Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ստեղծվել է 1932թ. Կարո Ալվարյանի ղեկավարությամբ: 91 տարվա գործունեության ընթացքում այն բավականին բեղուն գործունեություն է ունեցել: 450-ից ավելի ներկայացումները նպատակ ունեին սերունդներին սերմանել հայրենիքի հանդեպ սերը:
«Մեր թատրոնը երիտասարդներին դաստիարակել է հայրենասիրական ոգով: Պահպանել ենք մեր ավանդույթները, մշակույթը, գեղագիտական մեծ հաճույք ենք պատճառել հանդիսատեսին: Ընդհանրապես ասեմ, որ Արցախի թատրոնը Կովկասի ամենալավ թատրոններից է եղել և այդ թատրոնում խաղացել են նշանավոր դերասաններ` անգամ Վահրամ Փափազյանն է հյուրախաղերով եկել ներկայացման: Թատրոնը իր առաքելությունը կատարել է սրբությամբ, մեծ ջանասիրությամբ, աշխատասիրությամբ»,-ասում է Արցախի ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը:
Հետպատերազմյան շրջանում և շրջափակման ժամանակ էլ թատրոնը շարունակում էր իր գործունությունը: Առանց էլեկտրականության ներկայացումներ էին բեմադրվում, իսկ դահլիճը լեփ-լեցուն էր…
Քաջիկ Հարությունյանը թատրոնում աշխատում է արդեն 59 տարի: Ականատես է եղել, թե ինչպես են դերասանները հացի հերթերի պատճառով գիշերներն անքուն անցկացրել, բայց այնուամենայնիվ մասնակցել փորձերին, թե ինչպես են երեխաները մրգի և քաղցրավենիքի պակասից հյուծվել, բայց խաղացել ներկայացումներում: «Շատերն ասում են` ինչու Արցախը թողեցիք հեռացաք… Եթե իմանային, այդ հարցը չէին տա… Հույս ունեմ, որ մենք հետագայում կվերադառնանք մեր տները… Իմ ազատ օրերը անտառներում էի անցկացնում: Երազի նման մի բան է դարձել… Շրջենք մեր քայլած տեղերով, աշխարհի ամենալավ մարդիկ ու ամենագեղեցիկ բնությունն ունի Արցախը: Տա Աստված որ գլուխներս բարձրացնենք, մեջքներս ուղղենք, ծնկաչոք վիճակից բարձրանանք…»,-ասում է նա:
2020թ. պատերազմից հետո թատրոնը շրջագայություններով այցելեց Եվրոպա, Ռուսաստան և կարողացավ իր ասելիքը փոխանցել արտասահմանում ապրող հայերին: Նախատեսում են այցելել նաև այլ երկրներ: 2023թ. տարհանումից հետո 3-րդ օրն արդեն վերսկսել են փորձերը: Հոկտեմբերի 18-ին հյուրախաղերով մեկնել են ԱՄՆ:
Բեմադրող ռեժիսոր Վահան Խաչատրյանի խոսքով` ստեղծագործող մարդիկ իրենց գործը շարունակում են անկախ թղթաբանության: «Թատրոնը կարևորագույն բանն է աշխարհում: Դա մի հարթակ է, որի միջոցով դու փորձում ես մարդկանց ինտելեկտուալ կրթել: Ինչ էլ լինի` շարունակելու ենք աշխատել: Մենք այս երկրից ենք, սա մեր երկիրն է…Մենք ճիշտ ենք համարում բարձրաձայնվող հարցերի մասին խոսել: Սա մեր փորձությունն է, որի միջով պիտի անցնենք»,-նշեց նա իր խոսքում:
Տնօրեն Արմեն Հարությունյանը տեղեկացնում է, որ հիմա էլ Ստեփանակերտի թատրոնը փորձում է հաղթահարել բոլոր դժվարությունները: Չկա բեմ, դահլիճ, փորձերն արվում են ժամանակավորապես տրամադրված տարածքում: Թատրոնի ողջ անձնակազմն անհամբեր սպասում է, թե երբ են անցնելու աշխատանքի, սակայն ֆինանսավորում դեռևս չկա: Հիմա պատրաստվում են նոր բեմադրության: Ամեն րոպե ապացուցում են, որ թատրոնը ի վիճակի է շարունակել իր աշխատանքը:
«Հաշվի առնելով, որ կառավարության լիազոր մարմինների կողմից ոչ մի աջակցություն չենք ստացել` թատրոնի վերաբացումը հնարավոր կլինի միայն հովանավորների աջակցությամբ: Այդ իսկ պատճառով, ես, որպես թատրոնի տնօրեն, մեր թատրոնի անունից ուզում եմ խնդրել, որ եթե մարդիկ կարողանան իրենց մասնակցությունն ունենալ, մենք շատ ուրախ կլինենք համագործակցության համար»,-ասաց նա:
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: