Նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերաբերյալ Արմեն Գրիգորյանի կարեւոր հայտարարությունը

  • 16:41 09.01.2024

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը կամ պայմանագիրը հիմքն է եղել մոսկովյան բանակցությունների։ Հիմա չկա նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ԼՂ-ում հայ չկա, էթնիկ զտում է տեղի ունեցել, և Ռուսաստանը մեզ որևէ բացատրություն չի տվել այս առումով»,- «Առաջին ալիք»-ի եթերում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Լրագրողի դիտարկմանը, որ եռակողմ հայտարարության կողմերից որևէ մեկը ստորագրությունը հետ չի վերցրել, Արմեն Գրիգորյանը պատասխանել է․ «Ոչ ոք ստորագրությունը հետ չի վերցրել, բայց այլևս հայ չի մնացել ԼՂ-ում»։
Սա չափազանց պատասխանատու հայտարարություն է։ Այսինքն՝ Երևանը հրաժարվում է «մոսկովյան բանակցություններից» և Եռակողմ հայտարարությունից։ Թե՞ Արմեն Գրիգորյանը ընդամենը տանում է Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական գործունեության իմիտացիոն գծերից մեկը։

Եռակողմ հայտարարությունն ի սկզբանե ոչ լեգիտիմ էր. պատահական չէ, որ այն կոչվում է «հայտարարություն», այլ ոչ թե զինադադարի մասին «համաձայնագիր» կամ «պայմանագիր», քանի որ պայմանագիրն ու համաձայնագիրը կպահանջեին վավերացում երկրների խորհրդարաններում։ Իսկ «հայտարարությունը» երեք անձանց հանցավոր դավադրություն է, եւ նրանք են պատասխանատու ամեն ինչի համար։

Ինչո՞ւ է Արմեն Գրիգորյանն ասում, որ «այլևս եռակողմ հայտարարություն չկա» միայն այն բանից հետո, երբ բնիկ բնակչությունը արտաքսվեց Արցախից։ Եռակողմ հայտարարություն չկար արդեն 2020 թվականի դեկտեմբերին, երբ Բաքվի զինվորականները փակեցին Հայաստան-Իրան միջպետական ​​ճանապարհը և գրավեցին նոր տարածքներ, թեև Եռակողմ հայտարարության համաձայն նրանք պետք է կանգ առնեին 2020 թվականի նոյեմբերի 9-ի շփման գծոի վրա։ Եռակողմ հայտարարությունը վերջնական «մեռավ» այն բանից հետո, երբ Մոսկվան և Բաքուն 2022 թվականի օգոստոսին վերացրեցին Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակը, իսկ նույն թվականի դեկտեմբերին ամբողջությամբ փակեցին միջանցքը։

Այն ժամանակ Հայաստանը ոչ միայն հետ չվերցրեց իր ստորագրությունը, այլեւ ներկայացրեց հարցն այնպես, իբր միտումնավոր զոհաբերել է Արցախը՝ հանուն Հայաստանի պետականության պահպանման՝ կանխելով Մեղրիի միջանցքի բացումը և ադրբեջանցիների զանգվածային բնակեցումը Հայաստանում։

Այժմ, երբ Մեղրիի միջանցքի բացման մասին են խոսում, իբր Բաքուն համաձայնել է Նախիջեւանը բացել հայկական տրանսպորտի համար, երբ Արմեն Գրիգորյանն ասում է, որ եռակողմ հայտարարությունը չկա,  հարց է առաջանում. եթե ​​Արցախը «զոհաբերվել է», որպեսզի Մեղրիի միջանցք չլինի, արդյո՞ք միջանցքի բացումը կնշանակի, որ Արցախի գրավումը պետք է վերացվի:

Թե՞ այդ ամենը իմիտացիա էր, և Արցախը հանձնվեց, քանի որ նախապես համաձայնեցված ծրագրով այդպես պետք է լիներ։ Իմիտացիան էլ պարզապես անհրաժեշտ էր արցախցիների դիմադրությունը եւ հայ հասարակության զայրույթը զսպելու համար, դրա համար էլ հորինվեցին միջանցքի եւ այլ հնարքները:

Հիմա Փաշինյանն ասում է, որ ազգային փոքրամասնությունների համար նույնպես պետք է առանձին օրենք ընդունվի, որը թույլ կտա այն գյուղերը, որտեղ ազգային փոքրամասնություններ են ապրում, ընդգրկել խոշորացված համայնքներում։ Ճիշտ է, նա դա ասել է մոլոկանների գյուղերի համար, բայց չէ որ Հայաստանն ապրում է մեկ այլ «փոքրամասնության» սպասման ռեժիմում։