ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դատապարտել է մի շարք հայ քաղաքական գործիչների հայտարարությունները, թե ռուս խաղաղապահները չեն կատարել իրենց պարտավորությունները Լեռնային Ղարաբաղում և թույլ են տվել բնակչության էթնիկ զտումներ։
Որպես ապացույց նա վկայակոչեց ՌԴ Դաշնային խորհրդի որոշումը, որում ասվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբն ուղարկվում է տարածաշրջան՝ հրադադարի պայմանավորվածությունները պահպանելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության զանգվածային մահերից խուսափելու համար։ Զախարովան հարց ուղղեց բոլոր նրանց, ովքեր փորձում են մեղադրել Ռուսաստանին.
«Սրանցից որևէ մեկը չի՞ իրականացվել է: Եթե ինչ-որ մեկը խիղճ ունի, կամ դրա բացակայության դեպքում՝ լկտիություն, ասելու, որ դրա մի մասը չի արվել, փաստեր բերեք, փաստարկներ դրեք սեղանին»,- ասել է Զախարովան։
«Տարածաշրջանում վերջին էսկալացիայի ժամանակ՝ 2023 թվականի սեպտեմբերին, ռուս խաղաղապահների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ, նրանց ակտիվ միջնորդությամբ, 2023 թվականի սեպտեմբերի 20-ին պայմանավորվածություն ձեռք բերվեց դադարեցնել ռազմական գործողությունները, և բանակցություններ անցկացվեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ու Ադրբեջանի իշխանությունների միջեւ։ Ռուս խաղաղապահները ապաստան են տրամադրել խաղաղ բնակիչներին, հումանիտար օգնություն են հասցրել, բժշկական տարհանումներ են կազմակերպել»,- ասել է անամոթ Զախարովան։
Ինչ վերաբերում է «էթնիկ զտումների» մեղադրանքներին, ես կցանկանայի որոշ փաստեր տեսնել, ինչ-որ փաստաթուղթ, ասել է Զախարովան։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս նշել է Բաքվի հայտարարությունների հիման վրա հայ բնակչության՝ Ղարաբաղ վերադարձի համար պայմաններ ստեղծելու կարևորությունը։
Փաստեր, որ տեղի է ունեցել ոչ թե էթնիկ զտում, այլ ցեղասպանություն և բնիկ մեծամասնության տեղահանություն, տրամաբանորեն, պետք է ներկայացնի Հայաստանի ԱԳՆ, որի հետ, ինչպես ասում է Զախարովան, «սերտ երկխոսություն» է հաստատվել։ Զախարովայի լկտիությունը պայմանավորված է Հայաստանի արտգործնախարարության լռությամբ, որը թեև երբեմն խոսում է «էթնիկ զտումների» մասին, բայց համառորեն քաղաքական և իրավական ընթացակարգեր չի նախաձեռնում Ադրբեջանին և Ռուսաստանին ցեղասպանության և բնիկ բնակչության տեղահանության մեջ մեղադրելու համար։
Բաքուն և Մոսկվան պնդում են, որ Արցախից հայերի արտագաղթը տեղի է ունեցել «կամավոր», ոչ ոք չի ստիպել հայերին հեռանալ, ընդհակառակը, նրանց խրախուսել են մնալ և ինտեգրվել։ Հայաստանի իշխանությունը լուռ աջակցում է այս հայտարարություններին։
Փաստերը, սակայն, վկայում են, որ Արցախից հայերի տեղահանությունը տեղի է ունեցել հետևողական ցեղասպանական գործողությունների արդյունքում։ Խախտվել է ուժի չկիրառման հիմնարար միջազգային սկզբունքը։
Սկսած 2020 թվականի պատերազմից, Արցախի մի մասի օկուպացիայից, Եռակողմ հռչակագիրից, ռուսական զորքերի անօրինական մուտքից, Արցախում շարունակվել է հայերի ցեղասպանությունը։ Եզրափակիչ փուլը սկսվել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Բերձորի միջանցքի շրջափակմամբ, որը գտնվում էր ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Շրջափակումը տևեց 10 ամիս եւ վերջում հանգեցրեց սովի և նույնիսկ հացի պակասի։
Ռուսաստանի՝ որպես «անվտանգության երաշխավորի» կործանարար դերը բացահայտվեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ ռուսների հետ համատեղ օկուպացված գյուղերի հազարավոր բնակիչներ հուսահատ ժամանեցին Ստեփանակերտի օդանավակայանի Ռուս խաղաղապահների բազա, բայց այդպես էլ օգնություն չստացան։
Մարդիկ, ովքեր 1-2 ժամվա ընթացքում ստիպված դուրս են եկել տներից ու հասել Ստեփանակերտ, մեկ շաբաթ այնտեղ ապրել են փողոցում՝ առանց սննդի և կացարանի։ Նրանք փախան անտառներով՝ թողնելով իրենց անկարող հարազատներին ու չթաղված դիակները իրենց գյուղերում։
Շահրամանյանի հրամանագիրը բանակը զինաթափելու և պետական մարմինները լուծարելու մասին նույնպես գրվել է ռուսական բանակի շտաբում, ընդ որում ռուսերեն։ Ռուս խաղաղապահները հայերից առգրավված զենքերը տեղափոխել են ուկրաինական ճակատ։
Մոտ 1000 մարդ սպանվել և ծանր վիրավորվել է այն մի քանի օրվա մեջ, երբ «էթնիկ զտումներ չեն եղել»։ Բերձորի միջանցքում միայն տեղահանման ժամանակ մահացել է 70 մարդ։
Այժմ Զախարովան սպառնում է պատասխանել նրանց, ովքեր անհարգալից են խոսում ռուս խաղաղապահների մասին։ Ի՞նչ չեք արել դեռ հայ ժողովրդի հետ։