Step1.am-ի զրուցակիցն է «Զանգ» նախաձեռնության անդամ Միքայել Նահապետյանը։
-Թեեւ Հայաստանի իշխանությունները փորձում են հանրությանը համոզել, թե խաղաղություն լինելու է, բայց մենք թշնամի երկրի հայտարարություններից ու գործողություններից տեսնում ենք, որ դա կեղծ թեզ է։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը։
-Ոչ միայն հիմա, այլ տարբեր առիթներով ես եւ իմ համախոհ ընկերներն ասել ենք, որ գործընթացները չեն գնում դեպի խաղաղություն։ Այս գործընթացները գնում են դեպի նոր պատերազմ։ Ադրբեջանը դրա համար իրավական-քաղաքական նախապատրաստություն է տեսնում, Հայաստանի կառավարությունն ըստ էության աջակցություն է ցույց տալիս, որ պատերազմ վարելու այդ իրավական ու քաղաքական հիմքերը գոյություն ունենան։ Եվ այն պայմանները, որոնցում մենք հիմա ապրում ենք, շատ նման է Առաջին համաշխարհային պատերազմից հետո եւ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Եվրոպայում գոյություն ունեցած ճարտարապետությանը, երբ ինչ-որ սուբյեկտներ, պատերազմում հաղթած լինելու բերումով, ծայրահեղ նվաստացուցիչ ու անարդար պայմաններ են փաթաթում մյուս կողմի վզին։ Դա մարդկության համար մեկ անգամ արդեն շատ ծանր հետեւանքներ ունեցել է։ Հիմա Հարավային Կովկասի մասշտաբներով այդ նույն գործընթացն է գնում։ Եվ եթե հայ ժողովուրդը տարբերակ չգտնի՝ անելու այնպես, որ այստեղ բալանսավորված խաղաղություն լինի, ապա շատ ծանր է լինելու։
Եթե Հայաստանը շարունակի գոյություն ունենալ, ապա մեկ տարբերակ է մնալու, դա ռեւանշի տարբերակն է լինելու, որովհետեւ ի վերջո անընդհատ նվաստացվող, իրավունքներից զրկվող ժողովուրդը, եթե այդ խորտակման ճանապարհին ինչ-որ փուլում իր ոտքը կպավ գետնին, դրանից հետո մեկ խնդիր է այդ ժողովուրդը դնելու՝ շրջել իրականությունը գլխիվայր։ Եվ հարց է, թե որքան ռադիկալ կգտնվի նման ժողովուրդը այդ մտքերի մեջ։ Դա ո՛չ մեր, ո՛չ ադրբեջանցիների համար քաղցր հետեւանքներ չի ունենալու։
–Մենք տեսանք, որ թշնամիները եւս վախենում են ռեւանշից, Բաքվից ուղիղ հայտարարություններ հնչեցին այդ մասին, որ հայկական կողմը պետք է երաշխավորի, որ ռեւանշ չի լինի։ Ի պատասխան, Հայաստանի իշխանությունները խոստումներ են տալիս, որ ռեւանշ չի լինելու։ Այնինչ, ինչպես դուք եք նկատում, հայ ժողովուրդը ներուժ ունի՞՝ շրջելու իրավիճակը։
-2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսած գործընթացներն օր օրի մեծացնում են հավանականությունը, որ հայ ժողովուրդը ռեւանշի գնալու որոշում կկայացնի։ Թե ինչքան խորը կգնան պրոցեսներն այդ ուղղությամբ, դա հարցի երկրորդ կողմն է։
-Իշխանությունը փորձում էր ցույց տալ, որ Արցախը հանձնելով՝ հնարավոր է պահել Հայաստանի անվտանգությունը։ Հատկապես Արցախի հայաթափումից հետո տեսնում ենք, որ մարտահրավերները գնալով սրվում են։ Հասարակության համար իշխանության թեզերը ընդունելի՞ են, մարդիկ հաշտվե՞լ են այս իրավիճակի հետ։
-Ինձ թվում է՝ բոլորն էլ շատ լավ ամեն ինչ հասկանում են, ուղղակի այստեղ հարցն այն է, որ մարդիկ հստակ որոշում չունեն «բա լավ, ի՞նչ անել» հարցի հետ կապված, դրա համար դեռ սպասողական վիճակի մեջ են։ Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ ոչ մի անվտանգություն էլ գոյություն չի ունենալու, որ Ադրբեջանը նպատակ է դրել Հայաստանը որպես պետություն ոչնչացնելու, որ Հայաստանի կառավարությունը դրա դեմ ոչինչ չի կարող անել, եւ մեզ մոտալուտ խաղաղություն չի սպասվում։ Ով հրապարակային խոսքերում այնպես է ձեւակերպում, որ դա այդպես չի լինելու, ուրեմն ինքը ստախոս է։ Ես չեմ կարծում, որ քաղաքականություն երեւույթի հետ չնչին առնչություն ունեցող մարդը կարող է չնկատել կամ չհասկանալ, որ այս գործընթացները դեպի խաղաղություն չեն գնում։ Հետեւաբար, քանի որ բացառում եմ, որ մարդիկ այդ աստիճանի հիմար կարող են լինել, ես կարծում եմ, որ նրանք, ովքեր ասում են՝ այս գործընթացները շանս ունեն դեպի խաղաղություն տանելու, իրենք պրոպագանդիստներ են։
step1.am