1992 թվականի հունվարի 6-ին ԼՂՀ առաջին գումարման խորհրդարանը՝ ԼՂՀ Գերագույն խորհուրդը, ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին» հռչակագիրը։ Այս հռչակագրով որոշվեց, որ Արցախը պատկանում է հայերին, ովքեր ապրել են այս հողի վրա հազարավոր տարիներ, ձգելով ազգային արմատները խորը հողի մեջ։
Արցախի Հանրապետությունը գոյություն ունի 34 տարի, այն կայացել է Արցախի ժողովրդի նվիրումի և հայրենիքում ապրելու պատրաստակամության շնորհիվ՝ չնայած բոլոր դժվարություններին, Հայաստանի և Սփյուռքի վիթխարի աջակցությամբ։
33 տարի անց (Քրիստոսի տարիքն է) Քրիստոսի ծննդյան օրը Հայաստանի ղեկավարությունը լռում է այն մասին, թե ինչ ճակատագիր է սպասվում հայոց Արցախին՝ նրա հողը, բնական ռեսուրսները, հաղորդակցությունները, ունեցվածքը, լռում է, թե ի՞նչ իրավունքով, մեկ մարդու ստորագրությամբ, Հայաստանը հրաժարվեց հայ ժողովրդին պատկանող հողից։
Հազարամյակներ շարունակ Արցախը եղել է հայոց պետականության օրրանը, ազգային ավանդույթների և հայ ժողովրդի հավատքի պահապանը հատկապես այն ժամանակաշրջաններում, երբ մնացած Հայաստանը գտնվում էր օտար կայսրությունների տիրապետության տակ։ Դարեր շարունակ Արցախի կիսանկախ մելիքությունները եղել են «ապահովարան», որտեղ պահպանվել և վերածնվել է հայկական ինքնությունը։
Հայաստանն իր ներկայիս ղեկավարությամբ մեթոդաբար հրաժարվում է հայկական պետականության ազգային հիմքերից։ Նիկոլ Փաշինյանը, խոսելով հայրենիք-պետություն սիլլոգիզմի մասին, երբեք չի արտասանել «ազգային պետություն» արտահայտությունը։
1918 և 1991 թվականներին հայկական հանրապետությունները, ինչպես և եվրասիական տարածքի մյուս պետությունները, առաջացան հենց որպես ազգային պետություններ՝ կառուցված ազգային լեզվի, մշակույթի, դպրոցի, պետության և այլ ավանդույթների հիման վրա։
Ռուսաստանը չունի ազգային հիմք և գաղափարախոսություն, և նրա փլուզումը բնական է. 35 տարի է, ինչ Ռուսաստանը չի կարողանում որոշել, թե ինչ ինքնության վրա է կառուցված այդ երկիրը՝ ռուսական, ուղղափառ, «ինքնիշխան ժողովրդավարության», թե՞ բնիկ ժողովուրդների գաղութային ստրկացման վրա։ Նույնը վերաբերում է անհասկանալի Ադրբեջանին, որն ընդհանրապես ինքնություն չունի։
Անկարան ու Մոսկվան հասկանում են, որ Հայաստանին պետականությունից հնարավոր է զրկել միայն ազգային հիմքը տակից հանելով։ Եվ դա արվում է գործող իշխանության ձեռքերով, որի գործունեության արդյունքը եղել է Հայաստանի աննախադեպ հեռացումը սփյուռքից, եկեղեցուց, Արցախից, ազգային իրավունքներից ու պատմությունից։ Նույնիսկ ազգային հիմունքների, Արցախի, եկեղեցու մասին հիշատակումը համարվում է «ռեւանշիզմ» և «ժողովրդավարությունից հրաժարում»։ Հիմա Փաշինյանն ասում է, որ դպրոցներում պետք է դասավանդել ոչ թե “ազգային”, այլ “պետության” պատմություն՝ մեկը մյուսից տարանջատելով։ Ի՞նչ կմնա պատմության մեջ, եթե դրանից հանենք ազգային բաղադրիչը։
Հայաստանը վերապրեց 2020 թվականի պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերին արցախյան ագրեսիան հզոր էթնիկ կորիզի՝ ազգային շահերի հանրության շնորհիվ։ Հայաստանում նույնիսկ ժողովրդավարությունը ազգային է, քանի որ Հայաստանի բնակչության 98%-ը հայեր են։ Սա թուլություն չէ, այլ մեր ուժը, ինչի պատճառով էլ թշնամիները ակտիվորեն նոսրացնում են Հայաստանի էթնիկական կազմը պակիստանցիներով, ռուսներով և այլոց միջոցով։
Հայաստանը կարող է վերացվել միայն նրա ազգային կորիզը կոտրելով։ Հենց Հայաստանը դադարի լինել ազգային պետություն, կդադարի գոյություն ունենալ, քանի որ Հայաստանի 3 միլիոն բնակիչներն այլ ընդհանուր բան չունեն։
Նաիրա Հայրումյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: