Կարաբեկյան. Հրավիրել Համաարցախյան համագումար. Նախադեպերը կան

  • 22:30 12.01.2024

«Իրավիճակի և խնդիրների փոփոխությունն անպայման պետք է հանգեցնի Արցախի իշխանությունների գործունեության և ձևաչափի փոփոխության։ Օրինակ՝ խորհրդարանում, կառավարությունում, նախագահականում պետք է ապահովվի արցախյան սփյուռքի ներկայացուցիչների, շահումյանցիների և հյուսիսային արցախցիների ներկայությունը։ Պետք է ստեղծել համապատասխան հանձնաժողովներ խորհրդարանում, կառավարությունում և Արցախի նախագահին կից։ Միաժամանակ պետք է նախապատրաստվի Համաարցախյան համագումար և ստեղծվեն նրա կազմակերպչական բջիջները։ Հիշենք “Արցախ” հայրենակցական միության գործունեությունը 1988-1991 թվականներին, որը շատ բան արեց ԽՍՀՄ ղեկավարության և Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ճնշումների և ռեպրեսիաների ներքո»,- ասաց քաղաքագետ և սոցիոլոգ Դավիթ Կարաբեկյանը, անդրադառնալով այն թեմային, թե ինչ ձևաչափով պետք է պահպանվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և ով պետք է ներկայացնի բոլոր արցախցիների շահերը։

«Համաարցախյան մարմինը լեգիտիմ կլինի, բայց չի կարող փոխարինել իշխանությանը, թեև նախագահը և խորհրդարանը չեն կարող թելադրել կամ անտեսել նրա որոշումները»,- նշեց նա։

Այնուհետև Կարաբեկյանն ուշադրություն հրավիրեց իշխանությունների նկատմամբ արցախցիների վերաբերմունքին և այն փաստին, որ արցախցիների ատոմիզացումն ու ցրումը խոչընդոտներ է ստեղծում «վստահության մանդատ» ձեւավորելու համար։

«Իշխանությունների հանդեպ անվստահությունն արդարացված է։ Սակայն 21-րդ դարում՝ համացանցի և տեղեկատվական հասարակության դարաշրջանում, դժվար չէ հաղորդակցություն կազմակերպել Արցախի ժողովրդի տարբեր հատվածների միջև։ Դժվար չէ կազմակերպել այնպիսի մարմինների ստեղծում, որոնք կարտահայտեն Արցախի ժողովրդի կամքն ու դիրքորոշումը կենսական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ։ Գլխավորը հայեցակարգ ունենալն է՝ ստեղծելու մի մարմին, որը կունենա լեգիտիմություն և կարտահայտի արցախցիների բոլոր շերտերի շահերը»։

Նրա խոսքով, լեգիտիմության հիմքը արցախցիների վստահությունն է՝ արտահայտված թե՛ քաղաքացիական հասարակության ինստիտուտների, թե՛ քաղաքական ուժերի, թե՛ խորհրդարանական ու արտախորհրդարանական կուսակցությունների ու հասարակական ուժերի միջոցով, թե՛ ուղղակիորեն։

«Դրա պատմական նախադեպը եղել է 1918-1920 թվականներին ԼՂ բնակչության ներկայացուցիչների համագումարը, որը 9 անգամ է հրավիրվել։ Նաև ԼՂԻՄ Ազգային խորհուրդը, որը ոչ միայն մասնակցել է 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն խորհրդի հետ համատեղ նիստում վերամիավորման պատմական որոշման ընդունմանը, այլև համակարգել է ԼՂԻՄ տեղական և կենտրոնական իշխանությունների գործունեությունը»։

Ալվարդ Գրիգորյան

f