Արցախի մշակույթը պահպանելու համար կազմակերպություն է ստեղծվել․ առաջին արդյունքը

  • 22:06 04.01.2024

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» նորաստեղծ հասարակական կազմակերպության ստեղծման հիմնական նպատակը արցախյան ոչ նյութական մշակույթի պահպանմանն ուղղված ծրագրերի իրականացումն է: Կազմակերպության տնօրեն Ապրես Մարգարյանի խոսքով`նախատեսվում է իրականացնել տարբեր ծրագրեր: Առաջին ծրագիրը և միջոցառումները ուղղված են հիմնականում Արցախի համերգային կազմակերպությունների պահպանմանը, ու հաշվի առնելով այն հանգամանքը, որ հոկտեմբերի 1-ից Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պետական հիմնարկները լուծարվել են, անմասն չի մնացել նաև մշակութային անձնակազմը:

Առաջնային խնդիրներից  է պահպանել համույթների անունները և իրենց այդքան տարվա գործունեությունը: «Այդ նպատակով կազմակերպության կառուցվածքում մտցրել ենք ստորաբաժանումներ, այսինքն` համույթները կոլեկտիվ անդամակցում են և որպես առանձնացված ստորաբաժանումներ կպահպանեն իրենց անունները»,- նշեց նա:

«Մռակած» պետական կամերային երգչախմբի անդամ Կարինե Աղաջանյանը պատմում է 24-ամյա գործունեություն ունեցող երգչախմբի մասին: Այն շրջագայություններ է ունեցել տարբեր երկրներում, մասնակցել մրցույթների և հաղթանակով վերադարձել Արցախ: Երգչախումբը շրջափակման ժամանակ անցավ տարբեր դժվար փուլերով, բայց աշխատեց և նկարեց «Жить» տեսահոլովակը:

Առաջին նախաձեռնությունը դեկտեմբերի 10-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում կազմակերպված «Մենք կանք» խորագրով համերգն էր: Համերգի հիմնական ուղերձը և նպատակը նախ համույթների գործունեությունը, իրենց կադրային պոտենցիալը ցուցադրելն էր, ինչպես նաև մշակութային գործիչների աշխատանքից զրկված լինելու մասին ահազանգելը:

«Հաշվի առնելով երաժիշտների, երգիչների, պարողների հոգեբանական վիճակը, այն բազմաթիվ խնդիրները, որոնց բախվել ենք համերգի կազմակերպման ընթացքում` հեշտ չէր այն կազմակերպելը: Բոլոր համույթները մեծ պատասխանատվությամբ մոտեցան միջոցառմանը: Հրավիրել ենք Հայաստանի հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների, դեսպանների: Կարող ենք ասել, որ առաջին քայլը կատարվել է և կան որոշակի դրական միտումներ, որովհետև այդ միջոցառումից հետո քննարկումներ ունեցանք տարբեր հիմնադրամների ներկայացուցիչների հետ, որոշակի առաջարկներ ներկայացրինք դեսպաններին, և արդեն կա մի համույթի 2024 թ. մի ամբողջ տարվա ֆինանսավորում։ Հույս ունենք, որ մնացածն էլ նույն ձևով կիրագործվեն: Ունենք մեծ պոտենցիալ, որը չի իրագործվում ՀՀ-ում: Ունենք 1400 մասնագետ, որից 110 հոգի են աշխատում: Այդ է պատճառը, որ որոշել ենք ամբողջ մշակույթը կենտրոնացնել մի տեղ, քանի որ պետական կարգավիճակ, ցավոք սրտի, չէին տալիս»,-ասաց Ապրես Մարգարյանը:

Տաթև Ազիզյան

f