ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան գիշերը հարվածներ են հասցրել Եմենին

  • 10:59 12.01.2024

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օդանավերն ու ռազմանավերը գիշերը հարձակվել են Եմենում հութիների խմբավորման ռազմական օբյեկտների վրա, որոնք վերջին մեկուկես ամսվա ընթացքում Կարմիր ծովում առևտրային նավերի որս են սկսել, գրում է BBC-ն։

Ինչպես հութիների, այնպես էլ ամերիկյան և բրիտանական աղբյուրների հայտարարությունների համաձայն, հարվածներն իրականացվել են հիմնականում օդանավակայաններին, որտեղից հրթիռներ և անօդաչու սարքեր են արձակվել, ինչպես նաև զենքի պահեստների և ռադարների վրա:

ԱՄՆ վարչակազմում Reuters-ի զրուցակիցների տվյալներով՝ հարվածները հասցվել են ինքնաթիռներով, նավերով և սուզանավով։ CNN-ը, վկայակոչելով ԱՄՆ կառավարության անանուն պաշտոնյային, հաղորդում է, որ կիրառվել են նաև Tomahawk թեւավոր հրթիռներ:

Եմենի հութիների ներկայացուցիչները նշել են մի քանի թիրախներ, որոնց վրա ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել։

Բրիտանական թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ իրենց ինքնաթիռը խոցել է երկու թիրախ, որոնցից մեկը Աբբսի մոտ գտնվող օդանավակայանն էր։ Երկրորդ թիրախը Բանիում գտնվող համալիրն էր, որտեղից, ըստ հետախուզության տվյալների, գործարկվել են հետախուզական և գրոհային անօդաչու սարքեր։

Բրիտանական ռազմաօդային ուժերը հայտնել են, որ իրենց չորս Typhoon ինքնաթիռները մասնակցել են Եմենի գրոհին, որոնք թռչել են Կիպրոսի բազայից օդային վերալիցքավորմամբ: Նրանք հարձակումներն իրականացրել են արբանյակային և լազերային կառավարվող Paveway IV ռումբերով։

«Սրա համար կվճարեն բոլորմասնակիցները: Մենք չենք դադարի հարձակվել, քանի դեռ դուք չեք հեռացել տարածաշրջանից, քանի դեռ ձեզ նվաստացած չենք տեսել։ Եմենը այժմ ծովում դաս է տալիս Բրիտանիային և Ամերիկային», հայտարարել է Հութիների ռազմական ղեկավարության անդամ, գեներալ-մայոր Ջահաֆ Աբդուլսալամը:

«Ամերիկացիների և բրիտանացիների բոլոր սպառնալիքները մեզ չեն վախեցրել և չեն վախեցնի և չեն ստիպի մեզ հրաժարվել Գազայում գտնվող մեր եղբայրներին աջակցելու մեր պարտականությունից», գրել է հութիների ղեկավարության մեկ այլ անդամ՝ Աբդուլքադեր ալ-Մորտադան, գրում է BBC-ն։

Հարվածներից անմիջապես հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը միաժամանակ հայտարարություններ են արել։

Բայդենն ասել է, որ դա պատասխան է Կարմիր ծովում առևտրային նավերի վրա հութիների հարձակումներին, և որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները չեն վարանի լրացուցիչ հարվածներ հասցնել, եթե անհրաժեշտ լինի:

Ռիշի Սունակն ասել է, որ Մեծ Բրիտանիայի տեսանկյունից հութիների դեմ հարվածը ինքնապաշտպանություն էր։

«Վերջին ամիսներին հութի աշխարհազորայինները մի շարք վտանգավոր և ապակայունացնող հարձակումներ են իրականացրել Կարմիր ծովում առևտրային նավերի վրա՝ վտանգ ներկայացնելով բրիտանական և այլ երկրների նավերի համար», – ասել է Սունակը:

«Ուստի մենք Միացյալ Նահանգների հետ միասին, Նիդեռլանդների, Կանադայի և Բահրեյնի ոչ ռազմական աջակցությամբ, ինքնապաշտպանության համար ձեռնարկել ենք սահմանափակ, անհրաժեշտ և համաչափ գործողություններ»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Սունակը վստահեցրել է, որ բրիտանական նավերը կշարունակեն պարեկել Կարմիր ծովում՝ որպես «Բարգավաճման պահապան» առաքելության մաս՝ պաշտպանելով առևտրային նավերը, և կոչ է արել հութիներին դադարեցնել հարձակումները։

Եմենի հութիներից Կարմիր ծովում նավագնացությունը պաշտպանելու համար ստեղծված կոալիցիայի երկրները համատեղ հայտարարություն են տարածել հութիների դեմ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածների վերաբերյալ, որում ընդգծել են, որ այդ հարվածը համարում են օրինական ինքնապաշտպանություն։

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Ավստրալիայի, Բահրեյնի, Կանադայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի և Հարավային Կորեայի հայտարարության մեջ ասվում է, որ հարվածը հութիների ռազմական օբյեկտներին իրականացվել է պետությունների անհատական ​​և կոլեկտիվ ինքնապաշտպանության անօտարելի իրավունքի համաձայն:

Դեկտեմբերին ստեղծվեց նավագնացությունը հութիներից պաշտպանելու կոալիցիա: Այն կոչվում էր Operation Prosperity Guardian – Operation Guardian of Prosperity: Կոալիցիայում ընդգրկված է 22 երկիր, սակայն միայն ԱՄՆ-ն ու Բրիտանիան իրական միջոցներ ունեն հութիների դեմ՝ Կարմիր ծովում նավերի և տարածաշրջանում ավիացիայի տեսքով։ Ավելի ուշ Դանիան և Հունաստանը նույնպես խոստացան մեկական ֆրեգատ ուղարկել։

f