Ալիևը Պուտինի և Փաշինյանի շնորհիվ խուսափեց «կրիտիկական կորուստներից», որոնք կարող էին հանգեցնել Բաքվում հեղաշրջման

  • 11:11 11.01.2024

Անառիկ Քարվաճառ

Ալիևն ասել է, որ Ադրբեջանի կորուստները “Քելբաջարի և Լաչինի” մարտերում շատ անգամ ավելի մեծ կլինեին, քան պատերազմի բոլոր 44 օրերին։ «Իհարկե, մենք դա կանեինք, բայց մեր կորուստները կարող էին շատ մեծ լինել։ Նույնիսկ բազմապատիկ ավելի, քան պատերազմի բոլոր 44 օրերի ընթացքում։ Հիմա բոլորը, ովքեր այցելում են այս շրջանները, տեսնում են, թե որքան դժվար է տեղանքը»,- ասաց նա։ Նրա խոսքով, Ադրբեջանը կշարունակեր պատերազմը այնքան ժամանակ, քանի դեռ նպատակին չի հասել, եթե «Հայաստանը չստորագրեր հանձնման ակտը»։

Ալիևը պատրաստվում է «վերընտրվել» փետրվարին՝ ապահովելու իր համար «տրիումֆատորի» և Ղարաբաղը նվաճողի տիտղոսը։ Միևնույն ժամանակ Ալիևը չի հայտնում 2020 թվականի 44-օրյա պատերազմում և 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած պատերազմական գործունեությունների զոհերի իրական թիվը։ Ոչ պաշտոնական տվյալները մի “զրոյով” ավելի են, քան հայտարարվածները, ասում են, որ միայն սպանվածների թիվը հասնում է 20-25 հազարի:

Ալիևի կորուստների թիվն այնքան կրիտիկական էր, որ դա կարող էր հանգեցնել Բաքվում հեղաշրջման, ինչպես դա տեղի է ունեցել մի քանի անգամ այս կազմավորման կարճ պատմության ընթացքում: Սրանից խուսափելու համար Ալիևը, Պուտինն ու Փաշինյանը ստորագրեցին «հանձնման ակտ», որով Հայաստանը առանց մի կրակոցի հանձնեց Աղդամի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանները։

Դա Ալիևին թույլ տվեց խուսափել կրիտիկական կորուստներից, 3 տարի դադար վերցնել՝ վերջնականապես օկուպացնելու Արցախը, չեզոքացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, վերցնել Հայաստանը աքցանի մեջ և վտարել 2020 թվականին Պուտինի անձնական երաշխիքներով վերադարձած Արցախի բնակիչներին։

Ալիևը երախտապարտ է Պուտինին և Փաշինյանին։