«Ֆրանսիայի Սենատի բանաձեւը բացում է նոր ժամանակահատված»․ Անդրիաս Ղուկասյան

  • 16:06 18.01.2024

«Ֆրանսիայի Սենատի բանաձեւը բացում է նոր ժամանակահատված, երբ եվրոպական պետությունների եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններն էապես փոխվելու են։ Ադրբեջանը հայտնվելու է իր համար կենսական նշանակություն ունեցող շահերը կորցնելու փաստի առաջ։ Շատերը չէին հավատում, որ դա տեղի կունենար, բայց այնուամենայնիվ տեսնում ենք, որ Ֆրանսիայի Սենատն իր բանաձեւով բացում է այդ ժամանակահատվածը»,- step1.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

Նշենք, որ Ֆրանսիայի Սենատը հունվարի 17-ին 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունել է «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն» ուղղված բանաձեւը։

Անդրադառնալով հարցին, թե եվրոպական երկրների կողմից Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվե՞ն, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց, որ Ֆրանսիան ըստ էության արդեն դա իրականացնում է։ «Ադրբեջանը եվրոպական վեց պետության մատակարարում է իր գազը։ Եվ, իհարկե, Եվրամիության հանձնաժողովի որոշումը՝ այդ գործարքները սահմանափակել կամ առհասարակ արգելել, մեծ հարված կլինի Ադրբեջանի համար։ Եվրամիությունն ամեն կերպ ժամանակ էր տրամադրում Իլհամ Ալիեւին, որպեսզի ինքը շտկի այն բացասական հետեւանքները, որոնք տեղի ունեցան Արցախում՝ հարձակման, ագրեսիայի եւ էթնիկ զտման հետեւանքով։ Հիմա, երբ շատ քիչ ժամանակ է մնացել, որ եւ ՄԱԿ-ի դատարանը պետք է ամփոփի անցյալ տարվա սեպտեմբերի հետ կապված դրությունը, եւ աշխատում է նաեւ փաստահավաք խումբ, որն էթնիկ զտման՝ այդ միջազգային քրեական հանցագործության փաստական հիմքերն է հավաքագրում, դա աշխատանք է, որն իր քաղաքական արդյունքները 2024 թվականի ընթացքում արդեն ունենալու է։ Ադրբեջանի ղեկավարությունն այդ առումով հայտնվելու է շատ ծանր վիճակում»,- նշեց Ղուկասյանը։

Անդրադառնալով Սենատի բանաձեւում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման շեշտադրմանը եւ հարցին, թե այսպիսով՝ փակ չէ՞ Արցախի հարցը, Ղուկասյանը պատասխանեց․ «Իսկ ո՞վ է ուզում փակ պահել Արցախի հարցը։ Սա վկայում է, որ եվրոպական պետությունները, Ֆրանսիան այդպես չեն մոտենում հարցին։ Եվ իրենց բոլոր ճնշումները նպատակ ունեն՝ ստիպել Ադրբեջանին կատարել հետեւյալ քայլերը։ Առաջինը՝ Ադրբեջանը պետք է իր զորքերը, ոստիկանությունը ու վարչակազմը դուրս բերի Արցախի տարածքից, երկրորդ՝ այնտեղ պետք է տեղակայվեն միջազգային խաղաղարար ուժեր, երրորդ՝ Արցախի տարածքում կառավարումը պետք է անցնի միջազգային ատյաններին ու կառույցներին, չորրորդ՝ Լաչինի միջանցքի նկատմամբ կառավարումը նույնպես պետք է անցնի միջազգային կառույցներին։ Եվ հինգերորդն այն է, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի քրեական հետապնդումներն արցախահայերի նկատմամբ եւ բաց թողնի այս ընթացքում կալանավորած բոլոր գերիներին եւ այլ պահվող անձանց։ Պետք է նաեւ ընդունվի այնպիսի իրավական ակտ, որը կբացառի նման քրեական հետապնդումների հարուցումը»։ Ըստ Ղուկասյանի՝ այս բոլոր պահանջներն Ադրբեջանին ներկայացվում են, մասնավորապես, Ֆրանսիայից։ Իսկ Եվրամիությունն իր բոլոր բանաձեւերում ֆիքսում է, որ «Մադրիդյան սկզբունքները» շարունակում են մնալ Արցախի հարցի խաղաղ կարգավորման միակ հիմքը։

«Եվ այս ամենն անխուսափելի է, դա դառնալու է իրականություն։ Դա կարող է դառնալ իրականություն միայն Ադրբեջանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու արդյունքում։ Կամավոր իրենք մտադիր չեն գնալ այդ ճանապարհով, հակառակը, ուզում են նախաձեռնել պատերազմ, նոր էսկալյացիա, բայց այդ բոլոր գործողությունները չեն կարող վերացնել այն պահանջները, որոնք ուղղում են Ադրբեջանին Ֆրանսիան ու եվրոպական պետությունները»,- հավելեց Անդրիաս Ղուկասյանը։

f