Ստեփանակերտի Սարոյան փողոցը․ այնտեղ էին կիսվում առաջին պատանեկան գաղտնիքներով

  • 16:51 05.01.2024

Արցախի Սարոյան փողոցը գտնվում է Ստեփանակերտի կենտրոնական հատվածվում, և քանի որ փողոցը հենց Ստեփանակերտի կենտրոնական կամրջի մոտ է, թաղամասը ստացել ժողովրդական «մոստին տակի շենքերը» անվանումը:

Նախկինում հենց այս փողոցի շենքերի առաջ գտնվում էր 4-րդ մանկապարտեզը, որը նաև արվեստի դպրոց էր:

4-րդ մանկապարտեզը նամանավանդ կհիշենք մենք՝ 90-ականների ծնվածներս, կամ գուցե՝ մենք վերջին սերունդն ենք, որ կհիշենք: Այս շենքում դեռ վառարաններ էին վառվում, դեռ փայտից պատուհաններ էին և հնությունից ճռռացող գունաթափված հատակ:

Հետո արդեն 4-րդ մանկապարտեզը և արվեստի դպրոցը բաժանվեցին՝ տեղափոխվեցին ավելի հարմարավետ, նոր շենքեր: Արվեստի դպրոցը ստացավ նոր անուն՝ «կլոր շենք»:

Սարոյան փողոցի մոտ են գտնվում գրեթե բոլոր կարևոր ենթակառուցվածքները և իհարկե հայտնի Պյատաչոկը և Վերածննդի հրապարակը: Շենքերի “բակը”՝ համարյա Հրապարակն է։ 

Սարոյան փողոցով նաև կարճ ճանապարհ էր բացվում դեպի Ստեփանակերտի մարզադաշտը:

Սարոյանի փողոցի շենքերից մեկի բակում աղավնիներ էր պահում Բորիկ ձյաձյան։ Երեխաները ուրախանում էին, նաև կողքի շենքերից, բակերից էին գալիս աղավնիներին տեսնելու:

Շրջափակման ժամանակ շատ դժվար էր, նամանավանդ երեխաների համար, և բնակիչները պատմում են, որ իրավիճակը մի քիչ մեղմելու համար բնակիչներից մեկը մեծ պրոյեկտոր էր բերել, եւ բակում երեխաները մուլտֆիլմ էին նայում:

Բակերում շատ երեխաներ կային, որոնք  համերգներ էին կազմակերպում, և ողջ փողոցը հավաքվում էր համերգները դիտելու:

Բակում նաև զբաղմունք կար պապիկների համար, ովքեր միասին ավանդական սեղանի խաղեր էին խաղում:

Ինչպես ասում են բնակիչները՝ այնտեղ լավ էր, որովհետև ծնվել են այնտեղ, մեծացել են իրար հետ, նույն դպրոցն էին հաճախել, խաղացել են, կիսվել են առաջին պատանեկան գաղտնիքներով: 

Քրիստինա Ալավերդյան

f