«Ռուս խաղաղապահներն իմանալով, որ Շոշում ողջ մնացած մարդիկ կան, չեն թույլատրել, որ որոնողական խմբերը մտնեն»

  • 23:33 11.01.2024

Արցախի Շոշ համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանը MediaHub-ի հետ զրույցում մանրամասներ է պատմել սեպտեմբերի 19-ին Բաքվի հարձակման եւ գյուղի բնակչության տարհանման վերաբերյալ։ Ներկայացնում ենք մի հատված․

«Երեկոյան ռուս խաղաղապահները եկան ԲՏՌ-ով։ Հարցրեցի՝ «ինչո՞ւ ավտոբուսներով չեք եկել, մարդիկ պիտի դուրս գան, իրավիճակը գնալով ավելի է վատանում», պատասխանը գոհացնող չէր՝ «մենք գնում ենք, դուք եկեք մեր հետևից»: Ասացի՝ ո՞նց եք պատկերացնում, մարդկանց մասին է խոսքը, երեխաներ, տարեցներ, հղի կանայք կան, ընդհանուր 600 մարդ ինչպե՞ս պիտի ոտքով քայլեն։ Զանգեց իրենց շտաբի պետին ու հեռախոսը փոխանցեց ինձ։ Նա հրամայական տոնով ասաց․ «Կա՛մ հանձնեք ձեզ մոտ ունեցած զենքերը, ենթարկվեք մեր հրամաններին, կա՛մ այդքան մարդու ճակատագրի պատասխանատվությունը ձեր վրա է»։ Ես կանգնել եմ երկընտրանքի առաջ, զենքերը հանձնենք, բա մեր տղերքին ինչպե՞ս ենք օգնելու»,- հիշել է Էրիկ Աբրահամյանը։

Ինչևէ, որոշումը ծանր էր, քանի որ ադրբեջանցիներն արդեն Շոշի տներին մոտ էին ու կրակում էին ամենուր, ծայրամասային թաղամասերում գտնվող բնակարաններն էին վառում, իսկ բնակիչներին փրկել էր պետք։ Գյուղը տարհանվեց։ Խաղաղապահները շոշեցիներին ուղեկցել են մինչև իրենց բլոկպոստ։

«Գիշերը, երբ հասել ենք Ստեփանակերտ, այնտեղ հասկացել ենք, որ 3 հոգի չկան, տարեցներ են, իրենց հարազատների անուշադրության պատճառով մնացել են գյուղում, ևս մեկ հոգու մասին հակասական կարծիքներ կային. մեկն ասում էր՝ «դուրս է եկել», մյուսն ասում էր՝ «հետ է գնացել»։ Հաջորդ օրն իմացանք, որ 4 հոգի բացակա են։ Հրադադարից հետո փրկարարների հետ ես էլ սկսեցի մասնակցել որոնողական աշխատանքներին։ Ռուս խաղաղապահները, իմանալով, որ գյուղում ողջ մնացած տարեցներ կան, մի քանի օր չեն թույլատրել, որ որոնողական խմբերը մտնեն Շոշ»,- ասել է Էրիկ Աբրահամյանը։