Միջազգային վերլուծաբանների ուշադրությունը սեւեռված է «Հայաստանի հարավի» վրա. Երևանը զիջելու է

  • 18:57 08.01.2024

Միջազգային վերլուծաբանները 2024 թվականը դիտարկում են որպես հաջորդ մի քանի տասնամյակները որոշող տարի, և շատերը մտավախություն են հայտնում, որ ռազմական ուժը կդառնա նոր աշխարհակարգ կառուցելու հիմնական խթանը:

BBC-ն հաջորդ տարվա իր կանխատեսման մեջ գրում է, որ «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և ամերիկյան պատերազմներն Իրաքում և Աֆղանստանում բացել են Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային առաջնորդների ախորժակը հակամարտությունների ուժային լուծման և երկարատև պատերազմների համար»: BBC-ն լռում է Արցախի մասին, թեև հենց 2020-ին Արցախի մասնակի անպատիժ օկուպացիան ճանապարհ բացեց Ուկրաինա ագրեսիայի համար, իսկ 2023-ի սեպտեմբերին Արցախի հայերի լիակատար օկուպացիան և արտաքսումը կանաչ լույս վառեցին Գազայի կործանման եւ պաղեստինցիների արտաքսման համար։

Այդուհանդերձ պայթյունավտանգ իրավիճակների շարքում BBC-ն, վկայակոչելով Միջազգային ճգնաժամային խումբը, նշում է Հայաստանի և Ադրբեջանի առճակատումը, «որում Լեռնային Ղարաբաղում հաղթանակից հետո Բաքուն կարող է փորձել զարգացնել իր հաջողությունը և ոտնձգություն կատարել հայկական հողերի վրա, որոնք Ադրբեջանի հիմնական մասը առանձնացնում են իր էքսկլավից՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից»։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ առաջընթացը հավանական է, բայց բռնկումների կամ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման վտանգը բարձր կմնա, քանի որ Ադրբեջանը ձգտում է պահպանել լծակները Հայաստանի վրա»: Այս մասին ասվում է 2024 թվականի կանխատեսումների վերաբերյալ ամերիկյան հեղինակավոր Stratfor վերլուծական կենտրոնի հրապարակած զեկույցում։

«Հայաստանը կօգտագործի իր աճող քաղաքական կապերը Արևմուտքի հետ և վերջինիս ռազմական աջակցությունը՝ Բաքվի պնդմանը հակազդելու համար, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ Երևանը քիչ լծակներ ունի, հավանաբար՝ կընդունի Հայաստանի Հարավով միջանցքի և սահմանների սահմանազատման Բաքվի պահանջները», – ասել է աղբյուրը։

Փետրվարի 7-ին նախագահ Իլհամ Ալիևի վերընտրվելուց հետո Stratfor-ը կանխատեսում է, որ Ադրբեջանը կշարունակի զարգացնել ռազմական կարողությունները Հայաստանի հետ սահմանի երկայնքով՝ նախապատրաստվելու հնարավոր ներխուժմանը և բանակցություններում լծակներ ձեռք բերելու համար:

«Եթե առաջին կիսամյակում զգալի առաջընթաց չգրանցվի, ամռանը կմեծանա Ադրբեջանի՝ Հայաստանի հարավի զգալի տարածքների զավթման ռիսկը, երբ բարենպաստ պայմաններ կստեղծվեն լայնածավալ ռազմական գործողությունների համար։ Չնայած Մոսկվայից հեռանալու Երեւանի ցանկության աճող ազդակներին, Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում այնքան չի նվազի, որ դադարի էական լինել, քանի որ Հայաստանը կմնա ՀԱՊԿ-ում, իսկ երկրի տնտեսությունը սերտորեն կապված կլինի ռուսական տնտեսության հետ»։

Միևնույն ժամանակ, Կարնեգի հիմնադրամի առաջատար հետազոտող, ղարաբաղյան հիմնախնդրի փորձագետ Թոմաս դե Վաալը, խոսելով Հայաստանի հարավի նկատմամբ աշխարհի հետաքրքրության մասին, ասում է. «Ո՞վ կմտածեր մի քանի տարի առաջ, որ Կապանում կտեսնեինք Եվրամիության դրոշները, Իրանի դրոշները, որ ֆրանսիացիները կցանկանան այնտեղ հյուպատոսություն բացել, որ այնտեղ ռուսներ կլինեն, որ հանկարծ այն դառնա միջազգային մրցակցության և դիվանագիտության կենտրոն, ինչպես որ եղել է 1919-1920 թթ.։ Ամեն ինչ նորից կրկնվում է։ Ինչու է այս ամենը տեղի ունենում: Սա առանցքային երթուղի է՝ ինչպես Հյուսիս-Հարավ, այնպես էլ Արևելք-Արևմուտք ուղղությունների համար»:

Խոսելով շահերի մասին՝ նա ասում է. «Եթե Սյունիքով և Զանգեզուրով երկաթգիծը վերականգնվի, ապա Ջուղան կրկին կդառնա Ռուսաստանի և Իրանի միջև երկաթուղային անցուղի։ Այսպիսով, Ռուսաստանը և Իրանը կրկին նայում են այս տարածաշրջանին: Ադրբեջանի համար սա կապ է Թուրքիայի հետ, իսկ Արևմուտքի համար նաև Արևելք-Արևմուտք նոր ուղի է դեպի Կենտրոնական Ասիա՝ Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի տարածքով։ Այսպիսով, այս փոքրիկ 43 կիլոմետրանոց երկաթուղին սկսում է հետաքրքրել բոլորին»,- ասել է Թոմաս դե Վաալը։