«Ի սկզբանե այս գործընթացն ապօրինի է»,- step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի փաստաբան Գագիկ Թավադյանը՝ անդրադառնալով բռնի տեղահանված արցախցիներին Հայաստանում հաշվառելու, նրանց համար զանազան խոչընդոտներ ստեղծելու քաղաքականությանը։ Ավելի վաղ step1.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ տարածքում փաստացի բնակության վայրում հաշվառվելու նպատակով ՀՀ ՆԳՆ անձնագրային բաժանմունքներ դիմող արցախցիներին ստիպված են դուրս գրել իրենց նախկին բնակության վայրից, եւ միայն դրանից հետո են նրանց գրանցում իրենց նոր բնակության վայրում։
Փաստաբան Գագիկ Թավադյանից հետաքրքրվեցինք՝ ժամանակավոր գրանցում ստանալու համար մարդուն իր հիմնական հասցեից հանելը արդյո՞ք մարդու իրավունքների խախտում չէ։ «Եթե ասում են, որ արցախցիները պետք է դուրս գան իրենց նախկին բնակության վայրից, ապա հարց է առաջանում՝ ո՞վ պետք է մարդուն հանի Արցախի իր նախկին հաշվառման վայրից։ Ո՞վ պետք է անի եւ ո՞նց պետք է անի դա, եթե այսօր դա հնարավոր չէ ֆիզիկապես անել։ Այսինքն՝ եթե նման պահանջ են դնում, դա նշանակում է, որ նրանք չեն ուզում այս մարդիկ այնտեղ գրանցված մնան։ Հաշվառումից հանողը պետք է լինի տվյալ ստորաբաժանումը, որը գրանցել է»,- ասաց փաստաբանը։
Մյուս խնդիրն այն է, որ հաշվառման համար դիմող արցախցիներից տարբեր փաստաթղթեր են ուզում՝ ընտանիքի անդամների մահվան կամ ծննդյան վկայականներ են պահանջում։ Արցախցիները դժգոհում են, որ այսպիսով արհեստական քաշքշուկներ են ստեղծում իրենց համար։ Գագիկ Թավադյանի խոսքով՝ հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ կա։ Եթե իրենց պահանջը կարգավորումից դուրս է, միանշանակ ապօրինի է եւ հետեւանք պետք է առաջացնի։ «Այսինքն՝ եթե որեւէ մարմին իր լիազորություններից դուրս ինչ-որ գործունեություն է իրականացնում, դա հակասահմանադրական է»,- հավելեց նա։
Ընդհանուր առմամբ, ըստ Թավադյանի, սա իրավական գործընթաց չէ, ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրներ լուծելու համար է արվում։ «Սա շատ վատ հետեւանքներ է ունենում եւ ունենալու է։ Մարդիկ պետք է հետեւողական լինեն, պետք է իրենց իրավունքները պաշտպանեն։ Ճիշտ է, այս պահին մարդիկ դեռեւս շոկային իրավիճակից դուրս չեն եկել, որպեսզի ամեն ինչ լիարժեք ընկալեն, բայց պետք է գոնե դիմեն մասնագետների օգնությանը։ Մյուս կողմից էլ, երբ նայում ենք, թե ինչ պայմաններ են առաջարկում, ասում են՝ պետք է գրանցվես, որ թոշակ, նպաստ եւ այլ օգնություն տրամադրենք, ինչ-որ տեղ հասկանում ես այդ մարդկանց շտապողականությունը, որ ցանկանում են արագ հաշվառվել։ Բայց ամեն դեպքում ես գտնում եմ, որ այս գործընթացն ապօրինի է։ Այս ապօրինության հիմքն սկսվել է նրանից, որ չգիտեմ ով կամ ինչպես հայտարարել է, որ Արցախի քաղաքացիները չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Մինչդեռ դրա իրավական հիմքերը կան։ Անձնագրից բացի, որ ասում ենք՝ բոլորս ՀՀ քաղաքացու անձնագիր ենք կրում, կան նաեւ իրավական հիմքեր։ Կոնկրետ ես ուզում եմ հիշատակել 1989 թվականի Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի որոշումը՝ վերամիավորման մասին։ Հենց այս որոշման մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները: Իսկ այդ նույն որոշումը դրված է ՀՀ Անկախության հռչակագրի հիմքում։ Այսինքն՝ իրավական առումով որեւէ խնդիր չկա, այն, որ Արցախի մեր հայրենակիցները ՀՀ քաղաքացի են, դա կասկածից դուրս է։ Տարիներ շարունակ նրանք կրել են ՀՀ քաղաքացու բոլոր պարտականությունները եւ իրացրել են իրավունքները։ Այսինքն՝ սրանք զուտ արհեստական գործընթացներ ու խոչընդոտներ են, կարելի է թվարկել դրանք, այդ ցանկը շատ երկար կարող է լինել, եւ դրանք բոլորն էլ հաստատ մեր շահերից չեն բխում»,- նշեց փաստաբանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: