«Խաղաղության պայմանագիր չի կարող լինել, որովհետեւ պատերազմում պարտված իշխանությունները միշտ գտնվում են ճնշման եւ պարտադրանքի ներքո։ Այդ օրակարգը միակողմանի օրակարգ է, մեր կողմից դա խաղաղություն մուրալ է, իսկ հակառակորդի կողմից՝ խաղաղության պարտադրանք։ Մենք հասկանում ենք, որ իրենք ամբողջությամբ հայաթափելով Արցախը, ըստ էության ցեղասպանություն իրականացնելով Արցախի եւ Արցախի ժողովրդի նկատմաբ, հիմա արդեն անցել են Հայաստանի նկատմամբ իրենց ճնշումները շարունակելուն։ Հիմա եւ Ադրբեջանի, եւ Թուրքիայի համար այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, այսպես կոչված ենթակառուցվածքների բացումը, իսկ մեզ համար՝ ամբողջ Սյունյաց աշխարհը, անվտանգության երաշխիք են հանդիսանում, որպեսզի իրենք կարողանան կապ ունենալ միմյանց միջեւ՝ միմյանց աջակցելու համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Հարցին, թե ի՞նչ քայլեր է անում ընդդիմությունը, այդ թվում՝ Արցախի հարցում, Օհանյանը պատասանեց․ «Այսօրվա իշխանություններն ընդհանուր առմամբ ձեռքերը լվացել են եւ Արցախի ճակատագրի վերաբերյալ որեւիցե որոշում չեն ընդունում։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատասխանատու է միայն Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ զարգացման համար՝ առանց հասկանալու հետեւյալը, որ նախ Արցախը մեր հայոց աշխարհի մի մասն է, Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է, Արցախի ժողովուրդն իրավունք ունի իր տարածքում անվտանգ ապրելու ու կայուն զարգանալու։ Ի վերջո, երբ Խորհրդային միությունը փլուզվել է, Արցախը դե ֆակտո ինքնորոշվել է այնպես, ինչպես Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը։
Արցախի այսօրվա ճակատագրի ու հետագա քայլերի համար երեք կետ պետք է ֆիքսել, որն էլ պետք է Արցախի վերաբերյալ մեր ռազմավարության հիմք հանդիսանա։ Առաջինը, հակամարտությունն ավարտված չէ, Ադրբեջանն իր հանցագործ կեցվածքով ցեղասպանություն իրականացրեց Արցախի ժողովրդի նկատմամբ, եւ ինքը միջազգային հարթակներում դրա համար պետք է պատասխան տա։ Երկրորդ, եթե Արցախի ճակատագրի մասին ենք խոսում, նշանակում է, որ Արցախի սուբյեկտայնությունը պետք է պահպանվի, Արցախի իշխանությունները, բոլոր ինստիտուտները պետք է գործեն, իսկ այդ գործելու միակ վայրը որտե՞ղ կարող է լինել, եթե ոչ մայր Հայաստանում։ Հնարավորություն պետք է ստեղծվի, որպեսի մայր Հայաստանում Արցախի ինստիտուտները գործեն, եւ դա որեւիցե վտանգ չի կարող ներկայացնել Հայաստանի անվտանգության համար։ Այս պայմաններում միջազգային հարթակում բանակցային գործըթնացն այլընտրանք չունի՝ որեւիցե ձեւաչափով, կա՛մ հին, կա՛մ նոր ձեւաչափով։ Այս երեք կետերը պետք է հիմք ընդունել եւ դրա համար ռազմավարություն մշակել։ Իսկ այդ ռազմավարությունն ո՞վ կարող է մշակել, կարող են մշակել միայն ՀՀ իշխանությունները Արցախի Հանրապետության իշխանությունների հետ մեկտեղ»,- ասաց նա։
Սեյրան Օհանյանը նշեց, որ ինքն անձամբ իր կողմից որոշակի առաջարկներ արել է Արցախի իշխանություններին, դրանք նաեւ որոշակի գաղտնիություն են պարունակում։