Փաշինյանը «Ա» ասաց, հայկական «էլիտան» համառորեն «Բ» չի ասում

  • 13:20 15.01.2024

Հայաստանը պատրաստ է ցամաքային հաղորդակցություն ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Բաքուն երկար ժամանակ առաջ է տանում «միջանցքային տրամաբանություն»՝ հղում անելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։

Նրա խոսքով, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած երեք կողմերից երկուսը ցույց են տվել, որ իրենց համար այդ փաստաթուղթը գոյություն չունի ստորագրման պահից մինչև 2023 թվականի սեպտեմբերը։

«Այն գործողությունները, որոնք ձեռնարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից, ցույց են տվել, որ այդ փաստաթուղթը գոյություն չունի։ Չի լինում, որ երկու կողմերի համար փաստաթուղթը գոյություն չունենա, իսկ մյուսների համար այն շարունակի գործել»,- ասաց Փաշինյանը։

Սա չափազանց պատասխանատու հայտարարություն է, և մի երկրում, որտեղ կա քաղաքական էլիտա, այն կվերցվեր ու կտարածվեր որպես Փաշինյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց հրաժարում և ահաբեկչական պատերազմի արդյունքների վերանայման ազդանշան։ 

Բայց հայկական վերնախավը, առաջին հերթին ընդդիմությունը, ոչ միայն լռության է մատնում Փաշինյանի հայտարարությունը, այլև տակից ամրապնդում է 2020-2023 թվականների ահաբեկչական պատերազմի արդյունքները՝ չթողնելով խնդիրը վերանայելու նվազագույն հնարավորություն։

Ի տարբերություն Հայաստանի իշխանությունների և ընդդիմության, որոնք միաձայն գուժում են «Արցախի մահը», արևմտյան վերլուծաբանները շատ ավելի զգուշավոր են։ Օրինակ՝ խոսելով 2023 թվականի սեպտեմբերի իրադարձությունների մասին՝ արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ «Ադրբեջանը վերագրավել  է Ղարաբաղի վիճելի տարածքը»՝ չհամաձայնելով Մոսկվայի, Բաքվի և Երևանի հետ, որ «Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է»։

Երևանի վերնախավն ի վիճակի չէ անգամ Արցախն անվանել «վիճելի տարածք» կամ հայտարարել, որ այն նվաճվել է ուժով։ Փաշինյանը, փաստորեն, Բաքվին ու Մոսկվային մեղադրում է ոչ թե Արցախը զավթելու և Հայաստանի Հանրապետության մի մասը գրավելու, այլ նոյեմբերի 9-ի հայտարարությունը խախտելու մեջ։ Այսինքն՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը «լավ էր», իսկ խախտումը՝ «ոչ»։

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ մի լեգիտիմ միջազգային իշխանության կողմից չի ճանաչվել որպես միջազգային պայմանագիր։ Ֆրանսիան, ԱՄՆ-ը, ԵՄ-ն խոսում են նոր՝ իսկական համաձայնագրի կնքման անհրաժեշտության մասին։ Բայց հայկական վերնախավը չի կարող նույնիսկ տարրական պայմանները ձեւակերպել այս համաձայնագրի ստորագրման համար՝ անընդհատ փոփոխելով առաջարկները, լղոզելով առանց այն էլ մշուշոտ դաշտը։

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերածելով «սուրբ կովի”՝ Պուտինի վրա աղոթող Հայաստանի քաղաքական ուժերը պատրաստվում են մեկ անձի ստորագրությամբ նոր հայտարարության։ Այս հայտարարությամբ, ի հեճուկս Սահմանադրության, Հայաստանի տարածքները կհանձնվեն առանց կրակոցի, ինչպես Արցախի Աղդամի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններն առանց կրակոցի հանձնվեցին։