Կաչաղակաբերդը տեղակայված է Քոլատակ, Պատարա և Խնձրիստան գյուղերի արանքում գտնվող լեռան գագաթին։ Բերդը կառուցվել է 8-րդ դարում, արաբական արշավանքների ժամանակ և մինչև 10-րդ դարը կրում էր Խաչենի բերդ անվանումը։
Կաչաղակաբերդը արցախցիների ամենանախընտրելի արշավական ուղղություններից էր, եթե ոչ ամենասիրելին։ Կաչաղակաբերդ տանող հիմնական 2 ճանապարհ կար՝ Քոլատակով և Խնձրիստանով։ Էքստրիմ սիրողները նախընտրում էին բարձրանալ Քոլատակով, իսկ ավելի հանգիստ արշավ նախընտրողները` Խնձրիստանով։
Ճանապապարհի առաջին իսկ քայլերից հայտնվում էիր մի քանի հազար տարեկան լեռնային անտառում, որի ստորին մասով հոսում է Խաչենագետը։ Ճանապարհը մինչև Կաչաղակաբերդ տևում էր միջինում 4 ժամ։ Ամբողջ ճանապարհը քայլ առ քայլ բարձրացնում էր վերև, բայց խիտ անտառը չեր թողնում հասկանալ, թե որքան բարձր ես դու։
Մի պահ անտառը վերջանում է, և դիմացդ հայտնվում է Կաչաղակաբերդը։ Հասկանում ես, որ մնացել են վերջին՝ ամենադժվար և ամենավտանգավոր քայլերը։ Ուղիղ ժայռը հաղթահարելուց հետո բարձունքը համարվում է գրավված։
Այդպիսի տեսարաններ լինում են միայն ֆիլմերում։ Տպավորություն է, թե դու աշխարհի ամենաբարձր կետում ես, քեզանից վեր միայն երկինքն է, իսկ քո դիմաց անծայրածիր անտառապատ լեռներ են, որոնք պատում են ամբողջ Արցախը։
Հայկ Հարությունյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: