Եթե 2022 թվականը հայ ժողովուրդն ամփոփում էր Լաչինի միջանցքի փակմամբ, շրջափակված, աշխարհի հետ կապը կորցրած Արցախով, ապա մեկ տարի անց Արցախում այլևս հայ չի մնացել։ Ադրբեջանն ավելի քան տաս ամիս տևած բլոկադայից հետո, ի վերջո, բացեց Լաչինի միջանցքը՝ հայերի բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականությունը ավարտին հասցնելու նպատակով։ Մարդկային ու տարածքային կորուստներով, անձնական ու հավաքական ցավով լի այս տարին մենք որպես հանրություն ու պետություն ավարտում ենք դասեր չսերտած։ Հայաստանը կառավարող ուժը շարունակում է Ադրբեջանի կողմից ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման ներքո իրավունքների զիջման վտանգավոր քաղաքականությունը, ինչը միայն խորացնում է պատերազմի ռիսկը, հեռացնում հավասարակշռված խաղաղության ձեռքբերման հնարավորությունները և փակուղային դարձնում Հայաստանի վիճակը՝ վտանգելով նաև Արցախի հայերի վերադարձի իրավունքը։ Փորձենք հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ 2023 թվականի ընթացքում և ինչ զարգացումներ կարող են լինել գալիք՝ 2024 թվականին։
Զարգացումներ Արցախի շուրջ
2022 թվականի դեկտեմբերին Լաչինի միջանցքի փակումից հետո Հայաստանը հայց ներկայացրեց միջազգային դատարան։ Արդյունքում, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը՝ պարտավորեցնելով Բաքվին բացել Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ, երկկողմ տեղաշարժը։ Սակայն այդ որոշումն այդպես էլ կյանքի չկոչվեց։
Արդեն փետրվար ամսից ադրբեջանական մամուլում բազմաթիվ հրապարակումներ էին արվում Արցախի դեմ ռազմական հնարավոր գործողությունների թեմայով։
Այս քննարկումն ակտիվացավ ապրիլ ամսին Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումից հետո։ Օրինակ՝ հուլիսին Ադրբեջանի պետական «Az.TV» հեռուստաընկերությունը հեռարձակել էր «Ադրբեջանը կարող է Ղարաբաղում «Վրեժ-3» գործողության գնալ» վերնագրով հրապարակումը։ Նմանատիպ վերնագրեր և լուրեր հաճախ էին հայտնվում ադրբեջանական լրատվամիջոցներում սեպտեմբերի 19-ին նախօրդող շրջանում:
Հարկ է նշել, որ Արցախի շրջափակման տասը ամիսների ընթացքում Ադրբեջանը բազմաթիվ կոչեր է ստացել միջազգային դերակատարներից, հատկապես արևմտյան գործընկերներից՝ դադարեցնելու շրջափակումը, առկա էր նաև՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, քննարկումներ տեղի ունեցան ՄԱԿ-ի ԱԽ-ում։ Ալիևը, սակայն, արհամարհեց այդ բոլոր կոչերը և իրագործեց իր վտանգավոր ու ագրեսիվ մտադրությունները, քանի որ միջազգային պարտավորությունները արհամարհելիս երբեք իր անձի կամ Ադրբեջան պետության համար որևէ քաղաքական հետևանք չի կրում։ Ալիևը քայլեր ձեռնարկելուց առաջ հետևողականորեն ստուգում և փորձարկում է միջազգային դերակատարների արձագանքները։ Շրջափակումը, ապօրինի անցակետի տեղադրումը, ԿԽՄԿ-ի ներկայությամբ Վագիֆ Խաչատրյանին առևանգելը և բազմաթիվ այլ գործողություններ ուղղված էին արտաքին աշխարհի արձագանքները չափելուն։ Նույնիսկ եթե այս պահվածքը դատապարտող հռետորաբանությունը կոշտ էր թվում, իրական գործողություն դրան չէր հաջորդում, որն, ըստ էության, քաջալերեց Ալիևին ռազմական ագրեսիա սկսել Արցախի դեմ:
Ադրբեջանը հարձակումը սկսեց սեպտեմբերի 19-ին՝ ամիսներ շարունակվող քարոզչությունից, բացահայտ սպառնալիքներից և ապատեղեկատվության արշավներից հետո։ Ինչո՞ւ ընտրվեց հենց այդ օրը։
Հատկանշական է, որ հոկտեմբերի 4-ին «Politico»-ն հոդված հրապարակեց, որտեղ իր դիվանագիտական աղբյուրներին հղումով, նշում էր, որ սեպտեմբերի 17-ին ԵՄ-ն, Ռուսաստանը և ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ են վարել Ստամբուլում Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններից երկու օր առաջ։ Աղբյուրի համաձայն, «հանդիպումը կենտրոնացել է այն հարցի վրա, թե ինչպես ապահովել, որ սննդի և վառելիքի մատակարարումները հասանելի լինեն մոտ 100,000 բնակչի»:
Այս տեղեկությունը չհերքվեց՝ առաջացնելով մի քանի հարցեր։ Նախ, ինչո՞ւ որպես հանդիպման վայր ընտրվել էր Թուրքիան՝ Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն ու հակամարտության կողմ հանդիսացող երկիրը: Երկրորդ, եթե միջազգային դերակատարները, չնայած իրենց լուրջ հակասություններին, որոշել էին միավորել ուժերը Լեռնային Ղարաբաղին օգնություն տրամադրելու համար, ինչպե՞ս կարող էր Ադրբեջանը ռազմական հարձակման ռիսկի գնալ։ Քիչ հավանական է թվում, որ Ադրբեջանը դեմ դուրս գար Ռուսաստանին, Եվրամիությանը և ԱՄՆ-ին։
Տպավորություն է ստեղծվում, որ գոյություն է ունեցել միջազգային որոշակի կոնսենսուս, որը թույլ է տալիս Ադրբեջանին «հարցը լուծել» 24 ժամվա ընթացքում: Ռուսաստանի ակնհայտ օգնությունը Ադրբեջանին և Արևմուտքից հստակ գնահատականների ու կանխարգելիչ քայլերի բացակայությունը նման կարծիքի հիմք են ստեղծում։ Ամեն դեպքում Արցախում տեղի ունեցած փաստացի ցեղասպանական քաղաքականությունից ամիսներ անց չկա որևէ իրական հետևանք Ադրբեջանի համար, ոչ էլ հստակ ծրագիր գոյություն ունի, թե ինչպես առաջ գնալ այս իրավիճակում։ Ակնհայտ է, որ Արցախի հասարակական, հանրային ու քաղաքական շրջանակները ունեն տեսլականի ու նպատակների լուրջ բաց, կա պատասխանատվություն ստանձնելու ու խնդիրների լուծմանը հետամուտ լինելու կարիք, քանի որ Հայաստանի իշխանությունները փաստացի հրաժարվում են սպասարկել Արցախի հայերի վերադարձի ու իրավունքների օրակարգը՝ դա դիտելով որպես «սպառնալիք» Հայաստանի ինքնիշխանությանը։
Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ
Արցախի շրջափակման և հայաթափման նախօրեին հիմնականում արևմտյան ձևաչափերով շարունակվում էին Փաշինյան-Ալիև անարդյունք հանդիպումները։ Հայաստանն, ի սկզբանե, ներքաշվել էր գործընթացի մեջ՝ առանց հստակ տեսլականի ու սկզբունքների, որի հետևանքով էլ Ալիևն ամեն անգամ կարողանում էր քաղաքական նոր զիջումներ կորզել Փաշինյանից և սեղմել օղակը Հայաստանի ու Արցախի շուրջ։ 2022 թվականին Պրահայում Արցախն Ադրբեջանի մասն ճանաչելուց երկու ամիս անց՝ դեկտեմբերի 24-ին Ադրբեջանը նախագահ Ալիևի մակարդակով սկսեցին Հայաստանի Հանրապետությունը կոչել «Արևմտյան Ադրբեջան»։ Դրանից մեկ տարի անց՝ այս տարվա դեկտեմբերի 26-ին, Ադրբեջանի Միլլի Մեջլիսը արդեն քննարկում է ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձի» հարցը, ինչը փաստում է, որ Ադրբեջանը ոչ միայն չի պատրաստվում բավարարվել Լեռնային Ղարաբաղում իր ձեռքբերածով, այլև ստեղծում է Հայաստանի դեմ հետագա գործողությունների հիմքերը՝ դա անելով տարբեր մակարդակներում։ Սա ավելի քան հստակ ու կանխատեսելի սցենար էր, որի չեզոքացման համար Հայաստանի իշխանությունները ոչ մի իրական քայլ չեն արել։ Փաշինյանի՝ Արցախն ու Հայաստանը Իրանին և Հայաստանը Վրաստանին կապող ուղիների ստրատեգիական կետերը, այսպես կոչված «անկլավներն» Ադրբեջանի մաս ճանաչելու դիմաց Հայաստանը չստացավ ո՛չ իր տարածքային ամբողջականության ճանաչում, ո՛չ իրավունքներ ու անվտանգություն Արցախի հայերի համար, ո՛չ անվտանգության որևէ իրական երաշխիք, ո՛չ էլ փաստաթղթի ստորագրում։
Հատկանշանական է, որ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումից հետո ենթադրվում էր, որ Ալիևն արևմտյան հարթակներում «Խաղաղության պայմանագիր» անունով որևէ թուղթ կստորագրի Հայաստանի հետ, ինչը, սակայն,տեղի չունեցավ։ Արցախի դեպքերից հետո Ալիևը համառորեն հետաձգում ու մերժում է արևմտյան հարթակներ մեկնելու առաջարկները՝ ձգձգելով գործընթացը և առաջարկելով հետագա կապը շարունակել երկկողմ ձևաչափով։ Դրան ուղղված առաջին քայլը Ալիև-Փաշինյան համատեղ հայտարարությունն էր և մեր գերիների ու ադրբեջանցի դիվերսանտների փոխանակման ակտը։ Դա փաստացի «քաղցրավենիք էր» Փաշինյանի համար, որպեսզի ներքին լսարանին ներկայացվի որպես դրական միտում։ Մինչդեռ Ալիևը շատ ավելի երկարաժամկետ, ծրագրված ու խորամանկ է գործում։ Ադրբեջանական պետական հեռուստաալիքը և տարբեր քարոզչական աղբյուրներ արդեն սկսել են տեղեկատվական հիմքեր ստեղծել որոշ ժամանակ անց Հայաստանի դեմ նոր ագրեսիվ գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ։
2020 թվականի ագրեսիայից հետո Ադրբեջանի քայլերը, որոնց օժանդակեց նաև Մոսկվան, հանգեցրին ԵԱՀԿ Մինսկի խմբի չեղարկմանը՝ ողջ բանակցային փաթեթի ու տրամաբանության հետ միասին։ «Խաղաղության պայմանագրի» կեղծ օրակարգը Ալիևին պետք էր նոր գործընթաց սկսելու ու այդ գործընթացի շրջանակներում Արցախում իր ագրեսիայի հետևանքները քաղաքականապես ամրագրելու համար, ինչն էլ ավարտվեց Արցախի էթնիկ զտմամբ։ Հիմա Ալիևը նոր գործընթաց է սկսում երկկողմ ձևաչափով, որտեղ արդեն չի լինի արևմտյան գործընկերների կողմից առաջարկվող տրամաբանությունը, այլ կլինի ադրբեջանական պահանջների շարք, ինչը Հայաստանը պետք է իրագործի։ Այդ ճանապարհն անխուսափելիորեն փակուղային է։
Ամեն անգամ, երբ Հայաստանը հետքայլ է անում Արցախի, Հայաստանի ու հայ ժողովրդի իրավունքների հարցում, Ադրբեջանը նոր պահանջներ է առաջբերում։ Սա եղել է արցախյան բանակցային գործընթացի ողջ ընթացքում, բայց հիմա Հայաստանի իշխանությունների քայլերը փաստացի օգնում են Ադրբեջանին ամրագրել պատերազմի հետևանքները, իսկ դա ուղիղ հակասության մեջ է իրական խաղաղության կառուցման հնարավորության և միջազգային փորձառության հետ։
Պատմականորեն այս ծանր տարին ամփոփելիս մնում եմ այն համոզման, որ պարտված իշխանությունը պետք է ընդունի իր անկարողությունն ու հրաժարական տա՝ բացելով Հայաստանի համար միջազգային գործընկերների հետ աշխատելու, նոր համագործակցություններ հաստատելու հնարավորություն։ Եթե շարունակենք մեզ խաբել այն կեղծ պատրանքներով, թե իշխանությունները փորձագիտական խորհուրդների և այլ օգնության կարիք ունենք, ապա կստացվի, որ չենք ընդունում առկա ծանր իրողությունը, չենք հասկանում, որ իշխանության քայլերը տրամաբորեն հանգեցնում են նոր կորուստների։ Պարտության համար շարունակ արդարացող ու այդ ֆոնին Ալիևի ջրաղացին ջուր լցնող Նիկոլ Փաշինյանն իրապես մեծ վնաս է հասցնում Հայաստանին՝ երկարաժամկետ առումով մեզ դնելով այնպիսի վտանգավոր պարտավորությունների տակ, որից մեր պետությունն ու ժողովուրդը շատ դժվարությամբ կարող են դուրս գալ։ Իր հերթին, հայ հանրությունն ու հասարակական-քաղաքական շրջանակները պետք է հաղթահարեն իրենց վախերը, պատասխանատվությունից խուսափելու բարդույթները և ավելի համարձակ գործեն՝ մի կողմ դնելով «դե,Աստված մի դուռ կբացի» հոգեբանությունը։
Տաթևիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու,
Ադրբեջանի հարցերով փորձագետ
Երևան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: