Իրանի դեսպանը պատասխանել է Բաքվին և Մոսկվային. «Իսկ դուք կհամաձայնե՞ք ձեր տարածքով արտատարածքային միջանցք բացել»

  • 15:12 03.01.2024

Մեր դիրքորոշումը չի փոխվել՝ մենք դեմ ենք սահմանների փոփոխությանը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին։ Սահմանների փոփոխությունը մեզ համար կարմիր գիծ է, սա հայտարարվել է Իրանի բարձրագույն իշխանության մակարդակով, և ոչ ոք չի կարող շեղվել դրանից։ Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Նրա խոսքով՝ իմաստ չունի այլ երկրի տարածքում արտատարածքային միջանցք ստեղծել։ «Կարծում եմ, որ Հայաստանի տարածքում արտատարածքային միջանցքի հարցի բարձրացումը կապ չունի միջազգային իրավունքի, երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության հետ։ Ինչպես նշված է Հայաստանի վարչապետի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած կապ պետք է գործի այս երկրի ազգային ինքնիշխանության ներքո։ Այն պետությունները, որոնք խոսում են Հայաստանի տարածքում արտատարածքային միջանցքի մասին, պատրա՞ստ են իրենց տարածքում ստեղծել նույն արտատարածքային միջանցքները։ Կարծում եմ՝ պատասխանը ոչ է: Ուստի այն, ինչ իրենք չեն ուզում իրենց համար, չպետք է ցանկանան ուրիշների համար»,- ասել է Սոբհանին։

Ի հեճուկս Իրանի հայտարարությունների, Ալիևի ներկայացուցիչը կրկին հիշեցրեց «միջանցքի» մասին։

Բաքուն հույս ունի մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաների միջև բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնել խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ, ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնաց Էլչին Ամիրբեկովը։

Խոսելով տրանսպորտային հաղորդակցության վերականգնման մասին՝ նա հիշեցրեց ադրբեջանական կողմի նախաձեռնությունը՝ «վերականգնել Զանգեզուրի միջանցքը, որպեսզի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում կամ երկրի հիմնական մասում բնակվող Ադրբեջանի քաղաքացիներն ունենան անխոչընդոտ ցամաքային հաղորդակցություն»։

«Խոսքը 42 կիլոմետր երկարությամբ երկաթուղային գծի մասին է, որը, ցավոք, ավերվել է հակամարտության արդյունքում։ Թեկուզ խոսքը միայն բացակայող ճանապարհի կառուցման մասին չէ», – ասաց նա:

Ալիևի ներկայացուցիչը նկատի ունի, որ միջանցքը պետք է լինի ոչ միայն ֆիզիկական, այլև քաղաքական, այսինքն՝ այն պետք է վերահսկվի ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի ԱԴԾ-ի կողմից։

Ավելի վաղ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն ասել էր, որ «արժի մտածել և ստեղծել այնպիսի միջանցքներ, որոնք տնտեսապես շահավետ են, այդ թվում՝ հարևանների համար։ Իսկ դա ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ մենք կարող ենք Հայաստանով միջանցք բացել դեպի հարավ և համաձայնության գալ Վրաստանի հետ»։