Թող Ալիեւը նախ հաշտվի կես միլիոն ադրբեջանահայության՝ Բաքու վերադառնալու հետ

  • 23:03 12.01.2024

Step1-ի զրուցակիցն է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը։

Պարո՛ն Այվազյան, Ալիեւի հայտարարություններն ի՞նչ են ցույց տալիս, Արցախի հարցը մարսե՞լ են եւ անցնում են Հայաստանի՞ն։

-Նախ մենք մեզ համար պետք է հստակ ամրագրենք, որ նրանք Արցախը չեն մարսել ու չեն էլ մարսելու։ Տարբեր հանգամանքներից ելնելով՝ դեռ վաղ է վերջնական եզրակացություններ կատարել ապագայի վերաբերյալ։ Երկրորդ, Իլհամ Ալիեւն ամեն անգամ նույն բաներն է ասում, ոչ մի նորություն չկա նրա վայրահաչոցի  մեջ։ Միակ տարբերությունն այն է, որ շեշտադրումներ են փոխվել։ Ասում է՝ Հայաստանն «Արեւմտյան Ադրբեջան» է, պետք է հաշտվել, որ ադրբեջանցիները վերադառնալու են։ Թող ինքը նախ հաշտվի կես միլիոն ադրբեջանահայության՝ Բաքու վերադառնալու հետ, հետո նոր բարբաջի այստեղից գնացած թուրքերի մասին։ Իրեն չի հաջողվելու հակադրել այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձի հարցը եւ դրանով խոչընդոտ ստեղծել արցախցիներին իրենց հայրենիք վերադառնալու օրինական պահանջի ու գործողությունների համար։ Բայց նախաձեռնողը պետք է լինեն արցախցիներն ու նրանց ղեկավարությունը, որոնց դիրքորոշումը հստակ չէ, կոմֆորմիստական է։

-Հայաստանից համարժեք պատասխան չկա, սա ինչի՞ կարող է հանգեցնել։

-Վերջիվերջո սա կարող է հանգեցնել Հայաստան-Ադրբեջան նոր պատերազմի, ինչն Ալիեւը չի թաքցնում, երբեմն փորձում է քողարկել՝ ասելով․ «մենք տարածքային պահանջներ չունենք, բայց Հայաստանը չունի միջազգայնորեն ճանաչված սահմաններ»։ Ալիեւը պնդում է, որ պետք է ադրբեջանցիները վերադառնան Հայաստան, մի քանի սադրիչ գործողություններ է անում, «Զանգեզուրի ճանապարհի» մասին հեքիաթներ է պատմում, պահանջում, որ այդ ճանապարհին որեւէ հսկողություն չլինի իրենց ապրանքների նկատմամբ։ Պահանջում է, որ իրենց սիրած ապրանքները՝  թմրամիջոցները, զենքը Ադրբեջանից Նախիջեւան, Նախիջեւանից Թուրքիա, Թուրքիայից Ադրբեջան տեղափոխելիս վերահսկողություն չանցնեն։ Ասում է՝ ռուսները պետք է վերահսկեին այդ ճանապարհը եւ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարության վրա է փորձում սուտ հղումներ անել։ Բայց այդ հայտարարությունն ըստ էության արդեն առ ոչինչ է։ Բա ո՞ւր էին ռուսական զորքերը, որոնք պետք է պաշտպանեին Բերձորի միջանցքը, բա ո՞ւր է Արցախի բնակչությունը, որի վրա ինքը հարձակվեց՝ ահաբեկչական գործողություններն անվանելով «հակաահաբեկչական գործողություններ», դիմելով ցեղասպանական ակտի, որի պատճառով մարդիկ ստիպված էին լքել Արցախը՝ փորձելով պաշտպանել իրենց կյանքի իրավունքը։ Եթե այդ հայտարարության բոլոր կետերն առ ոչինչ են, ապա ինչո՞ւ պետք է Զանգեզուրի վերաբերյալ կետը ուժի մեջ լինի։ Որեւէ մեկը դա Ալիեւին պետք է ասի, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ պետք է ասեն, դրա համար գոյություն ունեն համապատասխան պետական մարմիններ, որոնց լիազորությունների շրջանակում է այդ դժվարին հարցի լուծումը։

-Հայաստանի իշխանություններն արդեն հայտարարել են, որ կարող են քննարկել ադրբեջանական բեռների վերաբերյալ պարզեցված ընթացակարգի հարցը։ Այսինքն՝ ձեր ասածի հակառակ հայտարարություններն են անում։

-Տեսեք, թե ինչ սենսացիոն բան է ասում Ալիեւը, դա «խաղաղության խաչմերուկի» պատրանքի պատասխանն է։ Ասում է՝ եթե նրանք չտրամադրեն միջանցք, ապա որեւէ այլ տեղով չի բացվելու այդ ճանապարհը։ Փորձում է զարմացնել մեր հասարակությանը՝ մտածելով, որ Հայաստանում որեւէ մեկը լուրջ մտածում էր, որ Ադրբեջանը մտադիր է ինչ-որ կերպ բացել ճանապարհը հայկական բեռների ու մարդկանց տեղաշարժի համար։ Քարտեզների մասին նա նույնպես ստեր է հայտարարում, նա նկատի ունի իրենց հորինած քարտեզները, որտեղ Իրանը մինչեւ Թուրքմենիա անվանվում է «ադրբեջանական կայսրություն»։ Բոլոր պետությունների վրա իրենց պիտակն են կպցնում, ասելով, որ «ադրբեջանական կայսրություն» է։ Այսինքն՝ այստեղ նաեւ չպետք է թերագնահատենք վտանգը, որովհետեւ ինչպես ժամանակը ցույց է տվել, այդպիսի ֆաշիստական հռետորաբանության ներքո մեծանում է մի ամբողջ սերունդ։ Տեսնում ենք, շարունակվող սպառնալիքները, անմարդկային վերաբերմունքը մեր պատմամշակութային հուշարձանների նկատմամբ։ Ադրբեջանական նոր ագրեսիայի վտանգը չի անցել, թուլանալը դեռ վաղ է։ Մենք պետք է անմիջապես պատրաստ լինենք, որ Ադրբեջանը կարող է խոսքից անցնել գործի, չպետք է զգոնությունը կորցնենք։ Ասում են, որ Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց ի՞նչ սահմաններով։ Ադրբեջանն առնվազն 19 200 քկմ տարածքային պահանջ ունի Հայաստանի հանդեպ։ Նայեք իրենց գրքերն ու դասագրքերը, եւ կտեսնեք, որ վտանգն իրական է, գործողությունները շատ չեն տարբերվում խոսքերից։ Այստեղից մի հույս կա, որ ողջախոհությունն ու ինքնապաշտպանության բնազդը կգործեն։ Տեսնելով այն, թե ինչ կատարվեց Արցախում՝ քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ, մենք չպետք որեւէ մեկի վրա հույս դնենք, միմիայն մեզ վրա, մեր բանակի, մեր միասնության վրա պետք է հենվենք։ Եթե այս տարբերակը գործի, ապա մենք դեռ հնարավորություն ունենք եւ ունեցածը պահպանելու, եւ կորցրածը որոշ չափով վերականգնելու։ Ադրբեջանն այդքան ամուր չէ, ալիեւյան ռեժիմն էլ հավերժ չէ։ Եթե ալիեւյան ռեժիմը փլուզվի, Ադրբեջանից փուչիկ է մնալու, կսկսվի քաղաքացիական պատերազմ, որտեղ նրանք իրար կոչնչացնեն, այդ ժամանակ եւ Զանգեզուրը կմոռանան, եւ Արցախը։ Բայց մենք դրան պետք է պատրաստ լինենք, ոչ թե նստենք ու մեզ համոզենք, որ Ադրբեջանը փոխվեց, թուրքն այլեւս ուրիշ է, չեն հարձակվելու։

-Երկրի պաշտպանունակությունը ուժեղացնելու փոխարեն Հայաստանի իշխանությունները խաղաղությունից են խոսում։ Այս իրավիճակում խաղաղություն հնարավո՞ր է։

-Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության, Ալիեւն ակնհայտորեն պատրաստվում է պատերազմի։ Հիմա, եթե որոշ մարդիկ ուզում են իրենց համոզել, որ կարող է խաղաղություն հաստատվել, եթե քո թշնամին պատերազմ է քարոզում, դա ուրիշ հարց է։ Ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել այն պարագայում, երբ ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքում են գտնվում։ Երբ Ալիեւը հոխորտում է, որ կոչնչացնի Հայաստանը՝ որերորդ անգամ Երեւանը հռչակելով «ադրբեջանական պատմական քաղաք», այստեղ խաղաղության մասին խոսելը չափազանց մեծ լավատեսություն է՝ հաշվի առնելով նաեւ տարածաշրջանային զարգացումներն ու իրողությունները։

f