Ինչ-որ առումով Արցախում տիրող իրավիճակը նման է 1991 թվականի իրավիճակին, նկատում է արցախցի քաղաքագետ, սոցիոլոգ Դավիթ Կարաբեկյանը՝ մեկնաբանելով հանրապետության լուծարումը։
«Խոսքը ժողովրդի կողմից իշխանություններին վստահության մանդատ տալու մասին է։ Կմնա՞ նույնը, թե՞ վստահության նոր պայմաններ կհայտնվեն՝ կախված է իշխանություններից, որոնք պետք է հստակ կողմնորոշվեն պետական կառույցների, պետության լուծարման մասին որոշման առումով։ Նաեւ հստակեցնել, թե Արցախի բնակչության որ հատվածը եւ ինչ շրջանակներում պետք է ներկայացնեն սույն իշխանությունները միջազգային ասպարեզում եւ համահայկական քաղաքական տարածքում։ 1991 թվականին ժողովուրդը իշխանություններին մանդատ տվեց արտահայտելու ոչ միայն ԼՂՀ՝ ԼՂԻՄ և Շահումյանի, այլև Արցախի հյուսիսային հատվածի բնակչության կամքն ու շահերը, պետական կառույցների գործունեության շրջանակը ուրվագծվեց հիմնարար սահմանադրական ակտերով։ Մեր օրերում լեգիտիմությունը կարող է որոշվել տեխնիկական հանրաքվեի կամ իրավաբանորեն դրան համարժեք մեթոդների միջոցով։ Օրինակ՝ համայնքների օրինական ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության, ՀԿ-ների, քաղաքական կուսակցությունների, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների կողմից քվեարկությամբ կամ վստահություն հայտնելով իշխանություններին»։
Պետք է, ըստ քաղաքագետի, հստակ պատասխաններ տալ կարևոր հարցերին. 1. Ինչպե՞ս են ներկայացված լինելու այն 770.000 արցախահայերը, ովքեր տասնամյակներ շարունակ ստիպված են եղել ապրել Արցախից դուրս, ինչպես նաև Հյուսիսային Արցախի հայությունը։ 2. Արդյո՞ք իշխանությունները գործունեություն են ծավալելու Արցախի ժողովրդին հետաքրքրող առաջնահերթ խնդիրների լուծման համատեքստում»։
«Առաջին խնդիրը Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների վերականգնման հարցի բարձրացումն է։ Սա Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձի և իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքն է։ Ագրեսիայի և արտաքսման ժամանակ կորցրած գույքի փոխհատուցման մասին պետք է հարց բարձրացվի։ Վերաինտեգրում հայ հասարակությանը, զբաղվածության և բնակարանային հարցերի լուծում։ Այն ամենը, ինչ վերաբերում է Արցախի կենտրոնական և տեղական իշխանությունների՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների, սփյուռքի կառույցների, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների հետ փոխգործակցության հարցերին։ Հայաստանի և Արցախի Սահմանադրության պահանջների խստիվ պահպանումը միջազգային ասպարեզում, հատկապես արցախյան հիմնախնդրի լուծման բանակցությունների շրջանակներում»։
Ալվարդ Գրիգորյան