Երեկվանից սոցցանցերում շրջանառվում է տեքստով լուսանկար՝ առանց ստորագրության կամ կնիքի, որը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային խնդիրը լուծելու առաջարկ։
Եվ յուրաքանչյուր ոք, ով իր էջում վերահրապարակում է առաջարկներով լուսանկարը, հարցեր է տալիս՝ ո՞վ է հեղինակը և ո՞րն է տարածման նպատակը։
Հատկանշական է, որ տեքստը սոցցանցերում հայտնվել է ՀՀ վարչապետի՝ Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանվածներին բնակարանով ապահովելու ծրագիրը քննարկելու համար մեծ խորհրդակցություն հրավիրելու մասին երեկվա հայտարարությունից հետո։
Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության ժամին ասաց. «Երեք օր առաջ փոխվարչապետն ինձ ուղարկեց որոշման նախագիծ՝ Լեռնային Ղարաբաղից հարկադիր վերաբնակված անձանց բնակարանով ապահովելու մասին։ Պայմանավորվեցինք, որ մեկ շաբաթվա ընթացքում մեծ խորհդակցություն կհրավիրենք, վերջնական որոշումներ կկայացնենք ու կիրականացնենք ծրագիրը»։
Կարո՞ղ ենք ենթադրել, որ տարածվող տեքստը հենց այս նախագիծն է, իսկ արտահոսքը արված է «զոնդավորման» համար։
Տեքստով առաջարկվում է յուրաքանչյուր հարկադիր տեղահանվածին կամ փախստականին հատկացնել 5 մլն դրամ՝ բնակարանային խնդիրը լուծելու համար։
Մեկնաբանություններում հնչում էր հակասական վերաբերմունք առաջարկվող ծրագրի նկատմամբ։ Ոմանք կասկածում են, որ աջակցություն կլինի։ Ոմանք մատնանշում են առաջարկի առավելությունները բազմանդամ ընտանիքների համար, եւ թերությունները՝ փոքրերի համար:
Մյուսներն ասում են. «Շփոթեցնող և հիմար առաջարկ, կրկին որոշ մարդկանց անձնական շահերը առաջ տանելու համար է»։
Որոշ մարդիկ վստահ են, որ նախ անհրաժեշտ է բնակարանով ապահովել զոհվածների, հաշմանդամների և բազմազավակների ընտանիքներին։ Մնացածներին՝ կորցրած անշարժ գույքի վերաբերյալ փաստաթղթերի հիման վրա։
Ալվարդ Գրիգորյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: