Ստեփանակերտի բենզինի պահեստում պայթյունը պատահական չի եղել, դրոն էր երեւում․ news.am

  • 11:08 13.01.2024

Արցախցի 31-ամյա Վազգեն Գրիգորյանը հիշում է 218 մարդու կյանք խլած՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի ողբերգական պայթյունին նախորդած վայրկյանները, որոնք նրա մոտ վստահություն են առաջացրել, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար չէր։  Երեք պատերազմներին մասնակցած ու ընտանիքի միակ ապրուստը վաստակող տղամարդը նախորդ տարվա սեպտեմբերի 25-ի ողբերգական պայթյունից տուժածներից է։

Թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, Վազգենը NEWS.am-ին պատմում է՝ վառելիք չունենալու պատճառով շատերը չէին կարողանում դուրս գալ Արցախից, և երբ իմացել են, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից պահեստում բենզին կա, բոլորը հազարներով այնտեղ են շտապել։

«Վերև նայեցի, տեսնեմ՝ դրոն է, մտածեցի՝ կարող ա մերոնք են, 1 րոպե չանցած տխկուն լսեցի ու տրաքոց եղավ։ Տրաքոցը հենց ուղիղ բունկերից էր, ոնց որ սարքած լիներ, տրաքեց, ընկա ներքևը ես։ Ով որ վերևն ա եղել, ներքև ա ընկել, կեսի բախտը բերել է, շպրտել է, ով ընկել է ներքև, մեկի վրա հաստ պանել է ընկել, ես ներքևից զոռով հելել եմ, որտեղ ես եղել եմ, շատ մարդ է եղել, բոլորը մահացել են, բախտս բերել է միայն ես եմ ողջ մնացել։ Ում ուզել եմ օգնել, արդեն գիտակցությունը կորցրած մարդիկ էին, մեկը լացում էր, մոկը՝ գոռում, մեկը պանելի տակ էր, վիճակս վատ էր, չէի կարող շատ սպասել, ես արդեն ինձ պիտի փրկեի։ Տեսնում էի, թե մարդիկ ինչպես են հալվում ։ Գնացի հեռու կրակից, մի հատ տրաքոց եղավ, դա ավելի ուշ եղավ, մի 30 մետր էր կրակի բարձրությունը, արդեն ոչինչ չէիր կարող անել, միայն քո մտքում շտապ օգնությանը հասնելն էր։ Ինչքան մարդ կար, այնքան էլ ավտոմեքենաներ կար, ձև չկար, որ շտապ օգնության մեքենաները մեզ հասնեին։ Ես հելել եմ տրաս, այնտեղ սկորի չկար։ Ինձ հարևանս պատահել է, ու ինձ հիվանդանոց հասցրել»,- պատմեց նա։

Վազգենն ասում է, որ Ստեփանակերտի հիվանդանոցում նույնիսկ կանգնելու տեղ չկար, շրջափակման հետևանքով էլ հիվանդանոցում նույնիսկ բինտ ու դեղ չի եղել․ «Շատ վատ վիճակ էր, լիքը մարդ էր հավաքված, բոլորը վառված, կանգնելու տեղ էլ չկար։ 2 բժիշկ էր մնացել, սաղ գնացել են, կեսը իմացել ու հետ են եկել ճանապարհից։ Ես հիշում եմ, որ ինձ պատգարակ են բերել, պառկեցրել են, սիստեմա են միացրել, աչքերս որ փակել եմ, այլևս չեմ կարողացել բացել, միայն ձայներն էի արդեն լսում, վերքերից բացել հնարավոր չէր, այլևս ոչինչ չեմ հիշում, հիշում եմ, որ ուղղաթիռ են տարել, Սիսիան են բերել, հետո արդեն հիշում եմ, որ Երևանում պառկած եմ եղել»։

4-րդ կարգի այրվածքներ ստացած Վազգենի աջ ձեռքի մատերը հիվանդանոցում անդամահատել են, ասում է՝ ծանր որոշում էր, բայց եթե մեկ օր էլ ուշացնեին, ապա ձեռքը պետք է անդամահատվեր․ «Ասացի՝ ձև չկա՞ փրկելու, բժիշկն ասաց՝ շատ վերք ունես, ու շատ վնաս կտա քեզ, ասացի՝ դե կտրի, ինչ անեմ, կարևոր ողջ կմնամ, ասաց՝ վախտին կտրենք, որ հետո ուշ չլինի, արդեն ձեռքդ կտրենք, ինձ ձեռքերս պետք են, ես աշխատող տղա եմ, վիրատահությունը նորմալ անցավ, հարմարվեցի, դե ես լավ չէի, բայց որ նայում էի ուրիշ հիվանդին՝ ձեռք, ոտք չունի, ասում էի՝ փառք Աստծո, լավ եմ»։

Վազգենը երկար բուժում է անցել։ 2 ամիս հիվանդանոցում է եղել, որից 3 շաբաթը՝ վերակենդանացման բաժանմունքում։ Միայն Երեւանում՝ հիվանդանոցում է իմացել, որ ընտանիքը կարողացել է փրկվել, Հայաստան հասնել։ Այժմ Վազգենը, կինն ու նրա տարեց ծնողները Երեւանում են բնակվում, վարձով տանը։ Ընտանիքում միայն կնոջ հայրն է աշխատում։ Չգիտեն՝ ինչպես են վճարելու տան վարձը, երբ պետության, առանց այն էլ հոգսերը չթեթեւացնող աջակցության ծրագրերն ավարտվեն։ Վազգենը հույս ունի՝  պրոթեզավորվել ու աշխատանք գտնել։

Նշենք, որ ողբերգական  պայթյունի հետևանքով դեռ 21 մարդ  անհետ կորած է համարվում է, կա 3 չնույնականացված մարմին։  120 տուժածներից միայն մեկն է այս պահին հիվանդանոցում բուժում ստանում։ Նրա վիճակը ծանր է՝ այսօր հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Դեպքի մասին խոսել է նաև Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Նա նշել է, որ գործը քննվում է Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։

Նա ասել է, որ Արցախի Պաշտպանության բանակի լուծարումից հետո բանակը մոտավորապես 42 հազար տոննա բենզինի բունկերը տրամադրել է քաղաքացիներին։

f