«Արցախն ինձ համար ոգեշնչման հսկայական աղբյուր է, արցախյան միջավայրն ու կյանքն էր, որ ինձ դարձրեց այնպիսին, ինչպիսին կամ հիմա»

  • 13:44 06.01.2024

Վովա Արզումանյանը ծնվել և մեծացել է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ Վաղ տարիքից նա բավականին ակտիվ կենսակերպ էր վարում։ Գրքեր է գրում, զբաղվում լրագրողական գործունեությամբ։

Մասնագիտությամբ կինոդրամատուրգ և սցենարիստ է։ Աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ​​ինստիտուտում։

«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է ստեղծագործող լինի, անընդհատ նոր բան արարի ու հորինի, այլապես նրա կյանքը ձանձրալի կլինի»,- ասում է Վովան։

Նա վաղուց է ապրում Երեւանում, սակայն Արցախի հետ նրա կապը երբեք չի ընդհատվել։

«Արցախն ինձ համար ոգեշնչման հսկայական աղբյուր է, արցախյան միջավայրն ու արցախյան կյանքն էր, որ ինձ դարձրեց այնպիսին, ինչպիսին կամ հիմա»:

Վովան ամեն ինչում նմանակում է տատիկին՝ հայտնի բժշկին։ Նրա տված ախտորոշումները հաստատվում էին  Եվրոպայի և աշխարհի հայտնի կլինիկաներում։ «Տատիկը իմ իդեալն է, ես միշտ հետեւելու եմ նրա ցուցումներին, նա ինձ սովորեցնում էր լինել հետեւողական, արդյունավետ եւ մեծ պատասխանատվությամբ դիմել ցանկացած առաջադրանքի: Այս հատկանիշներն ինձ օգնում են իմ աշխատանքում և առհասարակ կյանքում»,- ասում է նա։

Այժմ Վովան ջերմությամբ եւ տխրությամբ հիշում է իր հայրենի Արցախը, մանկության եւ երիտասարդության լավ եւ անհոգ պահերը, ընտանիքին ու ընկերներին, փորձում է հնարավոր ամեն ինչ անել՝ պահպանելու իր հայրենի հողի ավանդույթներն ու մշակույթը եւ հույս ունի վերադառնալ հայկական Արցախ։

Արսեն Աղաջանյան

f