ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ալիեւի հայտարարություններին եւ դիտարկմանը, որ փաստորեն Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ ասաց․ «ՀՀ տարածքային ամբողջականության մասին անձամբ Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարություններ է արել։ Եթե խոսքը գնում է 29 800 քառակուսի կմ մասին, այո, բառացի այդ թիվը չի ասվել։ Եվ մենք սպասում ենք եւ ակնկալում ենք, որ դա նույնպես տեղի կունենա։ Բայց դրա ադրբեջանական կողմի բացատրությունն այն է, որ սահմանագծում ու սահմանազատում չի իրականացվել։ Միգուցե դա պահում են ինչ-որ ձեւով սակարկման կամ հետագա բանակցությունների համար։ Կա քննարկվող պայմանագիր, որի կետերով մենք առաջ ենք գնում այս պահի դրությամբ»։
Նա նշեց, որ Ալիեւն իր այսօրվա հայտարարություններով պատասխանում է հայկական կողմի 30 տարվա հայտարարություններին։ «Դուք չեք տեսե՞լ, որ այն ամենը, ինչ անում է հարեւան երկրի ղեկավարը, ինքն անում է հայելային՝ կրկնելով այն, ինչ հարեւան կողմն արել է այս տարիների ընթացքում։ Չէ՞ որ մենք միշտ ասել ենք, որ դրանք մեր պատմական տարածքներն են եւ այլն։ Տրամաբանությունը մտել է հայելային խոսակցության մեջ։ Այսինքն՝ Ալիեւը խոսում է մի բանի մասին, որպեսզի հակակշիռ ստեղծի այն նարատիվներին, որոնք մենք 30 տարվա ընթացքում ստեղծել ենք։ Մենք ասել ենք, որ Նախիեջեւանը Հայաստան է, ասել ենք, որ Ղարաբաղը Հայաստան է, ասել ենք, որ գնալու ենք Բաքվում թեյ խմենք, իրենք ասել են՝ գալու են Սեւանում թեյ խմեն։ Այդ բառապաշարի մեջ ենք մտել, բայց, կրկնում եմ, կա պայմանագրային գործընթաց, որտեղ ամեն ինչ վերաբերում է երկու կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին հավասարաչափ»։
Հարցին, թե պատերազմի հավանականություն կա՞, նա պատասխանեց «Մենք ունենք բանակ, մենք բանակը զարգացնում ենք եւ հարկ եղած դեպքում պաշտպանվելու ենք մինչեւ վերջ։ Բայց որեւիցե դեպքում չենք պատրաստվում ինչ-որ երկրի վրա հարձակվել եւ արդեն ասել ենք, որ որեւէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունենք»։