Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն օրերս Արտաքին գործերի նախարարությունում ծանոթացել էր «խաղաղության պայմանագրի» նախագծի հետ, եւ այսօր հրավիրած քննարկման ժամանակ պատգամավորն ասաց, որ այդ պայմանագրի նախագծում ամբողջությամբ արտացոլված են ադրբեջանական օրակարգերը։
«Ես՝ որպես հայ մարդ, չեմ տեսել այդտեղ մի բան, որը մենք ձեռք են բերելու, որ կարող ենք ասել՝ այս պայմանագրի ստորագրումից հետո սա ձեռք ենք բերելու։ Այն չարչրկված 28 900 քառակուսի կմ վերաբերյալ ես պատասխանատու ասում եմ՝ որեւէ կետ չկա, որ Ադրբեջանն այդ 28 900 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը երաշխավորում է»,- ասաց նա։
Ըստ պատգամավորի՝ ՀՀ իշխանությունների խոսույթը, թե Ալիեւը տապալում է բանակցային գործընթացը, ընդհանրապես իրականության հետ կապ չունի, Ալիեւի հայտարարություններն այն մասին են, ինչի շուրջ ընթանում են բանակցությունները։
«Ես շատ պատասխանատու ասում եմ՝ Ալիեւը ոչ մի նոր բան չի ասել, որը բանակցությունների պրոցեսին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը չեն քննարկել։ Բանակցություններում որեւէ մեկը չի կարող ասել՝ ո՞րն է հայկական օրակարգային կետը։ Այսինքն՝ մեկ, երկու, երեք կետ, որոնք մեր կետերն են եւ փորձում ենք ներառել։ Այդտեղ երկու կետի շուրջ է Նիկոլ Փաշինյանը բանակցում, մեկը որ վերնագրում անպայման լինի «խաղաղություն» բառը, որ վաճառի ներքին լսարանին։ Թե ինչու ենք մենք Արդբեջանի հետ կնքում խաղաղության պայմանագիր, եթե երբեւէ պատերազմի մեջ չենք եղել Ադրբեջանի հետ, դա հարցերից մեկն է։ Եվ երկրորդը, որի շուրջ բանակցում է Փաշինյանը, այն է, որպեսզի այնպիսի ձեւակերպումներ տեղ չգիտեն փաստաթղթում, որ հանրային դիմադրություն չառաջանա։ Այսինքն՝ ինքը խնդիր չունի բովանդակության հետ, խնդիր ունի ձեւակերպումների հետ, օրինակ, «Զանգեզուրի միջանցք» գուցե չգրվի, բայց տրամաբանությունը, որը պայմանագրում լինելու է, միջանցքային տրամաբանությունն է։ Ընդհանրապես չկա որեւէ երաշխիք, որ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններից։ Երբ մենք խոսում ենք այս բանակցությունների մասին, պետք է հասկանանք, թե ինչ պայմաններում ենք դրանք անցնում, այն պայմաններում, երբ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում։ Սրանք զենքը գլխին դրած բանակցություններ են»,- հավելեց նա։
Քրիստինե Վարդանյանն ասաց, որ այն պահին, երբ Ալիեւն ուզենա, այդ փաստաթուղթն ստորագրվելու է, Հայաստանի իշխանությունը խնդիր չունի այդ փաստաթղթի հետ, իրենց պետք է փաստաթուղթ, որի վերնագիրը «խաղաղություն» է։ «Պարզապես Ադրբեջանն այս պահին ուզում է ուժի սպառնալիքով եւ ուժի կիրառմամբ իր ձեռք բերածն ամրագրել թղթով, բայց միաժամանակ չսահմանափակել ապագայի իր գործողությունները։ Ադրբեջանն այս փուլում չի ուզում նոյեմբերի 9-ի փաստաթղթի պես փաստաթուղթ, որն ստորագրել է Նիկոլ Փաշինյանը, ինքն ուզում է վավերացրած, Հայաստան պետության անունից փաստաթուղթ։ Հետեւաբար, պետք է հասկանանք, որ եթե Նիկոլ Փաշինյանը ստորագրում է այն, դա ենթադրում է Սահմանադրական դատարանում փաստաթղթի սահմանադրականության քննարկում եւ Ազգային ժողովում վավերացման պրոցես։ Եթե այս տարբերակը ստորագրվի, դրանով լեգիտիմացվում են միջազգային հարաբերություններում ուժի սպառնալիքի կիրառմամբ հարցերը լուծելու պրակտիկան եւ ադրբեջանական ձեռքբերումներն այդ պահի դրությամբ։ Ես կարող եմ նաեւ ասել, թե ինչ չի ստանում Հայաստանը։ Հայաստանը չի ստանում ադրբեջանական զորքերի դուրս բերում մեր տարածքից, չի ստանում գերիների վերադարձ, չի ստանում արցախցիների իրավունքների պաշտպանություն, չի ստանում 29 800 քառակուսի կմ տարածք, բայց ստանում է սողանցք՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ներքին գործերին խառնվելու ու միջամտելու»,- ընդգծեց պատգամավորը։