Step1.am-ի հրապարակման շնորհիվ Լենա Ավանեսյանին գտել են

  • 00:03 06.01.2024

Արցախի Հադրութի շրջանի Ազոխ գյուղից թոշակառու Լենա Ավանեսյանի պատմության՝ Step1.am-ում հրապարակվելուց հետո պարզվեց, որ նրան երկար ժամանակ փնտրում էին։

Խմբագրություն են դիմել «Հանգանակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները։ Կինը երկար տարիներ գտնվում էր կազմակերպության խնամքի տակ։ Համակողմանի աջակցություն էր ստացել որպես միայնակ թոշակառու և հաշմանդամ։

Արցախի բնակչության բռնի տեղահանումից հետո, արդեն Հայաստանում, «Հանգանակ» կազմակերպությունը սկսեց իր խնամքի տակ եղած անձանց որոնումները՝ մոտ 320 մարդու։ Նրանց մեծ մասի բնակության վայրը հաստատվել է։

Կազմակերպությունը խմբագրությունից ճշտելով, թե որտեղ է ապրում Լենա Ավանեսյանը, այցելել է նրան, ֆինանսական օգնություն ցուցաբերել, ընդգրկել նոր տարում իրականացվելիք այլ ծրագրերում։

Լենա Ավանեսյանը Step1-ին խոստովանեց. «Դա փրկություն էր, որ ինձ գտան ու օգնեցին։ Որովհետև ես շատ հիվանդ եմ այս վերջին օրերին։ Շտապօգնության մեքենաները երբեմն չեն արձագանքում կանչերին: Եվ եթե անգամ  գալիս են, ես չեմ կարող գնել դեղերը։ Մի քանի ամիս է, ինչ թոշակ չեմ ստացել, իսկ պետության կողմից սոցիալական դրամական օգնությունը հազիվ է բավարարում սննդի և կենցաղային կարիքների համար։ Ես նաև փակում եմ պարտքերը, որոնք վերցրել եմ, երբ փող չունեի՝ ո՛չ թոշակ կար, ո՛չ պետության աջակցությունը: Բայց հիմա մի քիչ հանգիստ եմ, որովհետև գիտեմ, որ «Հանգանակից» կլինի հոգատարություն, օգնություն և ըմբռնում»:

«Հանգանակ» ՀԿ-ն 20 տարի աշխատել է Արցախում։ Կազմակերպության ծրագրերում ընդգրկված են եղել մոտ 320 մարդ։

Ալվարդ Գրիգորյան

f