Լավրովի հնարքն աշխատեց. Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Արևմուտքի միջոցով

  • 13:09 19.01.2024

ՌԴ ԱԳ նախարար Լավրովը երեկ անմեղ հայացքով հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվում է Ռուսաստանի ծառայություններից միջանցքի սահմանազատման և անվտանգության ապահովման հարցում։ Ասել կուզի՝ եթե խնդիրը միայն Ռուսաստանում է և այն, որ միջանցքը պետք է հսկի ՌԴ ԱԴԾ-ն, ապա Փաշինյանը մեղավոր չէ, և մենք «չենք պնդում»։ Գլխավորը՝ միջանցքը բացեք ու այդ անիծյալ պայմանագիրը ստորագրեք։ Հետո Ալիևի համաձայնությամբ մենք զորք կմտցնենք, և Հայաստանն այլևս գոյություն չի ունենա։

Սա Լավրովի ուղերձն է, որից հետո Հայաստանում տեղի ունեցան մի քանի ուշագրավ հանդիպումներ և հայտարարություններ։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է. «Մենք հույս ունենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն կայուն խաղաղության պայմանագիր, որը կճանաչի միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։ Նրա խոսքով, Երևանն ու Բաքուն վերջին մեկ տարվա ընթացքում լուրջ առաջընթաց են գրանցել։ Նա կողմերին կոչ է արել պահպանել այս թափը և համաձայնագիր կնքել։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինի հրավերով հունվարի 18-ին տեղի է ունեցել դեսպանի աշխատանքային ընթրիքը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության և տարածաշրջանային անվտանգության մի շարք և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին ջերմ ընդունելության համար։

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ քննարկել է Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցեր։ Անդրադարձ է եղել նաեւ միջազգային խաղաղապահ առաքելություններին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո հայկական զորամիավորումների մասնակցության թեմային։

Իսկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը հստակ նկարագրում է տարածաշրջանում տրանսպորտային և այլ ենթակառուցվածքային հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարները, կառուցվածքը, տրամաբանությունը և հիմնարար սկզբունքները։ Զրուցակիցները քննարկել են նաև սահմանների սահմանազատման գործընթացի սկզբունքներին և իրավական հիմքերին վերաբերող հարցեր։

Այսինքն՝ այն բանից հետո, երբ Լավրովը Փաշինյանից «հանեց» ռուսական պայմանները, ակտիվացան «համաձայնագրի» կնքման աշխատանքները՝ ճանապարհների ապաշրջափակում և սահմանների սահմանազատում, պաշտպանական քաղաքականության «դիվերսիֆիկացման» կտրվածքով։ Թեև Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը անմիջապես հայտարարություն տարածեց, որից կարելի է ենթադրել, որ Լավրովի դիվանագիտական ​​հնարքը պարզապես միջոց էր՝ ուղղված ցանկալի նպատակին հասնելուն։ Իսկ Ռուսաստանի նպատակը՝ խորհրդային քարտեզներով սահմանների «սահմանազատումն» է, Արցախի և Նախիջևանի՝ ադրբեջանին «պատկանելու» փաստագրական հաստատումն է, մնացած Հայաստանի մեկուսացումը Իրանից և Վրաստանից, մինչդեռ Ռուսաստանը կպահպանի իր ներկայությունը այստեղ և հող կնախապատրաստի Կարսի պայմանագրի երկարաձգման համար։

«Կրկնում եմ. Ռուսաստանը եղել է, մնում է և կմնա հավատարիմ այս ուղղությամբ ակտիվ աշխատանքին։ Այս հարցը մեզ համար կենսական նշանակություն ունի։ Հարավային Կովկասի տարածաշրջանը մեզ համար շատ կարևոր տարածաշրջան է, և մեր կենսական շահերից է բխում, որ տարածաշրջանը լինի խաղաղ, կայուն և բարգավաճ»,- ընդգծել է Կոպիրկինը։ Նա ասել է, որ ռուսական ռազմակայանը և սահմանապահները դուրս չեն բերվի Հայաստանից։

f