա «Հայաստանի անվտանգության համար սպառնալիք է»։ Արցախի իշխանությունները կարո՞ղ են դիմել Սփյուռքին եւ նրանց աջակցությամբ օրակարգում պահել Արցախի սուբյեկտայնության հարցը։

-Զանազան ուղղություններով նոր հայեցակարգ պետք է մշակել, նոր ռազմավարություն՝ նաեւ բանակցային առումով։ Խնդիրը նաեւ աշխարհաքաղաքական հնչեղություն ունի այն առումով, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական մրցապայքար է գնում հավաքական Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ։ Իհարկե, Իրանն ու Թուրքիան էլ են ներգրավված այս գործընթացներում։ Եվ եթե նախապես կար խնդիր Արցախում խաղաղապահ ուժերի բաղադրության շուրջ, հիմա կարծում եմ, որ հավաքական վերադարձի իրավունքը պայմանավորվում է նաեւ անվտանգության երաշխիքների գործիքակազմի տեղակայման հետ։ Եվ այստեղ կա տարաձայնություն աշխարհաքաղաքական այդ պայքարի համատեքստում, թե ինչ բնույթի երաշխիքներ են լինելու՝ միջազգային, ռուսական, թե՞ այլ։

Այսինքն՝ հարցը չի վերաբերում զուտ Հայաստան-Ադրբեջան հակամարտությանը, հարցն աշխարհաքաղաքական, տարածաշրջանային հնչեղություն ունի։ Մեկ օրինակ՝ եթե Կանադայի պես այլ երկրներ եւս Հելսինկյան եզրափակիչ ակտի կամ ԵԱՀԿ շրջանակներում հարցի վերարծարծման, հակամարտության բանակցային գործընթացի մասին ակնարկ են անում, դա հուշում է, որ ակտիվ աշխատանք պետք է տանել ԵԱՀԿ շրջանակներում։

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը միակ լիազորված միջազգային ձեւաչափն էր՝ խաղաղ լուծում ապահովելու համար։ Ուկրաինական պատերազմի պայմաններում այսօր դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան համատեղ կաշխատեն։ Բայց քաղաքականության մեջ ոչինչ բացարձակ, մնայուն ու քարացած չէ։ Եվ իրադարձությունների փոփոխությանը զուգահեռ, եթե նման ձեւաչափն աշխատի, երեք երկրներում էլ հայկական Սփյուռքը քաղաքական գործոն է, ազդեցիկ գործոն է։ Ուրեմն, այստեղ նաեւ համակարգելու խնդիր կա Սփյուռքի հայկական դիվանագիտության ու Արցախի կառույցների հետ։ Եվ շատ կարեւոր է, որ արցախյան պետական կառույցները շարունակեն պահպանել իրենց գործունեությունը՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության նպատակով։

Իհարկե, կան նաեւ կարճաժամկետ խնդիրներ՝ Արցախի առեւանգված ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը։ Եվ կան ավելի հեռահար առաջադրանքներ՝ ինքնորոշման իրավունքի իրացման ուղղությամբ նոր բանակցային ռազմավարություն մշակելը։ Իսկ միջնաժամկետ առումով պետք է հետապնդել հավաքական վերադարձի իրավունքը՝ պայմանավորված անվտանգության միջազգային երաշխիքներով։ Ուզում եմ ասել, որ եւ կարճաժամկետ, եւ միջնաժամկետ, եւ երկարաժամկետ առումով կան առաջադրանքներ, որոնց համար անհրաժեշտ է մշակել նոր հայեցակարգ եւ նոր բանակցային ռազմավարություն, որի ձեւավորման մեջ պետք է Սփյուռքը ներգրավել, Սփյուռքի եւ քաղաքագիտական, եւ իրավագիտական, եւ տեղեկատվական ներուժը։ Այսինքն՝ դերերի բաշխմամբ պետք է ստեղծել համահայկական մեքենա՝ այս հակաճգնաժամային ծրագրերը մշակելու ու իրականացնելու համար։

Ո՞վ  պետք է անի դա, հայ ժողովո՞ւրդը, քաղաքական ուժե՞րը։ Փաստ է, որ Հայաստանի իշխանությունները դա չեն անում եւ չեն անի, որովհետեւ նման նպատակ չունեն։

-Հիմա պետք է նաեւ նման պահանջներով մթնոլորտ ձեւավորել եւ Սփյուռքից, եւ արցախյան շրջանակներից, եւ հայաստանյան մտավորական, հասարակական, փորձագիտական շրջանակներից։ Եթե իշխանությունը դա չի անում, պետք է ինչ-որ խումբ զբաղվի դրա համակարգմամբ։

 

Եթե ​​վերադառնաք, ձեզ կձերբակալեն ու կսպանեն. Օկամպոն ԼՂ նախկին նախագահների ձերբակալությունը մեսիջ է համարում Ղարաբաղի ժողովրդին

Sputnik

Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահները և մնացած հինգ քաղաքական ու ռազմական առաջնորդները պետք է անհապաղ ազատ արձակվեն ադրբեջանական գերությունից։ Այս մասին ասվում է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցում։

Նա, մասնավորապես, նշել է, որ Լեռնային Ղարաբաղում դարեր շարունակ ապրած հայերի էթնիկ զտումները ցեղասպանություն են, իսկ բռնի տեղահանումը հանցագործություն է մարդկության դեմ։ Օկամպոն հիշեցրել է, որ 2023 թվականի դեկտեմբերին լրանում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 75-ամյակը։ Նրա կարծիքով, դրա ընդունումը վկայում էր ցեղասպանությունը ժխտելու հարցում պետությունների հետեւողական դիրքորոշման մասին։

«Սակայն աշխարհը ականատես եղավ այլ իրավիճակի, երբ Լեռնային Ղարաբաղում Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվությունը հետևողականորեն անտեսվում էր», – նշեց ՄՔԴ նախկին դատախազը։

Ինչ վերաբերում է ցեղասպանության համար պատժելու պարտավորությանը, ապա նա համոզված է, որ այնպիսի պետություններ, ինչպիսիք են Ֆրանսիան կամ Մեծ Բրիտանիան, կարող են նպաստել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ հայցի փոխանցմանը ՄՔԴ։ Այս համատեքստում Օկամպոն նշել է, որ ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր ասպեկտը Բաքվում պահվող երեք նախկին նախագահներին և Լեռնային Ղարաբաղի հինգ գործիչներին ֆիզիկական և հոգեկան լուրջ վնաս պատճառելու ռիսկի չեզոքացումն է։

«Նրանց գերությունը ցեղասպանության մի մասն է և ուղերձ հայերին. եթե վերադառնաք Լեռնային Ղարաբաղ, ապա ձեզ կզրկեն ազատությունից կամ կսպանեն»,- ընդգծեց նախկին դատախազը։

Օկամպոյի զեկույցի հավելվածում տեսանյութ է հրապարակվել նախկին պետնախարար և Լեռնային Ղարաբաղի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանի մասին, որը ներկայացնում է նրա կյանքի պատմությունը։ Պատմությունն այն մասին է, թե ինչպես է հայրը մահացել առաջին պատերազմի ժամանակ, և նա կորցրել է տեսողությունը պայթյունի հետևանքով։

Օկամպոն հավելել է, որ 2024 թվականի փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն կստանա հետաքննել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործողությունները՝ կապված Հայաստանի դեմ 2021 թվականի մայիսի 10-ից կատարված հանցագործությունների հետ։

Այս տարվա ընթացքում հաշվարկված թոշակները կվճարվեն դեկտեմբերին

Այսօրվա  դրությամբ իրականացվել է 10 հազար 629 կենսաթոշակների և այլ դրամական վճարների նշանակում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 19-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսին տեղեկացրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի  մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը՝ հավելելով, որ դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։

«Այն նշանակումները, որոնք կիրականացվեն այս տարվա ընթացքում, դրանց վճարումները կարվեն դեկտեմբեր ամսվա ընթացքում և կենսաթոշակները կհաշվարկվեն հոկտեմբեր, նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսների համար»,-հավելել է Մանուչարյանը։

Արցախցիներին 40+10 հազար դրամ աջակցության դեկտեմբերի վճարումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց 40+10 հազար դրամ աջակցության նոյեմբեր ամսվա վճարումները կավարտվեն առաջիկայում, իսկ մյուս շաբաթվանից կմեկնարկեն դեկտեմբերի վճարումները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 19-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։

«Հույս ունենք, որ ամենամեծ մասը կվճարենք և կավարտենք այս տարի»,-հավելել է նա։

Փոխնախարարի խոսքով՝  բոլոր այն դեպքերում, երբ անձինք որոշակի ժամանակով բացակայել են Հայաստանի Հանրապետությունից և վերադառնալուց հետո դիմել են աջակցությունից օգտվելու համար, ապա գործող կարգավորմամբ կդիտարկվի նախորդ ամսվա բացակա օրերի քանակը՝ սկսած նոյեմբերից, և եթե դրանք 10 օրից պակաս կլինեն՝ նրանք աջակցությունը կստանան նաև նախորդող ամիսների համար։

Ժամակոչյանը նշել է, որ լրամշակվել է աջակցության ծրագրի առցանց դիմումների համակարգը և այն ծնողները, ովքեր չեն լրացրել երեխայի տվյալները, ապա հաստատված դիմում ունենալու պարագայում, դա կարող են անել՝ խմբագրելով դիմումը, որի համար պետք է մուտք գործել ու կրկին նույնականանալ համակարգում։

Lragir. Շնորհակալություն Կյուժուգեթ-օղլուին երկրորդ խոստովանության համար

«Ռուսական զորքերի խմբավորումները շարունակում են մնալ Սիրիայում և Ղարաբաղում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորները»,- ասել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Կյուժուգեթ-օղլու Շոյգուն նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում։

Կյուժուգեթ-օղլուն խոստովանում է Արցախում ռուսական զորքի իրական գործառույթը (տես նաեւ այստեղ)․ ռուսական զորքը Ղարաբաղում հասել է խաղաղության հաստատման ու հիմա դրա երաշխավորն է։ Այսինքն, խաղաղության սպառնալիքը հայերն էին, եւ այդ հարցը լուծվեց Արցախի օկուպացիայով ու բնիկ մեծամասնության վտարմամբ։

Պատահական չէ, որ սեպտեմբերի 19-ից հետո պաշտոնական Բաքվում այլեւս չեն խոսում ռուսական զորքի դուրսբերման մասին՝ ձեւականությունների կարիքն այլեւս չկա։

Ըստ այդմ, ռուսական «խաղաղապահ» զորքը շարունակում է մնալ եւ իր իրական գործառույթներն իրականացնել օկուպացված Արցախում՝ ապահովելով եւ երաշխավորելով «Ղարաբաղը ազերբայդժանի տարածք է, Ղարաբաղի հարցը փակված է» Կրեմլի քաղաքական ուղեգիծը։ Ռուսական զորքը երաշխավորում է հայկական հնարավոր գործողությունների, մարզի ազատագրման բացառումը, այսինքն՝ խաղաղությունը, եւ ըստ այդմ՝ Ալիեւի հայտարարած՝ Արցախում 140 հազար ցապարներ բնակեցնելու գործընթացը։

Ռուսական զորքը ներկայում ապահովելու է ազերբայդժանի նախագահի «ընտրությունը» օկուպացված Արցախում։

Ռուսները դուրս են գալու այն ժամանակ, երբ Նիկոլի միջոցով Ալիեւը կստանա դեկտեմբերի 6-ին իր նշած բոլոր երաշխիքները «խաղաղության հաստատման» համար, ռուսական «խաղաղարարության» սխեման շարունակելով ՀՀ մնացած տարածքում։

Կյուժուգեթ-օղլուն առաջին անգամ չէ, որ խոստովանում է Կրեմլի քաղաքական նպատակները։ Նախորդ խոստովանությունն այն էր, որ Արցախում ռազմական արշավը պլանավորել եւ իրականացրել է Մոսկվան՝ թուրքերի հետ համատեղ։

Մեր Հայկը․ «Դու դառնում ես քո կողքի մարդկանց պես,զգում ես այն, ինչ զգում են նրանք են նրանք և նկարելու ցանկությունդ հավասարվում է 0-ի»

«Ուրիշի ողբերգությունը և ցավը նկարելը շատ հեշտ է։ Դու գիտես, որ կանես աշխատանքդ, կգնաս տուն և կզբաղվես քո «խնդիրներով»։ Բայց երբ որ քո առջև դրված է առաջադրանք` նկարել քո ու տասնյակ հազարավոր հայերի ելքը հայրենի Արցախից, որտեղ ծնվել, ապրել և մեծացել ես, որի հետ կապել ես քո ամբողջ կյանքը, նպատակներն ու երազանքները, որի համար կյանքդ էիր պատրաստ տալ` տեսախցիկը ձեռքդ վերցնելը դառնում է ինքնասպանություն։ Դու դառնում ես բոլոր քո կողքի մարդկանց պես, զգում ես այն, ինչ զգում են նրանք, և նկարելու ցանկությունդ հավասարվում է 0-ի»,- ասում է ֆոտոլրագրող Հայկ Հարությունյանը։

Հայկը իր կյանքի ուղիղ 1/3-ը զբաղվում է լուսանկարչությամբ, իսկ վերջին 3 տարիներին անցել է պրոֆեսիոնալ աշխատանքի։

Հայկի մասնագիտական կողմնորոշման բեկումնային պահը 2020 թվականի պատերազմն էր, երբ հասկացել է, որ պետք է աշխարհին ցույց տալ այն, ինչ աշխարհը չի տեսնում, կամ տեսնել չի ցանկանում։ Լուսանկարչության տասնյակ ուղղություններից ընտրեց փաստավավերագրականը և սկսեց պատմել Արցախի մասին։ 2021 թվականի “35awards” միջազգային լուսանկարչության մրցույթին Հայկի լուսանկարը հայտնվել է աշխարհի 50 լավագույն ռեպորտաժ լուսանկարների ցանկում, որտեղ նա միակ հայն էր, այն էլ Արցախից։

Հարցին, թե արդյո՞ք վերջին դեպքերի ժամանակ արված նկարները նույնպես կուղարկի մրցույթների, պատասխանեց, որ իմաստ չի տեսնում։ Արցախի կորստի հետ Հայկը կորցրեց նաև իր գլխավոր նպատակը` նպաստել Արցախի խնդրի լուծմանը։

«Այնքան միամիտ էի, որ ինձ թվում էր, որ մենակով կարող եմ փոխել աշխարհը, որ մենակով կարող եմ լուծել իմ երկրի խնդիրները»,- ասում է Հայկը։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, պատերազմի սկսելու հետ միասին, Հայկը վերցրեց տեսախցիկը և վազեց դուրս։ Պարտքը կատարելու ժամանակն էր։ 4 օր անընդմեջ վավերագրել է այն ամենը, ինչ կատարվում էր Արցախում՝ սկսած ռմբակոծություններից, վերջացրած մարդկանց կենցաղով։ Նրա նկարների մի մասը Step1.am-ում է։

Առաջին իսկ ժամերից նամակներ ստանալով բազում միջազգային լրատվականներից, ամբողջ աշխարհին մատակարարել է Արցախից լուսանկարներ։ Տեսախցիկը ցած դրեց միայն այն ժամանակ, երբ որ իմացավ, որ Արցախը հանձնվեց։

«Հոգեպես մահացա այդ պահին։ Հասկացա, որ իմ ամբողջ կյանքը անիմաստ էր։ Իմ ամբողջ կատարած աշխատանքը անիմաստ էր։ Ամեն ինչ ջուրն ընկավ։ Ցանկություն չունեի ոչ մի բան անելու։ Մի ճար լիներ, կգնայի մեռնեի։ Մենակ Ստեփանակերտից դուրս գալու պահին 4 հատ նկար արեցի, այն էլ ցույց տալու համար, թե ոնց էին մարդիկ լքում Արցախը։ Երբ հիմա հիշում եմ, թե ինչ եմ տեսել, ինչի միջով եմ անցել, հասկանում եմ, որ կարող էի այնպիսի նկարներ անել, որ բոլոր մրցույթներում առաջատար տեղեր կգրավեին, բայց ոչ մի բան չարեցի։ Իմաստ չկար։ Ինչի՞ համար անեի, ու՞մ համաը անեի։ Չկա Արցախ` չկամ նաև ես»,- ասում է Հայկը։

Սամվել Շահրամանյանն այցելել է «Աջակցություն Արցախահայությանը» ՀԿ գրասենյակ

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը դեկտեմբերի 19-ին այցելել է «Աջակցություն Արցախահայությանը» հասարակական կազմակերպության գրասենյակ, ծանոթացել վերջինիս գործունեությանը:

Կատարվող աշխատանքների մասին տեղեկություն է ներկայացրել «Աջակցություն Արցախահայությանը» ՀԿ նախագահ Սևակ Գրիգորյանը՝ նշելով, որ քայլեր են ձեռնարկում ֆինանսական ռեսուրսների ներգրավման ուղղությամբ, որպեսզի աջակցություն ցուցաբերեն վերջին ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների, այնուհետև ՊԲ ՎՔՆ պահեստի պայթյունի հետևանքով մահացածների, ինչպես նաև սոցիալական ծանր իրավիճակում հայտնված այլ կարիքավոր ընտանիքներին:

Նախագահ Սամվել Շահրամանյանն ընդգծել է բռնի տեղահանված ու սոցիալական ծանր իրավիճակում հայտնված ընտանիքներին մշտական ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը և ողջունել նախաձեռնությանը միացած անհատների, կազմակերպությունների մասնակցությունը:

Հանդիպման ավարտին նախագահ Շահրամանյանը պատասխանել է կազմակերպության անդամների հարցերին, լսել առաջարկություններ և պատրաստակամություն հայտնել հետագա համագործակցության համար: