2021 թվականի հունվարի 4-ին պարզ դարձավ, որ Հայաստանն ու Արցախը չեն կարողանա Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ անցկացնել, և Արցախից միայն նախագահ Արայիկ Հարությունյանն է ներկա գտնվել Երևանում կայացած Հայաստանի անվտանգության խորհրդի նիստին։ Հնարավոր է, Արցախից Հայաստանի կտրվածության պայմաններում ինչ-որ մեկը համարել է, որ համատեղ նիստի անցկացումը Ռուսաստանի դեսպանատանը եւ Աղդամի ռուս-թուրքական համատեղ կենտրոնում կդիտարկվի որպես «աղաղակող լկտիություն»:
Առաջին համատեղ նիստը կայացել է 2019 թվականի մարտի 12-ին: Ամփոփիչ հաղորդագրությունում նշված էր. «Համատեղ նիստի շրջանակում ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակում Արցախի անվտանգության ապահովումն ու կարգավիճակը հայկական կողմերի համար եղել և մնում են բացարձակ գերակայություններ: Կարևորվել է խաղաղության մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների և փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաև Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակում»:
2019 թվականի դեկտեմբերի 23-ին կայացած համատեղ երկրորդ նիստին Նիկոլ Փաշինյանը խոսում էր ավելի շատ թավշյա հեղափոխության մասին. «Կարևոր է, որ այդ քայլերն արտահայտել են օբյեկտիվ իրականությունը, որն ստեղծվել է տարածաշրջանում Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո: Որո՞նք են այդ օբյեկտիվ իրականության բնորոշիչները: Առաջին՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն էականորեն ավելացրել են Արցախի սուբյեկտայնությունը և ընդգծել Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերությունների իրավահավասար բնույթը:
…բոլոր հիմնարար փաստաթղթերը կա՛մ ներառում են Արցախի ընտրված իշխանությունների մասնակցության հղում, կա՛մ հաստատվել են Արցախի ընտրված իշխանությունների ներկայացուցիչների կողմից:
Արցախի հարցի կարգավորման հայեցակարգային մակարդակում մենք առաջարկել ենք շատ պարզ, տրամաբանական և հասկանալի սկզբունք: Արցախի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Ղարաբաղի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Այս սկզբունքը հայտարարելով՝ ես հույս ունեի, որ Ադրբեջանի նախագահը հանդես կգա համանման հայտարարությամբ, ինչը բանակցային գործընթացում էական առաջընթաց ապահովելու մեծ հնարավորություններ կբացի:
…Բոլորն են հասկացել, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նման փորձերն աղետալի հետևանքներ կունենան հենց առաջին հերթին Ադրբեջանի համար, մանավանդ որ, ինչպես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք վերջին տարիների համար աննախադեպ քանակի և որակի զենք և ռազմամթերք ենք ձեռք բերել, Զինված ուժերում իրականացրել ենք և իրականացնում ենք բարեփոխումներ, որոնք էլ ավելի բարձր մակարդակի են հասցնում մեր բանակի մարտունակությունը»:
Իսկ Բակո Սահակյանն ասել էր. «Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը մեկ հայրենիքի երկու անբաժան հատվածներն են և մենք ունենք միասնական նպատակներ ու միանման տեսլական կարևորագույն հարցերի լուծման առնչությամբ: Եվ այս տեսանկյունից անվտանգության խորհուրդների համատեղ նիստերի անցկացումը հնարավորություն է տալիս բազմակողմանի քննարկել մեր առջև ծառացած խնդիրները, գտնել դրանց լուծման օպտիմալ տարբերակներ և ընդունել հիմնավորված որոշումներ»:
Եվս մեկ համատեղ նիստ կայացել է 2020 թվականի հունիսի 19-ին: Ընտրությունների և դրանց հետևած իշխանությունների կազմավորման արդյունքում Արցախում տեղի ունեցավ քաղաքական ուժերի համերաշխության և համախմբման կարևորագույն գործընթաց, ինչը, վստահ եմ, առավել ամրապնդեց Արցախի անվտանգությունը, ասել էր Նիկոլ Փաշինյանը: «Վերջերս էլ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղորդմամբ, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջան» նախաձեռնություն են ստեղծել՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը: Սրանով Ադրբեջանի վարած տարածաշրջանային քաղաքականությունն ավելի ամբողջական է դառնում, և «արևմտյան ադրբեջան»-ի անհեթեթ նախաձեռնությունը եկավ փոխարինելու այսպես կոչված «հարավային, հյուսիսային, հյուսիս-արևմտյան ադրբեջանների» զավեշտալի շարքը՝ ընդգծելով Ադրբեջանի ապակայունացնող նկրտումները ողջ տարածաշրջանի համատեքստում», – նշել էր Փաշինյանը:
Արայիկ Հարությունյանն էլ խոսում էր իր բիզնես-նախագծերի մասին:
«Անվտանգության փոխազդող համակարգի գլխավոր հենասյուներից մեկն էլ պարենային ու էներգետիկ անվտանգությունն է, որտեղ ևս ձեռքբերումները նշանակալի են, սակայն նոր անելիքներ միշտ կան՝ միջավայրային մարտահրավերների և մեր նպատակների ու հնարավորությունների դինամիկ փոփոխությանը զուգահեռ: Մեր խնդիրն է ապահովել հնարավորինս ինքնաբավ ու ճկուն պարենային ու էներգետիկ համակարգ բոլոր իրավիճակների համար՝ երաշխավորելու համար ռազմական ու սոցիալ-տնտեսական անվտանգության ամրությունն ու կայունությունը: Այդ և մի շարք այլ առումներով ռազմավարական նշանակություն ունեն նաև ենթակառուցվածքները, և ուրախ եմ, որ համատեղ արդեն մեկնարկում ենք Արցախը Մայր Հայաստանին կապող երրորդ մայրուղու շինարարությունը», – նշել էր Հարությունյանը:
Ամեն ինչ այսպեց սկսվեց։ Այժմ՝ արտաքսումից 3 ամիս անց, Հայաստանի իշխանությունները չեն հանդիպում ոչ միայն Արցախի ղեկավարության ներկայացուցիչների, այլև հանրության հետ։ Իսկ նրանք, ում հետ հանդիպումները տեղի են ունեցել «լավ ժամանակներում», ըստ երեւույթին, «հայկական անվտանգության» շրջանակներում, գտնվում են Բաքվի բանտերում։
Նաիրա Հայրումյան