Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վարկածների թվում պետք է դիտարկել ահաբեկչության վարկածը։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը «Լուրերին» https://www.1lurer.am/hy/2024/01/04/1/1056594 տված հարցազրույցում, անդրադառնալով Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունին, ասել է, որ այս հանգամանքը եւս էթնիկ զտման վարույթի շրջանակներում է քննության առարկա դարձել։ «Մենք այդ ողբերգական դեպքերի պատճառով ունենք 218 զոհ եւ 21 անհետ կորած, 120 անձինք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- նշել է նա։ Հարցին, թե պայթյունի պատճառները պարզվե՞լ են, Քյարամյանը պատասխանել է․ «Մենք այս վարույթը հիմնականում նախաձեռնել եւ քննում ենք այն համատեքստում, որ ընդհանուր իրավիճակը բխում է էթնիկ զտման իրողություններից։ Մարդիկ, եթե հարյուրներով ու հազարներով, առանց մեկը մյուսին հերթ տալու, գնացել եւ օրհասական պահին վառելիք են փորձել ձեռք բերել, սա վկայում է այն մասին, որ այդ մարդիկ անելանելի իրավիճակում են հայտնվել։ Մարդիկ իրենց ու իրենց ընտանիքների ֆիզիկական անվտանգությունն ապահովելու խնդիր են ունեցել, եւ այդպիսի պայմաններում իրարանցումը եւ նմանատիպ իրավիճակներն անխուսափելի են»:
Ըստ նրա՝ նախաքննական մարմնին հայտնի է այն, որ Պաշտպանության բանակն այդ պահեստը հանձնել էր ԼՂ իշխանություններին, զոհերի թվում կան ոստիկանության երկու սպաներ, ովքեր ծառայություն են իրականացրել այդ վայրում։ Պահեստում շուրջ 42 հազար տոննա վառելիք է պահվել։ Հարցին, թե այսպիսով՝ դեպքը բացահայտվա՞ծ է, Քյարամյանը պատասխանել է․ «Դեպքի բացահայտում ասվածն այս պայմաններում լայն մեկնաբանվող հասկացություն է։ Եթե մենք նկատի ունենք՝ արդյոք այս իրավիճակը պայմանավորված է Ադրբեջանի կողմից կանխամտածված բռնի տեղահանման արդյունքում ստեղծված իրավիճակով, դա բացահայտված է, ակնհայտ է, այդտեղ բացահայտելու բան չկա»։
Step1.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասաց, որ վառելիքի պահեստի պայթյունի գործը պետք է ամբողջությամբ քննվի, որպեսզի հնարավոր լինի վերջնական եզրակացություն անել։ Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ քննչական մարմինը հնարավոր ահաբեկչության վարկածի մասին չի բարձրաձայնում, իրավապաշտպանն ասաց․ «Պետք է քննվի, թե ի՞նչ հանգամանքներում ու ի՞նչ իրավիճակում է եղել պայթյունը, որովհետեւ պատկերը մեզ համար շատ աղոտ է։ Ականատեսների՞ն են հարցաքննել, տուժածների՞ն, ընդհանրապես ի՞նչ քննություն է իրականացվել, որպեսզի մենք կարողանանք եզրակացություն կազմել։ Բայց այն իրավիճակը, որում տեղի է ունեցել դեպքը, իրապես դա էթնիկ զտման ժամանակահատվածում է տեղի ունեցել։ Արգիշտի Քյարամյանն էլ է օգտագործում էթնիկ զտման հասկացությունը, բայց ինձ համար զարմանալի է այն, որ կիրառելով էթնիկ զտման հետ կապված խառնաշփոթ հասկացությունը, չի ասում, թե որո՞նք կարող էին լինել այն հնարավոր պատճառները, որոնք հանգեցրին բենզինի պահեստի պայթյունին։ Եվ չխոսել ահաբեկչության մասին կամ ահաբեկչության վարկածի մասին, շատ տարօրինակ է այն իմաստով, որ կարծես թե կա ինչ-որ զսպվածություն՝ վարկածների շարքում չդիտարկել այն հնարավոր վարկածները, որոնք հենց վերաբերում են էթնիկ զտմանը։ Էթնիկ զտմամբ հաստատ Ստեփանակերտի իշխանությունները չէին շահագրգռված, էթնիկ զտմամբ շահագրգռված էր ադրբեջանական կողմը, որն այդ խառնաշփոթի ընթացքում ամեն ինչ կարող էր անել։ Այսինքն՝ այստեղ ինձ ավելի շատ հուզում է այն, որ այս իրավիճակում, երբ էթնիկ զտմանը հանգեցնող սպառնալիքի իրական աղբյուրն ակնհայտ առկա է, նրա առնչությունն այդ բենզինի պահեստի պայթյունի հետ չի ձեւակերպվում ուղիղ իմաստով։ Եվ կարծում եմ՝ դա ամենահիմնավոր վարկածը պետք է լիներ»։
Սաքունցի խոսքով՝ Քննչական կոմիտեն չէր կարող շատ կարճ ժամանակահատվածում այլ տարածքում տեղի ունեցած այս ծավալի պայթյունի դեպքով լիարժեք քննություն իրականացնել։ Տուժածներին, այդ թվում՝ Արցախի պաշտոնատար անձանց պետք է մանրակրկիտ հարցաքննեին՝ ամբողջական պատկերը վերականգնելու նպատակով։ «Հիմա, եթե դու այդքանն արել ես եւ դրանից հետո լղոզված ես ձեւակերպում, ինչո՞ւ դա չես անվանում ահաբեկչություն, ինչպե՞ս կարելի է դա չանվանել ահաբեկչական գործողություն։ Դու չես կարող վարկածներից առանձնացնել ու մեկուսի դիտարկել այս վարկածը, որի մասին ես խոսում եմ։ Եվ սա, ցավոք սրտի, կարող է պայմանավորված լինել ինչ-ինչ քաղաքական պատճառներով, որովհետեւ որեւէ ողջամիտ բացատրություն չկա սրան։ Բոլոր դեպքերում պետք է վարկածների թվում դիտարկել ահաբեկչության վարկածը եւ դա ուղիղ անվանել հենց այնպիսին, ինչպիսին կա»,- հավելեց նա։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: