Բաքուն խիստ զայրացած է Ֆրանսիայի Սենատի բանաձեւի ընդունման կապակցությամբ

  • 14:04 18.01.2024

«Մեծ առումով հասկանալի է, որ Ֆրանսիայի Սենատում նաեւ այլ հայանպաստ բանաձեւեր են ընդունվել, նաեւ Արցախին վերաբերող, այնպես չէ, որ մեծ սպասելիք կա, որ սա բերելու է շատ արմատական գործընթացների։ Բայց, կարծում եմ, որ Հայաստանի համար այս ծանրագույն պահին Ֆրանսիայի Սենատի կողմից այսպիսի բանաձեւի ընդունումը ողջունելի է եւ նաեւ հնարավորություն է արտաքին տարբեր ուղղություններով Արցախի հարցի հետ կապված պրոցեսը որոշակի նպաստավոր դաշտ բերելու առումով»,- այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա նշեց, որ Ֆրանսիայի Սենատը երեկ ընդունած բանաձեւով, ի թիվ այլ պահանջների, Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Ըստ պատգամավորի՝ օգտագործելով Սենատի կողմից բանաձեւի ընդունման հանգամանքը՝ նաեւ հնարավոր է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում Հայաստանի համար որոշակի շահեկան հնարավորություններ ստեղծել։

Տիգրան Աբրահամյանը նշեց, որ Սենատի բանաձեւին ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանից համապատասխան հայտարարություններ են հնչել, ընդհուպ մինչեւ ֆրանսիական կապիտալով ընկերությունները Ադրբեջանից դուրս բերելու մասին։

Նշենք, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը հայտարարություն է ընդունել Ֆրանսիայի Սենատի երեկվա բանաձևի վերաբերյալ՝ կոչ անելով կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ, սառեցնել Ադրբեջանում ֆրանսիացի պաշտոնյաների ակտիվները, դադարեցնել տնտեսական կապերը Ֆրանսիայի հետ ու ֆրանսիական բոլոր ընկերությունները դուրս բերել Ադրբեջանից։

Ֆրանսիայի Սենատը հունվարի 17-ին 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունել է «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն» ուղղված բանաձեւը։ Դրանում նշվում է նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման անհրաժեշտության մասին։

f