Վերջին 10 օրերի իրադարձություները, պաշտոնական Երեւանից եւ Բաքվից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ իրավիճակը կարող է կտրուկ փոփոխության ենթարկվել, եւ ռազմաքաղաքական իրավիճակը կարող է կտրուկ սրվել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ակնհայտ է, որ բանակցային գործընթացում իրավիճակն այնպես չի զարգանում, ինչպես տարեվերջին էր, երբ իշխանական տարբեր էշդելոններից որոշակի դրական ազդակներ էին փոխանցվում։ Այստեղ կան մի քանի մոտեցումներ, որի մասին պետք է նշել։ Ի՞նչ են այս պահին իրենցից ներկայացնում Հայաստան-Ադրբեջան այսպես կոչված խաղաղության բանակցությունները, ընդհանուր փաստաթղթից փորձում են դուրս բերել սահմանների դելիմիտացիայի գործընթացը, ինչպես նաեւ տարածաշրջանային ապաշրջափակմանը վերաբերող դրույթը։ Սրանք Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ամենաառանցքային երկու դրույթներ են, երրորդը եղել է Արցախի հետ կապված հարցը, որը Ադրբեջանը պատերազմի միջոցով փորձեց լուծել, իսկ Հայաստանի իշխանութունը փորձում է ցույց տալ, որ ըստ էության Արցախի էջը փակ է։
Եվ այս իրավիճակում ստացվում է հետեւյալը, որ միգուցե ինչ-որ փուլում լինի փաստաթուղթ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, մարդկանց մոտ տպավորություն ստեղծվի, որ Հայաստանը գնում է վերջապես խաղաղության, որ տարածաշրջանում վերջապես խաղաղություն է հաստատվում, բայց եթե այդ կարեւոր երկու դրույթները՝ սահմանների ճշգրտման եւ ռեգիոնալ ապաշրջափակման հետ կապված, դուրս են մնում այդ փաստաթղթից, դա նշանակում է, որ եղած սպառնալիքները որեւէ ձեւով չեն փակվում։ Եվ դրանք ցանկացած պահի կարող են բերել իրավիճակի սրմանը, այդ թվում՝ ռազմական գործողությունների մեկնարկին»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ այն սկզբունքը, որն Ադրբեջանը դրել է Հայաստանի հետ բանակցություններում, որոշակի փոքր փոփոխություններով արդեն մի քանի տարի է, ինչ առկա է։ Ըստ նրա՝ Ալիեւի վերջին հայտարարությամբ տեղի չի ունեցել սկզբունքների շատ մեծ փոփոխություն։
«Ադրբեջանի իշխանությունները նաեւ որոշակի գաղտնազերծումներ են անում բանակցային գործընթացի տարբեր էլեմենտների հետ կապված։ Եվ պրոցեսն այնպիսին է, որ բնականաբար սա ենթադրում է կամ Հայաստանի կողմից նոր, շատ ավելի մեծ տարածքային զիջումներ, եւ երկրորդ տարբերակ՝ իհարկե, որեւէ ձեւով բացառելի չէ, որ Ադրբեջանը կգնա հերթական արկածախնդրության ճանապարհով»,- հավելեց նա։