Հիմա Արցախի վիճակն ավելի վատ է, քան 1991-ին, քանի որ մենք տանը չենք, այլ բռնի տեղահանված ենք մեր տներից։ Այսպես է կարծում Արցախի նախկին պետնախարար եւ օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը։
Պատասխանելով Արցախի Հանրապետության գործունեությունը խորհրդարանի կամ երկրորդ պալատի մակարդակով շարունակելու մասին հարցին, որտեղ աշխատելու են համաժողովրդական ընտրություններում մանդատ ստացած պատգամավորները, Բեգլարյանը նշել է, որ դա խնդրահարույց է, առաջին հերթին այն պատճառով, որ արցախցիները կոմպակտ չեն ապրում Հայաստանում։
Հայաստանի Հանրապետությունը պետք է միջոցներ ձեռնարկեր արցախցիներին կոմպակտ բնակեցնելու համար, որպեսզի մարդիկ ընտրեին իրենց ներկայացուցիչներին, տվյալ դեպքում՝ համայնքի ղեկավարներին։ Բայց ընտրվեց մեկ այլ տարբերակ, որն անխուսափելիորեն հանգեցնում է կարգավիճակի, ինքնության կորստի և Արցախի էջի փակմանը, նշել է Բեգլարյանը։ «Այս տեսակետից պետք է նշեմ, որ ՀՀ կառավարությունը, ընդհակառակը, ցանկանում է, որ մենք բոլորս դառնանք ՀՀ քաղաքացիներ և այն համայնքների շարքային անդամներ, որտեղ ապրում ենք»,- նշեց նա։
Արցախյան համայնքների պահպանումը հնարավոր է, եթե համայնքի ղեկավարն ունենա անձնական ցանկություն և պատասխանատվություն։ Բայց դրա հավանականությունը բավականին ցածր է, նշել է նա։
Հիշեցնենք, որ հանրային տիրույթում քննարկվում են Արցախի վտարանդի կառավարություն ձևավորելու տարբերակներ, և դրանցից մեկը ժողովրդական հավաքն է կամ համայնքների ղեկավարների համագումարը, որը կարող է երկրորդ պալատի դեր ունենալ դեռևս չաշխատող Արցախի խորհրդարանի համար։