Սա այսպես չի կարող մնալ, սա բռնկման ենթակա հարց է․ Եղցահող համայնքի ղեկավար

  • 17:22 10.01.2024

Արցախի Հանրապետության համայնքների ղեկավարներին հանձնարարական չի տրվել գույքագրելու արցախցիների կորցրած ունեցվածքը։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Եղցահող համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանը։ «Այս պահի դրությամբ ինձ՝ որպես համայնքի ղեկավարի, նման հանձնարարություն տվող չի եղել, ո՛չ վարչակազմի ղեկավարի կողմից է նման հանձնարարական եղել, ո՛չ էլ Արցախի նախագահ Շահրամանյանի կողմից»,- ասաց նա։

Արտակ Հակոբյանի խոսքով, այնինչ, կարիք կա, որ արագ գույքագրվի արցախցիների ունեցվածքը։ «Այդ մարդիկ ամեն ինչ թողել են, նույնիսկ իրենց հագուստը չեն հասցրել վերցնել, դուրս գալով տներից։ Եթե նույնիսկ իրենք գույքագրում չանեն, միեւնույն է, սա այսպես չի կարող մնալ, սա բռնկման ենթակա հարց է։ Մարդիկ ամեն ինչ թողել են այնտեղ՝ թե՛ գյուղտեխնիկան, թե՛ անասունները, թե՛ անշարժ գույքը։ Այս պահին մոտավոր չեմ կարող ասել, թե մեր գյուղում գույքային վնասը որքան է գնահատվում, բայց մարդն այնտեղ ծնվելով ու ապրելով՝ 70-80 տարի իր կյանքի ընթացքում ներդրածը լրիվ թողել է այնտեղ»,- հավելեց նա։

Եղցահողի գյուղապետը նաեւ ասաց, որ Արցախ վերադարձի հարցը դիտարկում են միայն դեպքում, երբ կերաշխավորվի անվտանգությունը, Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ պետք է ունենա Արցախը։ «Բայց առկա իշխանություններից ես այսօր չեմ սպասում նման մոտեցում։ Նրանց նույնիսկ հետաքրքիր էլ չէ մարդկանց կարգավիճակը, ապրելակերպն ու խնդիրները»,- ասաց նա՝ հավելելով, որ չնայած վարվող քաղաքականությանը՝ արցախցիները շարունակելու են պայքարել իրենց իրավունքների ու վերադարձի համար։