Եթե մենք չունենանք հզոր, տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով անկախ ՀՀ, չենք կարողանալու հետ բերել Արցախը

  • 19:07 08.01.2024

Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Արցախի Հանրապետությանը։ Սպասվում էր, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրապարակային կչեղարկեր իր՝ Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագիրը, սակայն դա տեղի չունեցավ։ Ժիրայր Ազիզյանն ասում է, որ որեւէ անհատ պաշտոնյան չի կարող լուծարել ժողովրդի կողմից ձեւավորված հանրապետությունը։

«Առաջին հերթին մենք պետք է հասկանանք, որ փաստացի առումով Արցախն այլեւս գոյություն չունի։ Ցավալի է, բայց մենք պետք է հաշվի նստենք այս իրողության հետ։ Բայց հաշվի նստելը չի նշանակում համակերպվել, մենք պետք է գործենք եւ անենք հնարավորինս ամեն ինչ, որպեսզի փոխենք այս իրողությունը։ Ինչ վերաբերում է իրավական առումով Արցախի Հանրապետության գոյություն ունենալ-չունենալուն, ապա պետք է նշեմ, որ Արցախի նախագահի որոշումն իրավաչափ որոշում չէ։ Չի կարող որեւէ պաշտոնյայի կողմից, անկախ նրանից, թե ով է այդ պաշտոնյան, որեւէ փաստաթղթի ստորագրմամբ չեղարկել ժողովրդի կողմից համաժողովրդական հանրաքվեի միջոցով ձեւավորված հանրապետությունը ու դրա պետական կառուցվածքը։ Սա բացառված իրողություն է։ Առաջին հերթին Արցախի Գերագույն դատարանը պետք է հանդես գա հայտարարությամբ՝ որպես անկախ իշխանություն, եւ պետք է իրավական համապատասխան ընթացակարգով չեղարկվի նման պոտենցիալ որեւէ փաստաթուղթ։ Բայց նաեւ պետք է նշեմ, որ հենց Սամվել Շահրամանյանն է իր ելույթներից մեկում հայտարարել, որ չի կարող իր կողմից ստորագրված որեւէ փաստաթուղթ լինել, որը կչեղարկի Արցախի Հանրապետությունը»,- ասաց քաղաքագետը։

Ժիրայր Ազիզյանի խոսքով՝ այսօր Ադրբեջանը փորձում է մանիպուլյացիաների միջոցով հասնել տարբեր նպատակների։ Արցախի նախկին ռազմաքաղաքական գործիչները պատանդ են պահվում Բաքվում, չլուծված են մնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, եւ Ադրբեջանը փորձում է շատ հարցերով շանտաժ անել եւ ստիպել, որպեսզի արցախյան կողմն ընդունի այն պայմանները, որ Արցախի Հանրապետությունն այլեւս գոյություն չունի։

Քաղաքագետը, սակայն, նշում է, որ չպետք է տրվել ադրբեջանական սադրանքներին, դրանց պետք է դիմադրել։ «Եթե խոսում ենք Արցախի Հանրապետության լուծարման մասին, ապա պետք է շեշտել այն, որ Արցախի Հանրապետությունը չի կարող որեւէ կերպ լուծարվել։ Կարող է լուծարվել, բայց միայն մեկ դեպքում, երբ համաժողովրդական հանրաքվեի միջոցով նման որոշում կայացվի։ Այսինքն՝ այն ժողովուրդը, որը ձեւավորել է այդ պետական կառույցը, նույնկերպ էլ պետք է լինի չեղարկումը, իսկ դա բացառված է։ Հարցն ունի քաղաքական, իրավական եւ մի քանի այլ ասպեկտներ։ Թեպետ իրավական առումով դա անհնար է, բայց շատերը փորձում են դա ներկայացնել որպես կարմիր գիծ, որ իբր Արցախի Հանրապետության լուծարումից հետո անհնար է խոսել Արցախը վերականգնելու, այնտեղ հետ գնալու մասին։ Ես այդպես չեմ համարում, իրականում պետք է հասկանանք, որ Արցախը հետ բերելու առաջնային պայմանն այսօր Հայաստանի Հանրապետության հզորացումն է։ Եթե մենք չունենանք հզոր, տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով անկախ ՀՀ, չենք կարողանալու հետ բերել Արցախը, դա բացառված է»,- ասաց նա։

Ժիրայր Ազիզյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե ո՞ր դեպքում բռնի տեղահանված արցախցիները կվերադառնան Արցախ։ «Շփվելով արցախցիների հետ՝ կարող եմ ասել, որ բացարձակ մեծամասնությունը տրամադրված է հետ վերադառնալուն, եթե այնտեղ չլինի ադրբեջանական որեւէ ներկայություն։ Իհարկե, կլինեն մարդիկ, օրինակ, տարեց մարդիկ, որոնք գուցե կվերադառնան ադրբեջանական ներկայությամբ Արցախ, բայց միջազգային համապատասխան կառույցների կողմից բարձր անվտանգային երաշխիքների տրամադրման պայմաններում։ Բայց մեծամասնությունը տրամադրված է վերադարձի՝ առանց ադրբեջանական որեւէ ներկայության։ Իսկ դա, կարծում եմ, կարճաժամկետ հեռանկարում պարզապես քաղաքական ու դիվանագիտական գործիքակազմի միջոցով հնարավոր չէ ցավոք սրտի ապահովել»,- ասաց նա։