Ֆրանսիան Հորդանանի հետ համատեղ օդային ճանապարհով՝ պարաշյուտի միջոցով առաջին 7 տոննա օգնությունն է հասցրել Գազայի հատված, հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարարը՝ ավելացնելով, որ Գազան պետք է մնա պաղեստինյան, հայտնում է newarab.com-ը
Ֆրանսիայի և Հորդանանի զինվորականների սերտ համագործակցությունը հնարավոր է դարձրել «չափազանց բարդ գործողությունը», հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Գործողությանը մասնակցել է երկու C-130 տրանսպորտային ինքնաթիռ՝ ֆրանկո-հորդանանյան ընդհանուր անձնակազմով։ Հատուկ համակարգերով կառավարվող բեռը վայրէջք է կատարել Գազայի հատվածում գործող հորդանանյան դաշտային հոսպիտալի տարածքում։
Օդով օգնությունը հասցվել է այն ժամանակ, երբ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան ասել է, որ Գազան պետք է մնա պաղեստինյան տարածք՝ ի հեճուկս իսրայելցի որոշ նախարարների հայտարարությունների, որ պաղեստինցիները պետք է դուրս մղվեն անկլավից և վերաբնակեցվեն այլ վայրերում: Ֆրանսիացի նախարարի խոսքով, այդ հայտարարություններն անպատասխանատու են։
«Իսրայելը չէ, որ պետք է որոշի Գազայի ապագան։ Հորդանան գետի Արևմտյան ափը և Գազան պետք է լինեն պաղեստինյան պետության մաս, և որոշ իսրայելցի նախարարների այս հայտարարությունները անպատասխանատու են», ասել է Կոլոնան CNN-ին:
Իսրայելի հարձակումներից Գազայում սպանվել է մոտ 23 հազար խաղաղ բնակիչ։ Միավորված ազգերի կազմակերպության գնահատականով, Գազայի 1,9 միլիոն բնակիչներ՝ նախապատերազմյան բնակչության 85 տոկոսը, տեղահանվել են, հարյուր հազարավորները սովի վտանգի տակ են, իսկ հիվանդանոցների մեծ մասը ավերվել է կամ շարքից դուրս եկել, գրում է newarab.com-ը:
Ստամբուլի սեպտեմբերի 17-ի ՌԴ-ԱՄՆ-ԵՄ գաղտնաժողովին Արցախի օկուպացիայի եւ բնիկ մեծամասնության 100 տոկոսի արտաքսման որոշումը առավել լայն ընդգրկմամբ խնդիրների շուրջ արտաքին կոնսենսուսի դրսեւորում էր։ Այդ խնդիրներից մեկն էլ Գազան է, որտեղ կիրառվում է Արցախում Մոսկվայի օպերատիվ երաշխավորությամբ իրագործված ցեղասպան ռասիստական սցենարը։
Ֆրանսիան այդ կոնսենսուսի մաս չէր եւ չի մասնակցել Ստամբուլի գաղտնաժողովին, ուր ԱՄՆ-ն իր սեփական «Մինսկի խումբը» ստեղծեց՝ միջազգային իրավունքը շրջանցելու համար։ Նախագահ Մակրոնը, արտաքին գործոց նախարար Կոլոնան, Ֆրանսիայի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների պատասխանատուները նույնպես հայտարարում էին, որ Արցախի խնդիրը պետք է որոշվի միջազգային հիմնարար սկզբունքների կիրառմամբ, եւ Մոսկվան ու Բաքուն չեն, որ պետք է որոշեն Արցախի ապագան։
Կոլոնայի հայտարարությունը թե՛ Արցախի, թե՛ Գազայի հարցերում հակադրելի է միջազգային իրավունքը ոմն Նիկոլի մեկ հայտարարության միջոցով շրջանցելու ԱՄՆ եւ Ռուսաստանի փորձերի հետ։
Արցախի 9-ամսյա շրջափակման ընթացքին օդային կամրջի համանման արեւմտյան նախաձեռնություններին կտրական ընդդիմացավ պաշտոնական Երեւանը՝ Արցախի օկուպացիան եւ բնիկ մեծամասնության արտաքսումի խնդիրը հետապնդելով։
Ավելացնենք, որ Մակրոնի գործողությունը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի՝ կիրակի Հորդանան կատարելիք այցից անմիջապես առաջ։