Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին այցելել է Արդարադատության նախարարություն՝ քննարկելու գերատեսչության 2023 թվականի գործունեության հաշվետվությունը։ Նա իր ելույթը սկսեց նրանով, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն: Հիշեցնենք, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը հնչում է Բաքվից։ Գործող Սահմանադրությունը հղում է պարունակում Հայաստանի Անկախության Հռչակագրին, այդ թվում՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին, և այս Սահմանադրության մեջ որևէ հղում չկա 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերին և «քաղաքական որոշումներին», ըստ որոնց գծվել է Հայաստանի ներկայիս սահմանը։ Նոր Սահմանադրությունը, ըստ երևույթին, կներառի հղումներ «միջազգային ճանաչված օրինական փաստաթղթերին»:
“Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու անկյունաքարը լեգիտիմությունն է: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ մենք պետք է ձևակերպենք խնդիրը շատ հստակ, իհարկե խնդիրը կամ ձևակերպումը շատ ակնհայտ է, բայց մենք պետք է սա չզլանանք վերաարձանագրել, իսկ արձանագրումը հետևյալն է, որ մենք խնդիր ենք դնում, որ Հայաստանի Հանրապետությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքում կայանա, զարգանա՝ որպես իրավական, ժողովրդավարական պետություն:
Հարց է ծագում, իսկ ո՞րն է Հայաստանի Հանրապետության տարածքը: Իրականում ես նորից ուզում եմ ընդգծել, որ մենք այս հարցին ոչ թե պետք է պատասխան գտնենք, այլ պետք է ուղղակի դարակներից հանենք և սեղանին դնենք գոյություն ունեցող պատասխանը: Ես հիմա կդժվարանամ ասել քանի տարի, բայց շատ վաղուցվանից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի չափն արձանագրվում է Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռով: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ժամանակ առ ժամանակ ընդունում է Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը: Դա տեղի է ունեցել 2018թ. առաջ, դա տեղի է ունեցել 2018թ. հետո և մենք, ի վերջո, այս արձանագրումը պետք է անենք և մեր լեգիտիմությունը, լեգիտիմ հարցադրումներն, ակնկալիքները և շեշտադրումները պետք է անենք՝ հենվելով այս հենքի և տրամաբանության վրա: Ընդ որում, ես մեր գործողությունների և դիրքավորումների լեգիտիմությունը հայեցակարգային մակարդակով կապում եմ և պայմանավորում եմ «հայրենիքը պետությունն է» հայեցակարգի տրամաբանության շրջանակներում:
Մենք անվտանգություն ասելով սովորաբար հասկանում ենք բանակ, Զինված ուժեր, հասկանում ենք դիվանագիտություն: Երկուսն էլ ճիշտ են, այսինքն այստեղ խնդիր չկա, բայց մոռանում ենք անվտանգության ապահովման համար հենց լեգիտիմությունը, որի ապահովման գործառույթն առաջին հերթին մեր իրավաբանական հանրությանն է: Եվ ես այս շեշտադրումը ուզում եմ անել Արդարադատության նախարարի, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ներկայությամբ, իհարկե նաև ուզում եմ ընդգծել Սահմանադրական դատարանի դերն այս գործընթացում, ընդհանրապես՝ դատական համակարգի դերը: Ուզում եմ, որ մենք հենց այսպիսի աշխատանքի տրամադրվենք, որն, իմ կարծիքով, այս շրջափուլում անվտանգության ապահովման արդյունավետությունն էականորեն ավելացնելու է:
Բայց նորից եմ ասում, լեգիտիմության ենթավերնագիրը մենք պետք է դնենք «հայրենիքը պետությունն է» հայեցակարգի ներքո, որովհետև երբեմն տարբեր դիտանկյուններից լեգիտիմությունը կարող է շատ լայն շրջանակ ստանալ: Իսկ դրա դեպքում, շրջանակ ասելով՝ ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքը և սահմանները»:
Անդրադառնալով հաջորդ շեշտադրմանը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե Սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության: Հայաստանի Հանրապետությունն, ի վերջո, պետք է ունենա Սահմանադրություն, որը կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով ընդունվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից: Սա էլ է լեգիտիմության հետ կապված, իմիջիայլոց, կարևոր շեշտադրում: Երկրորդը՝ մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»,- նշել է Փաշինյանը: